Սուրբ գրություններ
Հակոբ 2


Գլուխ 2

Հակոբը պախարակում է սերը դեպի հարստությունները, հպարտությունը և անմաքրությունը – Մարդիկ կարող են փնտրել հարստություններ՝ օգնելու իրենց մերձավորներին – Հակոբը դատապարտում է չթույլատրված բազմակնության կիրառումը – Տերը հիանում է կանանց մաքրաբարոյությամբ: Մոտ 544–421թթ. Ք.ծ.ա.:

1 Խոսքերը, որոնք Հակոբը՝ Նեփիի եղբայրը, խոսեց Նեփիի ժողովրդի համար, Նեփիի մահից հետո.

2 Արդ, իմ սիրելի՛ եղբայրներ, ես՝ Հակոբս, համաձայն այն պատասխանատվության, որի ներքո եմ ես Աստծո հանդեպ՝ լրջմտությամբ փառավոր անելու իմ պաշտոնը, և որ ես կարողանամ ազատել իմ հանդերձները ձեր մեղքերից, այս օրը ես եկա վեր՝ տաճար, որպեսզի կարողանամ հայտարարել ձեզ Աստծո խոսքը:

3 Եվ դուք ինքներդ գիտեք, որ առ այսօր ես ջանասեր եմ եղել իմ կոչման պաշտոնում. բայց այսօր ես նեղված եմ ձեր հոգիների բարօրության համար, շատ ավելի մեծ ցանկությամբ և մտահոգությամբ, քան մինչև այժմ եղել եմ:

4 Քանզի ահա, առ այժմ դուք հնազանդ եք եղել Տիրոջ խոսքին, որը ես տվել եմ ձեզ:

5 Բայց ահա, լսեք ինձ և իմացեք, որ երկնքի և երկրի ամենազոր Ստեղծողի օգնությամբ ես կարող եմ ասել ձեզ ձեր մտքերի վերաբերյալ, թե ինչպես եք դուք սկսում գործել մեղքի մեջ, մեղք, որը շատ պիղծ է թվում ինձ համար, այո, և պիղծ՝ Աստծո համար:

6 Այո, դա վշտացնում է իմ հոգին և ստիպում է ինձ ընկրկել ամոթով իմ Արարչի ներկայության առջև, որ ես պետք է վկայեմ ձեզ՝ ձեր սրտերի ամբարշտության վերաբերյալ:

7 Եվ նաև վշտացնում է ինձ, որ ես պետք է գործածեմ խոսքի այսքան շատ խստություն ձեր հանդեպ՝ ձեր կանանց և ձեր երեխաների առջև, որոնցից շատերի զգացմունքները չափազանց քնքուշ են, և մաքրաբարո ու նուրբ՝ Աստծո առջև, բան, որը հաճո է Աստծուն.

8 Եվ ես կարծում եմ, որ նրանք եկել են այստեղ՝ լսելու Աստծո հաճելի խոսքը, այո, խոսքը, որն ամոքում է վիրավոր հոգին:

9 Ուստի, դա ճնշում է իմ հոգին, որ ես պետք է պարտադրվեմ, այն խիստ պատվիրանի պատճառով, որը ես ստացել եմ Աստծուց, խրատելու ձեզ ձեր հանցանքների համաձայն, մեծացնելու վերքերը նրանց, ովքեր արդեն վիրավոր են, նրանց վերքերն ամոքելու և բժշկելու փոխարեն. և նրանք, ովքեր վիրավորված չեն, Աստծո հաճելի խոսքը վայելելու փոխարեն դաշույններ ունեն դրված՝ խոցելու նրանց հոգիները և վիրավորելու նրանց նրբազգաց միտքը:

10 Բայց, չնայած հանձնարարության մեծությանը, ես պետք է անեմ Աստծո խիստ հրամանների համաձայն և ասեմ ձեզ ձեր ամբարշտության ու պղծությունների վերաբերյալ, սրտով մաքուրների և սրտով կոտրվածների ներկայությամբ, և Ամենազոր Աստծո սրաթափանց աչքի հայացքի ներքո:

11 Ուստի, ես պետք է ասեմ ձեզ ճշմարտությունը՝ համաձայն Աստծո խոսքի պարզության: Քանզի ահա, երբ ես հարցրեցի Տիրոջը, այսպես եկավ ինձ խոսքը՝ ասելով. Հակոբ, վե՛ր գնա տաճար էգուց և հայտարարի՛ր խոսքը, որը ես կտամ քեզ այս ժողովրդի համար:

12 Եվ այժմ ահա, իմ եղբայրնե՛ր, այս է խոսքը, որը ես հայտարարում եմ ձեզ, որ ձեզանից շատերը սկսել են որոնել ոսկի, և արծաթ, և ամեն ձևի արժեքավոր հանքանյութեր, որոնցով այս երկիրը, որը խոստումի երկիր է ձեզ համար և ձեր սերնդի համար, առավել առատորեն հարուստ է:

13 Եվ նախախնամության ձեռքն ամենաբարյացակամորեն ժպտացել է ձեզ, այնպես, որ դուք ձեռք եք բերել մեծ հարստություններ. և քանի որ ձեզանից ոմանք ձեռք են բերել ավելի առատորեն, քան ձեր եղբայրները, դուք բարձրամտացել եք ձեր սրտերի հպարտությունից, և ձեր հանդերձների թանկարժեքության պատճառով կրում եք խիստ պարանոցներ և բարձր գլուխներ, և հալածում եք ձեր եղբայրներին, որովհետև կարծում եք, որ դուք ավելի լավն եք, քան նրանք:

14 Եվ այժմ, իմ եղբայրնե՛ր, դուք կարծում եք, թե Աստված արդարացնո՞ւմ է ձեզ այս բանում: Ահա, ես ասում եմ ձեզ՝ Ո՛չ: Այլ նա դատապարտում է ձեզ, և եթե դուք շարունակեք համառել այս բաներում, նրա դատաստանները սրընթաց պիտի գան ձեզ վրա:

15 Ա՜խ, երանի՜ թե նա ցույց տար ձեզ, որ կարող է խոցել ձեզ, և իր աչքի մի հայացքով կարող է ջախջախել ձեզ՝ փոշուն հավասար:

16 Ա՜խ, երանի՜ նա ազատեր ձեզ այս անօրինությունից և պղծությունից: Եվ ա՜խ, երանի՜ թե դուք լսեիք նրա հրամանների խոսքին և թույլ չտայիք ձեր սրտերի այս հպարտությանը՝ կործանելու ձեր հոգիները:

17 Մտածեք ձեր եղբայրների մասին, ինչպես ինքներդ ձեր մասին և բարյացակամ եղեք բոլորի հանդեպ և առատաձեռն՝ ձեր ունեցվածքով, որ նրանք կարողանան լինել հարուստ, ինչպես դուք:

18 Բայց նախքան հարստություններ փնտրելը, փնտրեք Աստծո արքայությունը:

19 Եվ նրանից հետո, երբ դուք հույս ձեռք բերեք Քրիստոսում, դուք ձեռք կբերեք հարստություններ, եթե փնտրեք. և դուք պետք է փնտրեք դրանք բարիք անելու մտադրությամբ՝ հագցնելու մերկերին, կերակրելու սովածներին, ազատելու գերյալներին և սփոփելու հիվանդներին ու չարչարվածներին:

20 Եվ այժմ, իմ եղբայրնե՛ր, ես խոսեցի ձեզ հետ հպարտության վերաբերյալ. և ձեզանից նրանք, ովքեր չարչարել են իրենց հարևանին և հալածել են նրան, որովհետև ձեր սրտում դուք հպարտ էիք այն բաներով, որոնք Աստված տվել է ձեզ, ի՞նչ կասեք այդ մասին:

21 Դուք չե՞ք կարծում, որ այդպիսի բաները պիղծ են նրա համար, ով ստեղծել է բոլոր մարմինները: Եվ մի արարածը նույնքան թանկ է նրա աչքում, որքան մյուսը: Եվ բոլոր մարմինները փոշուց են. և միևնույն նպատակի համար է նա ստեղծել նրանց, որպեսզի նրանք պահեն նրա պատվիրանները և հավիտյան փառավորեն նրան:

22 Եվ այժմ, ես վերջ եմ տալիս այս հպարտության վերաբերյալ ձեզ հետ խոսելուն: Եվ եթե ես ստիպված չլինեի խոսել ձեզ հետ ավելի վատթար հանցանքի մասին, իմ սիրտը չափազանց կհրճվեր ձեզ համար:

23 Բայց Աստծո խոսքը ճնշում է ինձ՝ ձեր ավելի վատթար հանցանքների պատճառով: Քանզի ահա, այսպես է ասում Տերը. Այս ժողովուրդը սկսում է աճել անօրինության մեջ. նրանք չեն հասկանում սուրբ գրքերը, քանզի ձգտում են արդարացնել իրենց պոռնկություններ անելը, այն բաների պատճառով, որոնք գրվել էին Դավթի և նրա որդու՝ Սողոմոնի վերաբերյալ:

24 Ահա, Դավիթն ու Սողոմոնը, իսկապես, շատ կանայք և հարճեր ունեին, որը պիղծ էր իմ առաջ, ասում է Տերը:

25 Ուստի, այսպես է ասում Տերը, ես առաջնորդել եմ այս ժողովրդին առաջ՝ Երուսաղեմի հողից դուրս, իմ բազկի զորությամբ, որ ես կարողանայի ինձ համար մի արդար ճյուղ աճեցնել Հովսեփի երանքի պտղից:

26 Ուստի, ես՝ Տեր Աստված, չեմ հանդուրժի, որ այս ժողովուրդն անի, ինչպես հնում էին անում:

27 Ուստի, իմ եղբայրնե՛ր, լսեք ինձ և ականջ դրեք Տիրոջ խոսքին: Քանզի չպետք է ձեր մեջ որևէ մարդ ունենա մեկ կնոջից ավելի. և հարճեր նա չպետք է ունենա՝ ոչ մի հատ.

28 Քանզի ես՝ Տեր Աստվածս, հիանում եմ կանանց մաքրաբարոյությամբ: Եվ պոռնկությունները պղծություն են իմ առաջ. այսպես է ասում Զորաց Տերը:

29 Ուստի, այս ժողովուրդը պետք է պահի իմ պատվիրանները, ասում է Զորաց Տերը, այլապես անիծված կլինի երկիրը նրանց համար:

30 Քանզի, եթե ես կամենամ, ասում է Զորաց Տերը, սերունդ աճեցնել ինձ համար, ես կպատվիրեմ իմ ժողովրդին. այլապես նրանք պետք է հնազանդվեն այս խոսքերին:

31 Քանզի ահա, ես՝ Տերս, տեսա վիշտը և լսեցի իմ ժողովրդի դուստրերի ողբը Երուսաղեմի հողում, այո, և բոլոր երկրներում իմ ժողովրդի, իրենց ամուսինների ամբարշտության և պղծությունների պատճառով:

32 Եվ ես չեմ հանդուրժի, ասում է Զորաց Տերը, որ աղաղակներն այս ժողովրդի ազնվագեղ դուստրերի, որոնց ես դուրս եմ առաջնորդել Երուսաղեմի հողից, հասնեն ինձ՝ իմ ժողովրդի տղամարդկանց դեմ, ասում է Զորաց Տերը:

33 Քանզի նրանք չպետք է գերի տանեն իմ ժողովրդի դուստրերին՝ նրանց հեզության պատճառով, հակառակ դեպքում ես կայցելեմ նրանց դառն անեծքով, մինչև իսկ ի կործանում. քանզի նրանք չպետք է պոռնկություն անեն, ինչպես հնում էին անում, ասում է Զորաց Տերը:

34 Եվ այժմ ահա, իմ եղբայրնե՛ր, դուք գիտեք, որ այս պատվիրանները տրվել էին մեր հայր Լեքիին. ուստի, դուք գիտեիք դրանք անցյալում. և դուք արժանացել եք մեծ դատապարտման. քանզի դուք արել եք այս բաները, որոնք դուք չպետք է արած լինեիք:

35 Ահա, դուք արել եք ավելի մեծ անօրինություններ, քան Լամանացիները՝ մեր եղբայրները: Դուք կոտրել եք ձեր քնքուշ կանանց սրտերը և կորցրել եք ձեր զավակների վստահությունը, նրանց առաջ ձեր վատ օրինակի պատճառով, և նրանց սրտերի հեկեկոցը բարձրանում է վեր՝ առ Աստված, ձեր դեմ: Եվ Աստծո խոսքի խստության պատճառով, որը վայր է իջնում ձեր դեմ, շատ սրտեր մեռան՝ խոցված խորը վերքերով: