Ամենամյա հեռարձակումներ
Ուսումնասիրենք խորությամբ և ուրախությամբ Տիրոջ հանդեպ


Ուսումնասիրենք խորությամբ և ուրախությամբ Տիրոջ հանդեպ

Սեմինարիաների և Կրոնի Ինստիտուտների ամենամյա ուսուցման հեռարձակում – 13 հունիսի, 2017

Ինձ համար օրհնություն է խոսել ամբողջ աշխարհի Սեմինարիաների ու Կրոնի Ինստիտուտների ընտանիքի հետ: Ես ձեզ շատ եմ սիրում և երախտապարտ եմ ձեզ համար և այն ամենի համար, ինչ դուք անում եք ու ինչպիսին որ կաք: Ես աղոթում եմ, որ Տիրոջ օրհնությունները լինեն ձեզ հետ` մինչ կկատարեք մեր առջև դրված հրաշալի գործը:

Իմ սիրելի՛ եղբայրներ ու քույրեր, աճող սերնդին ուսուցանելը, նախապատրաստելը, ոգևորելը և ամրացնելը կարևոր գործ է: Այդ գործի համար ես ծայրահեղ անհրաժեշտություն ու լարվածություն եմ զգում: Տիրոջ Եկեղեցու երիտասարդությունն ու երիտասարդ ամուրիները կանգնում են շատ դժվարությունների, բայց նաև հրաշալի հնարավորությունների առջև: Նրանց շրջապատող աշխարհը լի է հզոր տեխնոլոգիաներով, որոնք օգտագործվում են անչափ բարի ու ահավոր չար նպատակներով: Մեր երիտասարդներից շատերն  այնպիսի երկրներում են, որոնք ենթարկվում են պատերազմների ու դրանց մասին լուրերի, ահաբեկչությունների, կոռուպցիայի, ընտանիքների քայքայման, քաղաքական ու սոցիալական պառակտումների, նյութականացված աշխարհի ու աղքատության, հիվանդության ու սովի ավերածությունների ազդեցությանը:

Այս խռովությունների և իրարանցման մեջ, այնուամենայնիվ, Տեր Հիսուս Քրիստոսը պատրաստում է Իր արքայությունն ու ժողովրդին Իր վերադարձի համար: Նա աշխարհով մեկ առաջ է շարժվում զորությամբ, որպեսզի հավաքի ցրված Իսրայելը, կառուցի Իր արքայությունը և հաստատի Սիոնը: Նրա սիրո ու ողորմածության բազուկներն ուղղված են դեպի Իր Եկեղեցու երիտասարդությունն ու երիտասարդ ամուրիները` հրավիրելով նրանց ընդունել Իր բժշկող, ամրացնող ու քավող զորությունն իրենց կյանքում:

Բարու և չարի միջև մեծ պատերազմը, որը սկսվել է նախաերկրային աշխարհում, շարունակվում է վերջին օրերում` հետզհետե աճող ուժգնությամբ: Այդ պատերազմում աճող սերնդի երիտասարդներն ու չափահաս ամուրիները զերծ չեն մնում մասնակցությունից: Նրանք գտնվում են առաջին գծում, և ավելի ու ավելի վճռական դեր կունենան Տիրոջ աշխատանքում: Եվ սա հանդիսանում է իմ խոսքի նախաբանը, որն ուզում եմ հղել ձեզ:

Դուք աճող սերնդի հետ հենց այդ առաջին գծում եք կանգնած: Երբ ես մտածում եմ ձեր մասին ու այն մասին, թե ինչ եք անում ամեն օր, որպեսզի Տիրոջ Եկեղեցու հարյուր հազարավոր երիտասարդների ու չափահաս երիտասարդների կյանքի վրա ազդեցություն ունենաք, ես մտածում եմ Նեփիի տեսիլքի մասին, որ նա ունեցավ մեր օրերի համար.

«Եվ … ես` Նեփիս, տեսա Աստծո Գառի զորությունը, որ այն իջավ Գառի եկեղեցու սրբերի վրա և Տիրոջ ուխտյալ ժողովրդի վրա, որոնք ցրված էին ողջ երկրի երեսին. և նրանք  զինված  էին  արդարությամբ  և Աստծո  զորության  մեծ փառքով»:1

Նեփին նկարագրում է մի աստվածային գործընթաց, որի մեջ դուք զգալիորեն ներգրավված եք: Երբ խորհեք այն մասին, թե ինչ եք անում սեմինարիայում և ինստիտուտում ուսուցանելիս, հուսով եմ կմտաբերեք այս հատվածը: Դուք գործիքներ եք Աստծո ձեռքին` ներգրավված աստվածային գործընթացի մեջ, ում միջոցով Նրա թանկագին ուխտյալ զավակներն օրհնվում են արդարակեցությամբ ու ստանում են Իր զորությունն ու փառքը:

Ահա թե ինչ եք դուք անում: Դուք այս հրաշալի երիտասարդներին ուսուցանում եք Հիսուս Քրիստոսի ավետարանը և օգնում եք նրանց ստանալ քահանայության, տաճարի, Սուրբ Հոգու ընկերակցության, սուրբ գրությունների, սրբազան ուխտերի ու արարողությունների աստվածային զորությունը: Դա Աստծո զորությունն է, և Նա տալիս է այն Իր սիրելի որդիներին ու դուստրերին, որպեսզի նրանք կարողանան սիրել, ուսուցանել և ծառայել Իր հանդեպ հավատքով ու հույսով` իրենց ողջ կյանքի ընթացքում կատարելով Իր գործը:

Երբեմն դժվար է Նեփիի ոգեշնչող տեսիլքը կապել առավոտյան 6:15-ին տեղի ունեցող սեմինարիայի դասի կամ ուշ երեկոյան ինստիտուտի դասի իրականության հետ, որտեղ շատ հոգնած ուսանողներ կան: Ես ինքս վաղ առավոտյան տեսել եմ կիսաքուն վիճակում գտնվող պատանիների: Եվ իհարկե գիտեմ, թե ինչպիսի հոգնած տեսք ունեն ուսանողները:  Սակայն տեսել եմ, թե ինչ է տեղի ունենում այդ պատանիների և ուսանողների հետ, երբ նրանց սիրող ուսուցիչն ուսուցանում է նրանց Տիրոջ Հոգով: Տեսել եմ, թե ինչ է տեղի ունենում նրանց սրտում ու հոգում, երբ այդ ուսուցիչը նրանց համար բացահայտում է սուրբ գրությունների զորությունը և օգնում է նրանց խորապես, Տիրոջ ձևով ուսումնասիրել դրանք: Ես դա գիտեմ, որովհետև դա հենց այն է, ինչ տեղի է ունեցել իմ բոլոր երեխաների հետ: Եվ դա այն է, ինչ տեղի է ունենում թոռնիկներիս հետ:

Երիտասարդներն ու չափահաս երիտասարդները, ում դուք ուսուցանում եք, հրաշալի են: Սակայն անհրաժեշտ է, որ նրանցից շատերը ստանան քահանայության ու տաճարի օրհնությունները, ծառայեն միսիայում, ամուսնանան տաճարում, ստեղծեն հավերժական ընտանիք, ծառայեն Տիրոջն Իր արքայությունում և լույս դառնան աշխարհին, այո, շատ շատերը: Դա նշանակում է, որ դուք պետք է շարունակեք ավելի լավ անել այն, ինչ անում եք: Տերն ուզում է, որ ավելի զորեղ ու արդյունավետ լինեք այս մեծ գործը կատարելիս:

Ուրախություն առ Տերը

Ես այսօր կցանկանայի ձեզ հետ կիսվել որոշ մտքերով, որոնք հուսով եմ, որ կօգնեն ձեզ այդ աստվածային նպատակը հետապնդելիս: Իմ ուղերձը պարզ է. մենք պետք է ավելին անենք, որպեսզի օգնենք Եկեղեցու երիտասարդներին ու չափահաս երիտասարդներին ուրախություն զգալ` իրական, հոգևոր ուրախություն առ Տեր Հիսուս Քրիստոսը: Ես հավատում եմ, որ օգնելու լավագույն եղանակը Քրիստոսի վարդապետությունը խորությամբ, Տիրոջ ձևով ուսումնասիրելն է: Ես վկայում ու հաստատում եմ , որ Հիսուս Քրիստոսի վարդապետության խորը ուսումնասիրությունն առաջնորդում է դեպի ուրախություն առ Տերը:

Ինչպես ուսուցանել է Նախագահ Նելսոնը.

«Սիրելի՛ եղբայրներ ու քույրեր, ուրախությունը, որ մենք զգում ենք, շատ քիչ է կապված մեր կյանքի հանգամանքների հետ և մեծապես կապված է մեր կյանքի կիզակետի հետ»:

«Երբ մեր կյանքի կիզակետը Աստծո փրկության ծրագրի և Հիսուս Քրիստոսի ու Նրա ավետարանի վրա է, մենք կարող ենք ուրախություն զգալ, անկախ այն բանից` ինչ է կատարվում կամ չի կատարվում մեր կյանքում: Ուրախությունը գալիս է Նրանից ու Նրա շնորհիվ: Նա բոլոր ուրախությունների աղբյուրն է»:2

Սա այն ուրախությունն է, որ մեր երիտասարդները պետք է զգան: Այն պաշտպանում է նրանց չարից, մղում է, որ արդարակյաց լինեն, Սուրբ Հոգին միշտ իրենց հետ ունենալու ցանկություն է առաջացնում և մոտեցնում է Տիրոջը:

Փրկիչը Մորմոնի գրքում մի հրաշալի օրինակ է տվել, որպեսզի ձեր միջոցով օգնի ձեր ուսանողներին ուրախություն գտնել Իր մեջ.

«Ուստի, բարձր պահեք ձեր  լույսը , որպեսզի այն  լույս  տա աշխարհին: Ահա, ե՛ս եմ լույսը, որը դուք պետք է բարձր պահեք, ա՛յն, ինչ դուք տեսաք ինձ անելիս: Ահա, դուք տեսաք, որ ես աղոթեցի Հորը, և դուք բոլորդ ականատես եղաք:

«Եվ դուք տեսնում եք, որ ես պատվիրեցի, որ ձեզանից  ոչ ոք  հեռու չգնա, այլ ավելի ճիշտ պատվիրեցի, որ դուք գաք ինձ մոտ, որպեսզի կարողանաք  շոշափել  և տեսնել. ճիշտ նույնպես դուք պիտի անեք աշխարհին»: 3

Երբ Փրկիչը հայտնվեց մարդկանց Բաունթիֆուլ տաճարի մոտ, Նա սեր ցուցաբերեց նրանց հանդեպ, ուսուցանեց նրանց Իր վարդապետությունը և օրհնեց նրանց: Նրանք մեծ ուրախություն զգացին: Այս հատվածում Փրկիչը ձեզ Իր մոտ է կանչում, և Սուրբ Հոգու զորությամբ, հրավիրում է տեսնել Իր գործը, զգալ Իր սերը և ապրել Իր ուրախությունը: Այնուհետև Նա պատվիրում է ձեզ վերցնել այն, ինչ տեսել ու զգացել եք, և ուսանողներին փոխանցել. սիրել նրանց, ուսուցանել Իր վարդապետությունը, հրավիրել գալ Իր մոտ ու զգալ Իր ուրախությունը: Եթե Հիսուս Քրիստոսի սերը, վարդապետությունը, լույսը և ուրախությունը ձեր մեջ են, ապա դուք կարող եք ոգեշնչել ու խրախուսել նրանց որոնել Տիրոջ հետ ունեցած իրենց անձնական, անհատական, հոգևոր փորձառությունները:

Ուրախություն և խորը ուսումնասիրություն

Ուսումնասիրությունը, որն ուրախություն է բերում, Հիսուս Քրիստոսի վարդապետության խորը ուսումնասիրությունն է, և այն պետք է անել Տիրոջ ձևով: Խորը ուսումնասիրությունը ողջ հոգու ուսումնասիրությունն է՝ մտքով, սրտով, մարմնով և անմահ հոգով: Խորը ուսումնասիրությունը մեծացնում է ուսանողների զորությունը, որպեսզի նրանք կատարեն երեք քայլեր. 4

1. Գիտենալ և հասկանալ

Առաջինը գիտենալն ու հասկանալն է: Սա մտքի ու սրտի գիտելիքն է: Օրինակ՝ կիրառելով Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը , ուսանողները սովորում են, որ Քրիստոսի հանդեպ հավատքը գործողության ու զորության սկզբունք է: Սուրբ Հոգու բերած վկայության միջոցով նրանք զգում են այդ սկզբունքի ճշմարտացիությունը և սկսում են ավելի պարզ տեսնել, ավելի խորը ցանկանալ ու այսպիսով, իրենց սրտում ավելի լիարժեք հասկանալ, թե ինչպես է այդ սկզբունքը գործում իրենց կյանքում:

2.  Ձեռնարկել արդյունավետ, արդար գործողություններ

Երկրորդը՝ ձեռնարկել արդյունավետ ու արդար գործողություններ: Ուսանողները սովորում են՝ ինչպես կիրառել Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի սկզբունքն իրենց կյանքում, այնուհետև իրականում կիրառում են: Օրինակ` նրանք կարող են որոշել Փրկիչի հանդեպ հավատքով գործել` խիզախություն ունենալով ընկերներից մեկին հրավիրել կարդալու Մորմոնի Գիրքը: Նրա հանդեպ հավատքով գործելու շնորհիվ նրանց վստահությունը կաճի Նրա հանդեպ, և Տերը նրանց կօրհնի ավելի մեծ հավատքով:

3. Ավելի շատ նմանվել մեր Երկնային Հորը

Երրորդը՝ ավելի շատ նմանվել մեր Երկնային Հորը: Նմանվելը ուսանողի իրական էության ու բնավորության փոփոխության գործընթացն է: Այն գալիս է Հիսուս Քրիստոսի քավիչ ու ամրացնող զորության միջոցով: Փրկիչի հանդեպ հավատքի սկզբունքի կիրառումը նշանակում է, որ ուսանողն աստիճանաբար ավելի հավատարիմ անձնավորություն է դառնում: Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը դառնում է նրանց բնավորության որակներից մեկը, նրանց ինքնությունը, երբ հաճախակի ու պարբերաբար աճում են Քրիստոսի հանդեպ հավատքի մասին իրենց գիտելիքի ու հասկացողության մեջ, գործում են Նրա հանդեպ հավատքով` անելով այն, ինչ Նա է կամենում, ու փնտրում են Նրան ու Իր Հորը նմանվելու պարգևներն ու օրհնությունները:

Խորը ուսումնասիրության այս երեք կողմերը փոխազդում են միմյանց հետ ու ամրացնում են միմյանց: Դառնալով հավատարիմ անձնավորություն, ուսանողի իմանալու ու հասկանալու ունակությունը մեծանում է: Խորին հասկացողությունը մղում է ավելի արդյունավետ արարքի, որն էլ իր հերթին ստեղծում է նոր ըմբռնում և ավելի ամուր բնավորություն: Խորը ուսումնասիրության յուրաքանչյուր տարր ունի մեծ ուրախություն` ուրախություն նոր բան հասկանալու մեջ, ուրախություն արդար արարքի համար, ուրախություն Հորն ու Որդուն ավելի շատ նմանվելու համար:

Խորը ուսումնասիրության Տիրոջ եղանակը

Երեք հրավեր

Խորը ուսումնասիրության Տիրոջ եղանակը պարզ է, սակայն հզոր: Ահա Իր ուսումնասիրության եղանակի Տիրոջ նկարագրությունը.

«Եվ եթե ձեր աչքն ուղղված լինի միայն  իմ  փառքին, ձեր ամբողջ մարմինը լցված կլինի լույսով»: 5

«Պատրաստեք ձեզ, և  սրբագործեք  ձեզ»:6

«Միմյանց … ուսուցանեք արքայության  վարդապետությունը »:7

«Ոսուցանեք ջանասիրաբար, և իմ  շնորհը  կուղեկցի ձեզ»:8

«Ջանասիրաբար փնտրեք և  իմաստության խոսքեր  ուսուցանեք  միմյանց»:9

«Ուսում փնտրեք, այսինքն` ուսումնասիրելով և նաև հավատքով»:10

«Ուսուցիչ նշանակեք ձեր մեջ, և թող բոլորը միանգամից խոսնակ  չլինեն »: 11

«Թող մեկը խոսի, և թող բոլորը լսեն … որ բոլորի խոսելուց հետո, բոլորը կաողանան միմյանցով  շենանալ »:12

«Ամեն բանից վեր, ձեր վրա հագեք  գթության կապը»:13

Վարդապետություն և Ուխտերի 88-րդ  բաժնի այս գեղեցիկ հատվածները բացահայտում են Տիրոջ ձևով խորը ուսումնասիրության երեք` միմյանց հետ կապակցված, հզորացնող տարրեր. Առաջինը՝ ուսումնասիրել ջանասիրաբար, փնտրել, պատրաստել ու հնազանդվել:14Երկրորդը՝ հավաքվել միմյանց ուսուցանելու համար, լինել գթության կապի մեջ, առաջնորդվել ոգեշնչված ուսուցչի կողմից, ունենալ Հիսուս Քրիստոսի շնորհը: Երրորդը՝ ստանալ հայտնություն, ոգեշնչում և այլ հոգևոր պարգևներ, որոնք գալիս են Սուրբ Հոգու զորության միջոցով:

Տիրոջ ձևով ուսուցանող ուսուցիչը եռանդուն , ոգեշնչված դեր է կատարում ուսանողներին խորը ուսումնասիրության երեք տարրերի մեջ ներգրավելու հարցում: Անհրաժեշտ են երկու բան. առաջին՝ ունենաք Սուրբ Հոգու ընկերակցությունը , և երկրորդ՝ սիրեք ուսանողներին:

Դուք հրաշալի միջոց ունեք` դա Ավետարանի ուսուցման և ուսումնասիրության ձեռնարկն է, 15 որն օգնում է ձեզ ուսուցանելձեր ուսանողներին սովորել Տիրոջ ձևով: Այսպիսով, թույլ տվեք ձեզ մի հանձնարարություն տալ. ես ուզում եմ, որ դուք կարդաք և ուսումնասիրեք ձեռնարկը խորն ուսումնասիրության աչքերով, հատկապես՝ Հիսուս Քրիստոսի վարդապետության մասին, որն  առաջնորդում է դեպի ուրախություն: Երբ դուք հասկանաք այդ խորը ուսումնասիրությունը, քանի որ ձեր նպատակակետը ուրախությունն է, դուք կփոխեք ձեռնարկում գտնվող հզոր սկզբունքների կիրառման ձեր եղանակը: Թույլ տվեք ձեզ հետ կիսվել երեք հասարակ օրինակներով (օրինակներ շատ կան).

  • Խնդրեք ձեր ուսանողներին միմյանց ուսուցանելու համար դասին պատրաստված գալ:

  • Առաջնահերթ կարևորեք օգնել ձեր ուսանողներին, որպեսզի նրանք Քրիստոսանման հատկանիշներ զարգացնեն:

  • Միասնական նպատակ դարձրեք դասարանում ուրախ լինել, իսկ ուսանողները պարբերաբար կկիսվեն ուրախության վկայություններով:

Իմ սիրելի՛ եղբայրներ ու քույրեր, ես գիտեմ, որ դուք արդեն շատ հոյակապ ու հրաշալի բաներ եք անում, որպեսզի օգնեք ձեր ուսանողներին Հիսուս Քրիստոսի ավետարանն ունենալ իրենց սրտերում և մեծ ուրախություն զգալ Նրանում: Ես գիտեմ ձեր զոհաբերության ու նվիրվածության մասին: Այդ մասին տեղյակ է նաև Տերը:

Այսօր ես ուզում եմ ավարտել երեք հրավերով: Ես գիտեմ, որ եթե գործեք համաձայն այս երեք հրավերի, դուք կօգնեք ձեր ուսանողներին ավելի խորը ուսումնասիրել Տիրոջ եղանակով ու նույնիսկ ավելի մեծ ուրախություն ունենալ Նրանում:

Հրավեր 1.

Հավերժական էություն ու նպատակ: Ես հրավիրում եմ ձեզ, որ օգնեք ձեր ուսանողներին հասկանալ, թե իրականում ովքեր են իրենք: Օգնեք նրանց տեսնել, զգալ ու գիտենալ, որ իրենք իսկապես Աստծո զավակներն են` Նրա սիրելի որդիներն ու դուստրերը: Օգնեք նրանց հասկանալ «Ընտանիք` հայտարարություն աշխարհին» հռչակագրի նշանակությունն ու ներիմաստը, երբ այն հայտարարում է, որ ձեր ուսանողներից յուրաքանչյուրն «ունի աստվածային բնույթ և ճակատագիր … ու հավերժական կյանք ու նպատակ»:16

Խնդրում եմ, օգնեք նրանց զգալ իրենց սրտում, որ իրենք հոգևոր էակներ են, որ ունեն աշխարհիկ փորձ: Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսը տանջվել ու մահացել է նրանց համար, որպեսզի նրանք կարողանան «դեպի կատարելություն ընթանալու և իրենց աստվածային ճակատագիրը որպես հավերժական կյանքի ժառանգներ բացառիկ կերպով գիտակցելու համար»:17 Դա Երկնային Հոր ծրագիրն է նրանց համար: Խնդրում եմ, Նրա ծրագիրն իրական դարձրեք նրանց համար:

Ուսուցանեք նրանց, որ նրանք ծնվել են Երկնային ծնողներից, որպեսզի սովորեն ու աճեն ու նմանվեն Նրանց: Սովորելը նախաերկրային ու երկրային կյանքի և նրանց հավերժական փրկության նպատակի գլխավոր մասն է: Նրանք պետք է սովորեն Աստծո և աշխարհի բաների մասին, որպեսզի կարողանան իրականացնել Աստծո նպատակներն իրենց կյանքում: Օգնեք նրանց տեսնել, որ սովորելը կարևոր է Աստծո հավերժական ծրագրում, այսպիսով, իրենց հավերժական նպատակների ու աստվածային ճակատագրի համար:

Հրավեր 2.

Խորը ուսումնասիրության Տիրոջ եղանակը Ես ձեզ հրավիրում եմ օգնել ձեր ուսանողներին սովորել՝ ինչպես ուսումնասիրել Տիրոջ եղանակով: Դուք մասամբ դա անում եք օրինակի միջոցով: Ձեր ուսուցման ձևն այն է, ինչ դուք ուսուցանում եք ձեր ուսանողներին մեծ զորությամբ Տիրոջ եղանակով ուսումնասիրելու մասին: Եթե նրանց համար Տիրոջ եղանակով սովորելու փորձառություններ ստեղծեք, նրանք կսովորեն Նրա ձևով: Եթե չստեղծեք, չեն սովորի:

Հուսով եմ ձեր իսկ օրինակի միջոցով դուք ձեր ուսանողներին կուսուցանեք ուսումնասիրել Տիրոջ եղանակով: Բայց ես նաև հույս ունեմ, որ դուք անմիջականորեն ու գիտակցաբար, նպատակայնորեն կուսուցանեք նրանց Տիրոջ եղանակը: Հրաշալի հնարավորություն է Վարդապետության սերտման միջոցով դա կատարելը, որտեղ «Հոգևոր գիտելիքի ձեռքբերման» սկզբունքներն ուսուցանում են հենց Տիրոջ ձևով սովորելու մասին: Տարվա ընթացքում այս սկզբունքներն ուսուցանելու միջոցով դուք կսովորեցնեք նրանց ուսումնասիրել Տիրոջ ձևով: Այդ ուսուցումը նույնպես կարող է կատարվել ինստիտուտում ուսուցանվող դասերի ժամանակ:

Խնդրում եմ, օգնեք ձեր ուսանողներին հասկանալ, որ Տիրոջ եղանակը կիրառելի է այն ամենի մեջ, ինչ նրանք ուսումնասիրում են: Որոշակի եղանակները, որոնց նրանք հանդիպում են միջնակարգ կամ բուհական կրթության դասերի ընթացքում, կախված կլինեն իրենց ուսուցիչների հայեցողությունից: Սակայն ձեր ուսանողները միշտ կարող են լինել ակտիվորեն ներգրավված, ջանասեր իրենց ուսման մեջ և օրհնված Սուրբ Հոգու ընկերակցությամբ: Խնդրում եմ, հրավիրեք ձեր ուսանողներին Սուրբ Հոգուն իրենց հետ դպրոց տանել:

Հրավեր 3.

Ապաշխարություն և ուսումնասիրություն Ես հրավիրում եմ ձեզ ուսուցանել ձեր ուսանողներին, որ ապաշխարությունը խորն ուսումնասիրության կարևոր մասն է: Ապաշխարությունն անձնական ուսումնասիրության, հոգևոր աճի և ավելի ու ավելի շատ Նրան նմանվելու Տիրոջ գործընթացն է: Ձեր ուսանողները սովորում են Տիրոջ ձևով, երբ Հիսուս Քրիստոսի քավիչ ու զորացնող ուժը գործում է իրենց կյանքում` նրանց համար բացելով Իր ողորմությունն ու շնորհը:

Խնդրում եմ, օգնեք ձեր ուսանողներին հասկանալ, որ ապաշխարությունն աստվածային գործընթաց է, որի միջոցով նրանք միշտ կարող են ավելի նմանվել Փրկիչին: Երբեմն նրանց ապաշխարությունը կկայանա նրանում, որ ինչ-որ բան չպետք է շարունակեն անել: Երբեմն այն կկայանա նրանում, որ ինչ-որ բան պետք է սկսեն անել: Խնդրում եմ, օգնեք նրանց հասկանալ, որ ապաշխարությունը շատ ավելին է, քան Տիրոջը կամ իրենց եպիսկոպոսին հայտնելը, որ ինչ-որ սխալ բան են արել: Մեղք գործել՝ նշանակում է հեռանալ Տիրոջից: Ապաշխարել՝ նշանակում է վերադառնալ Նրա մոտ: Ապաշխարությունը պահանջում է սրտի ու մտքի փոփոխություն, կյանքի փոփոխություն` հարմարեցված ուսանողների անձնական հանգամանքների հետ:

Բայց խնդրում եմ, նաև ուսուցանեք նրանց, որ ապաշխարությունը կարող է շարունակաբար օրհնել նրանց: Դա այն եղանակն է, որի միջոցով Տերն օգնում է նրանց իրենց ողջ կյանքի ընթացքում ավելի ճիշտ գործել ու ավելի լավը լինել: Այն պահանջում է նրանցից փոխվել ու աճել, իսկ դա նշանակում է, որ նրանք պետք է միշտ ապաշխարեն, լիովին դառնան դեպի Փրկիչը, իրենց սիրտը ամբողջովին տան Նրան: Դառնալու և տալու այդ գործընթացը տեղի է ունենում է ողջ կյանքի ընթացքում: Այն կարևոր է խորապես սովորելու համար:

Վկայություն

Ես ձեզ տալիս եմ հետևյալ խոստումը. եթե ուսուցանեք ձեր ուսանողներին, թե իրականում ովքեր են իրենք, ինչպես խորը ուսումնասիրել Տիրոջ եղանակով, և սովորեցնեք ապաշխարության աստվածային սկզբունքը, նրանք խորապես կսովորեն Հիսուս Քրիստոսի վարդապետությունը, Նրա հանդեպ նրանց հավատքն ու սերը կաճի, և նրանք ուրախություն կունենան առ Տերը: Եվ դուք, և ձեր ուսանողները կզգաք Տիրոջ հետևյալ հրաշալի խոստումը.  «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ. ես քեզ բաժին պիտի հանեմ իմ Հոգուց, որը  կլուսավորի  քո  միտքը, որն  ուրախությունով կլցնի քո հոգին»:18

Ես գիտեմ, որ այդ խոստումը ճշմարիտ է: Ես վկայում եմ, որ մեր Հայր Աստվածն ապրում է: Հիսուսը Քրիստոսն է: Նա ապրո՜ւմ է: Սա Նրանց սուրբ գործն է: Ես սա վկայում եմ ու ձեզ հետ եմ թողնում իմ սերը, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Տպել