Սուրբ գրություններ
Ալմա 55


Գլուխ 55

Մորոնին հրաժարվում է գերիներ փոխանակել – Լամանացի պահակներին խաբելով հարբեցնում են և Նեփիացի գերիներն ազատվում են – Գեդ քաղաքը վերցվում է առանց արյունահեղության: Մոտ 63–62թթ. Ք.ծ.ա.:

1 Արդ եղավ այնպես, որ, երբ Մորոնին ստացավ այս նամակը, նա ավելի բարկացավ, որովհետև նա գիտեր, որ Ամմորոնն ուներ կատարյալ իմացություն իր խարդախության մասին. այո, նա գիտեր, որ Ամմորոնը գիտեր, որ դա արդար պատճառ չէր, որ դրդել էր նրան պատերազմ մղել Նեփիի ժողովրդի դեմ:

2 Եվ նա ասաց. Ահա, ես գերիներ չեմ փոխանակի Ամմորոնի հետ, եթե նա ձեռք չքաշի իր նպատակից, ինչպես որ ես հայտարարել էի իմ նամակում. քանզի ես չեմ թույլ տա նրան, որ նա ունենա ինչ-որ չափով ավելի շատ իշխանություն, քան այն, ինչ նա ունի:

3 Ահա, ես գիտեմ տեղը, որտեղ Լամանացիները հսկում են իմ ժողովրդին, որոնց նրանք գերի են վերցրել. և քանի որ Ամմորոնը չկամեցավ շնորհ անել ինձ այն, ինչ խնդրել էի իմ նամակում, ահա, ես կվարվեմ նրա հետ՝ համաձայն իմ խոսքերի. այո, ես կփնտրեմ մահ՝ նրանց համար, մինչև որ նրանք խաղաղություն աղերսեն:

4 Եվ արդ եղավ այնպես, որ երբ Մորոնին ասաց այս խոսքերը, նա կարգադրեց, որ իր մարդկանց մեջ որոնում կատարվեր, որ գուցե ինքը կարողանար նրանց մեջ գտնել մի մարդու, որը լիներ Լամանի մի հետնորդ:

5 Եվ եղավ այնպես, որ նրանք գտան մեկին, որի անունը Լաման էր. և նա այն թագավորի ծառաներից մեկն էր, որը սպանվել էր Ամաղիկիայի կողմից:

6 Արդ Մորոնին կարգադրեց, որ Լամանը և իր մարդկանցից մի փոքր խումբ գնան առաջ՝ պահակների մոտ, ովքեր հսկում էին Նեփիացիներին:

7 Արդ Նեփիացիներին հսկում էին Գեդ քաղաքում. հետևաբար, Մորոնին նշանակեց Լամանին և կարգադրեց, որ մարդկանց մի փոքր խումբ գնա նրա հետ:

8 Եվ երբ երեկո էր, Լամանը գնաց պահակների մոտ, ովքեր Նեփիացիներին հսկում էին, և ահա, նրանք տեսան նրան՝ գալիս, և նրանք ձայն տվեցին նրան. բայց նա ասաց նրանց. Մի՛ վախեցեք, ահա, ես Լամանացի եմ: Ահա, մենք փախել ենք Նեփիացիներից, և նրանք քնած են. և ահա, մենք վերցրել ենք նրանց գինուց և բերել ենք մեզ հետ:

9 Արդ, երբ Լամանացիները լսեցին այս խոսքերը, նրանք ընդունեցին նրան ուրախությամբ. և նրանք ասացին նրան. Տո՛ւր մեզ քո գինուց, որ խմենք. մենք ուրախ ենք, որ այսպիսով դուք գինի եք վերցրել ձեզ հետ, քանզի մենք հոգնած ենք:

10 Բայց Լամանն ասաց նրանց. Եկե՛ք պահենք մեր գինուց, մինչև մենք գնանք՝ ճակատամարտելու Նեփիացիների դեմ: Բայց այս ասածը միայն դարձրեց նրանց ավելի ծարավի՝ խմելու այդ գինուց:

11 Քանզի նրանք ասացին. Մենք հոգնած ենք, հետևաբար եկեք վերցնենք գինուց, և ոչ շատ անց, մենք պիտի մեր օրաբաժին գինին ստանանք, որը կզորացնի մեզ՝ գնալու Նեփիացիների դեմ:

12 Եվ Լամանն ասաց նրանց. Դուք կարող եք անել ըստ ձեր ցանկության:

13 Եվ եղավ այնպես, որ նրանք խմեցին գինուց ազատորեն. և դա հաճելի էր նրանց քիմքին, այդ պատճառով նրանք խմեցին ավելի ազատորեն. և այն թունդ էր՝ պատրաստված լինելով իր թնդությամբ:

14 Եվ եղավ այնպես, նրանք խմեցին և ուրախացան, և շատ չանցած, նրանք բոլորը հարբած էին:

15 Եվ այժմ, երբ Լամանը և իր մարդիկ տեսան, որ նրանք բոլորը հարբած էին, և խորը քնի մեջ էին, նրանք վերադարձան Մորոնիի մոտ ու պատմեցին նրան բոլոր բաները, որ պատահել էր:

16 Եվ արդ, սա Մորոնիի ծրագրի համաձայն էր: Եվ Մորոնին նախապատրաստել էր իր մարդկանց պատերազմի զենքերով. և նա գնաց Գեդ քաղաքը, մինչ Լամանացիները խորը քնի մեջ էին ու հարբած, և գցեցին ներս պատերազմի զենքեր՝ գերիներին, այնպես որ նրանք բոլորը զինվեցին.

