Գլուխ 56
Հելամանը մի նամակ է ուղարկում Մորոնիին, շարադրելով պատերազմի վիճակը Լամանացիների հետ – Անթիփուսը և Հելամանը հասնում են մեծ հաղթանակի Լամանացիների հանդեպ – Հելամանի երկու հազար դեռահաս որդիները կռվում են հրաշագործ զորությամբ, և նրանցից ոչ մեկը չի սպանվում: Հատված 1՝ մոտ 62թ. Ք.ծ.ա., հատվածներ 2–19՝ մոտ 66թ. Ք.ծ.ա., և հատվածներ 20–57՝ մոտ 65–64թթ. Ք.ծ.ա.:
1 Եվ արդ եղավ այնպես, դատավորների կառավարման երեսուներորդ տարվա սկզբին, առաջին ամսի երկրորդ օրը, Մորոնին, երկրի այդ մասում ժողովրդի գործերի մասին հաղորդող մի նամակ ստացավ Հելամանից:
2 Եվ սրանք են այն խոսքերը, որ նա գրել էր՝ ասելով. Իմ շատ սիրելի եղբայր Մորոնի, ինչպես Տերում, այնպես էլ մեր պատերազմի նեղություններում. ահա, իմ սիրելի՛ եղբայր, ես որոշ բան ունեմ ասելու քեզ, մեր պատերազմի վերաբերյալ՝ երկրի այս մասում:
3 Ահա, երկու հազարն այն մարդկանց որդիներից, որոնց Ամմոնը վար բերեց Նեփիի երկրից դուրս,– արդ դուք գիտեք, որ սրանք հետնորդներն էին Լամանի, որը մեր հայր Լեքիի ամենաավագ որդին էր.
4 Արդ կարիք չկա, որ ես կրկնեմ քեզ նրանց ավանդություների կամ նրանց անհավատության մասին, քանզի դու գիտես բոլոր այդ բաների մասին,–
5 Հետևաբար, ինձ բավարարում է, որ ասեմ քեզ, որ այս պատանիներից երկու հազարը վերցրել են իրենց պատերազմի զենքերը, և կամեցել, որ ես լինեմ իրենց առաջնորդը. և մենք առաջ ենք եկել՝ մեր երկիրը պաշտպանելու համար:
6 Եվ արդ, դու նաև գիտես ուխտի մասին, որը նրանց հայրերն արել էին, որ նրանք չէին վերցնելու իրենց պատերազմի զենքերն իրենց եղբայրների դեմ՝ արյուն թափելու համար:
7 Բայց քսանևվեցերորդ տարում, երբ նրանք տեսան իրենց համար մեր չարչարանքներն ու մեր նեղությունները, նրանք մոտ էին ուխտը դրժելուն, որն իրենք արել էին, և վերցնելու իրենց պատերազմի զենքերը՝ ի պաշտպանություն մեզ:
8 Բայց ես թույլ չտվեցի նրանց, որ նրանք դրժեն այդ ուխտը, որ նրանք արել էին՝ ենթադրելով, որ Աստված կզորացնի մեզ այնքան, որ մենք այլևս չենք տառապի՝ երդման կատարման պատճառով, որ նրանք արել էին:
9 Բայց ահա, այստեղ կա մի բան, որում մենք կարող ենք ունենալ մեծ ուրախություն: Քանզի ահա, քսանևվեցերորդ տարում, ես՝ Հելամանս, քայլեցի այս երկու հազար պատանիների գլուխն անցած դեպի Հուդայի քաղաքը՝ օգնելու Անթիփուսին, որին դու առաջնորդ էիր նշանակել երկրի այդ մասի ժողովրդի վրա:
10 Եվ ես միացրի իմ երկու հազար որդիներին (քանզի նրանք արժանի են կոչվելու որդիներ) Անթիփուսի բանակին, որի ուժով Անթիփուսն անչափ ուրախացավ. քանզի ահա, նրա զորքը կրճատվել էր Լամանացիների կողմից, որովհետև նրանց ուժերը սպանել էին մեր մարդկանցից մի հսկայական թիվ, որի պատճառով մենք առիթ ունենք սգալու:
11 Այնուամենայնիվ, մենք կարող ենք մխիթարել մեզ նրանով, որ նրանք մահացել են իրենց երկրի և իրենց Աստծո գործի համար, այո, և նրանք երջանիկ են:
12 Եվ Լամանացիները նաև պահել են շատ գերիներ, որոնցից բոլորը գլխավոր զորապետեր են, քանզի ուրիշ ոչ մեկի նրանք չեն թողել կենդանի: Եվ մենք ենթադրում ենք, որ նրանք հիմա, այս պահին, Նեփիի երկրում են. դա այդպես է, եթե նրանք չեն սպանվել:
13 Եվ արդ, սրանք են այն քաղաքները, որոնց տիրապետությունը վերցրել են Լամանացիները՝ թափելով արյունն այնքան բազում մեր քաջարի մարդկանց.
14 Մանթիի երկիրը, կամ Մանթիի քաղաքը և Զիզրոմի քաղաքը, Կումենիի քաղաքը և Անթիփարայի քաղաքը:
15 Եվ սրանք են այն քաղաքները, որոնց նրանք տիրացել էին, երբ ես հասա Հուդայի քաղաքը. և ես գտա Անթիփուսին և նրա մարդկանց իրենց կարողությամբ տքնելիս՝ քաղաքն ամրացնելու համար:
16 Այո, և նրանք խոնջացած էին մարմնով, ինչպես նաև հոգով, քանզի նրանք քաջաբար կռվել էին ցերեկով և տքնել՝ գիշերով, իրենց քաղաքները պաշտպանելու համար. և այսպես, նրանք տարել էին ամեն տեսակի մեծ չարչարանքներ:
17 Եվ արդ, նրանք վճռական էին հաղթել այս տեղում կամ մեռնել. հետևաբար, դու կարող ես լավ պատկերացնել, որ այս փոքր ուժը, որը ես բերել էի ինձ հետ, այո, իմ այն որդիները, տվեցին նրանց մեծ հույսեր և շատ ուրախություն:
18 Եվ արդ եղավ այնպես, որ երբ Լամանացիները տեսան, որ Անթիփուսը ստացել էր մի ավելի մեծ ուժ՝ իր բանակի համար, նրանք հարկադրվեցին Ամմորոնի կարգադրություններով չգալ Հուդայի քաղաքի դեմ, կամ մեր դեմ՝ ճակատամարտելու:
19 Եվ այսպես էինք մենք հովանավորված Տիրոջ կողմից. քանզի եկած լինեին նրանք մեզ վրա՝ մեր այս թուլության մեջ, նրանք միգուցե կկործանեին մեր փոքր բանակը. բայց այսպես մենք պահպանվեցինք:
20 Նրանց հրամայված էր Ամմորոնի կողմից պահել այն քաղաքները, որոնք իրենք վերցրել էին: Եվ այսպես ավարտվեց քսանևվեցերորդ տարին: Եվ քսանևյոթերորդ տարվա սկզբում մենք նախապատրաստել էինք մեր քաղաքը և մեզ՝ պաշտպանության համար:
21 Արդ, մենք փափագում էինք, որ Լամանացիները գային մեզ վրա. քանզի մենք չէինք փափագում հարձակում գործել նրանց վրա իրենց բերդերում:
22 Եվ եղավ այնպես, որ մենք լրտեսներ էինք պահում դրսի շրջակայքում՝ հետևելու Լամանացիների շարժումներին, որ նրանք չկարողանային անցնել մեր մոտով՝ գիշերով, ոչ էլ ցերեկով հարձակում գործեին մեր մյուս քաղաքների վրա, որոնք դեպի հյուսիս էին:
23 Քանզի մենք գիտեինք, որ այն քաղաքներում նրանք բավականաչափ ուժեղ չէին՝ դիմավորելու նրանց. հետևաբար, մենք փափագում էինք, եթե նրանք անցնեին մեր մոտով, հարձակվել նրանց վրա թիկունքից, և այսպես շրջափակել նրանց թիկունքից, միևնույն ժամանակ դիմավորել նրանց ճակատից: Մենք կարծում էինք, որ մենք կարող էինք հաղթել նրանց, բայց ահա, մենք հուսախաբվեցինք մեր այս իղձում:
24 Նրանք չէին համարձակվում անցնել մեր մոտով՝ իրենց ամբողջ բանակով, ոչ էլ համարձակվում էին մի մասի հետ, որ չլիներ թե իրենք բավականաչափ ուժեղ չլինեին և պարտվեին:
25 Ոչ էլ համարձակվում էին ընթանալ ներքև՝ Զարահեմլայի քաղաքի դեմ. ոչ էլ համարձակվում էին անցնել Սիդոնի ակունքի վրայով՝ դեպի Նեփիայի քաղաքը:
26 Եվ այսպես, իրենց ուժերով, նրանք վճռական էին պահպանել այն քաղաքները, որոնք իրենք վերցրել էին:
27 Եվ արդ, եղավ այնպես, այս տարվա երկրորդ ամսում, մեզ համար բերվեց շատ պարեն՝ այն իմ երկու հազար որդիների հայրերի կողմից:
28 Եվ նաև մեզ մոտ ուղարկեցին երկու հազար մարդ՝ Զարահեմլայի երկրից: Եվ այսպես, մենք նախապատրաստված էինք տասը հազար մարդկանցով և պարենով՝ նրանց համար, և նաև նրանց կանանց ու նրանց երեխաների համար:
29 Եվ Լամանացիները՝ տեսնելով մեր ուժերի օրեցօր այսպես մեծանալը և պարենի ժամանելը՝ մեր օժանդակության համար, նրանք սկսեցին զարհուրել և սկսեցին արտագրոհի ելնել, եթե հնարավոր լիներ՝ կասեցնելու մեր պարենի և ուժերի ստացումը:
30 Արդ, երբ մենք տեսանք, որ Լամանացիները սկսեցին անհանգստանալ այս ձևով, մենք ցանկացանք մի հնարք գործի դնել նրանց վրա. հետևաբար, Անթիփուսը կարգադրեց, որ ես քայլեի առաջ, իմ փոքր որդիների հետ՝ դեպի հարևան քաղաքը, իբրև թե մենք պարեն էինք տանում հարևան քաղաքը:
31 Եվ մենք պիտի շարժվեինք Անթիփարա քաղաքի մոտով, իբրև թե մենք գնում էիք ծովեզրի սահմաններին մոտիկ հեռավոր քաղաքը:
32 Եվ եղավ այնպես, որ մենք շարժվեցինք առաջ, իբրև թե մեր պարենով՝ գնալու դեպի այդ քաղաքը:
33 Եվ եղավ այնպես, որ Անթիփուսը շարժվեց առաջ՝ իր զորքի մի մասի հետ, թողնելով մնացածին՝ պաշտպանելու քաղաքը: Բայց նա առաջ չընթացավ, մինչև ես առաջ գնացի իմ փոքր զորքով և եկա մոտիկ Անթիփարա քաղաքին:
34 Եվ արդ, Անթիփարա քաղաքում տեղադրված էին Լամանացիների ամենաուժեղ զորքերը. այո, ամենամեծաթիվը:
35 Եվ եղավ այնպես, որ երբ նրանք տեղեկացվեցին իրենց լրտեսների կողմից, նրանք առաջ եկան իրենց զորքով և շարժվեցին մեր դեմ:
36 Եվ եղավ այնպես, որ մենք փախանք նրանց առջևից դեպի հյուսիս: Եվ այսպես, Լամանացիների ամենահզոր բանակը մենք առաջնորդեցինք հեռու.
37 Այո, նույնիսկ զգալի տարածություն, այնպես որ, երբ նրանք տեսան Անթիփուսի բանակը՝ իր ողջ զորությամբ իրենց հետապնդելիս, նրանք չթեքվեցին ոչ աջ, ոչ էլ ձախ, այլ շարունակեցին իրենց արշավն ուղիղ ընթացքով՝ մեր ետևից. և ինչպես մենք ենք ենթադրում, նրանց մտադրությունն էր սպանել մեզ, նախքան Անթիփուսը կհասներ իրենց ետևից, և այդ, որպեսզի իրենք չկարողանային շրջափակվել մեր մարդկանց կողմից:
38 Եվ արդ, Անթիփուսը, տեսնելով մեր վտանգը, արագացրեց իր զորքի երթը: Բայց ահա, գիշեր էր. հետևաբար, նրանք չհասան մեզ, ոչ էլ Անթիփուսը հասավ նրանց. ուստի, մենք ճամբար դրեցինք գիշերվա համար:
39 Եվ եղավ այնպես, որ մինչև առավոտյան լուսաբացը, ահա, Լամանացիները հետապնդել էին մեզ: Այժմ մենք բավականաչափ ուժեղ չէինք՝ կռվելու նրանց հետ. այո, ես չէի կամենում թույլ տալ, որ իմ փոքր որդիներն ընկնեին նրանց ձեռքը. հետևաբար, մենք շարունակեցինք մեր երթը, և մենք ուղղեցինք մեր երթը՝ դեպի անապատ:
40 Այժմ նրանք չէին համարձակվում շրջվել աջ կամ ձախ, որ չլիներ թե իրենք շրջապատվեին. ոչ էլ ես էի կամենում շրջվել աջ կամ ձախ, որ չլիներ թե նրանք հասնեին ինձ, և մենք չէինք կարող կանգնել նրանց դեմ, այլ կսպանվեինք, և նրանք փախուստի կդիմեին. և այսպես, մենք փախչում էինք ամբողջ այդ օրը դեպի անապատի խորքը, նույնիսկ մինչև մթնելը:
41 Եվ եղավ այնպես, որ կրկին, երբ առավոտյան լույսը բացվեց, մենք տեսանք Լամանացիներին մեզ վրա գալիս, և մենք փախանք նրանց առջևից:
42 Բայց եղավ այնպես, որ նրանք մեզ չհետապնդեցին հեռու, մինչև իրենց կանգ առնելը. և դա յոթերորդ ամսի երրորդ օրվա առավոտյան էր:
43 Եվ արդ, արդյոք Անթիփուսի կողմից էին նրանք հանկարծակիի բերվել, մենք չգիտեինք, բայց ես ասացի իմ մարդկանց. Ահա, մենք չգիտենք, բայց նրանք երևի կանգ են առել այն նպատակով, որ մենք գանք իրենց դեմ, որ նրանք կարողանան բռնել մեզ իրենց ծուղակում.
44 Հետևաբար, ի՞նչ եք ասում դուք, իմ որդինե՛ր, կգնա՞ք նրանց դեմ ճակատամարտելու:
45 Եվ արդ, ես ասում եմ քեզ, իմ սիրելի՛ եղբայր Մորոնի, որ ես երբեք չէի տեսել այդպիսի մեծ արիություն, ո՛չ, ոչ էլ բոլոր Նեփիացիների մեջ:
46 Քանզի ինչպես ես էի միշտ նրանց կոչում իմ որդիներ (քանզի նրանք՝ նրանցից բոլորը, շատ երիտասարդ էին), ճիշտ նույնպես նրանք ասացին ինձ. Հա՛յր, ահա, մեր Աստված մեզ հետ է, և նա թույլ չի տա, որ մենք ընկնենք. ուրեմն եկեք առա՛ջ գնանք. մենք չէինք սպանի մեր եղբայրներին, եթե նրանք մեզ հանգիստ թողնեին. հետևաբար, եկե՛ք գնանք, որ չլինի թե նրանք հաղթեն Անթիփուսի զորքին:
47 Արդ, նրանք երբեք չէին կռվել, սակայն նրանք չէին վախենում մահից. և նրանք ավելի շատ մտածում էին իրենց հայրերի ազատության մասին, քան իրենց կյանքի մասին. այո նրանք սովորեցվել էին իրենց մայրերի կողմից, որ եթե նրանք չկասկածեին, Աստված կազատեր նրանց:
48 Եվ նրանք կրկնեցին ինձ իրենց մայրերի խոսքերն՝ ասելով. Մենք չենք կասկածում, մեր մայրերը գիտեին դա:
49 Եվ եղավ այնպես, որ ես իմ երկու հազարով վերադարձա այն Լամանացիների դեմ, ովքեր հետապնդել էին մեզ: Եվ այժմ ահա, Անթիփուսի զորքերը հասել էին նրանց, և մի սոսկալի ճակատամարտ էր սկսվել:
50 Անթիփուսի բանակը, այդպիսի կարճ ժամանակահատվածում՝ իրենց երկար արշավանքի պատճառով, լինելով հոգնած, քիչ էր մնում ընկնեին Լամանացիների ձեռքը. և վերադարձած չլինեի ես, իմ երկու հազարի հետ, նրանք կհասնեին իրենց նպատակին:
51 Քանզի Անթիփուսն ընկել էր սրից, և նրա առաջնորդներից շատերը՝ իրենց հոգնածության պատճառով, որն առաջացել էր իրենց արշավանքի արագությունից. ուստի, Անթիփուսի մարդիկ, լինելով խառնված իրենց առաջնորդների ընկնելուց, սկսեցին նահանջել Լամանացիների առջև:
52 Եվ եղավ այնպես, որ Լամանացիները համարձակություն ստացան և սկսեցին հետապնդել նրանց. և այսպես, Լամանացիները հետապնդում էին նրանց՝ մեծ եռանդով, երբ Հելամանը եկավ նրանց թիկունքից իր երկու հազարի հետ և սկսեց սաստիկ կոտորել նրանց՝ այնքան, որ Լամանացիների ամբողջ բանակը կանգ առավ և շուռ եկավ դեպի Հելամանը:
53 Այժմ, երբ Անթիփուսի մարդիկ տեսան, որ Լամանացիները շրջվել էին հակառակ կողմը, նրանք ի մի հավաքեցին իրենց մարդկանց և եկան կրկին Լամանացիների թիկունքի վրա:
54 Եվ այժմ, եղավ այնպես որ մենք՝ Նեփիի ժողովուրդը, Անթիփուսի մարդիկ և ես՝ իմ երկու հազարով, շրջապատեցինք Լամանացիներին և կոտորեցինք նրանց. այո, այնպես որ նրանք հարկադրված էին հանձնել իրենց պատերազմի զենքերը, և նաև իրենք իրենց, որպես ռազմագերիներ:
55 Եվ արդ եղավ այնպես, որ երբ նրանք անձնատուր եղան մեզ, ահա, ես հաշվեցի այն պատանիներին, որոնք կռվել էին ինձ հետ, վախենալով, որ չլիներ թե նրանցից շատերը սպանված լինեին:
56 Բայց ահա, ի մեծ ուրախություն ինձ, նրանցից ոչ մի հոգի չէր ընկել գետնին. այո, և նրանք կռվել էին, կարծես Աստծո ուժով. այո, երբեք հայտնի չէին եղել մարդիկ, որ կռված լինեին այդպիսի զարմանահրաշ ուժով. և այնպիսի հզոր զորությամբ էին նրանք հարձակվում Լամանացիների վրա, որ նրանք զարհուրեցնում էին նրանց. և այս պատճառով Լամանացիները հանձնվեցին՝ որպես ռազմագերիներ:
57 Եվ քանի որ մենք տեղ չունեինք մեր գերիների համար, որ մենք կարողանայինք հսկել նրանց՝ պահելու նրանց Լամանացիների զորքերից, հետևաբար, մենք ուղարկեցինք նրանց Զարահեմլայի երկիրը, և նրանց հետ՝ Անթիփուսի այն մարդկանցից մի մասին, որոնք չէին սպանվել. իսկ մնացածին ես վերցրեցի և միավորեցի նրանց իմ դեռահաս Ամմոնացիներին, և մենք երթի ելանք ետ՝ դեպի Հուդայի քաղաքը: