Ամենամյա հեռարձակումներ
Հավատքը որպես գործողության ու զորության սկզբունք


Հավատքը որպես գործողության ու զորության սկզբունք

Սեմինարիաների և Կրոնի Ինստիտուտների ամենամյա ուսուցման հեռարձակում • 13 հունիսի, 2017

Միշտ անհամբերությամբ եմ սպասում այս կարևոր հավաքին ձեզ հետ հանդիպմանը: Նախապատրաստվելով այս հանդիպմանը, ես խնդրել եմ, որ Տերը հայտնի ինձ, թե ինչ պետք է անենք Իր զավակների համար, ովքեր նստած են մեր դասարաններում ու մեր տներում: Խաղաղ մտորելով, ես զգացել եմ Նրա հավանությունը ձեր անխոնջ ջանքերի ու անհամար զոհաբերությունների համար: Ես նաև զգացել եմ, թե որքան ուրախ է Նա՝ օրհնելու ձեզ և ձեր ընտանիքները: Եվ ես զգացել եմ Նրա ցանկությունը՝ օրհնելու ձեր ուսանողներին Իր Սիրելի Որդու սիրով ու վկայությամբ:

Այդ ամենը չի իրականանա միայն եկեղեցու ուսումնական և այլ ծրագրերի ավելացմամբ ու բարելավմամբ, տեխնոլոգիաների օգնությամբ, քանի որ դրանցից ոչ մեկը երբեք չի կարող փոխարինել երկնքի հրաշագործ հպմանը մեր ուսանողների կյանքին: Մեր փափագած օրհնությունները գալիս են միայն որպես պարգև մեր սիրառատ Երկնային Հոր կողմից և պահանջում են Նրա զորությունը, որպեսզի հրաշք կատարվի յուրաքանչյուր անհատի կյանքում:

Այն, ինչ պահանջվում է մեզանից, ավելի մեծ հավատքն է, քանի որ հավատքը նախորդում է ամեն մի հրաշքի: Երեց Դալին  Հ. Օուքսն ասել է. «Հավատքն առանց գործերի մեռած է: Բայց [հետո նա ավելացրել է] գործը առանց հավատքի, առավել ևս մեռած է»1 ։ Այլ կերպ ասած, մեր ողջ տքնաջան աշխատանքը ցանկալի արդյունք չի տա, եթե այն կատարվում է առանց հավատքի: Եվ դա այդպես է, քանի որ հավատքը և՛ գործողության սկզբունք է, և՛ զորության սկզբունք է: Մեր հավաքական հավատքի աճը նշան կլինի Տիրոջը, որ մենք ապավինում ենք նրան և վստահում ենք Նրա զորությանը՝ աճող սերնդին ոգեշնչելու, դարձի բերելու, ամրապնդելու, պատրաստելու և պաշտպանելու հարցում: Փրկիչի հանդեպ հավատքի աճը ուժ կհաղորդի մեր ուսուցմանը, երիտասարդներին ու չափահաս երիտասարդներին սեմինարիա կամ ինստիտուտ հաճախելու, սուրբ գրությունները կարդալու մեր հրավերներին և անգամ ծնողների ու քահանայության ղեկավարների հետ մեր հարաբերություններին: Այդպիսով, առաջիկա շաբաթների ու ամիսների ընթացքում արդյոք կմիանա՞ք ինձ և խնդրեք մեր Երկնային Հորը, որ ավելացնի մեր հավատքը: Հավատացած եմ, որ Նա պատրաստ սպասում է օգնելու, եթե միայն օգնություն խնդրենք։

Հավատքի գործադրումը որպես գործողության սկզբունք

Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ Աստծո հանդեպ մեր հավատքի դրսևորումը պահանջում է «ճշգրիտ պատկերացում ունենալ նրա բնավորության, կատարելությունների ու հատկանիշների մասին», ինչպես նաև «գիտելիք, որ մեր վարած կյանքի ընթացքը համապատասխանում է նրա կամքին»2։ Այդ երկու հրամայականներն էլ պահանջում են հավատքի գործադրում՝ որպես գործողության սկզբունք3։

Վերջին գերագույն համաժողովին Նախագահ Ռասսել  Մ. Նելսոնը մի ուղի է առաջարկել, որով կարող ենք մոտենալ այդ երկու պահանջներից առաջինին.

«Որքան շատ ենք իմանում Փրկիչի ծառայության և առաքելության մասին, որքան լավ ենք հասկանում Նրա վարդապետությունը, և այն, թե ինչ է արել Նա մեզ համար, այնքան շատ ենք ըմբռնում, որ Նա կարող է զորություն տալ մեզ, որի կարիքն ունենք այս կյանքում:

Տարվա սկզբում ես խնդրեցի Եկեղեցու չափահաս երիտասարդներին յուրաքանչյուր շաբաթ իրենց ժամանակի մի մասը նվիրել կանոնիկ աշխատություններում արձանագրված Հիսուսի բոլոր խոսքերի ու գործերի ուսումնասիրությանը։ Ես հրավիրեցի նրանց Սուրբ գրությունների ուղեցույցի Հիսուս Քրիստոսի մասին սուրբ գրությունների մեջբերումները դարձնել իրենց անձնական ուսումնական ձեռնարկը:

Ես նետեցի այդ մարտահրավերը, քանի որ ինքս արդեն նման մարտահրավեր էի ընդունել: Ես կարդացել և ընդգծել էի Հիսուս Քրիստոսի մասին յուրաքանչյուր հատված որ նշված էր անգլերեն սուրբ գրությունների «Թեմատիկ ուղեցույցի» հիմնական խորագրի և 57 ենթախորագրերի ներքո: Երբ ավարտեցի այդ հետաքրքիր վարժությունը, կինս հարցրեց, թե ինչ ազդեցություն ունեցավ այն ինձ վրա: Ես նրան պատասխանեցի. «Ես նոր մարդ եմ դարձել»4։

Ես ցանկացա հիշեցնել ձեզ այս հրավերի մասին, քանի որ ինքս անձամբ տեսել եմ նման կենտրոնացած ուսումնասիրության օգուտները և գիտեմ, որ Փրկչին հասկանալու ու սիրելու աճին զուգահեռ ավելանում է նաև մեր հավատքը Նրա հանդեպ:

Ինչպես արդեն նշեցի, Մարգարե Ջոզեֆն ուսուցանել է, որ հավատքի մյուս կարևոր կողմն է սովորել մեր կյանքը համապատասխանեցնել Տիրոջ կամքին: Այդ սկզբունքը լուսաբանելու համար թույլ տվեք ցույց տալ մի օրինակ, որի կապը կնկատեն այստեղ նստած մայրերը.

Սելեստե Դեյվիսը երեք երեխաների երիտասարդ մայր է, որի փոքրիկը ամեն գիշեր հաճախակի արթնանում էր: Նա սկսեց աղոթել, որ ինքը և երեխան կարողանան բավարար չափով քնել: Բայց նրա աղոթքները կարծես անպատասխան էին մնում: Նրա մոտ ցանկություն առաջացավ ավելի լավ հասկանալ, թե ինչ է աղոթքը և ինչու ինքը չի օրհնվում սփոփանքով: Աստվածաշնչյան բառարանից նա սովորեց, որ «մենք աղոթում ենք Քրիստոսի անունով, երբ մեր միտքը Քրիստոսի միտքն է և մեր ցանկությունները Քրիստոսի ցանկություններն են.... Այդ ժամանակ մենք կխնդրենք բաներ, որոնք հնարավոր է, որ Աստված շնորհի: Շատ աղոթքներ անպատասխան են մնում, քանի որ բնավ Քրիստոսի անունով չեն. դրանք ոչ մի կերպ չեն ներկայացնում Նրա միտքը, այլ բխում են մարդու սրտի եսասիրությունից»5։

Այդպիսով, Սելեստեն որոշեց կազմել այն ամենի ցանկը, որոնց համար ինքն աղոթում էր: Այդ ցանկը պատրաստելիս նա գիտակցեց, որ Երկնային Հորն ուղղված իր աղոթքները հիմնականում անձնական ցանկություններ էին, որ Հայրը փոխի իր հանգամանքները: Այնուհետև, նա որոշեց պատրաստել մեկ այլ ցանկ, գրի առնելով այն ամենը, որոնք, վստահ էր, որ Երկնային  Հայրն է ցանկանում իր համար: Իհարկե, երկու ցուցակները գրեթե նույնն էին. Նա սիրում է մեզ և ցանկանում է, որ մենք երջանիկ լինենք: Սակայն այդ փոքր վարժությունը սովորեցնում է  մի կարևոր ճշմարտություն: Մինչ երիտասարդ մայրը ցանկանում էր փոխել իր հանգամանքները, Երկնային Հոր ցանկությունը նրան փոխելն էր: Այնպես որ, նա որոշեց փոխել   իր մոտեցումը աղոթքի հանդեպ, որպեսզի իր կամքը ավելի շատ համապատասխանեցնի Երկնային Հոր կամքին: Նա գրել է.

«Ես ինձ համար մի բանաձև կազմեցի, որը կօգներ իմ աղոթքներին: Պարզապես, երբ խնդրանքների մեջ որևէ ցանկություն կա, բայց լիովին վստահ չես, որ դա այն է, ինչ Աստված կամենում է քեզ համար, ապա ասա «բայց եթե ոչ» և ավելացրու այն, ինչ համոզված ես, Աստված է ուզում քեզ համար:

Օրինակ. «[Երկնային Հայր], խնդրում եմ,  օգնիր մի քիչ քնեմ այս գիշեր, բայց եթե ոչ, խնդրում եմ, բավարար եռանդ տուր, որ անքնությամբ էլ գործերս հաճույքով անելու ուժ ունենամ»: [Երկնային Հայր, խնդրում եմ օրհնիր, որ երեխայիս հիվանդությունը  անցնի,  և նա ավելի լավ զգա, բայց եթե ոչ, խնդրում եմ օգնիր շարունակել ապավինել քեզ և համբերատար լինել միմյանց հանդեպ»: «[Երկնային Հայր], խնդրում եմ օրհնիր, որ դասընկերներս ինձ ընդգրկեն իրենց խմբում, բայց եթե ոչ, անգամ եթե ինձ հետ ընկերություն չեն անում, օգնիր ինձ բարի և մեծահոգի լինել»: 

Նա շարունակել է.

«Մոտ մեկ տարի է,  ես փորձում եմ այդ բանաձևը և կարող եմ ասել, որ իմ աղոթքների հաջողության վարկանիշը անհամեմատ աճել է. …

Ես զգում եմ, ի վերջո, որ սովորում եմ աղոթքի իրական նպատակը,  որը ոչ թե իմ ցանկությունների վրա բանակցելն է, այլ իմ կամքը Աստծո կամքին համապատասխանեցնելը. …

«Անսպասելի արդյունքն այն է, որ ես չեմ վախենում բարդ իրավիճակներից, որ իմ ցանկությունները չիրականանան այնքան,  որքան նախկինում, քանի որ տեսել ու զգացել եմ, թե ինչպես է Աստված պատասխանում իմ աղոթքներին՝ և՛ ցանկություններիս, և՛ «բայց եթե ոչ» խնդրանքներիս»6։

Սելեստեի փորձառությունը օրինակ է ծառայում, որը կարող է օգնել մեզ հավատքը որպես գործողության սկզբունք մեր աղոթքներում ու ջանքերում գործադրելու համար: Պետք է հստակեցնել, որ հավատքը չի խափանի մեր երեխաների ու մեր ուսանողների ազատ ընտրությունը և չի հեռացնի բոլոր փորձություններն ու մարտահրավերները մեր կյանքից: Բայց կարող է մեզ օգնել՝  համբերել մինչև վերջ և անգամ դաս քաղել դժվարին հանգամանքներից: Դա նաև կփոխի այն, թե ինչպես ենք տեսնում մեր ուսանողներին (և մեր երեխաներին) և ինչպես ենք աղոթում նրանց համար: Այն կփոխի փոխհարաբերությունները մեր դասարաններում ու մեր տներում: Այն կօգնի մեզ խավարի մեջ ընկղմվող աշխարհում հետ կանգնել հույսով, երջանկությամբ ու լավատեսությամբ: Այն անձնական հայտնության հնարավորություն կստեղծի և զորություն կհաղորդի մեր ուսուցմանը: Այն մեր վկայությունները կհասցնի նրանց սրտերին, ում մենք սիրում ենք:

Ճշմարիտ հավատքը չի տանում արդարացման ուղով: Այն տանում է քննելու սեփական անձը, որի արդյունքը անկեղծ ապաշխարությունն է ու բովանդակալից աճը: Այն մեզ պարտավորեցնում է զերծ մնալ սխալ ակնկալիքից և միայն ուրիշների փոփոխության մեջ լուծումը գտնելու ծուղակից, երբ մտածում ենք նմանատիպ բաներ. «Եթե ես ավելի մեծ աջակցություն ունենայի ծնողների կամ Եկեղեցու ղեկավարների կողմից, ապա ամեն ինչ լավ կլիներ»: Այդ մոտեցումը չի ապավինում Փրկչին և, հետևաբար, չի օգտվում Նրա զորությունից: Այն չի ծնի մեզ անհրաժեշտ հրաշքը: Տիրոջ աշխատանքը իրականացնելու համար մենք բավարար ենք ու բավարար ունակություն ունենք, եթե բավականաչափ հավատք ունենանք անկեղծորեն խնդրելու Նրան, որ փոխի ու ձևավորի մեզ, որպես միջոց Իր ձեռքում:

Դա ճշմարիտ է, նույնիսկ այն ժամանակ, երբ մենք անհամապատասխան ու ճնշված ենք զգում: Ես սովորեցի այդ դասը միսիայի պատրաստվելիս: Ես միշտ մտածում էի, որ ծառայելու եմ, բայց երիտասարդ տարիներին այդ միտքը ինձ շատ նյարդայնացնում էր: Ես ամենևին հարմարավետ չէի զգում մարդկանց առջև խոսելիս: Մի մորաքույր ունեմ, ով դեռ ասում է, որ իմ աչքերը չէր տեսել, մինչև ես դեռահաս չդարձա, քանի որ միշտ քայլում էի գլուխս կախ՝ թաքցնելով դեմքս: Դպրոցում ես ամենացածր անցողիկ գնահատականն էի ստանում թատերական դասերին: Ես պարզապես չէի կարողանում ստիպել ինձ կանգնել դասարանի առջև անգամ ուսուցչի գրած սցենարը կարդալու համար:

Մեքսիկայում ծառայելու միսիայի կանչը ստանալուց հետո ինձ խնդրեցին իմ ավագ եղբոր հետ ելույթ ունենալ երիտասարդական մի հավաքի ժամանակ: Ես խոսեցի մոտ հինգ րոպե, իսկ մնացած ժամանակը նրան թողեցի: Չեմ կարծում, որ չափազանցություն կլինի ասել, որ իմ  ելույթը, հավանաբար, երբևէ ասված ամենավատ ելույթն է եղել թե այս, թե որևէ այլ եկեղեցում: Միջոցառման ավարտին շատ երիտասարդներ շարք կանգնեցին, որպեսզի ողջունեն իմ եղբորը: Մի բարի անձ դուրս եկավ շարքից ու դիմեց ինձ. «Շնորհակալություն: Լավ ելույթ էր»: Ես բառացիորեն մտածեցի. «Դու բարի ես, բայց շատ ստախոս ես»: Ես գնացի տուն հուսալքված, մտածելով, թե ինչպես կարող էի երբևէ միսիայում ծառայելու հույս տածել: Ես անհամարժեք էի զգում ուսուցանելու ավետարանը անգլերենով, ինչ մնաց իսպաներենով, որը դեռ պետք է սովորեի:

Մի քանի օր անց, դեռ ծանր սրտով, բացեցի սուրբ գրությունները և կարդացի Ենովքի պատմությունը: Երբ Ենովքին պատվիրվեց ապաշխարություն աղաղակել ժողովրդին, 31 հատվածում ասվում է․ «նա խոնարհվեց մինչև գետին, Տիրոջ առաջ, և խոսեց Տիրոջ առաջ՝ ասելով. Ինչո՞ւ եմ ես շնորհ գտել քո աչքում, և ես մի պատանի եմ միայն, և բոլոր մարդիկ ատում են ինձ. քանզի ես ծանրախոս եմ. ուստի, մի՞թե ես քո ծառան եմ»:7 Ի պատասխան Ենովքի ինքնորոշման կասկածի և իր կոչման ակնհայտ անվստահությանը՝ Տերը տվեց այս գեղեցիկ և վստահեցնող պատասխանը, որ կարդում ենք 34 հատվածում. «Ահա, իմ Հոգին քո վրա է, ուստի քո բոլոր խոսքերը ես կարդարացնեմ. և սարերը կփախչեն քո ներկայությունից, և գետերը կփոխեն իրենց հոսանքը. և դու կմնաս ինձ հետ, և ես՝ քեզ հետ. հետևաբար, քայլիր ինձ հետ»8։

Լարված, ուժերիս վրա անվստահ և առջևում սպասվողին վատ նախապատրաստված, բայց կառչելով այդ խոսքերից որպես կյանքի թել, ես բարձրացա ինքնաթիռ, կյանքում առաջին անգամ, և թռա դեպի Մեքսիկա՝ ծառայելու: Այնտեղ ես սովորեցի, որ եթե պատրաստակամ ենք, մենք իրապես կարող ենք քայլել Տիրոջ հետ: Ես սովորեցի, որ այն, ինչ Նախագահ Էզրա Թաֆթ Բենսոնն ասել է, ճշմարիտ է. «Տղամարդիկ ու կանայք, ովքեր դարձնում են իրենց կյանքը դեպի Աստված, կբացահայտեն, որ Նա կարող է ավելի շատ բան անել իրենց կյանքի հետ, քան անձամբ իրենք»:9

Հավատքի գործադրումը որպես զորության սկզբունք

Ենովքի պատմությունից ես սովորեցի ևս մեկ կարևոր բան հավատքի մասին: Լսեք նկարագիրն այն մասին, թե ինչպիսին դարձավ այդ ծանրախոս տղան, ում մարդիկ ատում էին: Մովես 7․13 հատվածում կարդում ենք. «Եվ այնքան մեծ էր Ենովքի հավատքը, որ նա առաջնորդեց Աստծո ժողովրդին, և նրա թշնամիները եկան պատերազմելու նրանց դեմ. և նա խոսեց Տիրոջ խոսքը, և գետինը ցնցվեց, և սարերը փախան, ճիշտ նրա հրամանի համաձայն. և ջրի գետերը փոխեցին իրենց հոսանքը. և առյուծների մռնչյունն էր լսվում անապատից. և բոլոր ազգերը մեծապես վախեցան, այնքան զորեղ էր Ենովքի խոսքը և այնքան մեծ էր լեզվի զորությունը, որն Աստված տվել էր նրան»10։ Սա չի հնչում մի տղայի նման, ով ծանրախոս էր: Այստեղ տեսնում ենք հավատքով լի մի տղամարդու, ով, քայլելով Տիրոջ հետ, սարեր էր տեղաշարժում:

Երբեմն օգտագործում ենք «սայլը տեղից շարժել» կամ «ասեղը տեղից շարժել» արտահայտությունը, ներկայացնելով գործի փոքր, անհրաժեշտ առաջընթաց, բայց Տերը մեզ չի հրավիրել, որ մենք ասեղը տեղից շարժենք: Նա մեզ հրավիրել է, որ սարեր տեղաշարժենք: Նա ասել է. «Եթէ մանանեխի հատի չափ հաւատք ունենաք, այս սարին կասէք՝ փոխադրուիր այստեղից այնտեղ, եւ նա կփոխադրուի. եւ ոչինչ անկարելի չի լինիլ ձեզ համար»:11

Սարեր տեղաշարժելու այդ հավատքը՝ լինեն բառացի, թե խորհրդանշական սարեր, հավատքի ավելի բարձր աստիճան է: Ինչպես երեց Դ. Թոդ Քրիստոսֆերսոնն է ուսուցանել.

«Կա հավատքի մի աստիճան, որ ուղեկցվում է հոգևոր հավաստիացումներով ու լավ գործերի է դրդում, հատկապես, ավետարանի սկզբունքներին ու պատվինաններին հնազանդվելու: Սա է իսկական հավատքն առ Քրիստոս. …

«Այնուամենայնիվ, կա հավատքի մի աստիճան, որ ոչ միայն կառավարում է մեր վարքագիծը, այլ նաև զորություն է տալիս մեզ՝ փոխելու այն ինչ կա՝ անելու բաներ, որոնք այլ կերպ չէինք կարող անել: Իմ ասածը այն հավատքն է, որը ոչ միայն  գործողության սկզբունք է, այլ նաև զորության սկզբունք է»12։

Դա հավատքի այն տեսակն է, որի դրսևորումը նկարագրվում է Եբրայեցիս 11 գլխում, որը գործադրել էին Ենովքը, Աբրահամը, Սարան և Մովսեսը: Այդ հավատքի միջոցով է, որ մարգարեները «թագաւորութիւնների յաղթեցին, արդարութիւն գործեցին, խոստմունքներ ստացան, առիւծների բերաններ խցկեցին, կրակի զօրութիւն անցրին. սրի բերանից պրծան. տկարութիւնից զօրացան. … կանայք իրանց մեռելներն ընդունեցին յարութիւնից»13։

Հավատքի այդ տեսակն է նկարագրվում Եթերի 12 գլխում՝ ակնարկելով Ալմային, Ամուղեկին, Նեփիին, Լեքիին և Ամմոնին14։ Այդ հավատքն էր, որ դրսևորեց «Հարեդի եղբայրը, ով ասաց Զերին սարին՝ Տեղափոխվի՛ր, և այն տեղափոխվեց: Եվ եթե նա հավատք չունենար, այն չէր շարժվի»15։  Եվ վերջապես, «Եղան շատերը, որոնց հավատքն այնքան շատ ուժեղ էր, նույնիսկ մինչև Քրիստոսի գալը, որ չէին կարող պահվել վարագույրից ներս, – և ուշադին լսեք, թե ինչ է ասվում, – այլ հիրավի իրենց աչքով տեսան այդ բաները, որոնք հավատքի աչքով էին տեսել»16։

Սրանք բոլորը հիշարժան նկարագրություններ են հավատքի՝ որպես զորության սկզբունքի: Բայց վերջին օրինակը հատկապես ցնցող է ինձ համար: Նրանք նախ տեսան այդ բաները հավատքի աչքով, նախքան  իրենց ֆիզիկական աչքերով տեսնելը: Կա ժամանակակից մի ուշագրավ օրինակ Նախագահ Բրիգամ Յանգից: Խոսելով այն տեղանքի մասին, որի վրա կանգնած է Սոլթ Լեյքի Տաճարը, նա ասել է. «Ես հազվադեպ եմ խոսում հայտնությունների կամ տեսիլքների մասին, բայց բավական է ասել.... որ ես եղել եմ այս տեղում և հոգով տեսել եմ տաճարը.... Ես երբեք չեմ տեսել այդ հողակտորը, բայց միշտ ունեցել եմ նրա տեսլականը»17։

Ապագայի հնարավորությունների տեսիլք ունենալը և Տիրոջ ցանկությունը իմանալը հավատքը որպես գործողության սկզբունք գործադրելու անհրաժեշտ մասն է:

Կարո՞ղ եք ձեր հավատքի աչքով տեսնել այն հրաշքը, որի կարիքը մենք ունենք: Տեսնո՞ւմ եք ձեզ Տիրոջ հանդեպ, Նրա խոսքի հանդեպ ու ձեր ուսանողների հանդեպ ավելի մեծ վստահությամբ դասավանդելիս: Տեսնո՞ւմ եք ձեր ուսանողներին դասարանից դուրս գալիս՝ ավելի շատ ապավինելով Փրկիչի ուսմունքներին ու Նրա Քավությանը, ավելի դիմացկուն մեղքի հանդեպ և ավելի պատրաստակամ անելու այն ամենը, ինչ Տերը խնդրում է նրանց անել: Եվ տեսնո՞ւմ եք ձեր հավատքի աչքով ավելի շատ երիտասարդների՝ թե՛ մեր անդամների, և թե՛ այլ հավատքի երիտասարդների, ովքեր արձագանքում են մեր հրավերներին՝ գալ ու այս հրաշք աշխատանքի մասը կազմել: Տեսնո՞ւմ եք, ինչ կարող է անել Տերը, եթե գործադրենք մեր հավաքական հավատքը՝ թե՛ որպես գործողության սկզբունք, և թե՛ որպես զորության սկզբունք:

«Եհովան մեզ հետ է. նորանցից մի վախենաք»

Ավարտելուց առաջ կցանկանայի կիսվել  մի վերջին օրինակով: Իմ գրասենյակում ձիթենու փայտի վրա մի փորագրություն կա, որը  ներկայացնում է սուրբ գրություննների իմ սիրելի պատմություններից մեկը , որ հավատքի կարիքի շարունակական հիշեցում է ինձ համար: Այն պատկերում է Քաղեբին ու Հեսուին, ովքեր ևս 10  տղամարդկանց հետ Մովսեսի կողմից ուղարկվել էին, որ լրտեսեն Քանանի երկիրն ու լուր բերեն: Այդ 10 տղամարդիկ վերադարձել էին՝ ասելով. «Այն երկրի մէջ բնակուող ժողովուրդը զօրաւոր է, եւ քաղաքները պարսպաւոր եւ խիստ մեծ են»:18

«Քաղէբը լռեցրեց ժողովրդին Մովսէսի առաջին, եւ ասեց. «Աղէ՝ ելնենք, եւ ժառանգենք այն, որովհետեւ մենք անպատճառ կարող ենք նորան տիրել։

Բայց նորա հետ ելնող մարդիկն ասեցին. «Մենք չենք կարող այն ժողովրդի վերայ ելնել, որովհետեւ նորանք մեզանից զօրաւոր են»»։19

Նրանց հավատքի պակասից նրանք «իրանց լրտեսած երկրի վատ լուրը բերին.... ասելով.... նորա միջի բոլոր ժողովուրդը, որ մենք տեսանք, երկայնահասակ մարդիկ են.... մենք մեր աչքին մարախի պէս էինք»:20

Բայց Հեսուն ու Քաղեբը պատասխանեցին. «Եհովան մեզ հետ է. նորանցից մի վախենաք»:21

Բայց ժողովուրդը, ինչպես հավատը կորցրած տասը լրաբերները, չկարողացավ տեսնել, թե ինչ էր պատրաստվում անել Տերը և չհետևեց Հեսուին ու Քաղեբին: Իրենց հավատքի պակասի պատճառով, ժողովուրդը ստիպված էր ևս երեսունինը տարի թափառել անապատում: Այդ սկզբնական խմբից միայն Հեսուն ու Քաղեբը կենդանի մնացին և նրանց թույլ տրվեց մտնել խոստումի երկիրը: Դուք, հնարավոր է, հիշեք Քաղեբի հայտնի խոսքերը, երբ նա Հեսուի հետ կանգնած էր Քեբրոն սարի դիմաց, հենց այն տեղում, որը նրանք լրտեսել էին շատ տարիներ առաջ: Քաղեբն ասաց.

«Եւ այսօր տակաւին ուժով եմ, ինչպէս որ էի այն օրը երբ Մովսէսն ինձ ուղարկեց. …

«Եւ հիմա տուր ինձ այն սարը»22։

Նրա հավատքի շնորհիվ նա և իր ամբողջ գերդաստանը սերնդե սերունդ տեր եղավ այդ սարին խոստացված երկրում:

Առջևում մարտահրավերներ են սպասվում: Մենք, հնարավոր է, գայթակղվենք կասկածել ու վատ լուր բերել՝ վախով ու կասկածով լցված: Տիրոջ հանդեպ այդ վստահության պակասը մեզ չի հասցնի խոստացված երկիր: Քաղեբի ու Հեսուի նման , մեզ պետք է մի կողմ դնել վախը և հավատք գործադրել, որպեսզի հայցենք այն օրհնությունները, որոնք Նա պահել է մեզ համար:  Մեր կյանքի յուրաքանչյուր մարտահրավեր ու փորձություն մենք պետք է դիտենք որպես հնարավորություն՝ խորացնելու մեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ:

Ի՞նչ կարող է անել Տերը, եթե միասին փոխարինենք մեր վախն ու կասկածը հույսով ու հավատքով: Կարծում եմ, որ Նա ոչ միայն ասեղը տեղից կշարժի, այլ սարեր կտեղափոխի՝ այնպես, որ հրաշք տեղի կունենա Եկեղեցու երիտասարդների ու չափահաս երիտասարդների կյանքում: Երբ մեր հավատքն ավելանա, կավելանա նաև մեր ուսանողների հավատքը: Ես գիտեմ, որ մեր Երկնային Հայրը կօրհնի ձեզ և կօրհնի մեր ուսանողներին, մինչ մենք գործադրում ենք մեր հավատքը Նրա սիրելի և կատարյալ Որդու՝ աշխարհի Փրկիչի, Քավիչի և Ազատարարի հանդեպ: Հիսուս Քրիստոսի անունով. ամեն:

Հղումներ

  1. Դալլին Հ․ Օուքս, «Challenges to the Mission of Brigham Young University» (BYU Leadership Conference, Apr. 21, 2017), 8

  2. Lectures on Faith (1985), 38. «Հավատքի դասախոսությունները» պատրաստվել էին Մարգարե Ջոզեֆ Սմիթի ղեկավարության ներքո

  3. « Հավատքը Աստծո պարգև է, որը շնորհվում է անձնական արդարակեցության համար։ Այն միշտ տրվում է, երբ արդարությունը ներկա է, և որքան մեծ է հնազանդությունը Աստծո օրենքներին, այնքան մեծ է հավատքի օժտումը»։ (Բրյուս Ռ. Մակկոնկի, Mormon Doctrine, 2nd ed. [1966], 264)։

  4. Ռասսել Մ. Նելսոն, « Մեր կյանք հրավիրել Հիսուս Քրիստոսի զորությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2017, 39։

  5. Bible Dictionary, «Prayer»։

  6. Սելեստե Դեյվիս, «How to Pray in a Way God Can Answer», Apr. 12, 2016, blog.lds.org.

  7. Մովսես 6․31

  8. Մովսես 6․34

  9. Էզրա Թաֆտ Բենսոն, “Jesus Christ—Gifts and Expectations,” Ensign, Dec. 1988, 4

  10. Մովսես 7․13․ շեշտադրումն ավելացված է։

  11. Մատթեոս 17․20։

  12. Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Building Faith in Christ», Ensign, Sept. 2012, 55․ տես նաև Մորոնի 7․33

  13. Եբրայեցիս 11․33–35

  14. Տես Եթեր 12․13–15

  15. Եթեր 12․30

  16. Եթեր 12․19

  17. Բրիգամ Յանգ, «Minutes of the General Conference», Deseret News, Apr. 30, 1853, 150

  18. Թվոց 13․28

  19. Թվոց 13․30–31

  20. Թվոց 13․32–33

  21. Թվոց 14․9

  22. Հեսու 14․11–12

Տպել