Գրադարան
Օղակված կրակով


Օղակված կրակով

Սեմինարիաների և Կրոնի Ինստիտուտների Արբանյակային Հեռարձակում • 4 օգոստոսի, 2015

Եղբայրներ և քույրեր, ես երախտապարտ եմ այս հնարավորության համար՝ խոսելու ձեզ հետ այս համաշխարհային հեռարձակմանը: Մենք մեծապես օրհնված ենք այստեղ լինելով:

Ուզում եմ իմանաք, որ ես մեծ սեր ունեմ իմ սրտում ձեր հանդեպ, որը, գիտեմ՝ Երկնային Հոր և Նրա Որդու, Տեր Հիսուս Քրիստոսի պարգև է։ Ես գիտեմ, որ Նրանք սիրում են ձեզ, և գիտեմ, որ Նրանք ուզում են, որպեսզի ես դիտեմ ձեզ այնպես, ինչպես Նրանք են դիտում ձեզ, և սիրեմ ձեզ այնպես, ինչպես Նրանք են սիրում ձեզ։ Եվ այսպիսով, Նրանք օրհնել են ինձ այդ պարգևով։ Ես աղոթում եմ, որպեսզի այսօր դուք զգաք Նրանց և իմ սերը։

Ես նաև աղոթում եմ, որ Սուրբ Հոգին լինի մեզ հետ, մինչ մենք միասին կխորհենք մի պարզ ուղերձի շուրջ։ Այդ ուղերձը անձամբ ինձ է տրվել, բայց զգում եմ, որ պետք է կիսվեմ դրանով նաև ձեզ հետ։ Ահա այն. հոգևորության ինչպիսի մակարդակ էլ որ վայելենք ներկայումս մեր կյանքում, Հիսուս Քրիստոսի հանդեպ ինչպիսի հավատք էլ որ ունենանք, նվիրաբերման և նվիրվածության ինչպիսի ուժ էլ որ ունենանք, հնազանդության, հույսի կամ գթության ինչպիսի աստիճան էլ որ տիրապետենք, մասնագիտական ինչպիսի հմտություն և կարողություն էլ ձեռք բերած լինենք այս պահին՝ այդ բոլորը բավարար չի լինելու այն աշխատանքի համար, որը գտնվում է առջևում։

Եղբայրներ և քույրեր, դուք և ես պիտի լինենք շատ ավելի լավը, քան մենք հիմա ենք։ Սուրբ գրությունները սովորեցնում են մեզ, որ աշխարհը հիմա խառնաշփոթության մեջ է և այդպես էլ կլինի հետագայում։ Ամբարշտությունը և մթությունը կավելանա։ Այնուամենայնիվ, աստվածային լույսը կուժեղանա՝ խավարի մեջ սուզվող այդ աշխարհում։ Տեր Հիսուս Քրիստոսն ունի մեզ համար մեծ աշխատանք, որը մենք պիտի անենք աճող սերնդի նկատմամբ։ Այդ աշխատանքն ավելի մեծ է, քան այն, որը մենք երբևիցե կատարել ենք նախկինում։ Տերը զորությամբ է գործում, որպեսզի ամրապնդի ուսուցանումը և ուսանումը Իր ճշմարիտ և կենդանի Եկեղեցում։ Նա արագացնում է Իր աշխատանքը, և Նա պատրաստում է երկիրը և Իր արքայությունը և մեզ՝ Նրա վերադարձի համար։

Այս ամենը՝ հրաշալի օրինակի մասն է, որը մենք դիտում ենք Վերականգման սկզբից։ 1820 թվականին, Հայր Աստվածը հայտնվեց Իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի հետ, պատանի Ջոզեֆ Սմիթին։Սրբազան պուրակի այդ օրվանից ի վեր, Հիսուս Քրիստոսը շինություն է տվել Իր Եկեղեցուն և Իր ժողովրդին՝ տող առ տող, ցուցում առ ցուցում, քայլ առ քայլ։

Ահա թե ինչ է Նա ասել.

«Քանզի ես ինձ համար մաքուր մի ժողովուրդ կբարձրացնեմ, որն արդարությամբ կծառայի ինձ»։1

«Որ իմ սրբերի հավաքվելու գործը շարունակվի, որպեսզի ես կարողանամ հաստատել նրանց իմ անվան համար սուրբ վայրերում. քանզի հնձի ժամանակը եկել է, և իմ խոսքն անպայման պիտի կատարվի»։2

«Իմ ժողովուրդը պիտի փորձվի բոլոր բաներում, որ կարողանա պատրաստվել այն փառքն ընդունելուն, որը ես ունեմ նրանց համար, այսինքն՝ Սիոնի փառքը»։3

Սա է Տիրոջ օրինակը. Նա բարձրացնում, շենացնում և պատրաստում է Իր ժողովրդին և Իր Եկեղեցին։ Այս օրինակն ակնհայտ է մեր օրերում՝ Նախագահ Թոմաս Մ. Մոնսոնի կոչը մեզ բոլորին, որ բարձրանանք և կառուցենք Աստծո արքայությունը։ Լսեք մեզ ուղղված նրա հրավերը՝ փրկության աշխատանքը կատարել ավելի շատ և ավելի լավ։ Ես ուզում եմ մի քանի մեջբերում կարդալ Նախագահ Մոնսոնի ելույթներից, որոնք նա կարդացել է գերագույն համաժողովին Եկեղեցու Նախագահ դառնալու հետո:

«Մենք կրկին սրտանց հրավիրում ենք, ասելով՝ ե՛տ եկեք: Մենք Քրիստոսի մաքուր սիրով ենք դիմում ձեզ... Նրանց, ում հոգին վիրավոր է կամ ովքեր մաքառում են և երկյուղած, մենք ասում ենք` թույլ տվեք բարձրացնել ձեզ, ուրախացնել ձեզ և փարատել ձեր վախը»։4

«Եթե ինչ-որ մեկը թերացել է իր տնային ուսուցման այցելություններում … , կուզենայի ասել, որ այժմ է տնային ուսուցման պարտականությանը կրկին նվիրվելու ժամանակը»։5

«Կան ոտքեր, որ կարող ենք ամրացնել, ձեռքեր, որ կարող ենք բռնել, մտքեր, որ կարող ենք խրախուսել, սրտեր, որ կարող ենք ոգեշնչել և հոգիներ, որ կարող ենք փրկել»։6

«Այս պահից ուժի մեջ է մտնում այն, որ բոլոր արժանի երիտասարդ տղամարդիկ, ովքեր ավարտել են ավագ դպրոցը կամ դրան համարժեք դպրոց, անկախ իրենց բնակության վայրից, հնարավորություն ունեն երաշխավորվելու միսիոներական ծառայության 19-ի փոխարեն 18 տարեկանից: …

… Արժանի երիտասարդ կանայք, ովքեր ծառայելու ցանկություն ունեն, կարող են երաշխավորվել միսիոներական ծառայության սկսած ոչ թե 21, այլ 19 տարեկանից»:7

«[Մեր] կոչն է` լինել Տիրոջ այգու առավել արդյունավետ ծառայողներ: Դա վերաբերում է ոչ միայն որպես լիաժամկետ միսիոներ ծառայելուն պատրաստվողներին, այլ մեզ բոլորիս, անկախ տարիքից, քանզի ավետարանով կիսվելու Քրիստոսի պատվիրանը վերաբերում է յուրաքանչյուրիս»։8

«Այժմ է ժամանակը, որպեսզի անդամներն ու միսիոներները համատեղ տքնեն Տիրոջ այգում՝ հոգիներ բերելով Նրա մոտ»։9

«Միայն ցանկությամբ դա չի իրականանալու։ Տերն ակնկալում է, որ մենք խորհենք։ Նա ակնկալում է, որ մենք գործենք։… Նա ակնկալում է մեր նվիրվածությունը»։10

«Ես վկայում եմ ձեզ, որ մեր խոստացած օրհնություններն անչափելի են։ Թեև փոթորիկի ամպեր հավաքվեն, թեև անձրևներ թափվի մեր վրա։ ... Այս աշխարհում ոչ մի բան մեզ պարտության չի մատնի։

«Իմ սիրելի եղբայրներ և քույրեր. մի վախեցեք։ Ուրախ եղեք։ Ապագան այնքան է պայծառ, ինչքան պայծառ է ձեր հավատքը»։11

Եղբայրներ և քույրեր, սա մարգարեի կոչն է, որն ուղղված է մեզ։ Եկեղեցու Կրթական Համակարգում այն նշանակում է, որ մենք կարիք ունենք Տիրոջ վստահված ծառաների, որոնք պատրաստ են աշխատելու սեմինարիաներում և ինստիտուտներում, Եկեղեցու քոլեջներում և համալսարաններիում, և Եկեղեցու դպրոցներում։ Յուրաքանչյուր աշխատանքը, յուրաքանչյուր կոչումը, ամեն մեկը Եկեղեցու Կրթական Համակարգում շատ կարևոր է, և յուրաքանչյուրս, այդ թվում և ես, պիտի լինենք ավելի լավը, քան երբևէ նախկինում։

Կարծում եմ, որ կա երկու պատճառ.

Թիվ 1 պատճառ. Մենք պիտի կրթենք աճող սերունդն ավելի խորապես և ավելի մեծ զորությամբ, քան մենք կամ որևէ մեկը երբևէ արել է նախկինում։

Խորությամբ սովորելը՝ «մեծացնում է … զորությունը՝ Իմանալու, Կատարելու, և Դառնալու»։12 Այն անկասկած նշանակում է մեծացած գիտելիք, բայց նաև նշանակում է սրտի մեծացած հասկացողություն։ Այն նշանակում է մեծացած հմտություն և կարողություն գործելու։ Այն նշանակում է մեծացած բնավորության ուժ, ներառյալ ազնվություն, համարձակություն և բարություն։

Խորությամբ սովորելն իր էությամբ հոգևոր փորձառություն է։ Աճող սերունդը խորությամբ կսովորի այնքանով, որքանով Քրիստոսի փրկագնող և ամրապնդող զորությունները կգործեն նրանց կյանքում՝ մաքրագործելով և որակելով նրանց՝ ստանալու Նրա շնորհը և պարգևները, որոնք Նա պատրաստել է նրանց համար։ Նրանք պիտի ջանասիրաբար աշխատեն և ուսում փնտրեն, սակայն նրանց անհրաժեշտ է նաև մաքրվել Քրիստոսի քավող արյամբ, որ կարողանան ստանալ ավելի շատ լույս և ուսուցանվել Սուրբ Հոգու կողմից։

Ոգեշնչված ուսուցումը, որը տանում է խորությամբ սովորելու, նաև հոգևոր փորձառություն է։ Մեզ ևս անհրաժեշտ է, որ Փրկչի Քավությունը գործի մեր կյանքում ավելի զորեղ կերպով։ Մենք պիտի արժանանանք և ստանանք Սուրբ Հոգու մաքրագործող և սրբագործող պարգևները և օրհնությունները, որ կարողանանք օգնել աճող սերնդին ավելի խորությամբ սովորելու։

Աճող սերնդին անհրաժեշտ է խորությամբ սովորելը, քանի որ աշխարհը, որին նա դիմակայելու է, կլինի և՛ մեծ, և՛ ահարկու. մի կողմից երկնքից եկող լույսը և զորությունը կուժեղանա, մյուս կողմից կլինի շատ ավելի սարսափելի ամբարշտություն, իրարանցում և խառնաշփոթություն։ Նրանք պիտի ամրապնդվեն ավետարանի պարզ ու հասարակ ճշմարտություններում։ Ավետարանը պիտի արմատավորված լինի նրանց սրտում, և նրանց անհրաժեշտ կլինի այն, ինչ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը կոչել է անխախտ հավատք առ Քրիստոս՝ «Ինչո՞ւ է մեզ հարկավոր այդպիսի անխախտ հավատք: Որովհետև ապագայում սպասվում են դժվարին ժամանակներ: Ապագայում հեշտ չի լինի Վերջին Օրերի Սուրբ լինել, ոչ էլ նրանք ընդունված կլինեն: Մեզանից յուրաքանչյուրը կստուգվի: Պողոս Առաքյալը նախազգուշացրել է, որ վերջին օրերին նրանք, ովքեր ջանասիրաբար կհետևեն Տիրոջը, «հալածանք պիտի կրեն» [ 2 Տիմոթեոս 3.12 ]: Հենց այդ հալածանքը կարող է կամ ջախջախել ձեզ՝ հասցնելով լուռ թուլության կամ դրդելով ձեզ դեպի ավելի լավ օրինակը և դարձնելով խիզախ ամենօրյա կյանքում»։13

Թիվ 2 պատճառ. Ես հավատում եմ, որ այն երիտասարդները, ովքեր գալու են մեզ մոտ, կլինեն պատրաստ և կուզենան ստանալ շատ ավելին, քան մենք տալիս ենք նրանց հիմա։ Բացի այդ, ոմանց կարիքները կլինեն ավելի մեծ, որովհետև նրանք իրենց տներում ապահովված չեն՝ ոչ այն բանով, ինչ ցանկանում են, ոչ էլ այն բանով, ինչի կարիք են զգում։

Ես նկատի չունեմ, որ երիտասարդներին պետք է խճճել բարդությունների և շահարկությունների թփուտներում։ Նրանց պետք է լինելու ավետարանի պարզ ու հասարակ ճշմարտությունները, որը կուսուցանվի ավելի մեծ սիրով և Սուրբ Հոգու ավելի մեծ զորությամբ։

Թույլ տվեք բերեմ մի օրինակ պարզ ու հասարակ վարդապետության, որը մեր ուսանողները պիտի սովորեն շատ ավելի խորապես։ Վերջին յոթ տարիների ընթացքում, ԲՅ-Այդահո համալսարանում ներմուծվել է պարտադիր դասընթաց ընտանիքի վերաբերյալ՝ որպես իրենց պարտադիր ծրագրերի մաս։ (Այժմ այդ դասընթացը նոր Հիմնաքարային դասաշարի մաս է կազմում, որը պարտադիր է Եկեղեցու կրթական համակարգի բոլոր ինստիտուտների, քոլեջների, և համալսարանների ուսանողների համար)։ Քանի որ ԲՅ-Այդահո համալսարանի բոլոր ուսանողներն անցնում են այս դասընթացը, ուսուցչակազմը հնարավորություն է ունեցել հասկանալ, թե ինչ են մտածում և զգում ուսանողները ամուսնության վարդապետության վերաբերյալ, ինչպես այն ներկայացված է ընտանիքի մասին հռչակագրում։

Այն, ինչ ուսուցիչները բացահայտել են՝ մտահոգիչ է։ Շատ ուսանողներ (հավանաբար 40–50 տոկոսը) լավագույն դեպքում ունեն՝ թերի, իսկ վատագույն դեպքում՝ սխալ հասկացողություն այս կարևորագույն վարդապետության վերաբերյալ։ Այդ երիտասարդները՝ լավ ու ակտիվ վերջին օրերի սրբերն են, ովքեր ավարտել են սեմինարիան և բավարար կերպով չեն սովորել ամուսնության վարդապետությունը՝ ոչ տանը ոչ սեմինարիայում ոչ Կիրակնօրյա Դպրոցում, ոչ էլ իրենց Երիտասարդ Կանանց կամ քահանայության քվորումի դասարաններում, իսկ որոշ դեպքերում, անգամ ոչ իրենց միսիայում ծառայելու ժամանակ։

Ուսանողները ոչ թե միայն պիտի ավելի լավ գիտելիք ունենան ամուսնության վարդապետության մասին, այլ նաև պիտի հասկանան այն իրենց սրտում։ Նրանք պետք է ունենան հոգևոր վկայություն դրա ճշմարտության մասին, և նրանք պետք է գործեն այդ վկայության համաձայն այնպես, ինչպես նրանք հիմա պատրաստվում են դառնալ ամուսիններ կամ կանայք և մայրեր կամ հայրեր՝ հավերժական ընտանիքում։

Նրանք նաև պիտի իմանան, թե ինչպես զրուցել ամուսնության վարդապետության մասին իրենց ընկերների և այլոց հետ, ովքեր չեն կիսում նրանց հավատալիքները։ Եվ նրանք պիտի զարգացնեն իրենց ունակությունը, որպեսզի նկատեն ճշմարտությունն ու սխալը։ Նրանք պիտի ունենան ավելի մեծ հավատք առ Հիսուս Քրիստոս և ավելի մեծ հույս Նրա հանդեպ։

Այս բաներն են անհրաժեշտ աճող սերնդին։ Եվ այսպես, ի՞նչ մենք պետք է անենք։

Մեզանից յուրաքանչյուրը պիտի անի այն, ինչ Տերը ցանկանում է, որ մենք անենք մեր կյանքում։ Հուսով եմ, որ հետևյալ փորձառությունը կլինի ձեզ օգտակար այն ժամանակ, երբ խորհելու եք և աղոթելու այն բաների վերաբերյալ, որոնք Տերը ցանկանում է, որ դուք անեք։

Շատ տարիներ առաջ, մեր կյանքի շատ դժվար ժամանակաշրջանի ժամանակ, ես զգացի հակառակորդի հարձակումը։ Այդ փորձառության մեջ, Տերը պարզ դարձրեց ինձ համար այն բանը, որ ես պիտի անեի ավելի շատ ու ավելի լավ։ Թուլ տվեք մի քիչ պատմեմ դրան նախորդող իրադարձության մասին։

Ես ու Սյուն ամուսնացած էինք ավելի քան 30 տարի։ Մենք մեր ամբողջ կյանքով ներգրավված ու ակտիվ էինք Եկեղեցում։ Մենք ծառայում էինք Եկեղեցում։ Մենք հաճախում էինք տաճար ամեն շաբաթ։ Մենք աղոթում էինք մեր երեխաների հետ, ուսումնասիրում էինք սուրբ գրությունները նրանց հետ, և անցկացնում էինք ընտանեկան երեկոներ։ Մենք ձգտում էինք լինել լավ Վերջին օրերի սրբեր։ Եվ այնուամենայնիվ, Տերն ասաց ինձ. «Դու պիտի անես ավելի շատ»։

Մի գիշեր, ես մղձավանջ ունեցա։ Ես արթնացա շատ անհանգիստ և մտահոգված, և ծնկի իջա ու աղոթեցի իմ Երկնային Հորն օգնության համար։ Աղոթելու ժամանակ, մտքովս անցավ մի հատված Եփեսացիների գրքից 6-րդ գլխում. «Որովհետեւ մեր պատերազմը արիւնի եւ մարմնի հետ չէ, այլ իշխանութիւնների եւ պետութիւնների հետ, այս աշխարհի խաւարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ որ երկնաւորների մէջ են»։14

Առավոտյան ես բացեցի սուրբ գրությունը և կարդացի այս խոսքերը.

«Այսուհետեւ, եղբայրներս, զօրացէք Տէրով եւ նորա զօրութեան կարողութիւնովը։

Եւ Աստուծոյ ամբողջ սպառազինութիւնը հագէք, որ կարող լինիք սատանայի հնարքներին հակառակ կենալ»։15

Երբ ես կարդացի այս խոսքերը. «Աստուծոյ ամբողջ սպառազինութիւնը հագէք», ես զգացի Հոգու զորեղ վկայությունը, որ դա իմ աղոթքների պատասխանն էր։ Ինձ անհրաժեշտ էր հագնել Աստծո ամբողջ սպառազինությունը՝ ամբողջ բաղադրությամբ։

Եվ այսպես, Սյուն ու ես զրուցեցինք այն մասին, թե ինչ դա կարող էր նշանակել, և մենք աղոթեցինք առաջնորդության մասին։ Ես հասկացա, որ մենք պիտի տայինք երկու հարց ինքներս մեզ։ Ես հավատում եմ, որ այդ երկու հարցի պատասխանները կառաջնորդեն մեզ անել այն, ինչ անհրաժեշտ է մեզ՝ մեր առջևում սպասվող աշխատանքին պատրաստվելու համար։ Այդ հարցերն են. (1) Ի՞նչ եմ ես անում, որ պիտի դադարեմ անել։ Եվ (2) Ի՞նչը ես չեմ անում, որ պիտի սկսեմ անել։

Երբ մենք աղոթքով հարցրեցինք այդ բաների մասին, մենք ստացանք շատ կոնկրետ պատասխաններ։ Մենք փոխեցինք այն, թե ինչպես անցկացնում էինք մեր ժամանակը, տեսաձայնահաղորդակցման ինչ միջոցներ էինք թույլ տալիս մեր տան մեջ, ինչպես ծառայում էինք տաճարում, ինչպես ուսումնասիրում էինք սուրբ գրությունները, ինչպես ծառայում էինք Տիրոջը և շատ շատ այլ բաներ։ Մենք պետք է մեծացնեինք մեր հոգևորությունը։ Ապաշխարության այս գործընթացի շնորհիվ, Տեր Հիսուս Քրիստոսը գնաց մեզ ընդառաջ և փոխեց մեր կյանքը։ Մենք զգացինք Նրա ողորմածությունը, Նրա սերը, և Նրա զորությունը։ Իր աննման զորության միջոցով Նա փոխեց մեր սրտերը և մտքերը և բարձրացրեց մեզ Իր մոտ։ Ես գիտեմ, որ եթե մենք չլսեինք և չգործեինք այն բաների համաձայն, որոնք ստացանք, մենք չէինք կանչվի ծառայելու ԲՅ-Այդահո համալսարանում և այսօր կանգնած չէինք լինի ձեր առջև։ Այն դարձավ շրջադարձային կետ մեր կյանքում։

Եղբայրներ և քույրեր, ես գիտեմ, որ խոսում եմ հավատարիմ, ուխտերը պահող Վերջին օրերի սրբերի հետ։ Ես գիտեմ, որ դուք իսկապես շատ, շատ լավ եք այն բաներում, որ անում եք։ Այնուամենայնիվ, ես գիտեմ իմ անձնական փորձառությունից, որ մենք պետք է կանոնավորապես այդ երկու հարցը տանք ինքներս մեզ։ Մենք պետք է փոխվենք ու ապաշխարենք, որպեսզի Քրիստոսի Քավությունը կարողանա գործել մեր կյանքում ավելի զորեղ կերպով։ Եթե մենք անենք դա, մեր Երկնային Հայրը կօրհնի մեզ ավելի մեծ հոգևոր զորությամբ։ Ես գիտեմ, որ դա ճշմարիտ է։

Եվ դա, իմ կարծիքով, ամբողջությամբ այն բանալին է, որով կհանդիպենք մեծ հնարավորություններ և պարտականություններ, որոնք գտնվում են մեր առջևում։ Կան շատ գործնական բաներ, որ մենք պիտի անենք։ Մենք պետք է ջանասիրաբար խորհենք և ծրագրենք և աշխատենք և խորհրդակցենք միմյանց հետ և պատրաստվենք անելու մեր լավագույնը։ Սակայն, Սուրբ Հոգու զորությունն է, որ մեր ուսանողների կյանքում իրականություն կդարձնի խորությամբ սովորելը և ավելի մեծ խորաթափանցությունը և Քրիստոսի փրկագնող և ամրապնդող զորությունը։

Աճող սերնդին անհրաժեշտ է ավետարանի պարզ ու հասարակ ճշմարտություններ, որոնց ուսուցանումը և ուսանումը կիրագործվի ավելի մեծ սիրով, ավելի մեծ հոգևոր ուժով, և նրանց կյանքի վրա ավելի խորը ներգործությամբ։ Ես հավատում եմ, որ այդ ներգործությունը կիրականանա, որովհետև Հիսուս Քրիստոսի ավետարանն ավելի մեծ զորությամբ կարմատավորվի մեր սրտում և մեր մտքում, և այն պատճառով, որ Սուրբ Հոգին կլինի մեր մշտական ընկերակիցը։ Մեր կյանքն ավելի լիարժեք ու ամբողջական կարտացոլի Փրկչի ուսումնքները։ Այդ ժամանակ՝ թե ծրագրեր իրագործելիս, թե ուսումնական ծրագրեր կազմելիս, թե մեթոդական ներմուծումներ անելիս, թե նոր ուսուցիչներ վարձելիս, թե կանչելիս, թե ուսուցիչներին կամ ուսանողական խորհրդներին ուսուցանելիս, թե նոր շենքեր նախագծելիս, թե նոր տարածք բացելիս, թե դասարան մտնելիս, որպեսզի ուսուցանենք Աստծո զավակներին, – այդ բոլոր գործերի ժամանակ մենք կստանանք անհրաժեշտ հայտնությունը, և կկատարենք աշխատանքը՝ Քրիստոսի մաքուր սիրով և Սուրբ Հոգու զորությամբ։ Այդ ժամանակ աճող սերունդը խորությամբ կսովորի և նրանք կբարձրացվե՜ն։

Մենք գիտենք, որ դա տեղի կունենա։ Մենք գիտենք, թե ինչպես այդ ամենը կստացվի։ Տեր Հիսուս Քրիստոսը գալու է, և Նրա ժողովուրդը և Նրա Եկեղեցին պատրաստ են լինելու ընդունել Նրան։

Երբ ես մտածում եմ ձեր մասին և այն բանի մասին, թե ինչ եք անելու Աստծո արքայությունում, ես խորհում եմ այդ հրաշալի փորձառության մասին 3 Նեփի 17–րդ հատվածում, երբ Փրկիչն Իր շուրջ հավաքեց երեխաներին։ Ես ցանկանում եմ, որ դուք պատկերացնեք այդ տեսարանը ձեր մտքում, որովհետև դուք այդ տեսարանում եք։ Ծնողները բերում են իրենց թանկագին երեխաներին Փրկչի մոտ։ Նա հավաքում է նրանց իր շուրջը։ Նա կանգնած է կենտրոնում։ Նա աղոթում է նրանց և իրենց ծնողների համար հրաշալի կերպով, և Նա օրհնում է երեխաներին մեկ առ մեկ։ Ապա, հրեշտակներն իջնում են Երկնքից «կարծես թե կրակի մեջ»16 և սպասավորում երեխաներին, և այդ սուրբ կրակը օղակում է երեխաներին։

Մի հզոր առումով, դա այն է, ինչ մենք անում ենք սեմինարիայում և ինստիտուտում։ Իսկապես, սա է Եկեղեցու Կրթական Համակարգը։ Ծնողները բերում են իրենց երեխաներին մեզ մոտ։ Փրկիչը կենտրոնում է՝ սիրտն այն բոլոր բաների, որոնք պատահում է երեխաների հետ։ Նա աղոթում է նրանց և մեր համար։ Նա մեր պաշտպանն է Աստծո առաջ։ Մենք հրեշտակներ ենք – դուք հրեշտակներ եք – որոնք գալիս են, որ սպասավորեն սուրբ կրակում գտնվող այդ երեխաներին։ Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, սա է, թե ով մենք պիտի լինենք։

Եվ սա է, թե ով մենք կլինենք, քանի որ կա Աստվածն երկնքում։ Նա մեր Հայրն է։Նրա Որդին՝ Տեր Հիսուս Քրիստոսը, ամբողջ մարդկության Փրկիչն ու Քավիչն է։ Նա ապրո՛ւմ է։ Ես վկայում եմ Նրա սուրբ անվան մասին։ Ես տեսել եմ Նրա աշխատանքը։ Ես գիտեմ նրա ողորմածությունը և Նրա շնորհը և զգացել եմ Նրա սերը։ Նա ունի ամբողջ զորությունը՝ մաքրելու մեզ մեր մեղքերից, փոխելու մեր սրտերը և բարձրացնելու մեզ և ամրապնդելու, որպեսզի մենք դառնանք այն ամենը, ինչ Նա ցանկանում է, որ մենք լինենք։ Ես գիտեմ, որ եթե մենք դիմենք Քրիստոսին, ով միշտ կանգնած է մեր ուղղությամբ Իր պարզած ձեռքերով, Նա կօրհնի մեզ, որպեսզի լինենք ավելի լավը և անենք ավելի շատ Նրա սուրբ գործի համար։ Ես վկայում եմ այսպես՝ Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն։

Հղումներ

  1. Վարդապետություն և Ուխտեր 100.16

  2. Վարդապետություն և Ուխտեր 101.64

  3. Վարդապետություն և Ուխտեր 136.31

  4. Թոմաս Ս. Մոնսոն. «Նայենք ետ և առաջ շարժվենք», Ensign կամ Լիահոնա, մայիս 2008, 90

  5. Թոմաս Ս. Մոնսոն. «Ճշմարիտ հովիվներ», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2013, 68

  6. Թոմաս Ս. Մոնսոն. «Պատրաստակամ և արժանի ծառայելու համար»,  Ensign կամ Լիահոնա, մայիս 2012, 69

  7. Թոմաս Ս. Մոնսոն. «Բարի գալուստ համաժողով»,  Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2012, 4–5

  8. Թոմաս Ս. Մոնսոն. «Եկեք, Աստծո որդիք», Ensign կամ Լիահոնա,, մայիս 2013, 66

  9. Թոմաս Ս. Մոնսոն. «Բարի գալուստ համաժողով», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2013, 4

  10. Թոմաս Ս. Մոնսոն. «To the rescue», Ensign, մայիս 2001, 49

  11. Թոմաս Ս. Մոնսոն. «Ուրախ եղեք», Ensign կամ Լիահոնա, մայիս 2009, 92

  12. Քիմ Բ. Քլարկ. «Learning and Teaching: To Know, To Do, and To Become», (դիտողություններ ուսուցչակազմին ուսուցչակազմի հանդիպմանը, ԲՅՀ-Այդահո, սեպտեմբերի 6, 2011), byui.edu/presentations

  13. Ռասսել Մ. Նելսոն. «Հավատքով դեմ առ դեմ կանգնեք ապագային», Ensign կամ Լիահոնա,, մայիս 2011, 35–36

  14. Եփեսացիս 6.12

  15. Եփեսացիս 6.10–11

  16. 3 Նեփի 17.24

Տպել