Գլուխ 22
Վերջին օրերին Սիոնը և նրա ցցերը կհաստատվեն, և Իսրայելը կհավաքվի՝ ողորմությամբ և քնքշությամբ – Նրանք կհաղթանակեն – Համեմատեք Եսայիա ԾԴ: Մոտ 34թ. Ք.ծ.հ.:
1 Եվ այն ժամանակ պիտի կատարվի այն, ինչը գրված է. Երգիր, ո՛վ ամուլ, դո՛ւ, որ չէիր ծնում. թնդա երգելով, և աղաղակիր բարձրաձայն, դո՛ւ, որ զավակի երկունք չէիր քաշել. քանզի չբերի զավակներն ավելի շատ են, քան ամուսնացած կնոջ զավակները, ասում է Տերը:
2 Մեծացրու քո վրանի տեղը, և թող քո կացարանի վարագույրները նրանք հեռու տարածեն. մի խնայիր, երկարացրու պարաններդ, և ամրացրու ցցերդ.
3 Քանզի դու պիտի դուրս խուժես դեպի աջ և դեպի ձախ, և քո սերունդը պիտի ժառանգի հեթանոսներին և ամայի քաղաքները դարձնի բնակեցված:
4 Մի վախեցիր, քանզի դու չպիտի ամաչես. ոչ էլ նվաստանաս, քանզի դու չպիտի խայտառակվես. քանզի դու պիտի մոռանաս քո երիտասարդության խայտառակությունը և չպիտի հիշես քո երիտասարդության նախատինքը, և այլևս չպիտի հիշես քո այրիության նախատինքը:
5 Քանզի քո արարիչը, քո ամուսինը, Զորաց Տեր է նրա անունը. և քո Քավիչը՝ Իսրայելի Սուրբը, ամբողջ երկրի Աստված պիտի նա կոչվի:
6 Քանզի Տերը կանչել է քեզ, որպես մի կին՝ հոգով լքված ու դառնացած, և երիտասարդ մի կին, երբ դու մերժված էիր, ասում է քո Աստվածը:
7 Մի կարճ պահ եմ ես լքել քեզ, բայց մեծ ողորմություններով կժողովեմ ես քեզ:
8 Մի փոքր ցասմամբ ես թաքցրեցի իմ երեսը քեզանից՝ մի պահ, բայց հավիտենական բարությամբ ես ողորմություն կունենամ քեզ վրա, ասում է Տերը՝ քո Քավիչը:
9 Քանզի սա Նոյի ջրերի պես է ինձ համար, քանզի ինչպես ես երդվեցի, որ Նոյի ջրերն այլևս չպիտի ծածկեն երկիրը, նմանապես երդվել եմ ես, որ ես չեմ զայրանալու քեզ վրա:
10 Քանզի լեռները պիտի հեռանան և բլուրները վերանան, բայց իմ բարությունը չպիտի հեռանա քեզանից, ոչ էլ իմ խաղաղության ուխտը պիտի վերանա, ասում է Տերը, որը ողորմություն ունի քեզ վրա:
11 Ո՛վ դու, չարչարված, փոթորիկից վայր գցված և անմխիթար: Ահա ես կշարեմ քո քարերը գեղեցիկ գույներով, և կդնեմ քո հիմքը շափյուղաներով:
12 Եվ ես կսարքեմ քո պատուհաններն ագատից և քո դռները՝ կարկեհանից, և բոլոր քո եզրապատերը՝ պատվական քարերից:
13 Եվ բոլոր քո զավակները պիտի ուսուցանվեն Տիրոջ կողմից. և մեծ պիտի լինի քո զավակների խաղաղությունը:
14 Արդարությամբ պիտի դու հաստատվես. դու հեռու պիտի լինես բռնությունից, քանզի դու չպիտի վախենաս, և հեռու պիտի լինես սոսկումից, քանզի այն չպիտի գա քեզ մոտիկ:
15 Ահա, անշուշտ, նրանք ի մի պիտի հավաքվեն քո դեմ՝ ոչ իմ կողմից. ովքեր որ ի մի հավաքվեն քո դեմ, կընկնեն հանուն քեզ:
16 Ահա, ես եմ ստեղծել դարբնին, որը փչում է կրակի միջի ածուխները, և որը գործիք է ստեղծում իր աշխատանքի համար. և ես եմ ստեղծել ավերողին, որ կործանի:
17 Ոչ մի զենք, որ ստեղծվել է քո դեմ, չպիտի հաջողվի. և ամեն լեզու, որ կզազրախոսի քո դեմ՝ դատաստանով, դու պիտի դատապարտես: Այս է Տիրոջ ծառաների ժառանգությունը, և նրանց արդարությունն ինձանից է, ասում է Տերը: