Սուրբ գրություններ
2 Նեփի 24


Գլուխ 24

Իսրայելը կհավաքվի և կվայելի հազարամյա հանգիստ – Լյուցիֆերը դուրս էր շպրտվել երկնքից ապստամբության պատճառով – Իսրայելը կհաղթի Բաբելոնին (աշխարհին) – Համեմատեք Եսայիայի ԺԴ: Մոտ 559–545թթ. Ք.ծ.ա.:

1 Քանզի Տերը ողորմություն կունենա Հակոբի վրա, և դեռ կընտրի Իսրայելին, և կհաստատի նրանց իրենց սեփական երկրում. և օտարականները կմիավորվեն նրանց հետ և կհարեն Հակոբի տանը:

2 Եվ ժողովուրդները կվերցնեն ու կբերեն նրանց իրենց տեղը. այո, հեռվից՝ աշխարհի ծայրերից. և նրանք կվերադառնան իրենց երկրները խոստումի: Եվ Իսրայելի Տունը կտիրի դրանց, և Տիրոջ երկիրը կլինի ծառաների ու աղախինների համար. և նրանք գերի կվերցնեն նրանց, որոնց իրենք էին գերի. և նրանք կիշխեն իրենց բռնացողների վրա:

3 Եվ կլինի այնպես, այն օրը, որ Տերը քեզ հանգիստ կտա քո վշտերից և քո երկյուղից և ծանր ճորտությունից, որով քեզ ստիպել էին ծառայել:

4 Եվ կլինի այնպես, այն օրը, որ դու այս առակը կբերես Բաբելոնի թագավորի դեմ և կասես. Ինչպե՜ս է դադարել բռնակալը, ոսկե քաղաքը դադարեց:

5 Տերը կոտրել է ամբարիշտների գավազանը, իշխանավորների գայիսոնները:

6 Նա, ով զարկում էր ժողովրդին ցասմամբ՝ մի անդադար հարվածով, նա, ով իշխում էր ազգերին բարկությունով, հալածվում է, և ոչ ոք չի արգելում:

7 Ողջ երկիրը հանգիստ է և խաղաղ. նրանք սկսում են հանկարծ երգել:

8 Այո, եղևնիները ցնծում են քո վրա, և նաև Լիբանանի մայրիները՝ ասելով. Այն ժամանակից, որ դու վայր ես տապալվել, ոչ մի փայտահատ չի գալիս մեր վրա:

9 Դժոխքը տակից դղրդաց քեզ համար՝ դիմավորելու քեզ քո գալստյան ժամանակ. այն վեր է հանում մեռածներին քեզ համար, նույնիսկ աշխարհի բոլոր գլխավորներին. այն վեր կանգնեցրեց ազգերի բոլոր թագավորներին իրենց գահերից:

10 Բոլոր նրանք կխոսեն և կասեն քեզ. Դու է՞լ ես տկարացել, ինչպես մենք: Դու է՞լ ես դարձել մեզ նման:

11 Քո շքեղությունը վայր բերվեց գերեզման. քո տավիղների հնչյունները չեն լսվում. որդն է տարածված քո տակ, և որդերն են ծածկում քեզ:

12 Ինչպե՜ս դու ընկար երկնքից, ո՛վ Լյուցիֆեր, արշալույսի՛ որդի: Վայր ես տապալված գետնին, դո՛ւ, որ խեղճացնում էիր ազգերին:

13 Քանզի դու ասացիր քո սրտում. Ես կելնե՜մ երկինք, ես կբարձրացնե՜մ իմ գահը Աստծո աստղերից վեր. ես կնստե՜մ նաև ժողովի սարի վրա՝ հյուսիսային կողմում.

14 Ես կբարձրանա՜մ ամպերի բարձունքներից վեր. ես կլինեմ Բարձրյալի նման:

15 Մինչդեռ դու պիտի վայր բերվես դժոխք՝ գուբի խորխորատները:

16 Նրանք, որ կտեսնեն քեզ, մոտիկից կզննեն քեզ և կտնտղեն քեզ, և կասեն. Սա՞ է այն մարդը, որ ստիպում էր դողալ աշխարհին, որ ցնցում էր թագավորությունները:

17 Եվ դարձրեց աշխարհն անապատի պես, և կործանեց նրա քաղաքները, և չբացեց իր բանտարկյալների տունը:

18 Ազգերի բոլոր թագավորները, այո, նրանք՝ բոլորը, պառկած են փառքով, նրանցից ամեն մեկն իր սեփական տանը:

19 Բայց դու դուրս ես գցված քո գերեզմանից զզվելի ճյուղի և նրանց մնացորդի պես, որոնք սպանված են՝ սրով խոցված, որոնք գնում են ցած դեպի գուբի քարերը. ոտնակոխ դիակի պես:

20 Դու թաղումով չես միացվելու նրանց, որովհետև դու կործանել ես քո երկիրը և սպանել քո ժողովրդին. չարագործների սերունդը երբեք չպիտի փառաբանվի:

21 Կոտորած պատրաստեք նրա զավակների համար, նրանց հայրերի անօրինությունների պատճառով, որպեսզի նրանք չբարձրանան, ո՛չ էլ տիրեն երկրին, ո՛չ էլ լցնեն աշխարհի երեսը քաղաքներով:

22 Քանզի ես վեր կելնեմ նրանց դեմ, ասում է Զորաց Տերը և կկտրեմ Բաբելոնից անունը և մնացորդը, որդուն և եղբորորդուն, ասում է Տերը:

23 Ես այն նաև կդարձնեմ սեփականություն ձկնկուլների համար, և ջրի լճակներ. և ես կավլեմ այն կործանման ավելով, ասում է Զորաց Տերը:

24 Զորաց Տերը երդվել է՝ ասելով. Անշուշտ, ինչպես մտածել եմ, այնպես էլ կլինի. և ինչպես նպատակադրվել եմ, այնպես էլ կկատարվի,

25 Որ ես կբերեմ Ասորեստանցուն իմ երկիրը և իմ սարերի վրա ոտնակոխ կանեմ նրան. այն ժամանակ նրա լուծը կհեռանա նրանց վրայից և նրա բեռը կհեռանա նրանց ուսերի վրայից:

26 Սա է նպատակը, որ նպատակադրված է ողջ աշխարհի վրա. և սա է այն ձեռքը, որ մեկնված է բոլոր ազգերի վրա:

27 Քանզի Զորաց Տերն է նպատակադրել, և ո՞վ է խափանելու: Եվ նրա ձեռքը մեկնված է, և ո՞վ է ետ դարձնելու:

28 Այն տարում, որ թագավոր Աքազը մեռավ, եղավ այս պատգամը:

29 Մի ուրախացիր, ողջ Փղշտացիների երկիր, որովհետև նրա գավազանը, որը զարկում էր քեզ, կոտրված է. քանզի օձի արմատից քարբ է դուրս գալու և նրա պտուղը՝ թռչող, կիզող օձ է լինելու:

30 Եվ աղքատի առաջնեկը կկերակրվի, և կարիքավորը կպառկի ապահովության մեջ. իսկ ես կսպանեմ քո արմատը սովով, և նա կկոտորի քո մնացորդին:

31 Ողբա, ո՛վ դուռ. աղաղակիր, ո՛վ քաղաք. դո՛ւ, ողջ Փղշտացիների երկիր, քայքայված ես. քանզի հյուսիսից մի ծուխ կգա, և ոչ ոք մենակ չի լինի նրա նշած ժամին:

32 Ի՞նչ կպատասխանեն այն ժամանակ ազգերի սուրհանդակները: Որ Տերը հիմնադրել է Սիոնը, և նրա ժողովրդի աղքատը պիտի ապավինի նրան: