Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Օգնեք սովորողներին գալ Հիսուս Քրիստոսի մոտ


«Օգնեք սովորողներին գալ Հիսուս Քրիստոսի մոտ», Ուսուցանել Փրկչի ձևով. բոլոր նրանց համար, ովքեր ուսուցանում են տանը և եկեղեցում (2022)

«Օգնեք սովորողներին գալ Հիսուս Քրիստոսի մոտ», Ուսուցանել Փրկչի ձևով

Հիսուսը նստած է երեխաների հետ

Որպես Հիսուս Քրիստոսի ավետարանի ուսուցիչներ՝ մենք օգնում ենք ուրիշներին հասկանալ և ապավինել Նրա ուսմունքներին, զորությանը և սիրուն:

Օգնեք սովորողներին գալ Հիսուս Քրիստոսի մոտ

Որպես ուսուցիչ՝ ձեր կատարած քայլերից ոչ մեկը այնքան չի օրհնի սովորողներին, որքան եթե օգնեք նրանց ճանաչել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին և զգալ Նրանց սերը (տես Հովհաննես 17.3): Մտածեք փորձառությունների մասին, որոնք օգնել են ձեզ ճանաչել և սիրել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկել, որ սովորեք Նրանց հատկանիշների, զորության և սիրո մասին: Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր սերը ինչպե՞ս է ուրախություն պարգևել ձեզ։ Ապա մտածեք, թե ինչ կարող է անել Նրանց սերն ու զորությունը յուրաքանչյուր մարդու համար, ում ուսուցանում եք: (Տես Ալմա 26․16, Մովսես 5․11)

Այս կյանքում մեր վերջնական նպատակն է՝ ավելի շատ նմանվել մեր Երկնային Հորը և վերադառնալ Նրա մոտ: Այդ նպատակին հասնելու ճանապարհը Հիսուս Քրիստոսի մոտ գալն է (տես Հովհաննես 14.6): Ահա թե ինչու, ինչպես մարգարե Նեփին է ուսուցանել, «մենք խոսում ենք Քրիստոսի մասին, մենք հրճվում ենք Քրիստոսով» (2 Նեփի 25.26):

Աստծո յուրաքանչյուր զավակ ունի այն լույսի և ճշմարտության կարիքը, որը գալիս է Փրկչից, և Նա կարող է իր ընտրությամբ արձագանքել դրան: Հիսուս Քրիստոսի ավետարանի ուսուցիչ լինելը նշանակում է օգնել ուրիշներին հասկանալ և ապավինել Նրա ուսմունքներին, փրկագնող զորությանը և կատարյալ սիրուն: Մտածեք, թե ինչպես կարող են հետևյալ գաղափարներն օգնել ձեզ ոգեշնչել ուրիշներին՝ ավելի լավ ճանաչել Հիսուս Քրիստոսին և հետևել Նրան:

Օգնեք սովորողներին ճանաչել Տիրոջ սերը, զորությունը և ողորմությունը իրենց կյանքում

Լավ է, որ իմանում ենք Փրկչի սիրո, զորության և ողորմածության մասին, բայց մենք նաև պետք է զգանք այն: Տեսնելով, թե Նա ինչպես է օրհնում և բժշկում մարդկանց սուրբ գրություններում, օգնում ենք մեզ զարգացնել ավելի մեծ հավատք առ այն, որ Նա կարող է օրհնել և բժշկել մեզ: Օրինակ՝ Դանիելի փորձառությունների մասին սովորելը թերի է, եթե դա մեզ չի ոգեշնչում վստահել Տիրոջը, երբ բախվում ենք մեր իսկ «առյուծների գուբին»:

Երբ դուք օգնեք սովորողներին ճանաչել Տիրոջ «գորովագութ ողորմությունները» (1 Նեփի 1.20)՝ ինչպես սուրբ գրություններում, այնպես էլ իրենց անձնական փորձառություններում, նրանք կզգան և կիմանան, որ Տերն իրենց հետ է և սիրով կկանգնի իրենց կողքին (տես Վարդապետություն և Ուխտեր 68.6): Նրանք իրականում կտեսնեն և կզգան Տիրոջ սերն ու ողորմությունն իրենց անձնական կարիքներում և հանգամանքներում:

Հիսուսը Լեռան քարոզն է կարդում

Ուսուցիչները կարող են օգնել սովորողներին զգալ Փրկչի սերը, զորությունը և ողորմությունը:

Օգնեք սովորողներին ամրացնել իրենց հարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ

Հիսուս Քրիստոսի մասին ուսուցանելու և սովորելու նպատակն այն է, որ օգնենք յուրաքանչյուր մարդու ավելի մոտենալ Նրան և մեր Երկնային Հորը: Օգնեք մարդկանց, ում ուսուցանում եք, երբևէ չշեղվել այդ նպատակից: Խրախուսեք նրանց ամրապնդել իրենց հարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ՝ ուսումնասիրելով սուրբ գրությունները, մշտապես ապաշխարելով, խոսելով Հոր հետ աղոթքով և վկայելով Հոր և Որդու մասին: Խոսքով և օրինակով ուսուցանեք սովորողներին, թե ուխտեր կապելը և պահելը ինչպես են մեզ կապում Հոր և Որդու հետ: Օգնեք նրանց իմանալ, թե որքան թանկ և սիրված ենք Նրանց կողմից։ Ամրապնդեք նրանց հավատքն առ այն, որ Հիսուս Քրիստոսն Իր կատարյալ Քավության շնորհիվ միակ ճանապարհն է դեպի մեր Հայրը: Ուսանողներին հնարավորություն ընձեռեք վկայություն ստանալ Սուրբ Հոգուց, «որը վկայում է Հոր և Որդու մասին» (Մովսես 5.9):

Օգնեք, որ սովորողները գիտակցված ձգտեն ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին

Ի վերջո, Հիսուս Քրիստոսի մասին սովորելով, մենք ոգեշնչվում ենք ավելի նմանվել Նրան: Բայց Նրան նմանվելը տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ մենք գործում ենք հավատքով՝ թե՛ դասարանում, թե՛ դասից դուրս, երբ գիտակցված ընտրություն ենք կատարում՝ Նրա օրինակին հետևելու և Նրա շնորհը ստանալու համար: Հրավիրեք սովորողներին փնտրել Սուրբ Հոգու օգնությունը՝ բացահայտելով ուղիներ, որոնցով նրանք կարող են ավելի նմանվել Փրկչին: Ուղղորդեք և աջակցեք, երբ սովորողները Նրան նմանվելու ձգտումը դարձնում են ամբողջ կյանքի նպատակ:

Հակոբն ասաց, որ «բոլոր բաները, որոնք աշխարհի սկզբից ի վեր, Աստծո կողմից, տրված են», ուսուցանում են մեզ Հիսուս Քրիստոսի մասին (2 Նեփի 11.4): Ձեր ուսուցումը կարող է լինել այդ բաներից մեկը: Հիսուս Քրիստոսին դարձրեք յուրաքանչյուր ուսուցման և սովորելու փորձառության առանցքը: Երբ դուք և սովորողները «խոսեք Քրիստոսի մասին, … հրճվեք Քրիստոսով, … քարոզեք Քրիստոսի մասին» (2 Նեփի 25.26), Սուրբ Հոգին Փրկչի վկայությունը կարող է խորը արմատավորել յուրաքանչյուր մարդու մտքում և սրտում: Երբ օգնեք ձեր սովորողներին ճանաչել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, ավելի հավանական է, որ իրենց ողջ կյանքում նրանք կդիմեն Նրանց՝ օգնության, հույսի և ապաքինման համար: