Գրադարան
Դուք եք իմ վկաները


Դուք եք իմ վկաները

Սեմինարիաների և կրոնի ինստիտուտների արբանյակային հեռարձակում • Օգոստոսի 4, 2015թ.

Հոգին այստեղ այնքան սուրբ է և ես երախտապարտ եմ, ինչպես և դուք, բոլոր բաների համար, որ ուսուցանվեցին:

Իր վերջին նամակներից մեկում Մորմոնն ուսուցանել է.

«Քանզի ահա, Աստված, իմանալով բոլոր բաները, լինելով հավիտենականությունից հավիտենականություն, ահա, նա հրեշտակներ ուղարկեց` սպասավորելու մարդկանց զավակներին, հայտնի դարձնելու Քրիստոսի գալստի վերաբերյալ. և Քրիստոսի միջոցով պիտի գա ամեն բարի բան»: …

«Ուստի, հրեշտակների սպասավորումով, և ամեն խոսքով, որը դուրս էր եկել Աստծո բերանից, մարդիկ սկսեցին հավատք գործադրել առ Քրիստոս. և այսպես, հավատքով նրանք որդեգրեցին այն ամենը, ինչ բարի էր»:1

Իմ կարծիքով, դուք` սեմինարիաների և ինստիտուտների ուսուցիչներդ, առավոտյան ժամերին, թե ազատ գրաֆիկով գործող դասարաններում, տներում, եկեղեցիներում, դպրոցներում, քոլեջներում թե համալսարաններում, դուք այն հրեշտակների թվում եք, ում Աստված ուղարկել է` սպասավորելու Իր զավակներին, որպեսզի նրանք հավատք գործադրեն առ Քրիստոս և որդեգրեն այն ամենը, ինչ բարի է: Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում ձեզ, որ դուք ուսուցանում եք Նրա ճշմարիտ վարդապետությունը Սուրբ Հոգու զորությամբ: Շնորհակալություն ձեզ, որ միշտ տեղում եք` օրվա բոլոր ժամերին` վաղ առավոտից մինչև ուշ երեկո, հայտարարելով Աստծո խոսքը, որն է «Աստծո զորությունը ի փրկություն»:2 Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում ձեր հրաշալի ամուսինների և կանանց համար, որոնք նույնպես հրեշտակներ են իրենց սիրալիր բարությամբ և աջակցող ազդեցությամբ:

Աստծո խոսքը հայտարարելը սուրբ և փառահեղ արտոնություն է` կանգնելու որպես Նրա վկաները և ուսուցանելու հավերժական ճշմարտությունը: Եսայիա մարգարեն հայտարարել է Տիրոջ խոսքը Նրա ամբողջ ուխտյալ ժողովրդին.

«Դուք էք իմ վկաները, ասում է Տէրը: …

Ես` ես եմ Եհովայ. և ինձանից ջոկ Փրկիչ չկա: …

… Եվ դուք իմ վկաներն էք, ասում է Տէրը, որ ես եմ Աստված»:3

Դա սուրբ արտոնություն է` օգնել աճող սերնդին սովորել Աստծո խոսքը, որպեսզի նրանք նույնպես հավատք գործադրեն և դառնան Քրիստոսի վկաները:

Ամբողջ աշխարհի երիտասարդ տղաներն ու աղջիկները, ովքեր նստած են սեմինարիայի և ինստիտուտի դասարաններում, ուխտեր են կապել` սիրելու և ծառայելու Աստծուն և հանդես գալու որպես Նրա վկաները: Քրիստոսի հանդեպ իրենց հավատքով նրանք մկրտվել են և ստացել Սուրբ Հոգի, որպեսզի կարողանան իմանալ ճշմարտությունը և խոսել հրեշտակների լեզվով:4 «[Նրանք] են մարգարեների զավակները և [նրանք] Իսրայելի տնից են»… «[նրանք] այն ուխտից [են], որ Հայրն արել էր … , ասելով Աբրահամին. Եվ քո սերնդով երկրի բոլոր ցեղերը կօրհնվեն»5

Յուրաքանչյուր երիտասարդ տղա կամ երիտասարդ աղջիկ հավատքով, Հոգու ներգործությամբ, կարող է խոսել Քրիստոսի անունով և «կանգնել որպես [Նրա] վկան բոլոր ժամանակներում, և բոլոր բաներում, և բոլոր տեղերում»6:

Այսօր, եկեք մտածենք, թե ինչ կարող է տեղի ունենալ սեմինարիայի և ինստիտուտի դասարանում, որը կօգնի աճող սերնդին իսկապես դառնալ Աստծո վկաները: Նրանք անշուշտ այդպիսին լինելու ցանկություն ունեն:

Այս տարվա մայիսին երեց Դեյվիդ Ա. Բեդնարի և նրա կնոջ՝ Սյուզանի հետ դեմ առ դեմ ֆեյսբուքյան իրադարձության նախապատրաստման ընթացքում երիտասարդներն ամբողջ աշխարհից ավելի քան 11,000 հարցեր էին ուղարկել: Հարցերից շատերը նրա մասին էին, թե ինչպես ընկերների և ընտանիքի անդամների հետ կիսվել Քրիստոսի ավետարանի ուսմունքներով և պահպանել ու պաշտպանել դրանք: Նրանք ցանկանում էին իմանալ` ինչ ասել և ինչ անել: Երեց Բեդնարը բացատրեց, որ նա և իր կինը չեն կարողանալու պատասխանել բոլոր հարցերին, ասելով, որ իրենք ոչ շատ խելացի են, ոչ էլ շատ փորձառու: Սակայն նա ասաց երիտասարդներին, որ եթե նրանք շփվեն միմյանց հետ, փնտրելով Սուրբ Հոգու ընկերակցությունը, ապա նրանք կստանան մտքեր և զգացումներ, տպավորություններ և ոգեշնչում` Սուրբ Հոգու զորությամբ:7

Սուրբ Հոգին է ուսուցիչը: Դա Նրա սուրբ կոչումն է` ուսուցանել, հաստատել և վկայել Հոր և Որդու մասին8 և բացահայտել «ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ»:9 Որքան մեծ պարգև է երիտասարդների համար Հոգու միջոցով ստանալ հաստատուն գիտելիք, որ Աստված իրենց Հայրն է և որ Նա գիտի նրանց, սիրում է նրանց և մի փառահեղ ծրագիր ունի նրանց համար: Որքան մեծ պարգև է երիտասարդների համար Հոգու միջոցով ստանալ հաստատուն գիտելիք, որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է և որ Նրա հանդեպ հավատքի միջոցով և Նրա Քավության միջոցով նրանք կարող են ապաշխարել և մաքրվել բոլոր մեղքերից, բժշկվել բոլոր ցավերից և տառապանքից, և հնարավորություն ունենալ աճելու, առաջադիմելու և հասնելու իրենց աստվածային ճակատագրին: Հոգին Աստծո սիրո լեզուն է: Մենք քարոզում ենք ավետարանը Հոգով, որպեսզի երիտասարդ տղաներն ու աղջիկները կարողանան ստանալ Հոգով,10 որ կարողանան տեսնել, զգալ, իմանալ և պատմել Փրկչի մասին և կանգնել որպես Նրա վկաները, ինչպես կանխատեսել էին մարգարեները:11

Եղբայրներ և քույրեր, ես շատ բան պետք է սովորեմ ուսուցանելու և սովորելու մասին, սակայն ես գիտեմ հստակ. մեր ժամանակակից մարգարեները, տեսանողներն ու հայտնողները ցույց են տալիս մեզ, որ մենք կարող ենք ուսուցանել և սովորել միասին` դարձի բերող ավելի մեծ զորությամբ և ավելի դիպուկ նպատակով: Վերջերս Պրովոյի Միսիոներական Ուսումնական Կենտրոնում ես ականատես եղա, թե ինչպես Տիրոջ առաքյալները կիրառեցին ուսուցանելու և սովորելու սկզբունքները, ինչը թույլ տվեց, որ Սուրբ Հոգին խոսի միսիայի նախագահների և նրանց կանանց սրտերի և մտքերի հետ, անհատապես և անձամբ յուրաքանչյուրի հետ` պատասխանելու նրանց հարցերին, ոգեշնչում սփռելու նրանց վրա, որպեսզի իմանան այն, ինչի կարիքն ունեն: Եկեղեցու ղեկավարները չկանգնեցին ամբիոնի մոտ` միայն ելույթ ունենալու համար, ինչպես ընդունված է որոշ պարագաներում: Նրանք ցուցադրեցին Տիրոջ կողմից կարգված սովորելու եղանակները՝ «ուսումնասիրելով և նաև հավատքով»:12 Տերը հրահանգում է. «Ուսուցիչ նշանակեք ձեր մեջ, և թող բոլորը միանգամից խոսնակ չլինեն. այլ տվյալ պահին թող մեկը խոսի, և թող բոլորը լսեն նրա ասածները, որ բոլորի խոսելուց հետո, բոլորը կարողանան միմյանցով շենանալ, և որ ամեն մարդ ունենա հավասար արտոնություն»:13

Տիրոջ նկարագրած ուսման նպատակը Հոգին հրավիրելն է, որ լինի ուսուցիչ, որպեսզի մեր երիտասարդները ոգեշնչվեն իրենց հուզող հարցերի պատասխաններով և Սուրբ Հոգին «ցույց կտա բոլոր բաները, որ [նրանք] պետք է անեն»:14

1. Պատրաստվեք սովորելու

Առաջինը` պատրաստվեք սովորելու: Կյանքում ինչ էլ որ անում ենք, պահանջում է նախապատրաստություն: Հավերժական կրթություն ձեռք բերելու համար մենք պետք է անենք ավելին, քան պարզապես դասարան հաճախելը: Փրկիչն ուսուցանել է նեփիացի ժողովրդին, որ նրանք պետք է խորհեն Իր խոսքերի վրա և աղոթեն` հասկացողություն ունենալու համար:15 Երիտասարդ Ջոզեֆ Սմիթը տեսավ Հայր Աստծուն և Հիսուս Քրիստոսին տեսիլքում, որովհետև նա քննում էր սուրբ գրությունները և խորհում խոսքերի վրա` «նորից ու նորից»:16 Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը մահացածների փրկագնման մասին տեսիլք ստացավ, որովհետև նա խորհում էր սուրբ գրության հատվածների վրա, որոնք կարդացել էր և ուսումնասիրել:17

Նույնիսկ մինչ դասարան մտնելը մենք հրավիրում ենք ուսանողներին աղոթել և խորհել Քրիստոսի խոսքերի վրա, որպեսզի նրանց մտքերն ու սրտերը պատրաստ լինեն ստանալու գիտելիքը Սուրբ Հոգու զորությամբ: Տերն ասել է. «Նախ փնտրիր ձեռք բերել իմ խոսքը, և հետո քո լեզուն պիտի արձակվի. հետո, եթե կամենաս, դու կունենաս իմ Հոգին և իմ խոսքը, այո’, Աստծո զորությունը մարդկանց համոզելու համար»18

2. Շենացնող փոխազդեցություն ունեցեք

Երկրորդը՝ շենացնող փոխազդեցություն ունեցեք: Հրավիրելով դասարանի մասնակցությունը մենք երիտասարդներին ձայն ենք տալիս: Երբ նրանք միասին սովորում են մարգարեների խոսքերից, պատասխանում են ոգեշնչված հարցերին, քննարկում իրենց մտքերն ու տպավորությունները և արձագանքում իրենց հասակակիցների հարցերին ու մտահոգություններին, Տիրոջ Հոգին լուսավորում է նրանց մտքերը և ընդարձակում` հասկացողությունը:19 Նրանք սովորում են խոսել Տիրոջ անունով, «զգուշությամբ, և Հոգու դրդմամբ»:20 Կիսվելով այն բաներով, որոնք Տիրոջ Հոգին է ուսուցանում, օգնում է նրանց հաղթահարել վախը և զորացնել մեկը մյուսին` ի պաշտպանություն բարոյական բարձր չափանիշների և արդարության: Նրանք պատրաստվում են արձագանքել այն մարդկանց, ովքեր հարցականի տակ են դնում իրենց հավատքը, ծաղրում նրանց, կամ մեղադրում հնաոճ լինելու կամ սահմանափակ մտածելակերպ ունենալու մեջ:

Հետաքրքիր է նկատել, որ բազմաթիվ անգամներ սուրբ գրություններում նոր կանչվող մարգարեն իրեն անհամապատասխան է զգում` խոսելու: Ենովքը բացականչել է. «Ես … մի պատանի եմ միայն, և բոլոր մարդիկ ատում են ինձ»:21 Բայց Տերը, կարծես, շատ չի մտահոգված թուլությամբ կամ խոչընդոտներով: Նա պատասխանում է. «Առաջ գնա և վարվիր ինչպես պատվիրել եմ քեզ… Բացիր բերանդ, և այն կլցվի, և ես կտամ քեզ արտասանություն»:22

Տերն ակնկալում է, որ բոլորն, ովքեր պահում են իրենց ուխտերը, կանգնեն որպես Իր վկաները: Նա ասում է. «Բացեք ձեր բերանը և այն պիտի լցվի, և դուք կդառնաք ճիշտ ինչպես Նեփին` հնում»:23

Ինչ վերաբերում է Նեփիին` հնում, հայր Լեքին բացատրել է. «Այդ նա չէր, այլ Տիրոջ Հոգին էր, որը նրա մեջ էր, որը բացեց նրա բերանը խոսելու համար, որ նա չկարողացավ փակել այն»:24

Տնից բացի, երևի ավելի լավ վայր չկա` քաջալերելու երիտասարդներին խոսելու Տիրոջ անունով, «սրտի հանդիսավորությամբ, հեզության ոգով»,25 քան սեմինարիայի և ինստիտուտի դասարանում իրենց հասակակիցների հետ: Մենք հրավիրում ենք նրանց շենացնող փոխազդեցություն ունենալ, որ նրանք «միշտ պատրաստ [լինեն] հեզությամբ և երկյուղածությամբ պատասխան տալու ամենին, որ [իրենց] մեջ եղած լույսի համար պատճառ հարցնէ»:26

3. Հրավիրեք գործելու

Երրորդ՝ հրավիրեք գործելու: Ավետարանով ապրելու շնորհիվ է, որ խոսքերը, որոնք խոսում են երիտասարդ տղաներն ու աղջիկները, ճիշտ են հնչում: Գործելու հրավերը` Փրկչին հետևելու ուխտերը պահելու հրավեր է, որ գործեն` անելով «ոչ կեղծավորություն, ոչ էլ խաբեություն Աստծո առաջ»:27 Դա հրավեր է մեր երիտասարդներին, որ արձագանքեն Հոգու դրդումներին և կիրառեն ավետարանի սկզբունքները գործնականում: Փրկիչն ուսուցանել է. «Եթե մէկը կամենում է [Աստծո] կամքն անել, նա կիմանայ այս վարդապետութեան համար»:28 Աստծո վկաները լինելու համար մեր երիտասարդները պետք է ներդաշնակ ապրեն իրենց գիտելիքի հետ:

Ինչպես և դուք, ես ականատես եմ եղել մեր երիտասարդների հավատքին, ովքեր հասկանում են, թե ինչ է նշանակում «ջերմեռանդ ներգրավված լինել… և շատ բաներ անել… և շատ արդարություն գործել»:29 Այդպիսի մի առիթ եղավ, երբ վերջերս ներկա գտնվեցի ռահվիրաների արշավին:

Երիտասարդները քաշ էին տալիս ձեռնասայլերը ԱՄՆ-ի Վայոմինգ նահանգի հենց այն արահետի մի հատվածով, որով նախկինում ռահվիրաներն են արշավել: Նրանք ժամանեցին Գրեյվլ Հիլ` «ամենաերկար վայրէջքը … Վինթեր Քուորթերսից դուրս եկած ճանապարհին»:30 Տարիներ առաջ` 1847 թվականի հուլիսի 9-ին, Բրիգամ Յանգի արշավախմբի ռահվիրաները ծանր շղթաներ էին կապել իրենց սայլերի անիվներին, որպեսզի վայրէջքի ժամանակ պահեին դրանք շուռ գալուց: Բայց երիտասարդ ռահվիրաների ընտանիքների դեպքում, որոնք այդ օրը քաշ էին տալիս ձեռնասայլերը, յուրաքանչյուր խմբից մի քանի անդամ տանում էին սայլն առջևից, մինչդեռ մյուսները հետևից կախված պահում էին այն, որպեսզի վերահսկողությունից դուրս չգա և չգլորվի լանջն ի վայր:

Դա ահավոր էր: Հենակետերն անկայուն էին ու խախուտ և ձեռնասայլերից կախվելը պահաջում էր ներդնել վերջին ուժերը: Ես օգնել չէի կարող ու բլրի ներքևում կանգնած դիտում էի, ջերմեռանդ աղոթքով իմ սրտում` որ ամեն ինչ լավ լինի:

Սայթաքելով մանրախիճից մի մեծ ժայռի վրայով առաջին ձեռնասայլն ապահով վայր իջավ: Այն պահին, երբ ես շրջվեցի, որ նայեմ, թե ինչպես է ցած իջնելու հաջորդ սայլակը, տեսա չորս երիտասարդների, որոնք վազքով անցան իմ կողքով` հետ մագլցելով սարը: Աչքերս լցվեցին արցունքներով, սիրտս համակվեց երախտագիտությամբ, երբ հասկացա, որ այն պահին, երբ նրանց սայլն ապահով ցած իջավ` հասավ գետնի մակարդակին, առանց որևէ խոսքի այս հավատարիմ երիտասարդները վազքով հետ սլացան` օգնելու հաջորդ սայլին: Այդպես շարունակ նրանք օգնեցին բոլոր սայլերն ապահով ցած իջեցնել: Նրանց ջանքերը ոգևորեցին ևս մի քանիսին` նույնը անել, և շատ ժամանակ չանցած, բոլոր ձեռնասայլերը հանգիստ կերպով իրենց ճանապարհին էին` դեպի երեկոյան ճամբարի վայրը:

Մեր երիտասարդները չէին պատկերացնում, որ Գրեյվլ Հիլում իրենց ցուցաբերած առաքինի օրինակը, ինչպես նաև իրենց վկայություններն այդ ճամփորդության ժամանակ, ինչպես խոսքերը, այնպես էլ գործերը, վկայություն են դարձել մի երիտասարդ տղայի համար, ով մեր հավատքից չէր: Ջեքն ավելի ուշ կիսվել է, որ երբ նա քաշ էր տալիս ձեռնասայլերը, նա հասկացավ, որ մորմոնները կեղծավորներ չեն, ինչպես ինքը կարծում էր: Նա տեսավ և զգաց, որ նրանք անկեղծ են: Նրանք ապրում են համաձայն նրա, ինչին հավատում են: Ջեքը զգաց Հոգին և որոշեց մասնակցել միսիոներական զրույցներին:

Աստծո վկաները լինելու համար պարտադիր չէ, որ մեր երիտասարդները ձեռնասայլեր տեղափոխեն քարքարոտ սարալանջից ցած, սակայն նրանք հաճախ հզոր ընդդիմության են հանդիպում, երբ քաջարի կերպով ձգտում են պաշտպանել ճշմարտությունն ու արդարությունը: Ուսուցիչները դասարաններում կարող են օգնել երիտասարդ տղաներից և աղջիկներից յուրաքանչյուրին` հավատք գործադրել առ Քրիստոսը և ստանալ Սուրբ Հոգին: Օգնեք նրանց պատրաստվել սովորելուն` սնվելով Քրիստոսի խոսքերով: Շենացնող ներգործություն ունեցեք` խոսելով Քրիստոսի խոսքերը: Հրավիրեք գործելու` հնազանդվելով Քրիստոսի խոսքերին, որպեսզի նրանք լցված լինեն Տիրոջ Հոգով: Եվ Սուրբ Հոգու զորությամբ նրանք կկարողանան Քրիստոսի վկաները լինել, ովքեր ասում են այն, ինչ Նա կասեր, անում են այն, ինչ Նա կաներ և դառնում են նույնիսկ Նրա նման:

Ես վկայում եմ, որ Աստված մեր Հայրն է և Նրա սերը մեզանից յուրաքանչյուրի հանդեպ կատարյալ է: Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսը Աստծո սուրբ Որդին է, մեր Փրկիչն ու Քավիչը, և որ Նրա սերը մեր հանդեպ կատարյալ է: Ես վկայում եմ, որ կատարյալ սիրով Հայրն ու Որդին հայտնվեցին մարգարե Ջոզեֆ Սմիթին և երկրի վրա վերականգնեցին Հիսուս Քրիստոսի ավետարանի օրենքներն ու արարողությունները: Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը ճշմարիտ մարգարե է, ով առաջնորդում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին այսօր: Ես վկայում եմ, որ եթե մենք հավատք գործադրենք առ Քրիստոսը և ստանանք Սուրբ Հոգին, մենք բոլորս կարող ենք կանգնել միասին որպես Նրա վկաները: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Տպել