Ամենամյա հեռարձակումներ
Աստծո զավակների դարձը


Աստծո զավակների դարձը

Սեմինարիաների և Կրոնի Ինստիտուտների ամենամյա ուսուցման հեռարձակում հունիսի 13, 2017թ․

Այսօր մեծ ոգևորությամբ եմ մասնակցում այս հոգևոր երեկոյի հեռարձակմանը այն մարդկանց և նրանց սիրելի զուգընկերների հետ, ովքեր ղեկավարում են և ուսուցանում մեր Սեմինարիաներում և Կրոնի Ինստիտուտներում։ Մենք հանդիպել ենք ձեզանից շատերին ամբողջ աշխարհում և դուք առանձնահատուկ մարդիկ եք։ Դրա համար կան մի քանի պատճառներ։ Առաջինը, Եկեղեցին վարձում է միայն որակավորում ունեցող անհատներին, ովքեր արժանի են տաճարային երաշխավորագրի, ապացուցել են դասավանդելու ունակությունը և երաշխավորվել ու հաստատվել են տարբեր մակարդակներում, այդ թվում՝ Կրթական Խորհրդի կողմից։ Նրանք, ովքեր կանչված ուսուցիչներ են, միգուցե, չեն անցել ճիշտ նույն որակավորումը, ինչ-որ վարձկան աշխատակազմը, բայց իմ փորձառությունից ելնելով, տեղական ղեկավարները կանչում են լավագույններին սեմինարիայում և ինստիտուտում ուսուցանելու նպատակով։ Երկրորդը, դուք ներքաշված եք Քրիստոսի վարդապետության մեջ, որը Նեփին հայտարարել է, որպես «միակ և ճշմարիտ վարդապետությունը Հոր և Որդու և Սուրբ Հոգու»:1 Այս վարդապետության ուսուցումը անընդհատ խրախուսում է ապրել այս վարդապետությանը համահունչ և դրա պատճառով է, որ դուք այդքան լավն եք։ Մնացեք այդպես։

Մենք սեմինարիայի ընտանիք ենք։ 32 տարի առաջ ես կանչվեցի Հոնոլուլու, Հավայան կղզիների ցցի նախագահ։ Մեր կրտսեր որդին 18 ամսական էր, իսկ մեր չորս երեխաներից ամենամեծը  11 տարեկան էր։ Ես աշխատում էի պահանջված մասնագիտությամբ, և կարծես, մեր ընտանիքն առավելագույնս զբաղված էր։ Հետո ինձ մոտեցավ մեր ցցի սեմինարիայի համակարգողը և հաշվի առնելով մեր երիտասարդ ընտանիքի հանգամանքները, մի քիչ անվստահությամբ հարցրեց․ «Դուք կարծում եք, որ Քույր Հոլսթրոմը կարող է ուսուցանել սեմինարիայո՞ւմ»։ Իսկ մենք սովորություն չունեինք մերժելու կոչումները և խորը շունչ քաշելով ասացինք․ «Իհարկե՛»։

Դրանով սկսվեց մեր ընտանիքի համար դժվարին , բայց հատուցվող ժամանակաշրջանը։ Իմ կինը՝ Դիանան, աշխատանքային օրերին արթնանում էր առավոտյան 4:30-ին, որպեսզի պատրաստվեր առավոտյան ժամը 6:00 -ի սեմինարիային։ Իսկ ես պետք է արթնացնեի երեխաներին, օգնեի, որ նրանք լոգանք ընդունեն և հագնվեն, պատրաստեի նախաճաշը և ամեն ինչ կարգավորեի, որ երբ Դիանան ժամը 7:00 -ին վերադառնար, ես կարողանայի գնալ աշխատանքի, իսկ նա երեխաներին տաներ դպրոց։

Ութ տարի շարունակ դա մեր առօրյան էր, մինչև Դիանան կանչվեց ծառայելու որպես Երիտասարդ Կանանց նախագահ։ Հինգ տարի անց սեմինարիայի համակարգողը նորից թակեց մեր դուռը և խնդրեց․ «Մենք շատ դժվար ավագ դասարան ունենք, կարո՞ղ է Քույր Հոլսթրոմը կրկին դասավանդել սեմինարիայում»։ Այսպիսով, ևս երեք տարի ավելացավ ութ տարվան, բայց Նախագահ Հինքլիի կանչից հետո նա ազատվեց ծառայությունից։ Ես կանչվեցի Բարձրագույն Իշխանավոր և մեր առաջին հանձնարարության կատարման համար մեզ ուղարկեցին Ճապոնիա։ Այսպիսով, կանչվա՛ծ ուսուցիչներ, զգույշ եղեք և հույս չունենաք ազատվելու, քանի որ չգիտեք, թե երբ կավարտեք ձեր ծառայությունը։

Մենք սիրով ու երախտագիտությամբ ենք հիշում այդ դժվարին, գերհոգնած ու խենթ ժամանակները։ Դիանան անշահախնդիր սիրով սիրում էր սեմինարիայի իր ուսանողներին (իսկ նրանք սիրում էին Դիանային)։ Սեմինարիայում նա նաև դասավանդել է մեր բոլոր երեխաներին, մեր զարմիկներին ու զարմուհիներին, որոնցից մեկն այժմ Ինստիտուտի տնօրեն է և, հուսով եմ, մասնակցում է այս հեռարձակմանը։ Բացի դրանից, այդ ինտենսիվ դասավանդումն ամրապնդել է ավետարանի մասին Դիանայի գիտելիքները և վկայությունը, մի բան, որն անչափ օգուտ է տվել ինձ և իմ ընտանիքին։ Նաև, դա «թույլ տվեց» ինձ ժամանակ անցկացնել երեխաներիս հետ այդ ամենօրյա առավոտյան ժամերին։ Դա մի զգալի օրհնություն էր ինձ համար և համոզված եմ նաև, որ նրանց համար՝ նույնպես։ Այսպիսով, դուք տեսնում եք, որ ամենամեծ բեռներից մի քանիսն իսկապես դարձան ամենամեծ օրհնությունները։

Ուրախ եմ, որ այսօր գտնվում եմ իմ գործընկերների միջավայրում, որոնց ես մեծապես հարգում եմ։ Որպես Կրթական Խորհրդի և Խորհրդի գործադիր հանձնախմբի անդամ, ես ամիսը երկու անգամ հանդիպում եմ Երեց Քիմ Բ. Քլարկի հետ, ով մեր հրաշալի հանձնակատարն է և Չադ Հ․ Վեբի հետ, ով Սեմինարիաների և Կրոնի Ինստիտուտների մեր նշանավոր կառավարիչն է։ Սեմինարիաներում և ինստիտուտներում ծառայող և աշխատող բոլոր ներկա գտնվողներն ունեն լավ ղեկավարներ։ Ինչպես շատերը գիտեն, Եկեղեցու կրթական խորհուրդը նախագահում է Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը, խորհրդում ընդգրկված են նաև Նախագահ Հենրի Բ. Այրինգը և Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆը։ Երեց Դալլին Հ. Օուքսը նույնպես խորհրդի անդամ է և նախագահում է Գործադիր հանձնախումբը։ Խորհրդի և Գործադիր հանձնախմբի մյուս անդամներն են՝ Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը, Քույր Ժան Բ. Բինգհամը և Քույր Բոննի Լ. Օսկարսոնը։ Ես շարունակում եմ զարմանալ այն առաջնահերթության և միջոցների վրա, որոնք հատկացվում են կրթությանը Եկեղեցում։

Այժմ թույլ տվեք կիսվել մի քանի մտքերով ձեզ հետ, որ այդքան կարևոր դեր ունեք Եկեղեցու երիտասարդների հոգևոր կրթության գործում։ Ես արդեն խոսել եմ Քրիստոսի խորը վարդապետության մասին։ Ինչպե՞ս է Եկեղեցին օգնում իր անդամներին հասկանալ և ապրել ըստ այդ վարդապետության։ Այդ հարցը հնչեցնելու մեկ այլ տարբերակն այս է․ «Որո՞նք են Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու առաքելական առաջնահերթությունները»։

Այդ առաջնահերթությունները հասկանալու եղանակներից մեկը «փրկության աշխատանքի» ըմբռնումն է։ Փրկության աշխատանքի հակիրճ բացատրությունը գտնվում է Ձեռնարկ 2-ում։ Հիշեք, որ Եկեղեցու Ձեռնարկը հաստատվել է Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի կողմից։ Այնտեղ գրված է․ «Եկեղեցու անդամները կանչված են «աշխատելու նրա այգում՝ մարդկանց հոգիների փրկության համար»։ (ՎևՈւ 138․56)։ Այս փրկության աշխատանքը ներառում է՝ անդամների միսիոներական աշխատանքը, նորադարձներին ակտիվ պահելը, ոչ ակտիվ անդամների ակտիվացումը, տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքը և ավետարանի ուսուցումը»։2

Այդ առաջնահերթությունների մեկ այլ գաղափար սահմանված է Եկեղեցու ձեռնարկում՝ «Եկեղեցու դերը» վերնագրի ներքո, որում ասվում է․ «Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին կազմակերպվել է Աստծո կողմից, որպեսզի օգնի իրականացնել Նրա աշխատանքը, որն է՝ փրկություն և վեհացում պարգևել Իր զավակներին։ Եկեղեցին հրավիրում է բոլորին «գալ Քրիստոսի մոտ և կատարելագործվել նրանում» ( Մորոնի 10․32, տես նաև ՎևՈւ 20․59)։ Քրիստոսի մոտ գալու հրավերը վերաբերում է բոլորին, ովքեր ապրել են, ապրում են և դեռ կապրեն երկրի վրա»։3

Այս ձեռնարկում նաև ասվում է․ «Իր նպատակն իրականացնելիս, որն է`օգնել անհատներին և ընտանիքներին արժանի լինել վեհացմանը, Եկեղեցին կենտրոնանում է աստվածայնորեն նշանակված պարտականությունների վրա: Դրանք ներառում են՝ օգնել անդամներին ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով, հավաքել Իսրայելը միսիոներական աշխատանքի միջոցով, հոգ տանել կարիքավորների և աղքատների համար և հնարավոր դարձնել մահացածների փրկությունը՝ կառուցելով տաճարներ և կատարելով փոխարինող արարողություններ»։4

Այսպիսով, «փրկության աշխատանքը» և այս «աստվածայնորեն նշանակված պարտականությունները» էականում նույնն են և պետք է առաջնորդեն այն բոլոր գործողությունները, որոնք մենք կատարում ենք Եկեղեցում, այդ թվում՝ (միգուցե էականում) ուսուցանել մեր երիտասարդներին։

Ի վերջո, այն ամենը, ինչ մենք անում ենք մեր և մեր ընտանիքների համար, մեր ներկայիս կոչումներում, դա «փրկության աշխատանքի» և «աստվածայնորեն նշանակված պարտականությունների» ուսուցումն է, որպեսզի օգնենք Աստծո որդիների և դուստրերի դարձի գալուն։ Դա Ահարոնի և նրա եղբայրների՝ Ամմոնի, Օմների և Հիմնիի նման ուսուցանելն է «համաձայն հայտնության և մարգարեության ոգու և Աստծո զորության», որպեսզի բոլոր նրանք, ովքեր հավատան «[ձեր] քարոզելուն և դարձի [գան] առ Տերը, երբեք չհեռանան»։5

Ինչպես Առաջին Նախագահությունն է ասել երիտասարդների ծնողներին և ղեկավարներին. «Դուք կանչվել եք Տիրոջ կողմից, որպեսզի օգնեք երիտասարդներին դարձի գալ դեպի ավետարանը»։6 Հետևելով նրան, թե ինչպես է Փրկիչն ուսուցանել, մենք վստահ ենք, որ մեր երիտասարդները կսովորեն ավելի խորիմաստ կերպով, որին կհետևի դարձը։

Այդպիսով, դասավանդելով մեր երիտասարդներին, մենք պարզապես չենք ուսուցանում պատմություն, այլ ուսուցանում ենք նրանց վարդապետություն, որը գործելու ոգի է տալիս նրանց։ Մեր դերը «Աստծո ձեռքերում գործիք դառնալն է»,7 որպեսզի նրանք ոչ միայն լսեն, այլ որպեսզի նրանք կարողանան զգալ, իսկ հետո կարողանան գործել. Մեր դերը «հրահանգել և շենացնելն է միմյանց», 8 որպեսզի մենք կարողանանք «[ինքներս մեզ] պարտավորեցնել՝ վարվել ամենայն սրբությամբ»։9 Մեր դերը «Հավատք ի ապաշխարություն» ուսուցանելն է։10

Այդպիսի ուսուցումն ինչպե՞ս է իրականացվում։ Տիրոջ Եկեղեցում հաստատված ձևն այն է, որ մենք լիովին մասնակցենք հանրային երկրպագությանը, ընտանեկան երկրպագությանը և անհատական երկրպագությանը։ Թույլ տվեք ավելի մանրամասն նկարագրել յուրաքանչյուր կետը։

Հանրային Երկրպագություն

Հանրային երկրպագությունն այն է, երբ մենք հավաքվում ենք որպես Աստծո զավակներ, որպես եղբայրներ և քույրեր և որպես Սրբերի համայնք։ Այդ ժողովները երբեմն մեծ են, ինչպես օրինակ՝ ցիցը կամ նույնիսկ գերագույն համաժողովը, կամ փոքր՝ ինչպես օրինակ քվորումը, Երիտասարդ Կանանց կամ Սփոփող Միության ժողովները կամ սեմինարիայի և ինստիտուտի դասերը։ Այսօրվա մեր հոգևոր հավաքն իր կառուցվածքով նման է հանրային երկրպագությանը։ Այդ ժողովների ժամանակ մենք աղոթում, ուսուցանում, վկայում և շենացնում ենք միմյանց և այդ ամենի նպատակն այն է, որ ընդլայնենք մեր Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի և Սուրբ Հոգու մասին մեր հասկացողությունը։ Այնուհետև, մենք պարտավոր ենք այդ անընդհատ մեծացող գիտելիքը փոխարինել իմաստությամբ, որպեսզի շարունակաբար փոքրացնենք այն բացը, որը գոյություն ունի մեր գիտելիքի ու մեր ապրելակերպի միջև։

Տաճարային երկրպագությունը հանրային երկրպագության մի սուրբ ձև է, քանի որ այն անմիջականորեն ընդգրկում է այն արարողություններն ու ուխտերը, որոնք կապում են մեզ Աստվածության հետ։ Որքա՞ն ամուր եք դուք կապված տաճարին և ձեր ուխտերին։ Արդյո՞ք կանոնավոր կերպով օգտվում եք հանրային երկրպագության այդ սուրբ ձևից, որպեսզի ամրապնդեք ձեր գիտելիքն ու ձեր իմաստությունը։ Արդյո՞ք ուսուցանում եք ձեր աշակերտներին՝ կապված մնալ տաճարին։ Արդյո՞ք խրախուսում եք մեր երիտասարդներին՝ արժանի գտնվել և կրել սահմանափակ օգտագործման տաճարային երաշխավորագիր և օգտագործել այն, երբ հնարավորությունը թույլ է տալիս։ Մասնակցությունը փրկության աշխատանքին՝ փնտրելով ընտանիքի անդամների անուններ, հաճախելով տաճարներ և մկրտելով ու հաստատելով իրենց նախնիներին, հոգևոր առաջնորդություն ստանալու հնարավորություն է ընձեռում։

Տաճարից դուրս մեր ամենակարևոր հանրային երկրպագության ժողովներից է հաղորդության ժողովը։ Բացի երկրպագության միջոցառումներից, որոնք մասն են կազմում Եկեղեցու ժողովների, այս ծառայությունը կենտրոնանում է հաղորդության կենդանի արարողության վրա։ Ժողովը սկսելու և ավարտելու ժամանակ և, հատկապես, սուրբ արարողության նախապատրաստության ժամանակ, մենք երգում և աղոթում ենք։ Արդյո՞ք մենք լիարժեք մասնակցում ենք։ Արդյո՞ք մեր մտքերն ու սրտերն այդտեղ են, թե դրանք մեկ այլ տեղ են։ Արդյո՞ք մեր սմարթֆոններն անջատված են, թե մենք հաղորդագրություն ենք գրում կամ թվիթերում ենք (կամ մեր նման մեծահասակների դեպքում՝ է-փոստում) արարողության ժամանակ կամ ժողովի ընթացքում։ Երբ ելույթ ունեցողները խոսում են, հատկապես, եթե նրանք լավ ճառախոս չեն, արդյո՞ք մենք մեծամտորեն անտեսում ենք նրանց ելույթը և մտածում․ «Ես այդ ամենը լսել եմ արդեն»։

Եթե մենք ունենք այդ մեղքերից մեկը, ապա նվազեցնում, իսկ միգուցե վերացնում ենք Հոգու հետ հաղորդակցվելու կարողությունը։ Իսկ հետո զարմանում ենք, թե ինչո՞ւ չենք զգում հոգին հաղորդության և Եկեղեցու այլ ժողովներին։

Հանրային երկրպագությունը հրաշալի հնարավորություն է օգնել բոլորին, այդ թվում՝ երիտասարդներին, քայլելու դարձի ուղով։

Ընտանեկան երկրպագություն

Հանրային երկրպագությունը պետք է խթանի ընտանեկան երկրպագությունը։ 1999թ.-ին Առաջին Նախագահությունը խորհուրդ տվեց ծնողներին և երեխաներին «մեծագույն առաջնահերթություն համարել ընտանեկան աղոթքը, ընտանեկան երեկոն, ավետարանի ուսումնասիրությունը և ուսուցումը, ընտանեկան առողջ միջոցառումները։ Թեպետ արժանի և պատշաճ այլ պահանջներ կամ միջոցառումներ կարող են լինել, դրանք չպետք է փոխարինեն աստվածայնորեն նշանակված պարտականություններին, որ միայն ծնողները և ընտանիքները կարող են, ինչպես հարկն է, կատարել»։11 Անշուշտ, այդ նույն սկզբունքները տարիներ շարունակ անհամար ձևերով անընդհատ ուսուցանվել են Եկեղեցու տարբեր ղեկավարների կողմից։

Մենք ապրում ենք զբաղված աշխարհում։ Ճամփորդելով ամբողջ աշխարհում, ես երբեմն անձամբ հարցնում եմ տեղի Եկեղեցու ղեկավարներին, ովքեր լավ Վերջին Օրերի Սրբեր են, թե արդյո՞ք նրանք ունենում եք ընտանեկան աղոթքներ և ընտանեկան երեկոներ։ Արդյո՞ք ուսումնասիրում են ավետարանն ընտանիքով։ Հաճախ, ես ամաչկոտ հայացք եմ նկատում ու բացատրություն լսում․ «Մենք այնքան զբաղված ենք։ Մեր երեխաների դպրոցը և արտադպրոցական միջոցառումները, երաժշտությունն ու այլ դասերը, հանրային օրակարգը և Եկեղեցու պարտականությունները գրեթե զբաղեցնում են ողջ օրը։ Ես և կինս զբաղված ենք աշխատանքում, Եկեղեցում և մեր այլ պարտավորություններում։ Մենք հազվադեպ ենք հավաքվում ընտանիքով»։ Առաջին Նախագահության խորհրդի իմաստն այն է, որ եթե մենք զբաղված ենք բարի գործեր անելով և ժամանակ չենք գտնում, նույնիսկ, կարևոր գործերի համար, ապա մենք պետք է լուծումներ փնտրենք։

Երբ երեխաները ծնվում են դարձի եկած ծնողներից, ովքեր հաստատել են ընտանեկան երկրպագության ուղին, ավելի հավանական է, որ նրանք զգան Սուրբ Հոգու ազդեցությունը երիտասարդ տարիքում, իսկ հետո ընդմիշտ հետևեն այդ արդար օրինակին։ Ապա Եկեղեցում մեր դասավանդումն իր ուրույն տեղն է գտնում և լրացնում ընտանիքում տեղ գտած դասավանդմանը։

Երիտասարդների ուսուցիչները բացի իրենց ընտանիքներում անընդհատ և արդյունավետ երկրպագելուց, պետք է ճշգրիտ և զգուշորեն խրախուսեն ուսանողներին երկրպագել նաև իրենց ընտանիքներում։ Ոմանք սերում են այնպիսի ընտանիքներից, որտեղ այդ սովորույթներն արդեն հաստատված են և դուք պարզապես կարող եք կողքից լուռ ուրախանալ։ Ոմանց համար դա տեղի չի ունենում տարբեր պատճառներով՝ ուսանողից, ով իր տան Եկեղեցու միակ անդամն է (կամ ակտիվ անդամը), մինչև այն ընտանիքները, որտեղ բոլորը կանոնավոր կերպով մասնակցում են Եկեղեցու ժողովներին, բայց դեռևս չեն հասկացել ընտանեկան երկրպագության կարևորության տեսլականը։ Առանց ենթադրելու հոգևոր ղեկավարների լիազորությունն ու պարտականությունը, պարզապես գծագրեք և ուսուցանեք արդար ուղիները և օգնեք մեր երիտասարդներին հասկանալ, թե ինչպես կարող են ոգեշնչման աղբյուր լինել իրենց ընտանիքների համար և զարգացնել ընտանեկան երկրպագության կայուն սովորույթներ։

Անհատական երկրպագություն

Ի վերջո, դարձի գալը անձնական խնդիր է։ Հանրային երկրպագությունը հանգեցնում է ընտանեկան երկրպագության, որն իր հերթին հանգեցնում է անհատական երկրպագության։ Այն իր մեջ ներառում է՝ անձնական աղոթքները, ավետարանի անհատական ուսումնասիրությունը և մարդու ու Աստվածության միջև կապի շուրջ անձնական խորհրդածությունը։ «Քանզի, ինչպե՞ս է մարդ ճանաչում իր տիրոջը, ․․․ որն օտար է նրան և հեռու է նրա սրտի մտքերից և խորհուրդներից»։12

Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ասել է․ «Սրբությունը զգալու կարևորությունը պարզապես սա է. եթե որևէ մեկը չի գնահատում սրբազան բաները, նա կկորցնի դրանք։ Ակնածանքի բացակայությունը կհանգեցնի ավելի շատ անփութության և թույլ վարքագծի։ Նա կհեռանա այն նավահանգստից, որն Աստծո հետ կապած ուխտերը կարող էին տրամադրել։ Աստծո հանդեպ պատասխանատու լինելու նրա զգացումները կնվազեն, իսկ հետո կմոռացվեն։ Դրանից հետո նա կհոգա միայն իր անձնական հարմարավետության և իր անկառավարելի ախորժակը բավարարելու մասին։ Ի վերջո, նա կսկսի արհամարհել սրբազան բաները, նույնիսկ Աստծուն, իսկ հետո կարհամարհի ինքն իրեն»։13

Մենք պետք է հասկանանք, որ հոգևոր հաջողության ամենամեծ կանխորոշիչը (չափվում է՝ Մելքիսեդեկյան Քահանայության կարգումով, օժտումը ստանալով, միսիայում ծառայելով, տաճարում ամուսնանալով և արդարակյաց ընտանիքի դաստիարակումով) երիտասարդ տղամարդու կամ երիտասարդ կնոջ համար անձնական փորձառություն ունենալն է իրենց երիտասարդ տարիներին, որպեսզի նրանք զգան Սուրբ Հոգու ազդեցությունը։ Դա ավելին է, քան Եկեղեցում ակտիվ լինելը․ դա ակտիվ լինելն է ավետարանում։

Ձեր նպատակն այն է, որ յուրաքանչյուր դասին ուսուցանելիս, յուրաքանչյուր քննարկում անցկացնելիս, միջանցքում տեղի ունեցած ցանկացած շփման դեպքում թույլ տաք, որ Սուրբ Հոգին լինի իսկական ուսուցիչը։ Ինչպես Փրկիչն է ուսուցանել․ «Բայց Մխիթարիչը` Սուրբ Հոգին, որ Հայրը կուղարկէ իմ անունովը, նա ամեն բան կսովորեցնէ ձեզ, և կյիշեցնէ ձեզ ամեն ինչ որ ձեզ ասեցի»։14 Սուրբ Հոգին կարող է յուրաքանչյուր ուղերձ անհատականացնել՝ ըստ յուրաքանչյուր անհատի հասկացողության, որպեսզի «լուսավորվի ճշմարտության Հոգով»։15 Այսպիսով, երբ մենք ուսուցանում ենք փրկության աշխատանքը և աստվածայնորեն նշանակված պարտականությունները, պետք է այդ ուսուցումը շենացնի, վեհացնի, ոգեշնչի և ստիպի ուսանողներին ամրապնդել իրենց հավատքը Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության հանդեպ։

Հրաշալի՛ ուսուցիչներ, մենք ձեզ ասում ենք․ «Շնորհակալություն: Շնորհակալություն: Շնորհակալություն: Եկեղեցու ղեկավարության անունից շնորհակալություն եմ հայտնում ձեզ։ Ձեր կյանքն ապրեք անձնական արժանավորությամբ, հոգ տարեք ձեր ընտանիքների մասին և ծառայեք Տիրոջը՝ հատկապես, հոգ տարեք թանկագին աճող սերնդի մասին։ Առաքելական առաջնորդության և բանալիների ներքո ներգրավված լինելով փրկության աշխատանքին և աստվածայնորեն նշանակված պարտականություններին, մենք կբարձրացվենք և կոգեշնչվենք»։

Ես հայտարարում եմ մեր երկնային ժառանգության վեհափառության և «հավերժական կյանքը, որն Աստծո բոլոր պարգևներից մեծագույնն է» ստանալու մեր ունակության մասին։16 Ես վկայում եմ մեծ Եհովայի, ով ծնվեց որպես Հիսուս և կոչվեց Հիսուս Քրիստոս՝ «օծյալը»։17 Ես վկայում եմ Նրա անզուգական Քավության մասին, որը թույլ է տալիս մեզ և մեր ուսանողներին հաղթել աշխարհին՝ հաղթանակով անցնել երկրային ամենադժվար իրավիճակների միջով «հույսի կատարյալ պայծառությամբ»։18 Վերականգնված ավետարանի և վերականգնված Եկեղեցու օրհնությունների շնորհիվ մենք ունենք այն անհրաժեշտը, որը մեզ կօգնի լսել, զգալ և գործել։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Տպել