Գլուխ 11
Պատերազմներ, երկպառակություններ և ամբարշտություն է տիրում Հարեդացիների կյանքում – Մարգարեները գուշակում են Հարեդացիների լիակատար կործանումը, եթե նրանք չապաշխարեն – Ժողովուրդը մերժում է մարգարեների խոսքերը:
1 Եվ Կոմի օրերին ևս շատ մարգարեներ եկան և մարգարեացան այդ մեծ ժողովրդի կործանման վերաբերյալ, եթե նա չապաշխարեր և չդառնար դեպի Տերը, և չթողներ իր սպանություններն ու ամբարշտությունը:
2 Եվ եղավ այնպես, որ մարգարեները մերժվեցին ժողովրդի կողմից, և նրանք փախան Կոմի մոտ պաշտպանության համար, քանզի ժողովուրդը ջանում էր կործանել նրանց:
3 Եվ նրանք Կոմին մարգարեացան շատ բաներ. և նա օրհնվեց իր մնացած բոլոր օրերում:
4 Եվ նա ապրեց մինչև խոր ծերություն և ծնեց Սիբլոմին. և Սիբլոմը թագավորեց նրա փոխարեն: Եվ Սիբլոմի եղբայրն ապստամբեց նրա դեմ, և մի դաժան պատերազմ սկսվեց ամբողջ երկրում:
5 Եվ եղավ այնպես, որ Սիբլոմի եղբայրը կարգադրեց, որ բոլոր մարգարեները, ովքեր մարգարեացել էին ժողովրդի կործանման վերաբերյալ, պետք է մահվան դատապարտվեին.
6 Եվ մեծ դժբախտություն էր ողջ երկրում, քանզի նրանք վկայել էին, որ մի մեծ անեծք պիտի գար երկրի վրա, և նաև ժողովրդի վրա, և որ մի մեծ կործանում պիտի լիներ նրանց մեջ, այնպիսին, ինչպիսին երբեք չէր եղել երկրի երեսին, և նրանց ոսկորները պիտի դառնային հողի կույտերի պես՝ երկրի երեսին, եթե նրանք չապաշխարեին իրենց ամբարշտությունից:
7 Եվ նրանք ականջ չարեցին Տիրոջ ձայնին իրենց ամբարիշտ խմբակցությունների պատճառով. ուստի, ողջ երկրում սկսվեցին պատերազմներ ու հակառակություններ, և նաև մեծ սով ու համաճարակ, այնպես որ մեծ կործանում եղավ, այնպիսին, ինչպիսին երբեք չէր իմացվել երկրի երեսին. և այս բոլորը տեղի ունեցավ Սիբլոմի օրերին:
8 Եվ ժողովուրդը սկսեց ապաշխարել իր անօրինությունից. և որքանով նրանք ապաշխարեցին, այնքանով Տերը ողորմություն ունեցավ նրանց վրա:
9 Եվ եղավ այնպես, որ Սիբլոմը սպանվեց, և Սեթը գերության տարվեց, և գերության մեջ ապրեց բոլոր իր օրերը:
10 Եվ եղավ այնպես, որ Աքայը՝ նրա որդին, նվաճեց թագավորությունը. և նա թագավորեց ժողովրդի վրա բոլոր իր օրերում: Եվ նա արեց ամեն ձևի անօրինություն իր օրերում, որի պատճառով շատ արյուն թափվեց. և քիչ եղան նրա օրերը:
11 Եվ Եթեմը, լինելով Աքայի մի հետնորդ, ձեռք բերեց թագավորությունը. և իր օրերում, նա նույնպես արեց այն, ինչն ամբարիշտ էր:
12 Եվ եղավ այնպես, որ Եթեմի օրերում, եկան շատ մարգարեներ, և նորից մարգարեացան ժողովրդին. այո, նրանք մարգարեացան, որ Տերը նրանց լիովին բնաջնջելու էր երկրի երեսից, եթե նրանք չապաշխարեին իրենց անօրինություններից:
13 Եվ եղավ այնպես, որ ժողովուրդը կարծրացրեց իր սիրտը և չկամեցավ ականջ դնել նրանց խոսքերին. և մարգարեները սգացին ու ետ քաշվեցին ժողովրդի միջից:
14 Եվ եղավ այնպես, որ Եթեմն ամբարշտությամբ դատաստան արեց բոլոր իր օրերում. և նա ծնեց Մորոնին: Եվ եղավ այնպես, որ Մորոնը թագավորեց նրա փոխարեն. և Մորոնն արեց այն, ինչն ամբարիշտ էր Տիրոջ առաջ:
15 Եվ եղավ այնպես, որ ժողովրդի մեջ ապստամբություն բարձրացավ այն գաղտնի խմբակցության հետևանքով, որը հիմնվել էր իշխանություն և շահ ձեռք բերելու համար. և անօրինության մեջ զորավոր մի մարդ բարձրացավ նրանց մեջ, և ճակատամարտ տվեց Մորոնին, որով նա տապալեց թագավորության կեսը. և նա շատ տարիներ պահեց թագավորության կեսը:
16 Եվ եղավ այնպես, որ Մորոնը տապալեց նրան և կրկին ձեռք բերեց թագավորությունը:
17 Եվ եղավ այնպես, որ մի ուրիշ զորավոր մարդ բարձրացավ. և նա Հարեդի եղբոր հետնորդն էր:
18 Եվ եղավ այնպես, որ նա տապալեց Մորոնին և ձեռք բերեց թագավորությունը. ուստի, Մորոնն իր մնացած բոլոր օրերն ապրեց գերության մեջ. և նա ծնեց Կորիանթորին:
19 Եվ եղավ այնպես, որ Կորիանթորն իր բոլոր օրերն ապրեց գերության մեջ:
20 Եվ Կորիանթորի օրերում ևս շատ մարգարեներ եկան, և մարգարեացան մեծ ու զարմանալի բաների վերաբերյալ, և ժողովրդին ապաշխարության կանչեցին, և եթե նրանք չապաշխարեին, Տեր Աստված դատաստան էր անելու նրանց վրա՝ ի լիակատար կործանումն իրենց.
21 Եվ որ Տեր Աստված իր զորությամբ ուղարկելու էր կամ բերելու էր մեկ ուրիշ ժողովրդի՝ տիրելու երկրին, այն ձևով, ինչպես նա բերեց իրենց հայրերին:
22 Եվ իրենց գաղտնի կազմակերպության և ամբարիշտ պղծությունների պատճառով, նրանք մերժեցին մարգարեների բոլոր խոսքերը:
23 Եվ եղավ այնպես, որ Կորիանթորը ծնեց Եթերին և նա մեռավ՝ իր բոլոր օրերն ապրելով գերության մեջ: