Գրադարան
Հանգստության օրը


Հանգստության օրը

Սեմինարիաներ և Կրոնի Ինստիտուտներ. Արբանյակային հեռարձակում • օգոստոս 4, 2015

Հաճելի է լինել ձեզ հետ այսօր և այսքան լավ ուսուցում ստանալ: Ես իսկապես ուրախ եմ լինել այստեղ: Հուսով եմ, որ դուք բոլորդ գիտեք, որ ես սիրում եմ ձեզ, խորապես գնահատում և հարգում եմ ձեզանից յուրաքանչյուրին և այն ամենը, ինչ դուք անում եք: Հատկապես հաճելի է, որ այստեղ է նաև իմ կինը` Քրիստին: Այսօր մեր հարսանիքի 25-րդ տարեդարձն է և մենք մտածեցինք, որ շատ ուրախ կլիներ տոնել այն մեր ամենամոտ 98.000 ընկերների հետ: Դուք ձեր ամուսինների հետ իրոք հրաշալի աշխատանք եք կատարում այս կազմակերպության մեջ: Շնորհակալություն եմ հայտնում ձեր բոլոր ներդրումների համար, ինչպես նաև շնորհակալություն այստեղ լինելու համար: Հրաշալի է լինել այս աշխատանքի մի մասը` ձեր բոլորի հետ միասին:

Եկեղեցու վերջին գերագույն համաժողովի առնչությամբ Եկեղեցու Բարձրագույն Իշխանավորների համար անցկացվեց ուսուցում` «Հանգստության օրը սուրբ պահել և այն բերկրանք դարձնել» թեմայով: Եկեղեցու նախագահող քվորումի անդամները միավորել են իրենց ջանքերը` աշխարհով մեկ ուսուցանել` Եկեղեցում և տանը կիրակի օրը սուրբ պահելու կարևորության մասին: Ուսուցում է անցկացվել տարածքային, համակարգման և ցցի խորհուրդներում: Ցցի նախագահներն ուսուցանել են եպիսկոպոսներին, իսկ նրանք միասին կշարունակեն ուսուցանել իրենց ցցի և ծխի անդամներին:

Եկեղեցու առաջնորդների համար նախատեսված ուսուցումը

Բարձրագույն Իշխանավորների ուսուցման մի շարք տեսանյութեր տեղադրվել են մեր վեբկայքում1 Հուսով եմ, դուք ուշադիր կդիտեք այն և կօգտագործեք այդ կարևոր նյութերըը: Այսօր ես կկամենայի, որ դուք դիտեիք երկու հատված այս ուսուցումից: Նախ` կլսեք Նախագահ Ռասսել Մ. Նելսոնին: Նրա ելույթից հետո կլսեք Երեց Մ. Ռասսել Բալլարդին:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոն. «Սիրելի քույրեր և եղբայրներ: Ես արտահայտում եմ իմ մեծ սերն ու հիացմունքը ձեզանից յուրաքանչյուրի հանդեպ: Առաջին Նախահությունը այս առավոտ կենտրոնացել է մի մեծ մտահոգության վրա, որ մենք բոլորս ունենք նրանց համար, ովքեր մոլորված են, անհայտ և քիչ ակտիվ: Կենտրոնանալով այդ խնդրի վրա՝ մենք կկենտրոնանանք նման խնդիրների կանխարգելման վրա: Եվ այսպես, այսօրվա և վաղվա նիստերի ժամանակ մենք պատրաստվում ենք մեծապես կենտրոնանալ Աստծո հանդեպ հավատքի, Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի, ինչպես նաև Նրա Քավության հանդեպ հավատքի ձևավորման վրա: … Որպես Նրա կարգված Առաքյալներից մեկը, ես իսկապես երախտապարտ եմ, որ ինձ հանձնարարված է ելույթ ունենալ այս թեմայի վերաբերյալ: Կիրակի օրը սրբագործելու, նվիրագործելու և այն սուրբ պահելու Տիրոջ պատվիրանը մի պարտականություն է, որը մենք ստանձնում ենք շատ լրջորեն և բառացիորեն: Եթե մենք իրոք կարողանանք այդ անել, մենք կօգնենք մեր անդամներին զարգացնել հավատք առ Տերը և խորապես դարձի գալ դեպի Նա և Նրա Եկեղեցին: … Երբ մենք ավելի լավ սովորենք, թե ինչպես նվիրագործել Հանգստության օրը, հավատը կաճի ողջ աշխարհում:

Երեց Մ. Ռասսել Բալլարդ. «Սիրելի եղբայրներ և քույրեր, մենք ողջունում ենք ձեզ` գերագույն համաժողովի այս կարևոր ուսուցմանը: Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը շատ ժամեր են անցկացրել վերջին մի քանի ամիսների ընթացում` ուսումնասիրելով առկա հետազոտությունը, որը վերաբերում է Եկեղեցու վարդապետությանն ու սկզբունքներին, որոնք մեծացնում են հավատքը Երկնային Հոր հանդեպ, Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության հանդեպ: Ինչպես հավանաբար տեղյակ եք, մենք շարունակում ենք մտահոգվել տևական դարձի, ուխտերի պահպանման, բազմասերունդ հավատարիմ ընտանիքների և Եկեղեցու հոգեպես ուժեղ անդամների մասին: Մենք որոշեցինք, որ փրկության աշխատանքի ներկայիս փուլը արագացնելու համար բոլոր կազմակերպչական կամ քաղաքականության փոփոխության և վարդապետական ուսուցման քայլերից ամենաազդեցիկը, որը անդամներին և ընտանիքներին ավելի մոտ կպահի Տիրոջը` Հիսուս Քրիստոսին, կլինի հանգստության օրվա ոգին ու զորությունը բարձրացնելը:

Նախագահ Նելսոնը արտահայտեց իր մտահոգությունը անտարբերության և Հիսուս Քրիստոսի ու Նրա Քավության հանդեպ հավատի մեծացման անհրաժեշտության վերաբերյալ: Նա խոստացավ, որ «եթե մենք ավելի լավ սովորենք, թե ինչպես սուրբ պահել կիրակի օրը, հավատքը կաճի ողջ աշխարհում»:

Համոզված եմ, որ նկատեցիք նաև, որ Երեց Բալլարդն ասաց. « Մենք որոշեցինք, որ փրկության աշխատանքի ներկայիս փուլը արագացնելու համար բոլոր կազմակերպչական կամ քաղաքականության փոփոխության և վարդապետական ուսուցման քայլերից ամենաազդեցիկը, որը անդամներին և ընտանիքներին ավելի մոտ կպահի Տիրոջը` Հիսուս Քրիստոսին, կլինի հանգստության օրվա ոգին ու զորությունը բարձրացնելը»:2

Սեմինարիաների և Կրոնի Ինստիտուտների դերը

այս գործընթացում Սեմինարիաներն ու Կրոնի Ինստիտուտները Եկեղեցու Կրթական Խորհրդի կողմից հատուկ ուղղություն է ստացել աջակցելու այն սկզբունքների ուսուցմանը, որոնք վերաբերում են հանգստության օրը սուրբ պահելուն և վարդապետությանը, որը զուգորդվում է հաղորդության հետ և օգնել Եկեղեցու երիտասարդներին ու չափահաս երիտասարդներին` ձգտել ավելի լավ հասկանալու այդ սկզբունքները և ապրել դրանցով: Մենք պետք է այդ անենք` շեշտելով այս սկզբունքները, երբ նրանք բնականաբար կհայտնվեն մեր կողմից սուրբ գրությունների հաջորդական ուսուցման և դասընթացի կարճ նկարագրության մեջ: Մենք հրաշալի հնարավորություն ունենք` միավորելու մեր ջանքերը նրանց հետ, ում հանձնարված է առաջնորդել մեզ` որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ: Իսկ այդպես վարվելով, մենք ավելի լավ կիրականացնենք մեր նպատակը` օգնել երիտասարդներին և չափահաս երիտասարդներին` հասկանալ Հիսուս Քրիստոսի ուսմունքները և Քավությունը և ապավինել դրանց:

Որպես օրինակ, թե մենք ինչպես կարող ենք ուսուցանել հանգստության օրվան և հաղորդությանը առնչվող սկզբունքներն այնպես, որ մեծացնի հավատը Քրիստոսի հանդեպ, ես օրինակներ եմ ընտրել հիմնականում Հին Կտակարանից, քանի որ այս տարի շատերդ եք ուսուցանելու Հին Կտակարանը:

Հանգստության օրը

1. Հանգստության օրը Տիրոջ նշանն է մեզ համար

Մի կարևոր սկզբունք, որը վերաբերում է հանգստության օրվան, գտնվում է Ելից 31 գլխում:

«Անպատճառ իմ շաբաթները պահէք. Որովհետև սա մի նշան է իմ և ձեր մէջտեղը ձէր ազգերի մէջ, որ գիտենաք, թէ ես եմ Եհովան ձեզ սուրբ անողը …

Եվ Իսրայելի որդիքը պիտի պահեն շաբաթը … որ հավիտենական ուխտ անեն»:3

Գաղափարը, որ հանգստության օրը մեզ հետ կապած Աստծո ուխտի նշանն է, կարևոր է, քանի որ մեզանից յուրաքանչյուրը բախվում է հետևյալ խնդրին. «Ո՛չ մի անմաքուր բան չի կարող բնակվել Աստծո հետ»4, իսկ մենք գիտենք, որ «ամենքը մեղանչեցին, և Աստուծոյ փառքիցը պակասուած են»:5 Լուծումը, որը շարադրված է Վարդապետություն և Ուխտեր 60.7 հատվածում, հետևյալն է. «Ես կարող եմ ձեզ սուրբ դարձնել, և ձեր մեղքերը ներված են ձեզ»: Եվ դա, իհարկե, արվում է Հիսուս Քրիստոսի միջոցով, ով կենտրոնական անձն է Հոր քավության ծրագրում: Իսկ Պողոս Առաքյալն ուսուցանել է. «որովհետև մեծ գնով գնվեցանք»:6

Այդ գինը Աստծո կատարյալ որդու կյանքն էր, տառապանքը և մահը: Իսկ ո՞րն է այդ գնման ապացույցը: Ո՞րն է վարձքի հաշիվը: Հանգստության օրն է Աստծո` Իր զավակների հետ կապած ուխտի կատարման հավերժական նշանը, նշան, որ Նա կարող է մեզ սուրբ դարձնել:

2. Հանգստության օրը մեր նշանն է Տիրոջ համար

Հանգստության օրը ոչ միայն այդ գնման ապացույցն է և նշանը այն բանի, որ Տերը կսրբացնի մեզ, այլև նշան է մեզանիցՆրան, թե ինչպես ենք վերաբերվում այն ամենին, ինչ Նա արել է մեզ համար: Այն նաև նշան է` ինչպես ենք մենք վերաբերվում Նրա զոհաբերությանը, ինչպես ենք մենք վերաբերվում մեր ուխտերին:

Նախագահ Նելսոնը Եկեղեցու վերջին գերագույն համաժողովի ժամանակ ուսուցանել է. «Իմ ավելի երիտասարդ տարիքին ես ուսումնասիրել եմ այն մարդկանց աշխատությունները, ովքեր ցուցակ են կազմել այն բաների համար, որոնք պետք է անել և այն բաների, որոնք չպետք է անել Հանգստության օրը։ Ավելի ուշ ես սուրբ գրություններից իմացա, որ իմ վարքն ու վերաբերմունքը Հանգստության օրվա հանդեպ կազմավորում են մի նշան իմ և Երկնային Հոր միջև։ Դա իմանալով, ես այլևս կարիք չունեի այդ ցուցակի։ Երբ պետք է որոշում կայացնեի, թե արդյոք միջոցառումը համապատասխանում էր Հանգստության օրվան, թե ոչ, ես պարզապես ինքս ինձ հարց էի տալիս․ «Ի՞նչ նշան եմ ցանկանում փոխանցել Աստծուն»։ Այդ հարցը Հանգստության օրվա վերաբերյալ իմ որոշումները պարզից էլ պարզ էր դարձնում»:7

Հանգստության օրվան վերաբերող յուրաքանչյուր ընտրություն անհատական է. այն անձնական զոհաբերություն է` մեր երախտագիտության նշանը, որ Նա պատրաստ է մեզ սուրբ դարձնել: Առանց առաջարկելու նախատեսված անելիքների ցուցակը, ես կկամենայի ասել, որ ամբողջ աշխարհում ես հանդիպել եմ երիտասարդների և չափահաս երիտասարդների, որոնց ընտրությունն է եղել հանգստության օրը սուրբ պահելը: Շատերը նախընտրում են չաշխատել կիրակի օրը, մյուսները նպատակ են դրել կիրակի օրը դաս չսովորել: Մի երիտասարդ կին Թաիլանդում խիզախել էր կորցնել ընկերներին, քանի որ որոշել էր հանգստության օրը չմասնակցել հասարակական միջոցառումների (մի գաղափար, որի մասին նրա ընկերները նախկինում չէին լսել): Ես ճանաչում եմ մի հաջողակ ֆուտբոլիստի Կալիֆորնիայից, ով հակառակ իր մարզիչների և հասակակիցների ճնշմանը, վտանգի ենթարկելով կրթաթոշակ ստանալու հրաշալի հնարավորությունը, վճռել է չմասնակցել հանգստության օրերին կազմակերպվող սպորտային մրցումներին:

Ես վստահ եմ, որ Տերը կպատվի այս հրաշալի երիտասարդներին, քանի որ նրանք պատվել են Նրան` ընտրելով Սուրբ պահել Նրա օրը: Մենք կարող ենք ուսուցանել մեր ուսանողներին, որ հանգստության օրվա հանդեպ մեր վերաբերմունքն ու գործողությունները նշան են Տիրոջն այն մասին, թե մենք ինչպես ենք վերաբերվում մեր ուխտերին և, որ «հանգստության օրը սուրբ պահելը խորհրդանիշն է այն բանի, որ մենք ամբողջությամբ պահում ենք ուխտը»:8

3. Հանգստության օրը բերկրանք է

Մեկ այլ սկզբունք Հին Կտակարանից.

«Եթե ետ դարձնես շաբաթից քո ոտքը, որ բաղձանքդ չկատարես իմ սուրբ օրը, և շաբաթը կոչես զվարճություն և Տիրոջը նվիրված` պատվական, և նորան պատվես` քո ճանապարհները չկատարելով, և քո բաղձանքը չլրացնելով և դատարկաբանություն չանելով.

Այն ժամանակ կզվարճանաս Տէրովը»:9

Ելից 16 գլուխը այս սկզբունքի մի գեղեցիկ օրինակ է պարունակում: Երբ Իսրայելի զավակները բողոքում էին սովից ու ցանկանում էին վերադառնալ Եգիպտոսի «մսի կաթսաների» մոտ, Տերն ասաց.

«Ես ձեզ երկնքիցը հաց պիտի տեղամ, և ժողովուրդը վեր կենայ` և օրվայ պէտք եղածը նույն օրը ժողովէ, որ փորձեմ նորանց թէ իմ օրէնքի համեմատ պիտի գնան` թէ ոչ:

«Եւ լինի որ վեցերորդ օրը, երբոր իրանց բերածը պատրաստեն, նա նորանց ամեն օրվայ ժողովածների կրկինը լինի»:10

Գոյություն ունեն առնվազն երկու լրացուցիչ սկզբունքներ այդ հատվածներում: Մեկն այն է, որ Տերը փորձում է մեր հնազանդությունը կիրակի օրը սուրբ պահելով: Մյուսն այն է, որ Տերը պահպանում և մեզ համար ուղի է պատրաստում, որպեսզի մենք կարողանանք պահել Նրա պատվիրանները: Մտածեք այն մասին, թե ինչպես է դա իրականացնում այն խոստումը, որ կիրակի օրը բերկրանք է: Եթե դուք աշխատել եք ամեն օր, հավաքելով մանանա` ողջ մնալու համար և մի օր Տերն ասել է. «Դու չպիտի աշխատես այսօր, բայց ես կկերակրեմ քեզ այնպես, կարծես թե դու աշխատել ես», մի՞թե սա բերկրանք չէր լինի»:

Ես լսել եմ այս պատմության ժամանակակից տարբերակը, որն ինձ պատմել են Քույր և Եղբայր Բիչերները` մի միսիսոներական զույգ, որ ծառայել էր Աֆրիկայում: Նրանք գրել են.

«Մենք ապրում ենք Քենիայում` Ուգանդայի սահմանին գտնվող մի աղքատ վայրում: Մեր ճյուղի նախագահներից մեկը ֆերմեր է և ապրում է իր գերդաստանի հետ: Նա երիտասարդ է և ունի փոքր ընտանիք: …

«… Նրա ճյուղում կան անդամներ, ովքեր ասում են նրան … որ կիրակի օրերը չեն կարող գալ Եկեղեցի, որովհետև … նրանք վախենում են, որ եթե հեռանան տնից, հարևանները կգողանան իրենց բերքը: … Սա շատ ԻՐԱԿԱՆ մտահոգություն է … Փաստորեն մարդիկ սպասում են, մինչև իրենց մյուս հարևանները տնկեն, այսպիսով նվազեցնելով իրենց վաղ բերքը գողացվելու հավանականությունը: …»

«Նրանք նաև ասում են, որ չեն կարող կիրակի օրը գալ Եկեղեցի, որովհետև պիտի աշխատեն … քանի որ իրենք շատ աղքատ են»:

«Ճյուղի նախագահը շարունակում է. «Ես ասում եմ նրանց, կիրակի օրը գնում եմ տնից և երկար ժամեր անցկացնում Եկեղեցում: Ես չեմ աշխատում հանգստյան օրը: Ես գալիս եմ տուն և շատ հաճախ հայտնաբերում, որ գողացել են իմ եգիպտացորենը, իմ հավերը, դրանց ձվերը, իմ մրգերը, որովհետև նրանք քաղցած են և ուտելիք չունեն: Սակայն, երբ բերքի ժամանակը գալիս է, ես օրհնվում եմ, քանի որ իմ հողն ավելի շատ բերք է տալիս, քան նրանցը, չնայած նրանք աշխատում են ամեն կիրակի: Իմ հողն ավելի շատ բերք է տալիս, և ես օրհնված եմ, որովհետև ես սուրբ եմ պահում հանգստության օրը:

«Լսելով ճյուղի նախագահի այս մեկնաբանությունը, մեկ այլ ճյուղի նախագահ ասաց. «Ես կարող եմ հաստատել նույն բանը: Ես մշակում եմ երկու հեկտար եգիպտացորեն, իսկ իմ հարևանը` տասը հեկտար: Նա աշխատում է կիրակի օրերին, իսկ ես` ոչ: Բայց, երբ բերքի ժամանակը գալիս է, ես ավելի շատ եմ ստանում: Իմ հարևանը դիմում է ինձ և մթերք է խնդրում, որովհետև նրանը չի բավականացնում: Ես նույնպես, օրհնված եմ` ապրելով Հանգստության օրը սուրբ պահելու օրենքով»:11

Տիրոջ ճանապարհներն ավելի բարձր են, քան մերը և այդպես է նաև Նրա թվաբանությունը: Այն տարբերվում է մեր թվաբանությունից: Դա ճիշտ է տասանորդի դեպքում, այդպես չէ՞: Տասանորդի դեպքում 10 մինուս 1 հավասար չէ 9-ի. Տերն օրհնում է մեզ այն ամենով, ինչի կարիքը մենք ունենք և ավելին: Դա ճիշտ է նաև հանգստության օրվա դեպքում: Շաբաթն ունի յոթ օր, բայց յոթից վեց օր աշխատելը մեզ ապահովում է ավելի շատ ու ոչ պակաս այն ամենով, ինչի կարիքն ունենք: Դուք համարյա լսում եք, թե ինչպես է Տերն ասում. «Եվ ինձ մէկ փորձեցէք սորանով … թէ արդյոք չե՞մ բանալ ձեզ համար երկնքի պատուհանները և օրհնություն թափել ձեզ համար` մինչև որ նորա համար տեղ չլինի»:12

Հանգստության օրը ոչ միայն ֆիզիկական աշխատանքից հանգստանալու օր է, այլ նաև հոգևոր վերականգնման օր է: Այն աշխարհիկ հոգսերից հանգստանալու օր է:

Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթն ուսուցանել է, որ Տիրոջ հանգիստը մտնել նշանակում է «գալ Աստծո գիտությանը և սիրուն` հավատք ունենալով Նրա նպատակի և Նրա ծրագրի հանդեպ` չերերալով վարդապետության ամեն քամուցը, մարդկանց խաբեբայութիւնովը որ մոլորեցնեն խաբեբայության խորամանկութիւնովը»:13 (Մտածեք այդ խոստման ուժի մասին` կապված այն առաջնահերթության հետ, որով մենք օգնում ենք մեր ուսանողներին` փնտրելու ճշմարտությունր և տարբերելու ճիշտը սխալից:)

Եվ ես պիտի նշեմ մեկ այլ ծայրահեղ կարևոր նշանակություն ունեցող օրհնություն, որ տրված է այս սուրբ գրությունների վկայակոչումներում: Ելից 31 գլխում օգտագործվում է«սերնդե սերունդ» արտահայտությունը, իսկ Եսայիայի 58 գլխում խոստում կա, որ Տերը «կուտեցնի քեզ քո հայր Յակոբի ժառանգութիւնը»:15 Երբ դուք ուսումնասիրեք այս հատվածները և Եկեղեցու առաջնորդների կողմից նախատեսված ուսուցումը, դուք կհասկանաք, որ հանգստության օրը սուրբ պահելու մեծ օրհնությունները կանցնեն ձեր երեխաներին և թոռներին: Յուրաքանչյուր կիրակին հնարավորություն է` ուսուցանել ձեր երեխաներին այն, ինչին դուք առաջնահերթություն եք տալիս կյանքում և, որ դուք պատրաստ եք զոհաբերել անձնական ցանկությունները, որպեսզի պահեք Տիրոջ պատվիրանները:

Սա մեծ օրհնություն կլինի նրանց համար: Այն կօգնի ստեղծել Հիսուս Քրիստոսին հավատարիմ հետևորդների բազմասերունդ գերդաստաններ: Երբ մենք իմանանք այս և այլ օրհնությունների մասին, որոնք զուգորդվում են հանգստության օրը սուրբ պահելու հետ, ինչպե՞ս կարող է այն բերկրանքի չվերածվել:

4. Հանգստության օրը մեզ անբիծ է պահում աշխարհից

Մեկ այլ սկզբունք, որը վերաբերում է հանգստության օրը սուրբ պահելուն, գտնվում է Վարդապետություն և Ուխտերի 59 բաժնում. «Եվ որ դու կարողանաս էլ ավելի անբիծ պահել քեզ աշխարհից, դու պետք է գնաս աղոթքի տուն և քո հաղորդությունները մատուցես իմ սուրբ օրը»:16

Հին Կտակարանում գոյություն ունեն շատ հնարավորություններ` ուսուցանելու այս սկզբունքը: Օրինակ, երբ ուսուցանեք Աբրահամի ուխտը, հնարավորություն կունենաք մեր երիտասարդներին սովորեցնել` լինել աշխարհում, բայց ոչ աշխարհից: Մեկ այլ հնարավորություն կլինի, երբ ուսուցանեք Ա Թագավորաց 8 գլուխը:

Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալն օգտագործել է այս բաժինը` ուսուցանելու մի խորիմաստ դաս: Նա ասել է.

«Տերը և իր մարգարե Սամուելը հիասթափված էին և վշտացած … Բայց ժողովուրդը աղաղակելով թագավոր էր պահանջում, որ «մենք բոլոր ազգերի պէս լինենք»: 

«Մենք այնքան էլ չենք տարբերվում նրանցից այսօր: Մենք ցանկանում ենք աշխարհի թովչանքներն ու քմահաճույքները` ոչ միշտ գիտակցելով մեր հիմարությունների համար տրվող պատիժները: Ոչ անդամները [զվարճություն են փնտրում հանգստության օրը և, այսպիսով, մենք էլ ենք ուզում զվարճանալ], չնայած շատ դեպքերում դա նշանակում է հրաժարվել հանգստության օրվա գործերից և խախտել Տիրոջ սուրբ օրը: Մեր ժամանակակիցները կազմակերպում են հեթանոսական հարսանիքներ, մենք ուզում ենք նմանակել նրանց ոճն ու օրինակը, չնայած որ այն փառավորում է աշխարհիկ հմայքը և տեսադաշտից հեռացնում իրական ամուսնության հանդիսավորությունը: 

«Հագուստը և այլ մոդայիկ ոճերը ստեղծում են գռեհիկ և փողապաշտ մարդիկ և պատճառ դառնում, որ ընթացիկ հագուստի ոճը համարվի հնաոճ և ստիպում մեզ հագնվել վերջին մոդայով: … Իսկ մենք ավելի լավ է մեռնենք, քան թե չհագնվենք վերջին մոդայով: … Մենք պետք է թագավոր ունենանք ուրիշ ազգերի պես:

Տերն ասում է, որ նա կունենա իրեն պատկանող ժողովուրդ, բայց մենք չենք ցանկանում իրեն պատկանել: …

Երբ, օ՜հ, երբ են մեր Վերջին Օրերի Սրբերը ամուր կանգնելու իրենց ոտքերի վրա` ստեղծելով իրենց սեփական չափանիշները, հետևելով պատշաճ օրինակներին և ապրելով իրենց սեփական չափանշված կյանքով, որը կհամապատասխանի ավետարանի ներշնչված օրինակներին»:17

Մինչ մեր երիտասարդները պայքարում են աշխարհիկ փիլիսոփայությունների և ավանդույթների, աշխարհի չափանիշների և ոճերի դեմ, օգնեք նրանց տեսնել, որ մենք պիտի լինենք Տիրոջը պատկանող ժողովուրդ` աշխարհի ազդեցություններից ազատ:18 Օգնեք նրանց տեսնել, որ հանգստության օրը սուրբ պահելը մի ուղի է դրա կատարման համար, մի ուղի` անբիծ մնալու աշխարհից:

Հաղորդությունը

Հաղորդության նպատակը

Թույլ տվեք հիմա անցում կատարել և մի քանի րոպե խոսել հաղորդության նպատակի վերաբերյալ:

Մենք ճաշակում ենք հաղորդությունը` ի հիշատակ Որդու մարմնի և արյան: Սա այն պատճառն է, որ Տերն Ինքը տվեց հաղորդության վերաբերյալ, երբ Նա անձամբ հաստատեց այդ` թե՛ Սուրբ Երկրում, թե՛ Ամերիկյան մայրցամաքում:19 Սա ամեն շաբաթ պիտի լինի մեր փորձառության կարևոր մասը: Հաղորդությունը հնարավորություն է հիշելու Նրան և այն ամենը, ինչ Նրա մարմինը և Նրա արյունը ներկայացնում են. Նրա իսկական Հարությունը, մեր մեղքերից փրկագնումը և ողորմածությունը, որը բավարար է դիմակայել կյանքի մարտահրավերներին:

Մենք վկայում ենք Աստծուն` Հավերժական Հորը, որ պատրաստ ենք վերցնել Նրա Որդու անունը մեզ վրա և պահել Նրա պատվիրանները` այսպիսով նորացնելով մեր բոլոր ուխտերը. Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե յուրաքանչյուրս այդ ոգով ճաշակեինք հաղորդությունն ամեն շաբաթ: Հաղորդության ժողովըհոգևոր տոն kլիներ, որի գագաթնակետը կլիներ Տիրոջ խոստումը, որ մենք «կունենանք Նրա հոգին մեզ հետ»` բերելով հույս, ամոքում, զորություն, սփոփանք և ներում:20

Բոլորս ներման և բուժման կարիք ունենք, իսկ մեզանից ոմանք կարիք ունեն ներելու և թողնելու այն չար զգացմունքները, որոնք մեզ չափազանց երկար են ետ պահել: Քավությունն ու հաղորդությունը մեզ հնարավորություն են տալիս անել այդ հիմա:

Գոյություն ունեն հնարավորություններ` ուսուցանելու հաղորդության նպատակները սուրբ գրությունների միջոցով և մեր բոլոր դասընթացների ընթացքում: Ես կառաջարկեի, որ մենք փնտրենք առնվազն երկու հատուկ ուղիներ սա անելու համար: Մեկը այն է, որ ամեն անգամ, երբ մենք ուսուցանում ենք Փրկիչի խորհրդանիշերից ու նշաններից որևէ մեկը մենք հնարավորություն ենք ունենում ուսուցանել հաղորդության նպատակը: Եվ երկրորդը, ամեն անգամ, երբ մենք ուսուցանում ենք սկզբունքներ, որոնք կապված են ուխտերի հետ, մենք հնարավորություն ենք ունենում կիրառել այդ սկզբունքները հաղորդության համար:

Թույլ տվեք կիսվել միայն մեկ օրինակով` այս երկու հնարավորություններից յուրաքանչյուրի վերաբերյալ (կրկին Հին Կտակարանից):

1. Նշաններ և խորհրդանիշեր, որոնք մարմնավորում են Հիսուս Քրիստոսին

Առաջին օրինակը, որը պարզաբանում է` օգտագործելով Փրկիչի խորհրդանիշերն ու նշանները, գտնվում է Ղևտացոց 1գլխում: Այնտեղ Տերը սովորեցնում է Իսրայելի զավակներին զոհաբերությունը կամավոր բերել Տիրոջ առաջ: Զոհաբերությունը պիտի լիներ կենդանի` անարատ արու, որը պիտի մատուցվեր, որպեսզի քավություն բերեր այն մարդուն, ով եկել էր երկրպագելու: Ապա մարդը մորթում էր կենդանուն, իսկ քահանան արյունը ցանում էր զոհասեղանի կողքերին:21

Հեշտ է տեսնել խորհրդանշանակությունը և դրա կապերը հաղորդության հետ և հասկանալ, որ մինչ անձը սրբացվում էր, Տերն Իր վրա էր վերցնում նրա չարչարանքները, վշտերը և մեղքերը: Կարծում եմ, որ զարմանալի պարադոքս է այն, որ արդարները նրանք են, «ում հանդերձները ճերմակ են Գառի արյան միջոցով»:22 Բայց «Տիրոջ զգեստները կլինեն կարմիր և նրա հանդերձները նրա պես»: Նա ասաց, որ «նրանց արյունն իմ հանդերձների վրա ցանեցի և բոլոր իմ զգեստը բծոտեցի»:23

Տպավորիչ կլիներ հետևյալ տեսարանը. Տերը կարմիր զգեստներով` շրջապատված սպիտակազգեստ հրեշտակներով: Հիսուս Քրիստոսի տառապանքների շնորհիվ, «եթե ձեր մեղքերը կրկնակի կարմիրի պես լինին, ձիւնի պէս պիտի սպիտականան. Եթե նորանք որդան կարմիրի պէս լինին, ասրի պէս սպիտակ պիտի լինին»:24

Հաջորդը` զոհը մասնատվում էր. առանձնացվում էր գլուխը, փորոտիքը, ոտքերը և ճարպը:25 Գլուխը ներկայացնում էր մեր խոհերը, փորոտիքը` մեր սիրտը, մեր զգացմունքները, իսկ ոտքերը` մեր գործողությունները: Այս սիմվոլիզմը մեզ հիշեցնում է հաղորդությունը, երբ մենք հանձն ենք առնում սիրել Տիրոջը մեր ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով:26

Այլ խոսքերով, ինչպես Երեց Նիլ Ա. Մաքսվելն է ուսուցանել. «Իսկական, անձնական զոհաբերությունը երբեք էլ չի եղել կենդանուն զոհասեղանի վրա դնելը: Փոխարենը, այն պատրաստակամությունն է մեր միջի կենդանականը դնել զոհասեղանի վրա և թույլ տալ, որ այն սպառվի»:27

Մենք կարող ենք նաև օգտագործել քահանաների դերը. «Ահարոնի որդիները»28 պիտի սովորեցնեն մեր երիտասարդ տղամարդկանց այն դերի կարևորությունը, որը նրանք կատարում են հաղորդության ընթացքում: Ուսուցանեք մեր քահանաներին, որ նրանք Ահարոնի որդիներն են, որ նրանք պիտի տարբերվեն աշխարհից, որ նրանք պետք է ներկայացնեն Փրկիչին: Ուսուցանեք Ահարոնյան Քահանայության ուսուցիչներին, որ նրանք պիտի կանգնեն Հովսեփ Արիմաթիացու տեղում` պատրաստելով Քրիստոսի մարմինը: Ձեզանից ոմանք ունեցել են մահացածի մարմինը թաղմանը նախապատրաստելու սուրբ փորձառությունը: Կարո՞ղ եք պատկերացնել Հովսեփ Արիմաթիացու ունեցած սուրբ փորձառությունը:29) Օգնեք մեր երիտասարդ տղամարդկանց հասկանալ, որ հաղորդության ժողովը հիշատակի ծառայություն է` ի հիշատակ Փրկիչի:

Ցցի նախագահներից մեկը ուսուցանել է այս գաղափարը քվորումի ուսուցիչներին: Հիմա նրանց 15-ամյա ուսուցիչների քվորումի նախագահը հրավիրում է ողջ քվորումին ամեն կիրակի 30 րոպե շուտ գալ Եկեղեցի` նախքան հաղորդության ժողովի սկսվելը, որտեղ նրանք կարդում են սուրբ գրություններ և աղոթում միասին, ապա պատրաստում հաղորդությունը` որպես քվորում:

Մենք կարող ենք ուսուցանել մեր սարկավագներին այն դերը, որը նրանք կատարում են: Կարո՞ղ եք պատկերացնել, որ դուք այն մարդկանցից մեկն եք, ով ուսերի վրա տանում է Փրկիչի մարմինը Նրա հիշատակի ծառայության ժամանակ:

Օգնեք նրանց բոլորին հասկանալ, որ նրանք մեծարում են իրենց քահանայությունը այն ուղիներով, որոնք օգնում են մեզանից յուրաքանչյուրին մոտենալու հնարավորություն ունենալ Գեթսեմանիում թափված արյանը և ստանալ ներումն ու բուժումը, որ այն ապահովում է:

2. Ուխտերի մասին ուսուցանելը մեզ հնարավորություն է տալիս ուսուցանել հաղորդության մասին

Մեկ այլ հնարավորություն կուսուցանի հաղորդությունը, երբ մենք ուսուցանենք ուխտերի հետ կապված սկզբունքները:

Սրա վերաբերյալ մի օրինակ գտնվում է Ովսեի գրքում, որն օգտագործում է ամուսնու, նրա հարսնացուի, նրա դավաճանության և ամուսնության ուխտի փորձության խորհրդանիշերը, որպեսզի ուսուցանի մեզ մեր ուխտի կապը Երկնային Հոր հետ: Տերը ասել է Ովսեին. «Դու գնա եւ քեզ համար մի պոռնիկ կին առ եւ պոռնկության որդիներ»:30 Այսպիսով, Ովսեն առավ Գոմերին որպես իրեն կին: Բայց նրա հետ ամուսնանալուց, նրան պահելուց և սեր ցուցաբերելուց հետո, Գոմերը վերադարձավ իր նախկին ապրելակերպին ու դավաճանեց իրեն:

Ի՞նչ կզգայիք դուք, եթե Ովսեի տեղում լինեիք: Եվ այնուամենայնիվ, լսեք, թե ինչպես է Ովսեն արձագանքում այս դավաճանությանը:

«Ես նրան կհամոզեմ, և նրան կտանեմ անապատը ու կխօսեմ նորա սրտի հետ»:

Եվ ես կտամ նրան …իր այգիները»:31

Իսկ հետո սուրբ գրության այս պատմության մեջ մի փոփոխություն է տեղի ունենում Ովսեից և Գոմերից դեպի Տերը և Իսրայելի ուխտը, երբ Նա ասում է մեզ. « Ես քեզ պիտի նշանեմ ինձ համարհավիտեան. և քեզ պիտի նշանեմ ինձ համար արդարութիւնով և իրաւունքով, և ողորմութիւնով ու գթութիւնով»:32

Այն ըմբռնումը, որով Ոսեն վերաբերվում էր իր ուխտին, և գիտակցումը, որ Տերը հենց այդ ձևով է վերաբերվում մեզ հետ կապած Իր ուխտին, մեծապես օրհնել է ինձ:

Ես առաջին անգամ սովորեցի սիրել այս պատմությունը Նախագահ Հենրի Բ. Այրինգի ելույթի շնորհիվ: Ձեզանից ոմանք, հավանաբար, այնտեղ էին, երբ նա ասաց հետևյալը սեմինարիայում Հին Կտակարանի ուսուցման իր փորձառության մասին. «Բացի բոլոր այն պատճառներից, որ ես կարող եմ բացատրել, այն օրերին, երբ ես ուսուցանում էի Ովսեի գիրքը, ես զգացի ինչ-որ նոր բան, ինչ-որ հզոր բան: Սա գործընկերների միջև գործարք կնքելու պատմություն չէր: Սա սիրո պատմություն էր: Սա պատմություն էր ամուսնական ուխտի մասին, որը կապված էր սիրով՝ ամուր սիրով: Այն, ինչ ես զգացի այն ժամանակ, և այդ զգացումն աճել է տարիների ընթացքում, այն էր, որ Տերը, ում հետ ես օրհնված եմ ուխտեր կնքելու, սիրում է ինձ և ձեզ և նրանց, ում մենք ուսուցանում ենք, հաստատակամությամբ, որով ես մշտապես հիանում եմ և որին ես ցանկանում եմ իմ ողջ սրտով հետևել:33

Այս պատմության հետ կապված շատ բաներ կան, բայց ձեզ եմ թողնում Նախագահ Այրինգի հրաշալի ելույթի ընթերցումը, որը նա տվել է 1995 թվականի ՍևԻ գիտաժողովում: Իմ կարծիքով մենք հնարավորություն ունենք ուսուցանելու ուխտերը: Իսկ երբ մենք անենք այդ, եկեք օգնենք մեր ուսանողներին զգալ այն, ինչը Նախագահ Այրինգն էր զգացել, որ Աստված սիրում է մեզ, և որ Նրան շատ դուր է գալիս մեզ օրհնելը մեր ուխտերի միջոցով: Երբ մենք սկսում ենք հասկանալ, որ արարողություններն ու ուխտերը Աստծո սիրո և մեզ վեհացնելու նրա ցանկության խորհրդանիշերն են, մենք ընդմիշտ փոխվում ենք հաղորդության միջոցով:

Եզրափակում {

Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ կպատահեր, եթե Եկեղեցու երիտասարդներն ու չափահաս երիտասարդները մասնակցեին հաղորդության ժողովին ամեն շաբաթ և իրոք հիշեին Փրկիչին, երախտագիտություն զգալով Նրա Քավության համար, վկայելով Հորը, որ նրանք կկրեն Փրկիչի անունը ամեն օր և կձգտեն պահել Նրա պատվիրանները և կապրեն Սուրբ Հոգուն արժանավոր կյանքով: Իսկ հետո` շաբաթվա ընթացքում, նրանք կմասնակցեին սեմինարիայի և ինստիտուտի դասերին, որոնք կենտրոնացած կլինեին Երկնային Հոր ծրագրում Փրկիչի կենտրոնական դերի վրա և կհիշեցնեին նրանց Հիսուս Քրիստոսի հետևորդը լինելու իրենց հանձնառության մասին: Իսկ եթե իրենց տներում նրանք խոսեին այս բաների մասին իրենց ծնողների հետ, միասին պլանավորեին կիրակին դարձնել շաբաթվա առանցքային օրը:34 Դժվար է պատկերացնել Տիրոջ օրհնությունների չափը, որ սպասում են մեզ:

Թույլ տվեք ավարտել իմ վկայությամբ, որ եթե մենք պիտի սովորեցնենք այս վարդապետությունը զորությամբ, արդյո՞ք մենք պիտի նախ ապրենք դրանով: Եթե մենք սուրբ պահենք կիրակի օրը և հիշենք Փրկիչին, երբ մենք նորացնում ենք մեր ուխտը ամեն կիրակի, հանգսության օրը բերկրանք կդառնա մեզ համար և կօրհնի մեզ և մեր ընտանիքներն իրենց սերունդներով: Եվ այն նշանակալիորեն կմեծացնի մեր կարողությունը` ոգեշնչելու մեր ուսանողներին ըմբռնել, թե ինչպես հանգստության օրը սուրբ պահելը կօգնի նրանց հասկանալ և ապավինել Հիսուս Քրիստոսի ուսմունքներին և Քավությանը: Այն կխորացնի նրանց կողմից ուխտերի արժեվորումն ու հանձնառությունը` որպես Փրկիչի հետևորդներ աշխարհում:

Հուսով եմ, որ մենք միշտ կհիշենք Նրան: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Տպել