17 Այո, երբ Մորոնին զինեց բոլոր այդ գերիներին, նույնիսկ նրանց կանանց, և բոլոր նրանց երեխաներին, բոլոր նրանց, ովքեր ի վիճակի էին պատերազմի զենք կրել. և բոլոր այդ բաներն արվեցին խորը լռության մեջ:

18 Բայց, եթե նրանք արթնացնեին Լամանացիներին, ահա, նրանք հարբած էին, և Նեփիացիները կարող էին սպանել նրանց:

19 Բայց ահա, սա չէր Մորոնիի ցանկությունը. նա չէր հրճվում սպանությամբ կամ արյունահեղությամբ, այլ նա հրճվում էր՝ փրկելով իր ժողովրդին կործանումից. և այդ պատճառով, որպեսզի անարդարություն չբերի իր վրա, նա չէր կամենում հարձակվել Լամանացիների վրա և կործանել նրանց իրենց հարբած վիճակում:

20 Բայց նա հասել էր իր իղձերին. քանզի նա զինել էր այն Նեփիացի գերիներին, ովքեր քաղաքի պատերի ներսում էին, և տվել էր նրանց ուժ՝ ձեռք բերելու այն մասերի վերահսկողությունը, որոնք պատերի ներսում էին:

21 Եվ ապա նա կարգադրեց այն մարդկանց, ովքեր իր հետ էին, մի քայլ ետ քաշվել նրանցից, և շրջապատել Լամանացիների զորքերը:

22 Արդ ահա, այս արվեց գիշեր ժամանակ, այնպես որ, երբ Լամանացիներն առավոտյան արթնացան, նրանք տեսան, որ իրենք շրջապատված էին Նեփիացիների կողմից՝ դրսից, և որ իրենց գերիները զինված էին՝ ներսից:

23 Եվ այսպես նրանք տեսան, որ Նեփիացիները զորություն ունեն իրենց վրա. և այս հանգամանքներում նրանք գտան, որ նպատակահարմար չէր, որ իրենք կռվեն Նեփիացիների հետ. հետևաբար, նրանց գլխավոր զորապետերը պահանջեցին նրանց պատերազմի զենքերը, և նրանք առաջ բերեցին դրանք ու գցեցին դրանք Նեփիացիների ոտքերի մոտ, ողորմություն աղերսելով:

24 Արդ ահա, այս էր Մորոնիի իղձը: Նա վերցրեց նրանց ռազմագերի, և վերցրեց քաղաքի տիրապետությունը և կարգադրեց, որ բոլոր գերիները, ովքեր Նեփիացի էին, ազատվեն. և նրանք միացան Մորոնիի բանակին և մեծ ուժ էին նրա բանակի համար:

25 Եվ եղավ այնպես, որ նա կարգադրեց Լամանացիներին, որոնց նա գերի էր վերցրել, որ նրանք սկսեն ամրությունների ուժեղացման մի աշխատանք՝ Գեդ քաղաքի շուրջբոլորը:

26 Եվ եղավ այնպես, որ երբ նա ամրացրեց Գեդ քաղաքը՝ ըստ իր իղձերի, նա կարգադրեց, որ իր գերիները տարվեն Լիառատ քաղաքը. և նա հսկում էր նաև այդ քաղաքը՝ չափազանց հզոր ուժով:

27 Եվ եղավ այնպես, որ նրանք, չնայած բոլոր Լամանացիների խարդավանքներին, պահեցին ու պաշտպանեցին բոլոր գերիներին, ում նրանք վերցրել էին, և նաև պահպանեցին ողջ տարածքն ու դիրքերը, որոնք իրենք ետ էին նվաճել:

28 Եվ եղավ այնպես, որ Նեփիացիները կրկին սկսեցին լինել հաղթական, և վերականգնել իրենց իրավունքներն ու իրենց արտոնությունները:

29 Շատ անգամներ Լամանացիները փորձեցին շրջապատել նրանց գիշերով, բայց այս փորձերի ժամանակ նրանք կորցրեցին շատերին, որպես գերիներ:

30 Եվ շատ անգամներ նրանք փորձեցին սպասավորել իրենց գինուց Նեփիացիներին, որ կարողանային կործանել նրանց՝ թույնով կամ հարբեցնելով:

31 Բայց ահա, Նեփիացիները դանդաղ չէին Տիրոջը՝ իրենց Աստծուն հիշելիս, իրենց այս չարչարանքի ժամանակ: Նրանց հնարավոր չէր գցել իրենց ծուղակները. այո, նրանք չէին ճաշակում նրանց գինուց, մինչև առաջինը Լամանացի գերիներից ոմանց չէին տալիս:

32 Եվ նրանք այսպես զգույշ էին, որ ոչ մի թույն չտրվեր իրենց մեջ. քանզի եթե նրանց գինին թունավորեր մի Լամանացու, այն կթունավորեր նաև մի Նեփիացու. և այսպես նրանք փորձում էին բոլոր նրանց խմիչքները:

33 Եվ այժմ եղավ այնպես, որ Մորոնիին անհրաժեշտ էր նախապատրաստություններ տեսնել՝ Մորիանթոն քաղաքի վրա հարձակվելու համար. քանզի ահա, Լամանացիներն իրենց աշխատանքներով, ամրացրել էին Մորիանթոն քաղաքը, մինչև որ այն դարձել էր մի չափազանց ամուր բերդ:

34 Եվ նրանք շարունակ նորանոր ուժեր էին բերում այդ քաղաքը, և նաև նորանոր պարենի պաշարներ:

35 Եվ այսպես ավարտվեց Նեփիի ժողովրդի վրա դատավորների կառավարման քսանևիններորդ տարին: