Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Սիրեք նրանց, ում ուսուցանում եք


«Սիրեք նրանց, ում ուսուցանում եք», Ուսուցանել Փրկչի ձևով. Բոլոր նրանց համար, ովքեր ուսուցանում են տանը և եկեղեցում (2022)

«Սիրեք նրանց, ում ուսուցանում եք», Ուսուցանել Փրկչի ձևով

3:11

Սիրեք նրանց, ում ուսուցանում եք

Բոլոր գործերը, որոնք Փրկիչն արել է Իր երկրային ծառայության ընթացքում, մղված էին սիրուց։ Եթե ձգտենք լինել Քրիստոսի ճշմարիտ հետևորդները, մենք կլցվենք այդ նույն սիրով (տես Հովհաննես 13.34–35, Մորոնի 7.47-48, 8.26): Երբ Փրկչի սերը մեր սրտերում է, մենք կձգտենք բոլոր հնարավոր ուղիներով օգնել մյուսներին՝ իմանալ Քրիստոսի մասին և գալ Նրա մոտ: Սերը կդառնա մեր ուսուցման խթանիչ ուժը:

Ինչպես սիրել նրանց, ում ուսուցանում եք

  • Սովորողներին նայեք այնպես, ինչպես Աստված է տեսնում նրանց:

  • Փորձեք ճանաչել նրանց․ հասկացեք նրանց հանգամանքները, կարիքները և ուժեղ կողմերը:

  • Աղոթեք նրանց համար անվանապես:

  • Ստեղծեք ապահով միջավայր, որտեղ բոլորը հարգված են և գիտեն, որ իրենց մասնակցությունը գնահատվում է:

  • Պատշաճ ուղիներ գտեք՝ ձեր սերն արտահայտելու համար։

Փրկիչն աստվածային ներուժ տեսավ յուրաքանչյուրի մեջ, ում ուսուցանում էր

Երիքովի բնակիչներից շատերը կարծում էին, որ գիտեն այն ամենը, ինչ պետք է իմանային Զաքեոսի մասին: Նա մաքսավոր էր և հարկահավաք, իսկ իրականում՝ մաքսապետն էր, և շատ հարուստ էր։ Ակնհայտ էր, որ նրանց կարծիքով նա պետք էր անազնիվ և կաշառակեր լիներ։ Բայց Հիսուսը նայեց Զաքեոսի սրտին և տեսավ «Աբրահամի [պատվավոր] որդուն» (տես Ղուկաս 19.1–10): Փրկիչը տեսավ մարդկանց ոչ միայն այնպիսին, ինչպիսին արտաքնապես թվում էին, այլ այնպիսին, ինչպիսին նրանք իրականում կային, և ինչպիսին կարող էին դառնալ: Անփորձ Սիմոնի, Անդրեասի, Հակոբոսի և Հովհաննեսի նման ձկնորսների մեջ Նա տեսավ Իր Եկեղեցու ապագա ղեկավարներին: Վախկոտ ու հալածող Սավուղի մեջ Նա տեսավ «մի ընտրյալ անոթ», որը կքարոզեր Իր ավետարանը թագավորների և ազգերի մեջ (տես Գործք Առաքելոց 9.10–15): Ձեր և յուրաքանչյուր մարդու մեջ, ում ուսուցանում եք, Փրկիչը տեսնում է անսահման ներուժ ունեցող Աստծո որդուն կամ դստերը:

Ձեր ուսուցանած մարդկանց մեջ, հավանաբար, կլինեն նրանք, ովքեր հավատարիմ և դարձի եկած են թվում, և նաև կլինեն ուրիշները, ովքեր անտարբեր կամ, նույնիսկ, ըմբոստ են թվում: Զգույշ եղեք, որ ենթադրություններ չանեք՝ հիմնվելով միայն ձեր տեսածի վրա։ Սուրբ Հոգին կօգնի ձեզ յուրաքանչյուր մարդու մեջ տեսնել այն, ինչ տեսնում է Փրկիչը, և կօգնի ձեզ, որ սկսեք սիրել նրանց այնպես, ինչպես Նա է սիրում:

Խորհելու հարցեր․ Մտածեք յուրաքանչյուր մարդու մասին, ում ուսուցանում եք, և խորհեք, թե Երկնային Հայրը և Հիսուսը ինչ են զգում յուրաքանչյուրի հանդեպ: Նրանք ի՞նչ կարող են տեսնել այդ մարդու մեջ: Այդ մտքերն ինչպե՞ս կազդեն այն եղանակի վրա, որով դու ուսուցանում եք այդ մարդուն:

Սուրբ գրություններից․ Ա Թագավորաց 16․7, Սաղմոս 8․4–5, Հռովմեացիս 8․16–17, Վարդապետություն և Ուխտեր 18․10–14

