Գլուխ 15
Ալման ու Ամուղեկը գնում են Սիդոմ և հիմնում եկեղեցի – Ալման բժշկում է Զիզրոմին, որը միանում է եկեղեցուն – Շատերը մկրտվում են, և եկեղեցին բարգավաճում է – Ալման ու Ամուղեկը գնում են Զարահեմլա: Մոտ 81թ. Ք.ծ.ա.:
1 Եվ եղավ այնպես, որ Ալման ու Ամուղեկը պատվիրվեցին հեռանալ այդ քաղաքից. և նրանք հեռացան և դուրս եկան, նույնիսկ մինչև Սիդոմի երկիրը. և ահա, այնտեղ նրանք գտան ողջ ժողովրդին, ովքեր հեռացել էին Ամմոնիա երկրից, ովքեր դուրս էին գցվել ու քարկոծվել, որովհետև նրանք հավատացել էին Ալմայի խոսքերին:
2 Եվ նրանք պատմեցին նրանց այն ամենը, որ պատահել էր իրենց կանանց ու երեխաների հետ, և նաև իրենց ու իրենց ազատման զորության մասին:
3 Եվ Զիզրոմը ևս պառկած էր հիվանդ՝ Սիդոմում, սաստիկ ջերմով, որն առաջացել էր նրա խիստ մտատանջություններից՝ իր ամբարշտության պատճառով, քանզի նա ենթադրել էր, որ Ալման ու Ամուղեկն այլևս չկային. և նա ենթադրել էր, որ նրանք սպանվել էին իր անօրինության պատճառով: Եվ այս մեծ մեղքը և նրա բազմաթիվ ուրիշ մեղքերը տակնուվրա էին անում նրա միտքը, մինչև որ այն դարձավ չափազանց ցավագին՝ չունենալով ազատում. այդ պատճառով նա սկսեց այրվել սաստիկ ջերմությունից:
4 Արդ, երբ նա լսեց, որ Ալման ու Ամուղեկը Սիդոմի երկրում էին, նրա սիրտը սկսեց համարձակությամբ լցվել. և նա անմիջապես լուր ուղարկեց նրանց՝ ցանկանալով, որ նրանք գային իր մոտ:
5 Եվ եղավ այնպես, որ նրանք անմիջապես գնացին՝ հնազանդվելով լուրին, որը նա ուղարկել էր նրանց. և նրանք ներս գնացին տուն՝ Զիզրոմի մոտ. և նրանք գտան նրան իր մահճակալի վրա, հիվանդ լինելով շատ թույլ սաստիկ ջերմից. և նրա միտքը նույնպես խիստ ցավատանջ էր իր անօրինությունների պատճառով. և երբ նա տեսավ նրանց, նա առաջ մեկնեց իր ձեռքը, և աղերսեց նրանց, որ նրանք բժշկեն իրեն:
6 Եվ եղավ այնպես, որ Ալման ասաց նրան՝ վերցնելով նրա ձեռքը. Հավատո՞ւմ ես դու Քրիստոսի զորությանը՝ ի փրկություն:
7 Եվ նա պատասխանեց ու ասաց. Այո, ես հավատում եմ բոլոր խոսքերին, որ դու սովորեցրեցիր:
8 Եվ Ալման ասաց. Եթե դու հավատում ես Քրիստոսի փրկագնմանը, դու կարող ես բժշկվել:
9 Եվ նա ասաց. Այո, ես հավատում եմ՝ համաձայն քո խոսքերի:
10 Եվ ապա Ալման աղաղակեց առ Տերը՝ ասելով. Ո՜վ Տեր, մեր Աստվա՛ծ, ողորմություն ունեցիր այս մարդու վրա, և բժշկիր նրան, համաձայն իր հավատքի, որը Քրիստոսում է:
11 Եվ երբ Ալման ասաց այս խոսքերը, Զիզրոմը ցատկեց ոտքի, և սկսեց քայլել. և այս արվեց՝ ի մեծ զարմանս ողջ ժողովրդի. և սրա մասին տեղեկությունն առաջ գնաց՝ ողջ Սիդոմի երկրով մեկ:
12 Եվ Ալման մկրտեց Զիզրոմին առ Տերը. և նա սկսեց այդ ժամանակից ի վեր քարոզել ժողովրդին:
13 Եվ Ալման եկեղեցի հիմնեց Սիդոմի երկրում, և քահանաներ ու ուսուցիչներ նվիրաբերեց այդ երկրում, որպեսզի առ Տերը մկրտեն նրանց, ովքեր փափագում էին մկրտվել:
14 Եվ եղավ այնպես, որ նրանք շատ էին. քանզի նրանք հավաքվում էին Սիդոմի շրջակա ողջ տարածքից ու մկրտվում էին:
15 Բայց ինչ վերաբերում էր ժողովրդին, որոնք Ամմոնիա երկրում էին, նրանք դեռևս մնում էին կարծրասիրտ ու խստապարանոց մի ժողովուրդ, և նրանք չապաշխարեցին իրենց մեղքերից՝ վերագրելով Ալմայի ու Ամուղեկի ողջ զորությունը դևին. քանզի նրանք Նեորի դավանանքից էին, և չէին հավատում իրենց մեղքերից ապաշխարությանը:
16 Եվ եղավ այնպես, որ Ալման ու Ամուղեկը, Ամուղեկը թողնելով բոլոր իր ոսկին, և արծաթը, և իր արժեքավոր բաները, որոնք Ամմոնիա երկրում էին, հանուն Աստծո խոսքի, նա՝ մերժված լինելով նրանցից, ովքեր մի ժամանակ նրա ընկերներն էին, և նաև իր հոր ու իր ազգականների կողմից,
17 Հետևաբար, Ալման Սիդոմում եկեղեցի հիմնելուց հետո, տեսնելով մեծ զսպվածություն, այո, տեսնելով, որ ժողովուրդը զսպված էր՝ ինչ վերաբերում էր իրենց սրտերի հպարտությանը, և նրանք սկսել էին իրենց խոնարհեցնել Աստծո առաջ, և սկսել էին հավաքվել միասին իրենց սրբարաններում՝ երկրպագելու Աստծուն զոհասեղանի առաջ, արթուն կենալով ու անընդհատ աղոթելով, որպեսզի կարողանային ազատվել Սատանայից և մահից ու կործանումից,
18 Արդ, ինչպես ես ասացի, Ալման, տեսնելով բոլոր այս բաները, ուստի նա վերցրեց Ամուղեկին ու եկավ դեպի Զարահեմլայի երկիրը, և տարավ նրան իր սեփական տունը, և օժանդակեց նրան իր նեղություններում, և զորացրեց նրան Տերումը:
19 Եվ այսպես ավարտվեց Նեփիի ժողովրդի վրա դատավորների կառավարման տասներորդ տարին: