Գլուխ 16
Աստված փրկագնում է մարդկանց իրենց կորած և ընկած վիճակից – Նրանք, ովքեր մարմնական են, մնում են այնպես, կարծես ոչ մի փրկագնում չէր եղել – Քրիստոսն իրագործում է մի հարություն՝ դեպի անվերջ կյանք կամ դեպի անվերջ նզովք: Մոտ 148թ. Ք.ծ.ա.:
1 Եվ այժմ եղավ այնպես, որ հետո, երբ Աբինադին խոսեց այս խոսքերը, նա առաջ մեկնեց իր ձեռքը և ասաց. Ժամանակը պիտի գա, երբ բոլորը պիտի տեսնեն Տիրոջ փրկությունը. երբ ամեն ազգ, ցեղ, լեզու և ժողովուրդ պիտի դեմ հանդիման տեսնի և պիտի խոստովանի Աստծո առաջ, որ նրա դատաստաններն արդար են:
2 Եվ այն ժամանակ ամբարիշտները պիտի դուրս գցվեն, և նրանք պատճառ կունենան ոռնալու և ողբալու և կաղկանձելու և կրճտացնելու իրենց ատամները. և դա՝ այն պատճառով, որ նրանք չկամեցան ականջ դնել Տիրոջ ձայնին. հետևաբար, Տերը նրանց չի փրկագնում:
3 Քանզի նրանք մարմնական են ու դիվային, և դևն իշխանություն ունի նրանց վրա. այո, հենց այն հին օձը, որը խաբեց մեր առաջին ծնողներին, որը նրանց անկման պատճառն էր. որը բոլոր մարդկության մարմնական, զգայական, դիվական դառնալու, չարը բարուց տարբերելու, դևին հպատակվելու պատճառն էր:
4 Այսպիսով, ողջ մարդկությունը կորած էր, և ահա, նրանք անդառնալիորեն կորած կլինեին, եթե Աստված չփրկագներ իր ժողովրդին նրանց կորած և ընկած վիճակից:
5 Բայց հիշե՛ք, որ նա, ով համառում է իր սեփական մարմնական էությամբ և շարունակում մեղքի և ապստամբության ճանապարհներով՝ ընդդեմ Աստծո, մնում է իր ընկած վիճակում, և դևը նրա վրա լիակատար իշխանություն ունի: Հետևաբար, նա մի վիճակում է, կարծես ոչ մի փրկագնում չէր արվել՝ թշնամի լինելով Աստծուն. և դևը նույնպես թշնամի է Աստծուն:
6 Եվ ահա, եթե Քրիստոսը եկած չլիներ աշխարհ, խոսելով գալիք բաների մասին, կարծես դրանք արդեն եկել են, չէր կարող լինել փրկագնում:
7 Եվ եթե Քրիստոսը բարձրացած չլիներ մեռելներից կամ ջարդած չլիներ մահվան կապանքները, որպեսզի գերեզմանը չունենար հաղթանակ, և որպեսզի մահը չունենար խայթ, չէր կարող լինել հարություն:
8 Բայց կա հարություն, հետևաբար գերեզմանը հաղթանակ չունի, և մահվան խայթը կուլ է գնացել Քրիստոսում:
9 Նա է լույսն ու կյանքն աշխարհի. այո, լույս, որն անվերջ է, որը երբեք չի կարող խավարեցվել. այո, և նաև կյանք, որն անվերջ է, այնպես որ այլևս չի կարող լինել մահ:
10 Նույնիսկ այս մահկանացուն պիտի հագնի անմահություն, և այս ապականությունը պիտի հագնի անապականություն և պիտի բերվի՝ կանգնելու Աստծո դատարանի առջև, որ դատվի նրա կողմից, համաձայն իր գործերի՝ լինեն դրանք բարի, թե լինեն դրանք չար,
11 Եթե դրանք լինեն բարի՝ դեպի հարությունն անվերջ կյանքի և երջանկության. և եթե դրանք լինեն չար՝ դեպի հարությունն անվերջ նզովքի, հանձնված լինելով դևին, որը հպատակեցրել է նրանց, որը նզովք է,–
12 Գնացած լինելով ըստ իրենց սեփական մարմնական կամքի և ցանկությունների. երբեք կանչած չլինելով առ Տերը, քանի դեռ ողորմության բազուկները մեկնված էին դեպի իրենց. քանզի ողորմության բազուկները մեկնված էին դեպի իրենց, իսկ նրանք չկամեցան. նրանց նախազգուշացվել էր իրենց անօրինությունների մասին, և սակայն, նրանք չկամեցան ետ կանգնել դրանցից. և նրանց պատվիրվել էր ապաշխարել, և սակայն, նրանք չկամեցան ապաշխարել:
13 Եվ այժմ մի՞թե դուք պարտավոր չեք դողալ և ապաշխարել ձեր մեղքերից և հիշել, որ Քրիստոսի մեջ և միջոցով դուք կարող եք փրկվել:
14 Հետևաբար, եթե դուք սովորեցնում եք Մովսեսի օրենքը, սովորեցրեք նաև, որ այն մի նմուշ է այն բաների, որոնք պետք է գան,
15 Սովորեցրեք նրանց, որ փրկագնումը գալիս է Տեր Քրիստոսի միջոցով, որը հենց Հավերժական Հայրն է: Ամեն: