«Ընտրություններ», Երիտասարդներին զորացնելու համար, սեպ․ 2021 թ․, 12-14։
Ընտրություններ
Շատ տարիներ առաջ մեր Գերագույն Իշխանավորներից մեկը կիսվել է այս բարդ պատմությամբ։
Մի իմաստուն չերոկի՝ Միացյալ Նահանգների բնիկ ցեղերից մեկի ներկայացուցիչը, իր թոռանը պատմեց առակ կյանքի մասին։ «Իմ ներսում սարսափելի պայքար է ընթանում երկու գայլերի միջև»,- ասաց պապը։ «Մեկը չարն է՝ լի բարկությամբ և նախանձով, ինքնախղճահարությամբ և վշտով, ագահությամբ և ստով։ Մյուսը բարին է՝ լի բարությամբ և կարեկցանքով, խոնարհությամբ և ճշմարտությամբ, սիրով և ուրախությամբ։ Այդ պայքարը տեղի է ունենում մեզանից յուրաքանչյուրի մեջ»։
«Ո՞ր գայլը կհաղթի»,- հարցրեց թոռը։
«Կհաղթի նա, ում դու կկերակրես»,- իմաստությամբ պատասխանեց պապը։1
Երկու գայլերի այս առակը արտահայտում է հավերժական ճշմարտություն։ Աստծո զավակները ծնվել են, որպեսզի ընտրություն կատարեն բարու և չարի միջև։ Հակադրությունը մեզ թույլ է տալիս իմաստալից և արդար ընտրություններ կատարել։ Մորմոնի Գիրքն ուսուցանում է այդ ճշմարտությունը սուրբգրային լեզվով․ «Քանզի, անպայման պետք է, որ հակադրություն լինի բոլոր բաներում»։2
Մեր Երկնային Հոր ծրագիրն ապահովում է առնվազն երկու պարգև՝ աջակցելով այդ ընտրություններին․ (1) Նա տալիս է մեզ Սուրբ Հոգին, որպեսզի առաջնորդի մեր ընտրությունները, և (2) Նա տալիս է մեզ Փրկիչ, ում Քավությունը հնարավոր է դարձնում մեր ապաշխարությունը, հեռացնելով վատ ընտրությունների ազդեցությունները, երբ նրանք կերակրել էին չար գայլին։
I. Ապաշխարություն և խոստովանություն
Երիտասարդների հետ զրուցելիս ինձ ուղղված ամենահաճախ տրվող հարցերից մեկը եղել է ապաշխարության մասին։ «Ինչպե՞ս կարող ենք իմանալ, որ բավականաչափ ապաշխարել ենք»։ «Ինչպե՞ս կարող ենք իմանալ, որ իսկապես ներվել ենք»։ Այս հարցերի պատասխանը գալիս է Սուրբ Հոգու՝ Աստվածագլխի անդամի միջոցով, ով ուղերձներ է բերում երկնքից։
Ապաշխարության պարգևը կոչվել է «ավետարանի բարի լուր»։3 Այն մեզ թույլ է տալիս ջնջել չար ընտրությունների ազդեցությունը, որոնք կերակրել են ամբարիշտ գայլին և թուլացրել են Սուրբ Հոգու հուշումները լսելու մեր ունակությունը։ Ապաշխարությունը ներառում է խոստովանություն, որ մենք սխալ ենք վարվել, այդ չարիքից հրաժարում և որոշում, որ մեր սրտերը կդարձնենք Աստծուն և Նրա պատվիրանների պահում։ Երբ մենք ապաշխարում ենք, մենք վկայակոչում ենք Հիսուս Քրիստոսի Քավության զորությունը, որը մեծացնում է մեր երախտագիտությունը և սերը Նրա հանդեպ՝ որպես մեր Փրկիչ։
Ապաշխարության անհրաժեշտությունը չի սահմանափակվում լուրջ մեղքերով, որոնք պետք է խոստովանվեն եպիսկոպոսին։ Ապաշխարությունն ամենօրյա անհրաժեշտություն է։ Շատ դեպքերում ապաշխարությունը ներառում է սեփական սխալն ընդունելը, փոխվելու վճռականությունը և հարաբերությունները կարգավորելը նրանց հետ, ում հանդեպ սխալ ենք թույլ տվել։ Երկու գայլերի առակի համաձայն ապաշխարության մաս է կազմում ամբարիշտ գայլին այլևս չկերակրելը նույնիսկ փոքր բաներով, ինչպես օրինակ, երբ մենք ընտրում ենք զայրույթը կամ նախանձը։ Մենք պետք է նաև ապաշխարենք (փոխվենք), եթե ընտրել էինք վատնել Աստծուց մեզ տրված ժամանակը բազում հնարավոր միջոցառումների վրա, որոնք ներուժ չունեն մեզ ավելի լավը դարձնելու։
II. Նկատել կարևոր տարբերությունը
Ապաշխարության հրաշալի արդյունք է Սուրբ Հոգու տպավորությունները ստանալու արժանիությունը վերականգնելը, ով օգնում է մեզ իմաստուն ընտրություններ կատարել և լցնում է մեզ ուրախությամբ։ Շատ երիտասարդներ նաև խորհում են․ «Ինչպե՞ս կարող եմ իմանալ, որ իմ ստացած հուշումը կամ պատասխանն իսկապես Տիրոջից է և ոչ թե պարզապես իմ ցանկությունը»։
Որպեսզի հասկանանք, թե արդյոք հուշումը ուղերձ է Սուրբ Հոգու կողմից, թե անձնական ցանկություն, մենք պետք է կիրառենք երեք ճշմարտություն։
-
Հաղորդության արարողության խոստումը, որ մենք «միշտ Հոգին [մեզ] հետ» կունենանք, հետևում է մեր խոստումին, որ մենք մեզ վրա կվերցնենք Նրա անունը և միշտ կհիշենք Նրան և կպահենք Նրա պատվիրանները։4 Երբ մենք դրժում ենք այս խոստումները, մենք կարող ենք շփոթել մեր զգացած հուշումների աղբյուրը։
-
Տիրոջ հուշումները սովորաբար ստանում ենք լուռ պահերին կամ երկրպագության ժամանակ, սուրբ գրությունների ուսումնասիրության, աղոթքի կամ մեր կոչումներում ծառայելու ժամանակ, այլ ոչ թե եսասիրական հետապնդումների կամ աշխարհիկ միջոցառումների ժամանակ։
-
Վերջապես, մենք պետք է առանձնապես զգայուն լինենք ուղղորդման նկատմամբ, որ փոխենք այն ուղին, որին մենք արդեն հետևում ենք։ Ուղղությունը փոխելու տպավորությունը կարող է ավելի հուսալի լինել, քան մեր ցանկություններին հետևելու տպավորությունը։
III. Ճիշտը մնում է ճիշտ
Իմ սիրելի երիտասարդ ընկերներ, դուք հասունանում եք մի աշխարհում, որը խիստ տարբերվում է ձեր ավագ սերունդների տեսած աշխարհից։ Դրա համար շատ կարևոր է, որ դուք հիշեք, որ հին արժեքները և պատվիրանները դեռևս ուժի մեջ են։ Մենք Աստծո զավակներն ենք, և Նրա պատվիրանները մնում են առանցքային, անկախ այն բանից՝ մենք ճամփորդում ենք սայլով, թե տիեզերանավով, շփվում ենք ձայնով, թե հաղորագրությամբ։
Ճիշտը մնում է ճիշտ, իսկ սխալը մնում է սխալ, անկախ այն բանից, թե ինչ են ասում կամ անում կինոյի աստղերը, հեռուստաաստղերը կամ սպորտի բնագավառի աստղերը։ Սուրբ գրությունների չափանիշները, կենդանի մարգարեների ուսմունքները և Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի արժեքները շարունակում են մնալ ձեր լավագույն ուղեցույցը անձնական ընտրությունների համար՝ սեռական մաքրության, ֆիզիկական առողջության, ազնվության, հագուստի և արտաքին տեսքի և գրքույկում քննարկվող մնացած բոլոր հարցերի շուրջ։ Հավատարմորեն հետևեք դրանց և դուք կօրհնվեք։ «Երիտասարդներին զորացնելու համար գրքույկը պետք է լինի ձեր չափանիշը»,- ուսուցանել է մեզ Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը։ «Դա այն չափանիշն է, որը Տերն ակնկալում է, որ Իր բոլոր երիտասարդները կպահեն»։5
Երիտասարդների համաշխարհային հոգևոր հավաքի ժամանակ մեր մարգարեն խոստացել է․
«Եթե դուք անկեղծորեն և հաստատակամորեն կատարեք այն հոգևոր աշխատանքը, որն անհրաժեշտ է Սուրբ Հոգու հուշումները լսելու այդ վճռական և հոգևոր հմտությունը ձեռք բերելու համար, դուք կունենաք ողջ ուղղորդումը, որն անհրաժեշտ կլինի ձեր կյանքում։ Դուք կստանաք ձեր հարցերի պատասխանները Տիրոջ ուրույն ձևով և Նրա ուրույն ժամանակին»։6
Ես իմ խոստումը միացնում եմ նրա խոստումին, և ես վկայում եմ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի մասին, ում ուսմունքները և Քավությունը հնարավոր է դարձնում այդ ամենը, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։