Գլուխ 25
Լամանացիների հարձակումները ծավալվում են – Նոյի քահանաների սերունդը ոչնչանում է՝ ինչպես մարգարեացել էր Աբինադին – Շատ Լամանացիներ դարձի են բերվում և միանում են Անթի-Նեփի-Լեքիի ժողովրդին – Նրանք հավատում են Քրիստոսին և պահում Մովսեսի օրենքը: Մոտ 90–77թթ. Ք.ծ.ա.:
1 Եվ այժմ ահա, եղավ այնպես, որ այն Լամանացիներն ավելի բարկացան, որովհետև նրանք սպանել էին իրենց եղբայրներին. հետևաբար, նրանք երդվեցին վրեժ լուծել Նեփիացիներից. և այդ ժամանակ այլևս փորձ չարեցին սպանել Անթի-Նեփի-Լեքիի ժողովրդին:
2 Այլ նրանք վերցրեցին իրենց զորքերը և անցան Զարահեմլայի երկրի սահմանների վրայով, և հարձակվեցին ժողովրդի վրա, ովքեր Ամմոնիա երկրում էին և կործանեցին նրանց:
3 Եվ դրանից հետո, նրանք ունեցան շատ ճակատամարտեր Նեփիացիների հետ, որոնց ընթացքում քշվեցին ու սպանվեցին:
4 Եվ Լամանացիների մեջ, ովքեր սպանվել էին, համարյա ողջ Ամուղոնի և նրա եղբայրների բոլոր սերունդն էր, ովքեր Նոյի քահանաներն էին, և նրանք սպանվեցին Նեփիացիների ձեռքով.
5 Եվ մնացածը, փախած լինելով դեպի արևելյան անապատը, և զավթած լինելով իշխանությունը և իրավունքը Լամանացիների վրա, կարգադրեցին, որ Լամանացիներից շատերը սպանվեին կրակով՝ իրենց հավատքի համար,
6 Քանզի նրանցից շատերը, մեծ կորուստ և այդքան բազում չարչարանքներ կրելուց հետո, սկսեցին զարթնեցվել՝ ի հիշողություն այն խոսքերի, որոնք Ահարոնն ու նրա եղբայրները քարոզել էին նրանց իրենց երկրում. հետևաբար, նրանք սկսեցին չհավատալ իրենց հայրերի ավանդություններին, և հավատացին Տիրոջը, և որ նա տվել էր մեծ զորություն Նեփիացիներին. և այսպիսով, կային նրանցից շատերը, որ դարձի էին եկել անապատում:
7 Եվ եղավ այնպես, որ այն կառավարիչները, ովքեր մնացորդն էին Ամուղոնի զավակների, կարգադրեցին, որ նրանք մահվան դատապարտվեն, այո, բոլոր նրանք, ովքեր հավատում էին այս բաներին:
8 Այսպիսով, այս նահատակությունը պատճառ եղավ, որ նրանց եղբայրներից շատերը բարկության դրդվեցին. և անապատում հակառակություն առաջացավ, և Լամանացիները սկսեցին հետապնդել Ամուղոնի սերնդին ու նրա եղբայրներին և սկսեցին սպանել նրանց. և նրանք փախան դեպի արևելքի անապատը:
9 Եվ ահա, Լամանացիները նրանց հետապնդում են այս օրը: Այսպիսով, Աբինադիի խոսքերն իրականացան, որոնք նա ասել էր քահանաների սերնդի վերաբերյալ, ովքեր կարգադրեցին, որ նա ենթարկվեր կրակով մահվան:
10 Քանզի նա ասել էր նրանց. Ինչ որ դուք անեք ինձ, պիտի լինի գալիք բաների մի օրինակ:
11 Եվ արդ, Աբինադին առաջինն էր, որ, առ Աստված իր հավատքի համար կրակով մահվան ենթարկվեց. արդ սա այն է, ինչ ի նկատի ուներ նա, որ շատերը կրակով պիտի ենթարկվեին մահվան, ճիշտ, ինչպես ինքը ենթարկվեց:
12 Եվ նա ասաց Նոյի քահանաներին, որ նրանց սերունդը պիտի կարգադրի շատերին դատապարտելու մահվան, նույն ձևով, ինչպես ինքն էր դատապարտվել, և որ նրանք պիտի ցրվեն ամենուր և սպանվեն, ճիշտ ինչպես հովիվ չունեցող մի ոչխար վայրի գազաններից քշվում է ու սպանվում. և այժմ ահա, այս խոսքերը հաստատվեցին, քանզի նրանք քշվում էին Լամանացիների կողմից և հետապնդվում ու զարկվում էին նրանց կողմից:
13 Եվ եղավ այնպես, որ երբ Լամանացիները տեսան, որ իրենք չէին կարող հաղթել Նեփիացիներին, նրանք նորից վերադարձան իրենց սեփական երկիրը. և նրանցից շատերը եկան՝ բնակվելու Իսմայելի երկրում, և Նեփիի երկրում, և միացան Աստծո ժողովրդին, որը Անթի-Նեփի-Լեքիի ժողովուրդն էր:
14 Եվ նրանք նույնպես թաղեցին իրենց պատերազմի զենքերը, ճիշտ ինչպես իրենց եղբայրներն էին արել, և նրանք սկսեցին լինել մի արդարակյաց ժողովուրդ. և նրանք քայլեցին Տիրոջ ուղիներում և պահում-պահպանում էին նրա պատվիրաններն ու նրա կանոնները:
15 Այո, և նրանք պահում էին Մովսեսի օրենքը. քանզի անհրաժեշտ էր, որ նրանք պահեին Մովսեսի օրենքն առայժմ, քանզի այն ամբողջովին չէր իրագործվել: Բայց չնայած Մովսեսի օրենքին, նրանք սպասում էին Քրիստոսի գալստին՝ համարելով, որ Մովսեսի օրենքը նրա գալստյան մի նմուշ էր, և հավատալով, որ իրենք պիտի պահեն այն արտաքին ծիսակատարությունները, մինչև այն ժամանակը, երբ նա հայտնվեր իրենց:
16 Արդ, նրանք չէին կարծում, որ փրկությունը գալիս էր Մովսեսի օրենքի միջոցով. բայց Մովսեսի օրենքը ծառայում էր՝ զորացնելու նրանց հավատքն առ Քրիստոս. և այսպես, նրանք հավատքի միջոցով հույս էին տածում հավերժական փրկության համար, վստահելով մարգարեության ոգուն, որը խոսում էր այն բաների մասին, որ գալու են:
17 Եվ այժմ, ահա Ամմոնը և Ահարոնը և Օմները և Հիմնին և նրանց եղբայրներն անչափ ցնծում էին այն հաջողության համար, որ նրանք ունեցել էին Լամանացիների մեջ, տեսնելով, որ Տերը, շնորհել էր նրանց՝ համաձայն իրենց աղոթքների, և որ նա նաև ամենայն մանրամասնությամբ հաստատել էր իր խոսքը նրանց համար: