Ամենամյա հեռարձակումներ
Ուրախությամբ լցված


Ուրախությամբ լցված

Սեմինարիաների և Կրոնի Ինստիտուտների ամենամյա ուսուցման հեռարձակում • 13 հունիսի, 2017

Երկու տարի առաջ Երեց Քիմ  Բ. Քլարկը, ով վերահսկում է մեր կրթական ծրագրերը, մեզ ուսուցանեց 3-րդ  Նեփիում գրված հրեշտակների և երեխաների մասին, ովքեր շրջապատված էին կրակի օղակով: Նա մեզ ուսուցանեց, որ որպես կրոնի ուսուցիչներ, մենք նույնպես պետք է օղակված լինենք այդ սուրբ կրակով:1 Ինչպես գիտեք, Մորմոնի Գրքում կա ևս մի պատմություն երկնային կրակով օղակված անձանց մասին: Լեքին ու Նեփին բանտ էին նետվել, և պատմությունն ասում է.

«Նրանք կարծես բոցավառ կրակի մեջ էին:  …

Եվ ահա, Աստծո Սուրբ Հոգին վար եկավ երկնքից, … և նրանք կարծես լցվեցին կրակով»:2

Պատմությունը նաև ասում է. «Եվ նրանք լցված էին այն ուրախությամբ, որն անասելի է ու փառքով լի»:3

Իմ ուղերձն այսօր հետևյալն է. որպես կրոնի ուսուցիչներ, մենք ոչ միայն պետք է օղակված լինենք կրակի շրջանակով, այլև պետք է լցվենք ուրախությամբ: Ուսանողները մեր դասարաններում պետք է սովորեն «երջանկության ծրագրի» մասին, սակայն նրանք նաև պետք է տեսնեն մեր մեջ վկայություն, որ ավետարանով ապրելն ուրախություն է բերում: Կենաց ծառի մասին իր երազում Լեքին ձեռքով նշան արեց իր ընտանիքին, որպեսզի նրանք գային ու ճաշակեին այն պտղից, որը «բաղձալի էր` մարդուն երջանիկ դարձնելու համար»:4 Նրա հրավերն ուներ զորություն և վավերականություն, քանի որ նա խոսում էր` հիմնվելով իր փորձառության վրա: Նա ճաշակել էր ու զգացել էր այդ ուրախությունը:

Նախագահ Գորդոն  Բ. Հինքլին ասել է. «Շատ կարևոր է այս աշխատանքում երջանիկ լինելը: Եկեղեցում մենք ունենք շատ տխուր մարդիկ, որովհետև, կարծում եմ, նրանք չեն հասկանում, որ այս ավետարանը երջանկության ավետարան է»:5 Մենք կարող ենք ձեռք բերել այն երջանկությունը, որի մասին խոսել է Նախագահ Հինքլին` մեր կյանք ընդունելով Սուրբ Հոգին և, ինչպես ասվում է սուրբ գրություններում, «երջանիկ» ապրելով: 6

Կուզենայի առաջարկել ձեզ, որ խորհեիք մի քանի սկզբունքների շուրջ, որոնք օգնել են ինձ` որպես կրոնի ուսուցիչ, «երջանիկ» ապրել: Դրանք խորը մտքեր չեն, ոչ էլ նոր են, և ես նշում եմ` հույս ունենալով օգնել ինչ-որ մեկին ավելի մեծ ուրախությամբ ապրել և ուսուցանել: Խոսքս ուղղում եմ ոչ միայն նրանց, ովքեր մասնագիտությամբ կրոնի ուսուցիչներ են, այլ նաև նրանց, ովքեր ժամանակավորապես կանչված են որպես կրոնի ուսուցիչներ սեմինարիաներում ու ինստիտուտներում:

Շատ տարիներ առաջ կարդացի մի մեջբերում Նախագահ Սպենսեր  Վ. Քիմբալի խոսքերից, որն անհանգստացրեց ինձ: Նա ասել է. «Եկեք այսօր ամուր կառչենք երջանկությունից, որովհետև գիտեմ, որ եթե այսօր երջանիկ չեք, էլ երբեք երջանիկ չեք լինի»:7

Դա չի կարող ճիշտ լինել, մտածեցի ես: Ո՞ւր մնաց ապաշխարությունը: Եթե այսօր երջանիկ չեմ, մի՞թե չեմ կարող որևէ բան անել դա փոխելու համար: Ես ավելի շատ խորհեցի դրա մասին և կարծում եմ, որ Նախագահ Քիմբալի ուղերձի մտադրությունը հետևյալն էր. եթե դուք երջանիկ չեք ու կարծում եք, որ երջանիկ կլինեիք, եթե միայն ձեր հանգամանքներն այլ լինեին, դուք, հնարավոր է, երբեք երջանիկ չլինեք, որովհետև երջանկությունը կապված չէ հանգամանքների հետ: Մի հեղինակ այս մասին արտահայտվել է հետևյալ կերպ.

«Մենք հակված ենք մտածելու, որ եթե լինեինք մեկ այլ վայրում` արձակուրդի մեջ, ուրիշ զուգընկերոջ հետ, ունենայինք այլ կարիերա, ուրիշ տուն, ուրիշ հանգամանքներ, ապա մենք ավելի երջանիկ ու ավելի բավարարված կլինեինք: Այդպես չէ:

Ճշմարտությունն այն է, որ եթե դուք ունեք քայքայիչ մտավոր սովորություններ… կամ եթե միշտ ցանկանում եք, որ ամեն ինչ այլ կերպ լիներ, ապա այս նույն հակումը միշտ ձեզ հետ կլինի, ուր էլ որ գնաք»:8

Լամանն ու Լեմուելը կարծում էին, որ իրենց երջանկությունը կապված էր հանգամանքների հետ, հատկապես այն հանգամանքների, որոնք իրենց հարմարավետություն կտային: Անապատում ունեցած իրենց ճամփորդության վերաբերյալ նրանք ասել են.

«[Մեր կանայք] երեխաներ են ծնել անապատում և տարել են ամեն ինչ, բացի մահից. և ավելի լավ կլիներ, որ նրանք մահացած լինեին Երուսաղեմից դուրս գալուց առաջ, քան կրեին այս չարչարանքները:

Ահա, այսքան շատ տարիներ մենք տառապում ենք անապատում, այն ժամանակ, երբ մենք կարող էինք վայելել մեր ունեցվածքը և մեր ժառանգության հողը. այո, և մենք կարող էինք երջանիկ լինել»:9

Ես հասկացել եմ, որ իմ երջանկությունը հիմնված չէ իմ ապրելու վայրի, ունեցած հանձնարարությունների, աշխատակիցների, ուսանողների, հնարավորությունների բացակայության վրա: Ես չեմ առաջարկում, որ «դրական վերաբերմունք» ունենալը հեռացնում է ձեր դժվարություններն ու լցնում կյանքն արևի շողերով: Մեր հանգամանքները կարող են լինել սրտաճմլիկ և գրեթե անտանելի: Բայց ես վկայում եմ, որ նույնիսկ այդ իրավիճակներում կարող են լինել երկնքից ուղարկված հոգի և հեռանկար, որոնք կարող են կյանքն ավելի ուրախ դարձնել:

Ալմայի գրքում կա մի հատված, որտեղ ասվում է. «Սա է Ամմոնի և նրա եղբայրների պատմությունը, նրանց ճամփորդությունները Նեփիի երկրում, նրանց տառապանքները երկրում, նրանց վշտերը և նրանց չարչարանքները, և նրանց անըմբռնելի ուրախությունը»:10 Վիշտն ու ուրախությունն իրարամերժ չեն: Որպես կանչված ուսուցիչ, դուք գուցե կցանկանայիք այլ կոչում ունենալ: Որպես աշխատող ուսուցիչ, դուք գուցե կցանկանայիք այլ հանձնարարություն ունենալ: Ցանկանալը լավ է, բայց հիշեք, որ ձեր երջանկությունը կապված չէ ձեր ցանկության իրականացման հետ: Երջանկությունը մեր վերջնական նպատակակետը չէ, որին ձգտում ենք հասնել, այլ մենք կարող ենք երջանիկ լինել, մինչ ձգտում ենք մեր նպատակներին հասնել: Եթե ապրում եք` երջանկությունը համարելով ձեր նպատակակետը, ապա հնարավոր է երբեք էլ երջանիկ չլինեք:

Ինչպե՞ս են մարդիկ գտնում իրենց երջանկությունը` անկախ հանգամանքներից: Ես չգիտեմ բոլոր պատասխանները, սակայն առաջարկում եմ մի կարևոր պատասխան. «երջանիկ» ապրելու համար երախտագիտությունը մեծ դեր ունի: Նախագահ Դիթեր  Ֆ. Ուխդորֆն ասել է.

«Ես առաջարկում եմ, որ ոչ թե շնորհակալ լինենք ինչ-որ բանի համար, այլ շնորհակալ լինենք բոլոր հանգամանքներում, անկախ պայմաններից:   …

Այս տեսակի երախտագիտությունը վեր է այն ամենից, ինչ տեղի է ունենում մեր շուրջը: … Այն նույնքան գեղեցիկ ծաղկում է ձմռան սառցե դաշտում, որքան ամռան հաճելի ջերմության ժամանակ: …

Բոլոր հանգամանքներում երախտապարտ լինելը Աստծո հանդեպ հավատքի դրսևորում է:  …

Ճշմարիտ երախտագիտությունը հույսի և վկայության դրսևորում է»:11

Թույլ տվեք առաջարկել ևս մեկ սկզբունք, որն օգնել է ինձ ավելի մեծ ուրախությամբ ապրել և ուսուցանել: Իմ կարիերան սկսելուց մի քանի տարի անց ես որոշեցի դուրս գալ սեմինարիաներից ու ինստիտուտներից: Այդ որոշումը կայացրեցի, որովհետև չէի կարծում, որ իմ շրջապատում գտնվող ուսուցիչների նման լավ ուսուցիչ էի: Կային ուսուցիչներ, ովքեր ուսանողներին հեշտությամբ ներգրավում էին, շատ գիտակ էին, հումորով լի և ինքնավստահ. հատկանիշներ, որոնք այնքան էլ ձևավորված չէին ինձ մոտ: Ի վերջո, ես դուրս չեկա սեմինարիաներից ու ինստիտուտներից, այլ շարունակեցի ներքուստ պայքարել` մինչ մտածում էի, թե արդյոք իմ անհատականության տեր մարդը կարող էր արդյունավետ կերպով ուսուցանել և օգնել երիտասարդներին:

Խոսելով մեր անզուգական անհատականությունների մասին, Քույր Պատրիսիա Հոլլանդը` Երեց Ջեֆրի  Ռ. Հոլլանդի կինը, ասել է հետևյալը.

«Մենք պետք ենք մեր Երկնային Հորն այնպիսին, ինչպիսին կանք, ինչպիսին դառնում ենք: Նա միտումնավոր կերպով մեզ տարբեր է ստեղծել, որպեսզի նույնիսկ մեր անկատարություններով հանդերձ, կարողանանք իրականացնել Իր նպատակները: Ես ինձ շատ թշվառ եմ զգում, երբ մտածում եմ, որ պետք է անեմ այն, ինչ ուրիշներն են անում կամ ակնկալում ինձանից: Ես շատ երջանիկ եմ, երբ հարմարավետ եմ զգում, որ այնպիսին եմ, ինչպիսին կամ և փորձում եմ անել այն, ինչ իմ Երկնային Հայրն ու ես ակնկալում ենք ինձանից, որպեսզի լինեմ:

Տարիներ շարունակ ես փորձում էի համեմատել հանգիստ, մտախոհ, մտածկոտ Պատրիսիա Հոլլանդին աշխույժ, առույգ, զրուցասեր ու եռանդուն Ջեֆ Հոլլանդի ու նման հատկանիշներ ունեցող ուրիշների հետ: Մի քանի հոգնեցուցիչ ձախողումներից հետո հասկացա, որ չես կարող երջանիկ լինել առույգ լինելով, եթե առույգ անձնավորություն չես: Սա հակասական հասկացողություն է: Ես դադարել եմ ինձ թերություններ ունեցող անձնավորություն համարել: … Եվ դա ինձ ազատություն է շնորհել, որպեսզի ընդունեմ և ուրախանամ իմ ձևով ու անհատականությամբ: …

Ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի կերպ Տերն «օգնեց ինձ հասկանալ», որ իմ անհատականությունը ստեղծվել է հենց այն առաքելությանը ու տաղանդներին համապատասխան, որոնք Նա շնորհել է ինձ: … Ես բացահայտեցի, որ մեծ եռանդ ունեմ, երբ հավատարիմ եմ ինքս ինձ: Սակայն այն պահին, երբ տեղի եմ տալիս ու փորձում եմ նմանվել իմ մերձավորներին, ինձ ջախջախված և ուժասպառ եմ զգում և տանջվում, որպեսզի լինեմ այնպիսին, ինչպիսին չեմ: Երբ խափանում ենք Աստծո ծրագիրը, որը Նա ունի մեզ համար, մենք զրկում ենք այս աշխարհն ու Աստծո արքայությունը մեր եզակի ներդրումից»:12

Կարող եմ ձեզ երկու խորհուրդ տալ, թե ինչպես ինքներդ ձեզ հավատարիմ մնաք: Առաջին` ես չեմ առաջարկում, որ մենք ցուցաբերենք այնպիսի վերաբերմունք, որն ասում է. «Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ»: Նախագահ Ռասսել  Մ. Նելսոնն ասել է. «Հիսուս Քրիստոսի ավետարանը փոփոխության ավետարան է»:13 Ես պետք է ուշադիր լսեմ իմ ղեկավարների խորհուրդներն այն մասին, թե ինչպես փոխվեմ ու մի գծի վրա հավասարեցնեմ իմ անհատականությունն ու ջանքերը` մեր նպատակներին հասնելու համար: Առավել կարևոր, ես պատվիրան ունեմ տրված հենց Հիսուս Քրիստոսի կողմից, որ պետք է դառնամ նույնիսկ այնպիսին, ինչպիսին Նա է: Բայց ես չպետք է նմանվեմ այլ ուսուցիչների: Իմ անհատականությունը, զորանալով Սուրբ Հոգու պարգևներով, կարող է յուրահատուկ ներդրում ունենալ սեմինարիաների ու ինստիտուտների աշխատանքի մեջ:

Երկրորդ խորհուրդը. երբ ես առաջին անգամ եկա Կենտրոնական գրասենյակ, որպեսզի նոր հանձնարարություն ստանամ, մեր ղեկավարը` Երեց Փոլ  Վ. Ջոնսոնը, ինձ հրավիրեց իր սենյակ որոշ ցուցումներ ու խորհուրդ տալու համար: Այլ բաների հետ մեկտեղ, նա ասաց. «Մի սահմանեք ինքներդ ձեզ»: Իմ կարծիքով դա նշանակում էր, որ եթե ես երբևէ Տիրոջ համար սահմանեմ, թե Նա ինչպես կարող է օգտագործել ինձ Իր գործն իրականացնելիս, ես կսահմանափակեմ իմ հնարավորություններն ու ծառայությունը:

Դժբախտաբար ես սխալվեցի հենց նրանում, ինչի մասին նա ինձ զգուշացրել էր: Ես փորձում էի լավագույն կերպով իրականացնել այն վարչական հանձնարարությունը, որը նա խնդրել էր կատարել, սակայն ներքուստ փնթփնթում էի: «Ես վարչական գործեր կատարող չեմ»,- ասում էի ինքս ինձ: «Ես ուսուցիչ եմ: Ես պետք է դասարանում լինեմ, այլ ոչ թե նստեմ ժողովներին»: Դա մի երկար ու ցավոտ գործընթաց էր, մինչև հասկացա, որ ուսուցանելու վերաբերյալ իմ արտահայտած ցանկության ներքո թաքնված էր իմ անձնական կարիքները բավարարելու ցանկությունը: Ժամանակն ուսանողների ու սուրբ գրությունների հետ անցկացնելը հատուցվող է: Սակայն օրն անցկացնել ժողովների մեջ՝ քաղաքականություն քննարկելիս, ոչ այնքան: Բայց կարևորը դա չէ: Արդյո՞ք ես այս աշխատանքն անում եմ անձնական պարգևատրման կամ գոհացման համար, թե՞ անում եմ այն Աստծո փառքին և նպատակներին ուղղված աչքով:

Ես հույս ունեմ, որ դուք ավելի իմաստուն կլինեք, քան ես էի, և չեք սահմանի ինքներդ ձեզ ու թե ինչպես պետք է ծառայեք: Մենք հատուկ երջանկություն ենք զգում, երբ ենթարկվում ենք Հոր կամքին, ինչպես որ Փրկիչն է բազմիցս ուսուցանել ու ցույց տվել:

Ենթարկվելու հետ առնչվող այս հարցը թույլ է տալիս, որպեսզի կատարեմ ևս մեկ առաջարկ, որը կարող է օգնել մեզ որպես կրոնի ուսուցիչներ «երջանիկ» ապրել: Ես վստահ եմ, որ մեզանից շատերն անկեղծորեն ցանկանում են ենթարկվել մեր Երկնային Հոր կամքին: Ավելի դժվար է, երբ մեզ խնդրում են ենթարկվել երկրի վրա ապրող մահկանացուներին, ում միջոցով Տերն առաջնորդում է Իր գործը` լինի դա ծխում, ցցում կամ սեմինարիաներում և ինստիտուտներում: Իմ կարիերայի ընթացքում ես ճանաչել եմ շատ շնորհալի ուսուցիչների, ովքեր վիրավորվել են ղեկավարի ինչ-որ արարքից կամ որևէ քաղաքականությունից, որի հետ չեն համաձայնվել: Անկախ նրանից, արդյոք այս անարդարություններն իրական էին, թե ենթադրություն, այս ուսուցիչները պահել ու փայփայել են իրենց վիրավորանքը սեփական երջանկության գնով: Նրանց վիրավորանքը հաճախ վերածվել է դառնության, որն այնուհետև միմյանց նկատմամբ հակառակություն է ծնել, հատկապես նրանց նկատմամբ, ովքեր եղել են իրենց ղեկավարները:

Երեց Նիլ  Ա. Մաքսվելը մի անգամ գրել է. «Կյանքը Եկեղեցում [իսկ ես կավելացնեի նաև կյանքը սեմինարիաներում և ինստիտուտներում] նշանակում է առնչվել շատ ղեկավարների հետ, որոնցից ոչ բոլորն են միշտ իմաստուն, հասուն և խելացի: Իրականում մեզանից ոմանք այնքան էլ պիտանի չեն: Երբեմն մենք իրականում հղկվում ենք միմյանց հետ ունեցած բախումների շնորհիվ: Նման հանգամանքներում որքա՜ն էական են համբերությունն ու ջերմ սերը»:14

Չեմ կարող բավականաչափ շեշտել, թե որքան կարևոր են «համբերությունն ու ջերմ սերը» կրոնի ուսուցչի համար: Դրանք անհրաժեշտ են երջանկություն գտնելու և Սուրբ Հոգով ուսուցանելու համար:

Նախագահ Բոյդ  Կ.Փաքերն ասել է. «Նա, ով ասում է, որ աջակցում է Եկեղեցու Նախագահին կամ Գերագույն Իշխանավորներին, սակայն չի աջակցում իր սեփական եպիսկոպոսին, խաբում է ինքն իրեն: Նա, ով չի աջակցում իր ծխի եպիսկոպոսին և իր ցցի նախագահին, նշանակում է նա չի աջակցում Եկեղեցու Նախագահին»:15

Ժամանակը թույլ չի տալիս, որպեսզի ավելին խոսեմ այս թեմայի շուրջ, սակայն կարծում եմ այդ խոսքերի մեջ կա մի սկզբունք, որը վերաբերում է կրոնի ուսուցիչներին ու նրանց հարաբերություններին այն մարդկանց հետ, ովքեր նշանակված են որպես իրենց առաջնորդ:  Եթե ձեզանից որևէ մեկը բացասական զգացմունքներ ունի վարչակազմի նկատմամբ, կոնկրետ որևէ ղեկավարի կամ քաղաքականության նկատմամբ, անտեսվում է կամ թվում է, թե իրեն հետևում են, խնդրում եմ, ուշադրություն մի դարձրեք դրան հանուն ինքներդ ձեզ: Երջանկությունը միշտ հեռանում է նրանից, ով չի ներում, ով իր դժգոհությամբ կիսվում է ուրիշների հետ կամ ով սնուցում է հակառակության ոգին:

Այժմ, ահա իմ վերջին առաջարկը: Իր մահից մի քանի ժամ առաջ Փրկիչը լվաց Առաքյալների ոտքերն ու այնուհետև ասաց.

«Արդ եթէ ես Տերս և Վարդապետս` ձեր ոտները լուացի, դուք էլ պէտք է իրար ոտները լուանաք: …

Եթէ այս գիտէք, երանելի էք` թէ որ այս անէք»:16

Կյանքում մեր ունեցած երջանիկ պահերից շատերը մենք զգում ենք, երբ մոռանում ենք ինքներս մեզ ու կենտրոնացնում ենք մեր մտքերն ու ծառայությունը ուրիշների վրա: Կրոնի ուսուցիչը կարող է մեծ երջանկություն գտնել, եթե նա կենտրոնացնի իր մտքերը, ցանկությունները և ջանքերը ուսանողներին օրհնելու համար: Կրոնի ուսուցիչների հետ խոսելիս Նախագահ Սպենսեր  Վ. Քիմբալը մի անգամ ասել է, որ մեր երիտասարդների աճն ու զարգացումը պետք է լինի մեր «մեծագույն և վեհ նպատակը»: 17Եթե մեր ուշադրությունը երբևէ հեռանա մեր ուսանողներից և սկսի կենտրոնանալ մեր իսկ սեփական կարիքների, հարմարավետության, բավարարվածության կամ ճանաչված լինելու վրա, ապա արդյունավետ ուսուցանելու համար մենք կունենանք զորության զգալի պակաս, չեմ նշում մեր սեփական երջանկության կորուստի մասին:

Հերի Իմերսոն Ֆոսդիքը` անցած դարի մի բողոքական հովիվ, գրել է. «Որոշ քրիստոնյաներ իրենց մեջքի վրա են կրում իրենց կրոնը: Դա հավատալիքների ու գործողությունների մի տուփ է, որը նրանք պետք է կրեն: Երբեմն այն ծանրանում է, ու նրանք կամավոր վայր են դնում, սակայն դա նշանակում է վերջ տալ հին սովորություններին, այսպիսով նրանք  կրկին շալակում են այն: Սակայն իրական քրիստոնյաները չեն կրում իրենց կրոնը, իրենց կրոնն է կրում նրանց: Այն բեռ չէ, այն թևեր է տալիս: Այն բարձրացնում է նրանց, օգնում է դժվարությունների հանդիպելիս, ամբողջ աշխարհն ավելի բարի է դարձնում, կյանքն` իմաստալից, հույսը` իրական, զոհաբերությունը` տեղին: Այն ազատում է վախի զգացումից, ունայնությունից, հուսահատությունից ու մեղքից` մարդու հոգին ստրկացնողներից: Երբ տեսնեք իսկական քրիստոնյայի, դուք կճանաչեք նրան իր կենսուրախությունից»:18

Ես հույս ունեմ ու աղոթում եմ ձեզանից յուրաքանչյուրի համար, որ ավետարանն իրականում թևեր է տալիս, այլ ոչ ծանրություն, որ դուք օղակված եք կրակով ու լցված եք ուրախությամբ, որ ձեր սեփական երջանկությունը կհրավիրի ուրիշներին փնտրել ու հետևել ձեր երջանկության աղբյուրին, որը Տեր Հիսուս Քրիստոսն է: Ես վկայում եմ, որ Նա ամենաերջանիկ մարդն էր, ով երբևէ քայլել է այս երկրի վրա, և Նա հրավիրում է մեզ գալ ու հետևել Իրեն «երջանիկ» ապրելով: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Kim B. Clark, “Encircled About with Fire” (Seminaries and Institutes of Religion Satellite Broadcast, Aug. 4, 2015), lds.org

  2. Հելաման 5.44–45

  3. Հելաման 5.44

  4. 1 Նեփի 8.10

  5. Գորդոն Բ. Հինքլի, Գորդոն Բ. Հինքլիի ուսմունքները (1997), 256

  6. 2 Նեփի 5.27

  7. Spencer W. Kimball, The Teachings of Spencer W. Kimball, ed. Edward L.Kimball (1982), 173

  8. Richard Carlson, Don’t Sweat the Small Stuff … and It’s All Small Stuff (1997), 133

  9. 1 Նեփի 17.20–21

  10. Ալմա 28.8; շեշտադրումն ավելացված է

  11. Դիթեր Ֆ. Ուխդորֆ, « Երախտապարտ լինել ցանկացած պայմաններում », Ensign կամ Լիահոնա, Մայիս, 2014, 75–76

  12. Patricia T. Holland, “Portraits of Eve: God’s Promises of Personal Identity,” in LDS Women’s Treasury: Insights and Inspirations for Today’s Woman (1997), 97–98.

  13. Ռասսել Մ. Նելսոն, «Որոշումներ` հավերժության համար», Ensign կամ Լիահոնա, Նոյ. 2013, 108

  14. Neal A. Maxwell, If Thou Endure It Well (1996), 99

  15. Boyd K. Packer, Follow the Brethren, Brigham Young University Speeches of the Year (Mar. 23, 1965), 4–5; also in Liahona, Sept. 1979, lds.org

  16. Հովհաննես 13.14, 17

  17. Spencer W. Kimball, Men of Example (address to Church Educational System religious educators, Sept. 12, 1975; booklet), 7; also in Teaching Seminary: Preservice Readings (Church Educational System manual, 2004), 26

  18. Harry Emerson Fosdick, Twelve Tests of Character (1923), 87–88; quoted in L. Tom Perry, “A Year of Jubilee,“ Ensign, Nov. 1999, 77

Տպել