Փրկիչը ճանաչում է մեզ և հասկանում է մեր հանգամանքները, կարիքները և ուժեղ կողմերը

Սամարացի կինը չէր եկել ջրհորի մոտ ավետարանի ուղերձ լսելու համար: Նա եկել էր ջրի հետևից։ Բայց Փրկիչը հասկացավ, որ նրա ծարավն ավելին էր, քան ֆիզիկական ծարավը: Փրկիչը գիտեր, որ նա դժվար անցյալ ուներ՝ անկայուն հարաբերություններով։ Ուստի, Հիսուսը դիտարկեց ֆիզիկական կարիքը, որն անմիջականորեն հետաքրքրում էր այդ կնոջը, որը կենսատու ջուրն էր, և այն կապեց այդ կնոջ ավելի խորը հոգևոր կարիքների՝ «կենդանի ջրի» և «հավիտենական կյանքի» հետ։ Իրենց զրույցի ավարտին կինը անձնական վկայություն ստացավ, որ Հիսուսը Քրիստոսն է՝ մասամբ ոգեշնչված նրանով, թե որքան լավ էր Նա ճանաչում իրեն: «[Նա] ինձ ասեց բոլորը ինչ որ գործել եմ», - ասաց նա։ «Արդյո՞ք Նա է Քրիստոսը» (տես Հովհաննես 4․6–29

Քրիստոսանման ուսուցիչը պետք է ծանոթանա այն մարդկանց հետ, ում ուսուցանում է, և ձգտի հասկանալ, թե ինչ կա նրանց սրտում: Դուք կարող եք հետաքրքրվել նրանց կյանքով և կարեկցանք ցուցաբերել: Դուք կարող եք ուղիներ փնտրել՝ հասկանալու նրանց անցյալը, տաղանդները, հետաքրքրությունները և կարիքները: Դուք կարող եք պարզել, թե ինչպես են նրանք լավագույնս սովորում: Դուք կարող եք հարցեր տալ, ուշադիր լսել և դիտել: Բացի այդ ամենից, դուք կարող եք աղոթել հասկացողության համար, որը միայն Հոգին կարող է տալ: Որքան լավ եք ճանաչում մարդուն, այնքան ավելի լավ կարող եք օգնել նրան անձնական իմաստ և զորություն գտնել Հիսուս Քրիստոսի ավետարանում: Երբ դուք արդեն հասկանաք այդ մարդու ծարավը, Հոգին կուսուցանի ձեզ, թե ինչպես հագեցնել այն Փրկչի կենդանի ջրով։

Խորհելու հարցեր․ Դուք արդեն ի՞նչ գիտեք այն մարդկանց մասին, որոնց ուսուցանում եք: Ի՞նչն է նրանց համար կարևոր: Որո՞նք են նրանց ուժեղ կողմերը: Ի՞նչ մարտահրավերներ ունեն նրանք։ Ի՞նչ կարող եք անել՝ նրանց ավելի լավ հասկանալու համար:

Սուրբ գրություններից․ Սաղմոս 139․1–5, Մատթեոս 6․25–32, Մարկոս 10․17–21, Հովհաննես 10․14, 3 Նեփի 17․1–9

Փրկիչն աղոթեց նրանց համար, ում ուսուցանում էր

Պատկերացրեք, թե ինչ պետք է զգար Սիմոն Պետրոսը, երբ լսեց, որ Փրկիչն իրեն ասաց. «Սիմօն, Սիմօն. Ահա սատանան ձեզ ուզեց, ․․․ Բայց ես աղաչեցի քեզ համար, որ քո հաւատքը չ’պակասի» (Ղուկաս 22.31– 32): Ի՞նչ կզգայիք, եթե իմանայիք, որ Հիսուս Քրիստոսը աղոթել է Հորը ձեզ համար: Հին Ամերիկայի ժողովուրդը նման փորձառություն ունեցավ, և այն նկարագրեցին այսպես. «Եվ ոչ մեկը չի կարող երևակայել այն ուրախությունը, որը լցրեց մեր հոգիներն այն պահին, երբ մենք լսում էինք [Հիսուսին] մեզ համար Հորն աղոթելիս» (3 Նեփի 17.17):

Կարող եք նաև մտածել այն մասին, թե ինչ է տեղի ունենում ձեր ներսում, երբ դուք հետևողականորեն աղոթում եք որևէ մեկի համար՝ անվանապես: Ինչպե՞ս են ձեր աղոթքներն ազդում այդ մարդու հանդեպ ձեր վերաբերմունքի վրա: Ինչպե՞ս են դրանք ազդում ձեր արարքների վրա: Անշուշտ, մեր Երկնային Հայրը լսում և պատասխանում է այն ուսուցչի անկեղծ աղոթքներին, որը ցանկանում է օգնել սովորողին: Եվ շատ դեպքերում Նա պատասխանում է այդ աղոթքներին՝ դիպչելով ուսուցչի սրտին և ոգեշնչելով նրան անել կամ ասել մի բան, որը կօգնի սովորողին զգալ Իր սերը:

Խորհելու հարցեր․ Երբ մտածեք այն մարդկանց մասին, ում ուսուցանում եք, ձեր կարծիքով, կա՞ մեկը, ով ձեր աղոթքների հատուկ կարիքն ունի: Նրա համար ձեր աղոթքում ի՞նչ եք ցանկանում։ Ի՞նչ օրհնություններ կարող են գալ, երբ հրավիրեք սովորողներին աղոթել միմյանց համար:

Սուրբ գրություններից․ Հովհաննես 17, Ալմա 31․24–36, 3 Նեփի 18․15–24, 19․19–23, 27–34

Փրկիչը հավաստիացավ, որ բոլորն իրենց հարգված և գնահատված են զգում

Հիսուսի օրերում կրոնական ղեկավարների ընդհանուր վերաբերմունքն այն էր, որ մեղավոր մարդկանցից պետք է խուսափել։ Այդ պատճառով, երբ այս ղեկավարները տեսան, որ Հիսուսը շփվում է մեղավորների հետ, նրանք ապշեցին: Ինչպե՞ս կարող է այդպիսի մարդկանց հետ շփվողը լինել հոգևոր ուսուցիչ:

Հիսուսն, իհարկե, այլ մոտեցում ուներ։ Նա ձգտում էր բժշկել նրանց, ովքեր հոգևորապես հիվանդ էին (տես Մարկոս 2.15–17, Ղուկաս 4.17–18): Նա անընդհատ ձեռք էր մեկնում նրանց, ովքեր տարբերվում էին իրենց շրջապատից կամ ունեին դժվար անցյալ, և Նա շփվում էր նրանց հետ, ովքեր մեղք էին գործել: Նա գովեց հռոմեացի զինվորի հավատքը (տես Մատթեոս 8.5–13): Նա կանչեց անվստահելի հարկահավաքին, որ լինի Իր վստահելի աշակերտներից մեկը (տես Մարկոս 2.14): Երբ կնոջը մեղադրեցին շնության մեջ, Նա օգնեց նրան ապահով զգալ, և ոգեշնչեց նրան ապաշխարել ու ավելի լավ կյանքով ապրել (տես Հովհաննես 8.1–11):

Բայց Հիսուսն արեց ավելին: Իր հետևորդների շրջանում Նա խրախուսեց ընդունված լինելու և սիրո նույն վերաբերմունքի դրսևորումը: Նրա օրինակը, անշուշտ, մնաց Իր առաքյալների սրտերում, երբ եկավ ավետարանը բոլոր մարդկանց մեջ տարածելու ժամանակը: Դա արտացոլված է Պետրոսի խոսքերում. «Ճշմարտութեամբ հասկանում եմ, որ Աստուած աչառ չէ» (Գործք Առաքելոց 10.34

Հավանականությունը մեծ է, որ գրեթե բոլորը, ում դուք կանչվել եք ուսուցանելու, այս կամ այն կերպ պայքարում են հարգված և գնահատված զգալու համար: Ի դեպ, երբ դուք սիրեք և հարգեք նրանց, դրանով կհաստատեք, որ նրանք ոչ միայն ընդունված են, այլև պիտանի են: Դուք կարող եք գտնել նրանց, ովքեր չեն հաճախում, ովքեր մաքառում են կամ ովքեր, թվում է, անտարբեր են. եղեք համբերատար, երբ առաջընթացը դանդաղ է թվում: Դուք կարող եք օգնել, որ բոլորը ապահով և ազատ զգան՝ իրենց մտահոգություններով հավատակիցների հետ կիսվելիս: Բայց դուք կարող եք անել ավելին: Դուք կարող եք ոգեշնչել բոլոր սովորողներին, որ օգնեն ձեզ ստեղծել մի միջավայր, որտեղ վարդապետությունն ուսուցանվում է հարգանքի, պատկանելության և սիրո ոգով:

Խորհելու հարցեր. Ի՞նչն է օգնում մարդուն իրեն հարգված և գնահատված զգալ: Ի՞նչն է ոգեշնչում մարդուն հարգել և գնահատել ուրիշներին: Երբ դուք աղոթքով մտածում եք այն մարդկանց մասին, ում ուսուցանում եք, ի՞նչ եք ոգեշնչվում անել, որ բոլորն իրենց ընդունված և պիտանի զգան:

Սուրբ գրություններից․ Հովհաննես 4, 2 Նեփի 26․27–28, 33, Ալմա 1․26, 3 Նեփի 18․22–25

հայրը ուսուցանում է երեխաներին

Ուսուցիչները կարող են օգնել իրենց ուսանողներին սիրված զգալ:

Փրկիչն արտահայտեց Իր սերն այն մարդկանց հանդեպ, ում Նա ուսուցանում էր

Նեփիացիների մեջ ուսուցանելու և ծառայելու հրաշալի, ոգեշնչող օրվա ավարտին Հիսուսը նկատեց, որ ժամանակն էր, որ Ինքը գնա: Նա պետք է ուրիշ մարդկանց այցելեր։ Նա ասաց․ «Գնացեք ձեր տները, ․․ և պատրաստեք ձեր մտքերը էգուցվա համար»: Բայց մարդիկ նստած էին այնտեղ և «արտասվում էին», նայելով «նրա վրա սևեռուն, կարծես կամենում էին խնդրել նրան՝ մի քիչ էլ մնալ իրենց հետ»: Ըմբռնելով նրանց չբարձրաձայնված կարիքը և «լցված կարեկցանքով»՝ Հիսուսը մի փոքր երկար մնաց (3 Նեփի 17.3, 5–6): Նա բուժեց նրանց հիվանդներին ու չարչարվածներին: Նա ծնկի իջավ և աղոթեց նրանց հետ: Նա լաց եղավ նրանց հետ, Նա ուրախացավ նրանց հետ:

Կարող եք աղոթքով ուսումնասիրել Փրկչի խոսքերն ու գործողությունները 3 Նեփի 17-ում: Խորհեք այն սիրո մասին, որը Նա արտահայտեց նրանց հանդեպ, ում ուսուցանում էր: Փնտրեք Նրա սիրո արտահայտությունները սուրբ գրությունների մյուս հատվածներում: Հետո մտածեք այն մարդկանց մասին, ում ուսուցանում եք: Ինչպե՞ս կարող եք պատշաճ սեր ցուցաբերել նրանց հանդեպ: Թույլ տվեք, որ Հոգին առաջնորդի ձեզ։ Եթե դժվարանում եք սիրել կամ արտահայտել ձեր սերը նրանց հանդեպ, ում ուսուցանում եք, սկսեք վկայել Աստծո սիրո մասին: Ապա՝ «աղոթեք Հորը, սրտի ողջ կորովով, որ կարողանանք լցված լինել այդ սիրով, որը նա շնորհել է բոլոր նրանց, ովքեր նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդներն են» (Մորոնի 7.48): Եվ հիշեք, որ դասն ուսուցանելու ձեր պարտականությունը երբեք չպետք է շեղի ձեզ՝ ձեր խոսքերով և գործերով սեր արտահայտելուց: «Հաճախ, ձեր վերաբերմունքը մարդկանց հանդեպ նույնքան կարևոր է, որքան այն, ինչ ուսուցանում եք նրանց։

Խորհելու հարցեր. Ինչպե՞ս է Փրկիչն օգնել ձեզ իմանալ ձեր հանդեպ Իր սիրո մասին: Ինչպե՞ս է ձեր ծնողը կամ մեկ այլ ուսուցիչ օգնել ձեզ զգալ Նրա սերը: Մարդիկ, ում ուսուցանում եք, գիտե՞ն, որ դուք սիրում եք իրենց: Նրանք գիտե՞ն, որ Փրկիչը սիրում է իրենց:

Սուրբ գրություններից․ Մարկոս 6․31–42, Հովհաննես 13․3–16, 34–35, 15․12–13, Ա Կորնթացիս 13․1–7, Ա Հովհաննես 4․7–11

Սովորածը կիրառելու եղանակներ

  • Եթե ուսուցանում եք դասարանում, սովորեք նրանց անունները և օգտագործեք դրանք, երբ ուսուցանում եք:

  • Արտահայտեք ձեր երախտագիտությունը, երբ սովորողները մասնակում են դասին:

  • Ուսուցանելուց առաջ և հետո շփվեք սովորողների հետ:

  • Օգնեք սովորողներին միմյանց հանդեպ ձևավորել սիրո և հարգանքի մթնոլորտ:

  • Ուսուցանելիս և այլ պահերին ուշադիր լսե՛ք։

  • Ծառայության գործեր կատարեք նրանց համար, ում ուսուցանում եք:

  • Պատրաստ եղեք փոխել ձեր ուսուցման ծրագրերը՝ ավելի շատ ժամանակ հատկացնելով այն սկզբունքներին, որոնք իմաստալի են նրանց համար, ում ուսուցանում եք: