Ամենամյա հեռարձակումներ
Տես անհատին


Տես անհատին

Սեմինարիաների և Կրոնի ինստիտուտների ամենամյա ուսուցման հեռարձակում - 13 հունիսի, 2017

Ես երախտապարտ եմ, որ կարող եմ այսօր ներկա գտնվել այստեղ և կիսվել Փրկիչի հանդեպ, ձեր՝ երիտասարդների և երիտասարդ ամուրիների հանդեպ ունեցած իմ սիրով, որոնց մենք կարող ենք ծառայել։

Հիշում եմ Հոգու այն զորեղ վկայությունը, որը ես ուսանող ժամանակ ստացա Հոգուց, երբ ուսուցանելիս առաջին անգամ կարդացի Նախագահ Բոյդ Ք. Փաքերի հետևյալ հայտարարությունը ։ «Ես կարծում եմ, որ ըստ ձեր կատարած գործի չափի, դժվարությունների ու պատասխանատվության, Քրիստոսի պատկերը փորագրվում է ձեր դեմքին։ Եվ բոլոր կիրառելի նպատակներից ելնելով, այդ դասարանում այդ պահին, այդ արտահայտության մեջ, այդ ոգեշնչմամբ, դուք Նա եք, և Նա դուք եք»։1 Այն միտքը, որ ես արտոնություն ունեմ ներկայացնելու Փրկիչին իմ պարտականություններում, Սեմինարիայի և Կրոնի Ինստիտուտի իմ ողջ կարիերայի ընթացքում, եղել է խթանիչ ցանկություն և իշխող ճշմարտություն։

Վերջին «Երեկո բարձրագույն իշխանավորի հետ» հավաքի ժամանակ Երեց Գոնգն ուսուցանեց մեզ, որ հատկանիշներից մեկը, որի շնորհիվ Փրկիչը համարվեց կատարյալ ուսուցիչ, Նրա ունակությունն էր միասին և անհատապես ուսուցանելու 5,000 մարդու։ Նա նշել է․ «Սա հրաշք է, որին ուսուցիչներս ձգտում ենք՝ ուսուցանել մեր ողջ դասարանին և դասարանի յուրաքանչյուր անձի։ Սա պահանջում է ուշադրություն դարձնել և՛ 5000-ին, և՛ մեկին։ Այն հրավիրում է անդրադառնալ ինչպես ընդհանուր մտահոգություններին, այնպես էլ անհատական կարիքներին»։2 Արդյո՞ք մտածել եք, թե ինչպես է Փրկիչը  կարողացել անել դա։

Ցանկանում եմ կիսվել մի փորձառությամբ, որն ունեցել եմ դասավանդման երկրորդ տարում, երբ Տերն ուսուցանել է և օգնել ինձ հասկանալ, թե ինչպես պետք է ներկայացնել Նրան դասարանում։ Իմ դասերին 15 տարեկան մի պատանի էր հաճախում։ Առաջին մի քանի օրերի ընթացքում ես հասկացա, որ իմ համբերությունը չէր հերիքի նրա դժվար բնավորության հետ և զգացի, որ դժվար կիսամյակ էր ինձ սպասվում, քանի որ պետք է կիրառեի մի պարգև, որը ես չունեի։ Ես աղոթեցի, որպեսզի սիրով լցվեմ նրա և մյուս ուսանողների հանդեպ։

Դասերի երկրորդ շաբաթվա ընթացքում, երբ այդ տղան ոտքի կանգնեց հոգևոր միտք ասելու և իր անձնական կյանքի մասին պատմելու համար, ինձ շնորհվեց մի պարգև, որով կարող էի նրան տեսնել, ինչպես Տերն է տեսնում, և իմ սերը նրա հանդեպ աճեց։ Նա կիսվեց մեզ հետ այն մասին, որ նրա ծնողներն ամուսնալուծվում էին և նրա մայրը ոչ միայն հեռացել էր Եկեղեցուց, այլև կռվում էր նրա դեմ։ Ես նրա դեմքին տեսնում էի ցավ և շփոթմունք, երբ նա կիսվում էր իր պատմությամբ։ Անկեղծ ասած, ես չէի հիշում հոգևոր միտքը, որով կիսվել էր, բայց ես հիշում եմ, թե ինչ ուսուցանեց Սուրբ Հոգին։ Մի միտք ծագեց գլխումս․ «Հանիր կոշիկներդ, քանի որ ես քեզ ունակություն կշնորհեմ, որպեսզի կարողանաս ներգործել մարդկանց վրա։ Որպես հավատարիմ կին, ես վստահում եմ քեզ, որ դու ներգործես այդ երիտասարդ տղամարդու կյանքի վրա, և ես ցանկանում եմ, որ դու սիրես նրան, ինչպես Ես եմ սիրում նրան»։ Այդ պահից սկսած ես փոխվեցի։ Իմ սիրտը փոխվեց։ Ես իսկապես նրան տեսա որպես Աստծո որդու, որն ուներ աստվածային ներուժ և հոգևոր պարգևներ ու կարող էր շատ բան տալ մեր դասարանին։ Այդ կիսամյակ նրա վարքն այդքան էլ չփոխվեց, բայց ես փոխվեցի։ Եվ փոփոխության արդյունքում մենք հրաշալի փորձառություններ ունեցանք միասին։ Ես միշտ երախտապարտ կլինեմ այդ երիտասարդ տղային և նրա համար, որ Տերը թույլ տվեց, որ իմ սիրտն ու տեսլականը փոխվեն։

Ես շարունակում եմ զարմանալ մեր Երկնային Հոր ունակության վրա, ով ոչ միայնգիտե , այլև բավարարում է բոլոր մարդկանց կարիքները։ Ես գիտեմ, որ Նա տեսնում, հասկանում և ճանաչում է ինձ կատարելապես։ Եվ նույնիսկ ավելին, Նա սիրում է ինձ կատարյալ ձևով։ Ես նաև գիտեմ, որ Նա տեսնում է իմ մեջ աստվածային ներուժ և Նա գիտի, որ Նրա օգնության շնորհիվ ես կդառնամ Իր նման։ Ես գիտեմ, որ Նա նույն հավատքն ունի յուրաքանչյուր երիտասարդ տղամարդու և երիտասարդ կնոջ հանդեպ, ովքեր ներս են մտնում մեր դռնով։ Նա տեսնում է նրանց կատարյալ ձևով և ցանկանում է փրկել բոլորին։ Նա չի նայում նրանց արտաքին տեսքին կամ վարքին և կենտրոնանում է նրանց աստվածային հատկանիշների և ուժեղ կողմերի վրա։ Եվ որպես ուսուցիչների, Նա ակնկալում է նույն բանը մեզանից։

Այս տարի մենք ներկայացնում ենք նոր առաջնահերթություն, որը կոչվում է «Տես անհատին»։ Մեզանից յուրաքանչյուրի համար այդ առաջնահերթության նպատակն է զարգացնել Քրիստոսանման հատկանիշներ, որպեսզի տեսնենք յուրաքանչյուր ուսանողի անհատական կարիքները, ուժեղ կողմերը և աստվածային ներուժը։ Մենք հույս ունենք, որ մեզանից յուրաքանչյուրը կզարգացնի կամ կամրապնդի Քրիստոսանման ունակությունը՝ տեսնել արտաքին տեսքից և պիտակներից այն կողմ և ամեն ուսանողի սովորի վերաբերվել որպես եզակի անհատականություն, որն ունի աստվածային ներուժ և վերաբերվի նրան համապատասխան կերպով։

Այս դասարան ոտք դնող յուրաքանչյուր ուսանող ունի անձնական հանգամանքներ, կարիքներ և դժվարություններ, որոնք ազդում են նրանց ուսանելու փորձառության վրա։ Կարևոր է հիշել, որ սեմինարիան կամ ինստիտուտը կազմում է ուսանողի կյանքի մի մասը միայն, կենսական մասը, բայց, այնուամենայնիվ, մի մասը։ Ուսանելու ոճերը, մշակութային տարբերությունները, թուլությունները, կախվածությունը, կորուստը և վիշտը միայն մի քանի գործոններն են, որոնք կարող են ազդել ուսանողի ուսման փորձառության վրա։ Հանգամանքները և պիտակները չեն բնորոշում մեր ուսանողներին, այլ հնարավորություն են ընձեռում մեզ տեսնել և սիրել նրանց, ինչպես Փրկիչն է դա անում։ Մենք ունենք սրբազան արտոնություն և պատասխանատվություն, անել ավելին, որպեսզի օգնենք նրանց, ում բեռը ծանր է, և ով դասարան է գալիս, հուսահատ փնտրելով այն հույսը, որը տալիս է մարդկության Փրկիչը։

Մտածելով անհատին տեսնելու այդ սրբազան պատասխանատվության մասին, ես շատ բան եմ սովորել Պողոս Առաքյալի ուսմունքներից, որոնք գրված են՝ Ա Կորընթացիս 12 գլխում։ Կցանկանայի կիսվել երեք դասով, որոնք ես սովորել եմ այս  գլխի ուսումնասիրությունից։

Դաս 1․ Սովորեցնելով հոգևոր պարգևների մասին, Պողոսը սկզբում ուսուցանում է Քրիստոսի մարմնի և յուրաքանչյուր անդամի արժեքի մասին։ Երբ կարդացի 1–11 հատվածները , սկսեցի մտածել, որ անհատներին կարող եմ նայել Փրկիչի նման, եթե առաջին հերթին գիտակցեմ, որ նրանք ունեն պարգևներ և ուժեղ կողմեր, որոնք պետք է տեսնել և օգտագործել։ Եթե ուսանողներին նայենք այդ կերպ, մենք կճանաչենք և կօգտագործենք նրանց ուժեղ կողմերը, այլ ոչ թե կկենտրոնանանք նրանց թուլությունների կամ անցանկալի վարքագծի վրա։ Ժամանակ առ ժամանակ, ուսանողի պահվածքը չի արտացոլում նրա արժեքը։ Մի պարզ հմտություն, որը կարող է ուսուցիչը զարգացնել, այն է, որ նա կարող է դադար տալ՝ ուսանողի մեկնաբանությանը կամ պահվածքին անմիջապես արձագանքելու փոխարեն, իսկ հետո մտածել երկու կամ երեք պատճառի մասին, թե «ինչու» կարող էր ուսանողն այդպես պատասխանել կամ վարվել։ Դրա արդյունքում ուսուցիչը չի գործի պահի ազդեցության տակ և ավելի լավ կճանաչի ուսանողի հոգևոր պարգևները։

Ձգտելով հիշել յուրաքանչյուր ուսանողի աստվածային ներուժը, մենք պետք է հասկանանք, որ հանգամանքներն ու թուլությունները կարող են խոչընդոտել նրանց սովորելու ցանկությանը կամ ունակությանը։ Դրա համար մենք պետք է ավելի զգուշորեն զարգացնենք դասավանդման այնպիսի մեթոդներ, որոնք անհատներին կհրավիրեն և կոգեշնչեն կիրառելու իրենց ազատ կամքը, որի շնորհիվ սովորելու գործընթացում նրանք կկիրառեն իրենց հոգևոր պարգևները։ Այդ գործընթացը հեշտ չէ, բայց երբ փնտրում ենք Տիրոջ օգնությունը, Նա կօգնի մեզ և մենք կիմանանք, թե ինչպես օգնել Իր զավակներին։

Իմ ուսանողների մեջ հոգևոր պարգևները ճանաչելու արժեքը հասկացել եմ մի ուսանողի շնորհիվ, ով չէր ցանկանում կարդալ դասարանում կամ դասարանից դուրս։ Այդ աղջիկը երաժշտություն շատ էր սիրում, և երբ աղոթեցի նրան օգնելու համար, Տերը մի այնպիսի պատասխան տվեց, որը նախկինում չէի փորձել։ Ես նրան դասերի ժամացուցակը տվեցի և խնդրեցի յուրաքանչյուր դասի համար մի երգ ընտրել, որը կարելի էր նվագել դասարանում և որի օգնությամբ կարող էինք ուսուցանել այդ հատվածում զետեղված ճշմարտությունները։ Դրա համար անհրաժեշտ էր, որ ճշմարտությունները բացահայտելու համար նա դասից հետո կարդար այդ հատվածները, որպեսզի գտներ համապատասխան երգերը։ Դա նաև հնարավորություն տվեց նրան կիսվելու իր վկայությամբ այն մասին, թե ինչ էր սովորել պատրաստության ժամանակ։ Կարճ շաբաթների ընթացքում ես տեսա, թե Փրկիչի հանդեպ սերը և դասարանում նրա ակտիվությունը ինչպես է աճում այդ ուսանողի մեջ։ Ներկայումս նա ծառայում է լիաժամկետ միսիայում և ոչ միայն կարդում, այլև ուսուցանում է սուրբ գրությունները և երաժշտության միջոցով կիսվում է իր վկայության պարգևով։

Դաս 2․ Պողոսն ընդգծում է, որ յուրաքանչյուր մարմնի անդամ արժեք է ներկայացնում։ 14–18 հատվածներում Նա ուսուցանում է մեզ․

«Որովհետեւ մարմինն էլ մէկ անդամ չէ, այլ շատ:

Եթէ ոտքն ասէ. Որովհետեւ ձեռք չեմ՝ մարմնիցը չեմ. Մի՞թէ նորանով մարմնիցը չի լինիլ:

Եւ եթէ ականջն ասէ, Որովհետեւ աչք չէմ՝ մարմնիցը չեմ. Մի՞թէ նորանով մարմնիցը չի լինիլ:

Եթէ բոլոր մարմինն աչք լինէր, ո՞րտեղ էր լսելիքը. Եւ եթէ բոլոր մարմինը լսելիք լինէր, ո՞րտեղ էր հոտոտելիքը։

Բայց հիմա Աստուած անդամները՝ նորանց ամեն մէկը՝ դրաւ մարմնի մէջ ինչպէս կամեցաւ»:

Ինձ դուր է գալիս մարմնի մասերի այդ պատկերավոր համեմատությունը, որոնք կատարում են տարբեր, բայց անհրաժեշտ դերեր։ Ձեռքը չի կարող փոխարինել ոտքին։ Ականջը չի կարող փոխարինել աչքին։ Յուրաքանչյուրն ունի եզակի, բայց կարևոր դեր և յուրաքանչյուրը տարբեր ձևերով է ունենում իր ներդրումը։ Մարմնի համար բոլորն էլ կարևոր են, որպեսզի այն գործի իր ողջ ունակությամբ։

Երեց Հոլլանդը մեկ այլ համանմանության միջոցով նկարագրել է այդ նույն ճշմարտությունը, երբ ասել է․ «Աստվածային ծրագրի համաձայն, Աստծո երգչախմբի ոչ բոլոր ձայներն են միանման։ Տարբեր ձայների՝ սոպրանո և ալտ, բարիտոն և բաս, համադրությամբ է հարուստ երաժշտությունը ձևավորվում։ … Երբ մենք թերագնահատում ենք մեր յուրահատկությունը և փորձում նմանվել շինծու կարծրատիպերին … մենք կորցնում ենք մարդկանց միջև գոյություն ունեցող առանձնահատկություններն ու տարբերությունները, որոնք Աստված նկատի է ունեցել բազմազան աշխարհը ստեղծելիս»։3

Որպեսզի օգնենք յուրաքանչյուր ուսանողի «դարձի գալ, քանի դեռ մեզ հետ են», 4 մենք պետք է հավատանք, որ յուրաքանչյուր ուսանող ունի իր արժեքը և գործենք համապատասխանաբար։ Այս ճշմարտությունների լույսի ներքո ես հրավիրում եմ բոլորիդ, որ հետևյալ հարցը տաք ինքներդ ձեզ։ Առաջինը, «արդյո՞ք ես անկեղծորեն հավատում եմ, որ իմ ուսանողներից յուրաքանչյուրն ունի արժեք և կարող է իր ուրույն ներդրումն ունենալ»։ Երկրորդը, «արդյո՞ք իմ պահվածքն արտացոլում է այդ համոզմունքը»։

Ես աղոթում եմ, որ Տերն օգնի մեզ ավելի շատ առաջնորդվել այդ համոզմունքով։

Դաս 3․ Պողոսն ուսուցանում է, որ մենք պետք է միևնույն հոգատարությունը ցուցաբերենք յուրաքանչյուր անդամին։ Նա ասում է․ «Որ մարմնի մէջ տարաձայնութիւն չ’լինի, այլ որ անդամներն իրար համար նոյն հոգսն ունենան»։5

Դա մի զորեղ հատված էր, որն ինձ մտածելու տեղիք տվեց։ Արդյո՞ք ես «նույն հոգսն» եմ տանում բոլոր ուսանողների հանդեպ։ Արդյո՞ք ես ավելի շատ կենտրոնանում եմ այն ուսանողիվրա, ով ակնհայտ կերպով է իր ներդրումն ունենում։ Արդյո՞ք ավելի հեշտ է սիրել այն ուսանողներին, ովքեր բարձրացնում են իրենց ձեռքերը և միշտ ունեն իրենց սուրբ գրություններն ու պատրաստ են կիսվել վկայությամբ և իմաստալից մեկնաբանություններով։ Արդյո՞ք ավելի հեշտ է սեր և ուշադրություն դարձնել այն ուսանողներին, ովքեր սիրում են ինձ, ովքեր ժամանակին են գալիս և միայն ուշանում են, երբ կյանքին սպառնացող հիվանդություն է ի հայտ գալիս։ Արդյո՞ք մյուս ուսանողները նկատում են, երբ ես «նույն հոգսը» չեմ տանում բոլոր ուսանողների հանդեպ։ Եվ ինչպե՞ս է դա ազդում սիրո, հարգանքի և նպատակի մթնոլորտի վրա իմ դասերի ժամանակ։  Ավելի հավանական է, որ ուսանողները տեսնեն և վերաբերվեն միմյանց Փրկիչի նման, երբ մենք բոլորս այս գաղափարը սերմանենք նրանց մեջ։

Մեր ուսմունքներում Փրկիչին ներկայացնելիս և մյուսներին Նրա նման տեսնելու ունակությունը զարգացնելիս, մենք պետք է հիշենք, որ (1) բոլորն ունեն հոգևոր պարգևներ և կարող են կիսվել դրանցով, (2) յուրաքանչյուր անդամ արժեքավոր է, և (3) մենք պետք է «նույն հոգսը» տանենք յուրաքանչյուր անդամի հանդեպ։

Ես կցանկանայի կիսվել մեկ այլ դասով, որը սովորեցի այն ժամանակ, երբ մտածում էի այս առաջնահերթության անհրաժեշտության մասին։ Մեր օրերում հակառակորդը «գոռոզ առիւծի պէս ման է գալիս եւ որոնում է թէ որին կուլտայ»։6 Որպես ինքնության մեծ գող, նա շարունակաբար փնտրում է, որպեսզի գողանա աստվածային ինքնություն ունեցող անհատներին և կողոպտի կապը երկինքների միջև։ Մենք պետք է զարգացնենք մեր ունակությունը՝ տեսնելու ինչպես Փրկիչն է տեսնում, որպեսզի կարողանանք օգնել ուրիշներին հասկանալ իրենց աստվածային ներուժը և հավատարիմ մնալ Տիրոջը շփոթեցնող աշխարհում, որը «չարին ասում է բարի, եւ բարիին՝ չար. Որ խաւարը շինում է լոյս, եւ լոյսը՝ խաւար»։7

Իմ ամենասիրած հերոսուհիներից մեկը, ով գեղեցիկ կերպով ներկայացնում է այդ ունակությունը, Աբիգեան է։ Հին Կտակարանում նա նկարագրվում է, որպես «խոհեմամիտ եւ գեղեցկադէմ կին»։8 Նա ամուսնացած է Նաբաղի հետ, մի մարդ, ով «չարագործ էր»։9 Երբ Նաբաղը վիրավորում և հրաժարվում է օգնել Դավիթին, Դավիթը հավաքում է իր մարդկանց, որպեսզի սպանի Նաբաղին և նրա ընտանիքին։ Երբ Նաբաղի ծառաները Աբիգեային պատմում են մոտալուտ վտանգի մասին, նա անմիջապես հավաքում է իրերը և գնում Դավիթի հետ հանդիպման։

Դավիթի հետ հանդիպման ժամանակ Աբիգեան խոնարհվում է նրա առաջ, որպես Քրիստոսի խորհրդանիշ և վերցնում իր վրա այն պատասխանատվությունը, որը նա չէր կատարել և հայցում Դավիթի ներողամտությունը։10 Ի՞նչ է Աբիգեան տեսնում Նաբաղի մեջ, որ համաձայնվում է միջնորդ կանգնել նրան։

Ի՞նչ է նա տեսնում Դավիթի մեջ, որը դրդում է նրան ասել հետևյալը․ «Աղաչում եմ՝ քո աղախնի յանցանքը ներիր. Որովհետեւ Տէրը իմ տիրոջ համար անպատճառ հաստատ տուն պիտի շինէ, որովհետեւ իմ տէրը Տիրոջ պատերազմները պատերազմեց, եւ քո օրերումը քեզ վերայ մի չարութիւն չþգտնուեցաւ»։11

Ինչո՞ւ այդ վճռական պահին նա որոշեց հիշեցնել Դավիթին, թե ով է նա և այն խոստումը, որ Տերը կապել էր նրա հետ։ Ի՞նչ ազդեցություն ունեցավ նրա հավատքի գործողությունը։

Ինձ դուր է գալիս Դավիթի պատասխանը, երբ նա հայտարարեց․

«Օրհնեալ լինի Իսրայէլի Տէր Աստուածը, որ այսօր քեզ ուղարկեց ինձ դիմաւորելու.

«Եւ օրհնեալ է քո խոհեմութիւնը. Եւ օրհնեալ ես դու որ այսօր ինձ արգիլեցիր արիւնի մէջ մտնելուց, եւ որ իմ ձեռքն ինձ օգնէր»։12

Մտածում եմ, որ այդ պահին Նախագահ Փաքերի խոստման նման Աբիգեան ուներ «Քրիստոսի պատկերը … փորագրված [իր դեմքին]։ Եվ բոլոր առանձնահատուկ նպատակներից ելնելով, այդ դասարանում այդ պահին և այդ արտահայտության մեջ և այդ ոգեշնչմամբ [Աբիգեան Նա էր և Նա Աբիգեան]էր»։13

Ես վկայում եմ, որ մենք ունենք այդ նույն հնարավորությունը և կարող ենք տեսնել ուրիշներին, ինչպես Նա է տեսնում և օգնել այդ մարդկանց ճանաչելու իրենց աստվածային ինքնությունը։

Խոսքերով չեմ կարող նկարագրել այն սերն ու երախտագիտությունը, որ ես զգում եմ նրանց հանդեպ, ովքեր ցույց են տվել այդ Քրիստոսանման հատկանիշներն իմ կյանքում։ Առաջինը և ամենակարևորն այն է, որ իմ հրեշտակ մայրիկն ինձ միշտ տեսել է որպես աստվածային ներուժ և հոգևոր պարգևներ ունեցող մարդու։ Նա ինձ միշտ վերաբերվել է որպես աջակցողի, նույնիսկ, երբ իմ վարքն այլ բան էր ցույց տալիս և անխոնջ կերպով օգնել է ինձ զարգացնել այդ ներուժը։ Իմ կողքին եղել են քահանայության ղեկավարներ, ովքեր հույս են ներշնչել իմ կյանքում՝ փոխանցելով Երկնային Հորը սերը և հիշեցնելով իմ արժեքը։ Իմ սեմինարիայի և ինստիտուտի ուսուցիչները, որոնցից շատերը դիտում են այս հավաքը, իմ մեջ տեսնում էին այն, ինչը ես չէի տեսնում։ Իմ կարիերան լի է այն տղամարդկանց ու կանանց հիանալի օրինակներով, ովքեր բարձրացրել ու առաջնորդել են ինձ Փրկիչի  մոտ՝ անհատին տեսնելու իրենց օրինակների շնորհիվ։

Հավետ երախտապարտ եմ այն ուղիների համար, որոնց միջոցով Տերը շարունակում է ցույց տալ ինձ, որ Նա տեսնում է ինձ որպես արժեքավոր մեկի։ Նա օրհնել է ինձ պարգևներով և հնարավորություններ է տալիս օգտագործելու այդ պարգևները, որպեսզի օգնեմ մյուսներին նմանվել Նրան։ Եվ գիտեմ, որ Նա դա անում է մեր յուրաքանչյուր ուսանողի համար։

Վերջին մի քանի ամիսների ընթացքում ես սուրբ գրություններն ուսումնասիրելու հրաշալի փորձառություն եմ ունեցել, որի ժամանակ կենտրոնացել եմ այն բանի վրա, թե Փրկիչն ինչպես է տեսնում անհատին և ուսուցանում այդ տեսլականին համաձայն։ Անմիջապես Նրանից ուսուցանվելու արդյունքում ես փոխվել եմ։ Ես հրավիրում եմ ձեզ նույն կերպ վարվել։ Նա կատարյալ օրինակ է։ Կան անհամար օրինակներ, թե ինչպես է Նա ստեղծել ուսուցման փորձառություններ և դասեր, որպեսզի բավարարի անհատական կարիքները և ավելի լավ օգնի նրանց, ում ուսուցանել է, որպեսզի նրանք հասկանան իրենց աստվածային ներուժը։

Իմ թանկագին ընկերներ, ես աղոթում եմ, որ մեր Երկնային Հայրը շարունակի մեծացնել մեր ունակությունը՝ տեսնել Նրա նման, սիրել Նրա նման և վարվել այնպես, ինչպես Նա կվարվեր։ Աղոթում եմ, որ մենք հետամուտ լինենք այդ պարգևին և այն ձեռք բերելու կամ ամրապնդելու ուղիներ գտնենք։ Աղոթում եմ, որ մենք անընդհատ ձգտենք մեր դեմքին պահել Փրկիչի պատկերը, երբ յուրաքանչյուր օր կանգնենք մեր ուսանողների առջև։ Ես գիտեմ, որ մենք կարող ենք զարգացնել այդ պարգևը, եթե փնտրենք Նրա օգնությունը։ Այս ամենը ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Տպել