Գերագույն համաժողով
Հավատքով աղոթքները
2020 թ․ ապրիլի գերագույն համաժողով


2:3

Հավատքով աղոթքները

Հավատքով աղոթելով՝ մենք դառնում ենք Տիրոջ աշխատանքի կենսական մասը, մինչ Նա աշխարհը նախապատրաստում է Իր Երկրորդ Գալստին։

Մենք ականատես ենք լինում երեց Մեյնզի համաժողովի առաջին նիստի աղոթքի պատասխանին։ Հրաշալի ուղերձները և գեղեցիկ երաժշտությունը ոգեշնչեցին մեզ։ Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնի խոստումը, որ այս համաժողովը հիշարժան կլինի, արդեն սկսվում է իրականանալ։

Նախագահ Նելսոնը այս տարին հայտարարել էր որպես «երկուհարյուրամյա ժամանակաշրջան, երբ նշում ենք այն իրադարձության 200 տարին, երբ Հայր Աստված և Նրա սիրելի Որդին՝ Հիսուս Քրիստոսը, տեսիլքում հայտնվեցին Ջոզեֆ Սմիթին»։ Նախագահ Նելսոնը մեզ հրավիրել էր այս համաժողովին նախապատրաստվելու անձնական ծրագիր կազմել, քանի որ այս տոնակատարությունը, «շրջադարձային է եկեղեցու պատմության մեջ, և մենք կենսական դեր ունենք»։1

Ինչպես ես, լսելով այդ ուղերձը, գուցե դուք էլ ձեզ հարց եք տվել․ «Ո՞րն է իմ կենսական դերը»։ Գուցե, դուք կարդացել ու աղոթել եք Վերականգնման իրադարձությունների մասին։ Գուցե, ավելի շատ, քան նախկինում, դուք կարդացել եք այն մի քանի դեպքերի մասին, երբ Հայր Աստված ներկայացրել է Իր Սիրելի Որդուն։ Գուցե, դուք կարդացել եք այն դեպքերի մասին, երբ Փրկիչը խոսել է մեր Երկնային Հոր զավակների հետ։ Ես ինքս արել եմ այդ բոլորը և ավելին։

Կարդալիս ես գտա Աստծո քահանայությանը և տնտեսությունների բացմանը վերաբերող վկայակոչումներ։ Ես խոնարհություն զգացի, երբ գիտակցեցի, որ այս համաժողովի նախապատրաստությունը շրջադարձային էջ է իմ անձնական պատմության մեջ։ Ես փոփոխություններ զգացի իմ սրտում։ Ես նորովի երախտագիտություն զգացի։ Ես լցվեցի այն հեռանկարի ուրախությամբ, որ ինձ հրավիրել են մասնակցելու շարունակվող վերականգնման այս տոնին։

Կարծում եմ, որ մանրակրկիտ նախապատրաստության շնորհիվ, կան նաև այլ մարդիկ, ովքեր ավելի ուրախ, ավելի լավատեսական և ավելի վճռական են զգում ծառայելու Տիրոջը ցանկացած կոչման մեջ։

Գերբնական այդ իրադարձությունները, որոնք մենք պատվում ենք, սկիզբն էին մարգարեացած վերջին տնտեսության, որի ժամանակ Տերը Իր եկեղեցին և Իր անունը կրող ժողովրդին պատրաստում է ընդունելու Իրեն։ Որպես Իր Գալուստին նախապատրաստվելու մաս՝ Նա կբարձրացնի յուրաքանչյուրիս, որպեսզի մենք համարժեք լինենք այն հոգևոր մարտահրավերներին ու հնարավորություններին, որոնք նոր են ի հայտ գալիս աշխարհի պատմության մեջ։

1840 թվականի սեպտեմբերին Մարգարե Ջոզեֆ Սմիթը և Առաջին Նախագահության նրա խորհրդականները արեցին հետևյալ հայտարարությունը․ «Տիրոջ այս վերջին օրերի աշխատանքը մահկանացու մարդկանց մտածողությունից վեր՝ վիթխարի մեծություն ունեցող մի գործ է: Նրա փառքն աննկարագրելի է, իսկ վեհությունն` անգերազանցելի: Դա այն թեման է, որը հուզել է մարգարեների և արդար մարդկանց սիրտն աշխարհի հիմնադրումից ի վեր, մինչև յուրաքանչյուր հաջորդող սերունդը, մինչև ներկայիս ժամանակը. և սա իրապես ժամանակների լրության տնտեսությունն է, երբ բոլոր բաները, որոնք Քրիստոս Հիսուսում են՝ թե՛ երկնքում, թե՛ երկրի վրա, կբովանդակվեն մեկտեղ Նրանում, և երբ բոլոր բաները կվերականգվեն, ինչպես խոսվել է բոլոր սուրբ մարգարեների կողմից՝ աշխարհի սկզբից ի վեր, քանզի այդ ժամանակ տեղի կունենա հայրերին տրված խոստումների փառահեղ իրականացումը, երբ Ամենաբարձրյալի զորության դրսևորումները կլինեն մեծ, փառահեղ և վսեմ»։

Ապա շարունակել են. «Սենք տրամադրված ենք առաջ գնալու և միավորելու բոլորիս եռանդը՝ Արքայությունը կառուցելու և Քահանայությունն իր լրիվությամբ ու փառքով հաստատելու նպատակով: Աշխատանքը, որը պետք է կատարվի վերջին օրերին, վիթխարի կարևորություն ունի և սրբերից կպահանջի եռանդ, հմտություն, տաղանդ և ունակություն գործադրել, որպեսզի այն առաջ գլորվի այն փառքով և վեհափառությամբ, որը նկարագրել է [Դանիել] մարգարեն [տես Դանիել 2․34–35, 44–45]․ և, հետևաբար, կպահանջի Սրբերի համակենտրոնացումը՝ նման մեծության և կարևորության գործեր իրականացնելու համար»:2

Շատ մանրամասնություններ, թե ինչ ենք անելու, և երբ ենք անելու Վերականգնման բացման ընթացքում, դեռ չի բացահայտվել։ Սակայն, Առաջին Նախագահությունը, նույնիսկ այդ վաղ օրերին, գիտեր աշխատանքի լայնությունն ու խորությունը, որը Տերը դրել էր մեր առջև։ Ահա մի քանի օրինակներ, որոնք գիտենք, որ կատարվելու են․

Իր Սրբերի միջոցով Տերը ավետարանի պարգևը կառաջարկի «յուրաքանչյուր ազգի, ցեղի, լեզվի և ժողովրդի»:3 Այդ հարցում կշարունակեն դեր կատարել թե տեխնոլոգիական հրաշքները, թե՛ անհատական «մարդկանց ձկնորսները»,4 ովքեր ծառայում են զորությամբ և աճող հավատքով։

Աճող հակամարտությունների պայմաններում, մենք՝ որպես ժողովուրդ, ավելի ու ավելի միասնական կդառնանք: Մենք կհավաքվենք ավետարանի լույսով լցված խմբերի ու ընտանիքների հոգևոր զորությամբ։

Անհավատ աշխարհն անգամ կընդունի Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին և կնկատի Աստծո զորությունը նրա վրա։ Հավատարիմ ու քաջ աշակերտները, չվախենալով, խոնարհությամբ և անկաշկանդ իրենց վրա կվերցնեն Քրիստոսի անունը ամենօրյա կյանքում։

Այսպիսով, ինչպես կարող ենք յուրաքանչյուրս մասնակցել այս մեծ և փառահեղ աշխատանքին։ Նախագահ Նելսոնը մեզ ուսուցանել է՝ ինչպես աճել հոգևոր զորությամբ։ Երբ ապաշխարությունը որպես ուրախալի առիթ ենք դիտում, մեր աճող հավատքով, որ Հիսուսը Քրիստոսն է, երբ հասկանում և հավատում ենք, որ Երկնային Հայրը լսում է մեր յուրաքանչյուր աղոթքը, երբ ձգտում ենք հնազանդվել և ապրել պատվիրաններով, շարունակ հայտնություն ստանալու մեր զորությունը աճում է։ Սուրբ Հոգին շարունակ ընկերակցում է մեզ։ Լույսի զգացումը մնում է մեզ հետ, անգամ, երբ շրջապատը ավելի է մթագնում։

Ջոզեֆ Սմիթը հոգևոր ուժը մեծացնելու լավ օրինակ է։ Նա մեզ ցույց տվեց, որ հավատքի աղոթքը առանցքային դեր ունի Աստծո կողմից հայտնություն ստանալու համար։ Նա հավատքով աղոթեց, համոզված լինելով, որ Հայր Աստված կպատասխանի իր աղոթքին։ Նա հավատքով աղոթեց, համոզված լինելով, որ միայն Հիսուս Քրիստոսի շնորհիվ կարող է ազատվել մեղքերից եկող մեղավորության զգացումից։ Եվ նա հավատքով աղոթեց, համոզված լինելով, որ այդ ներման համար պետք է գտնի Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցին։

Իր մարգարեական ծառայության ընթացքում Ջոզեֆը օգտագործեց հավատքի աղոթքները՝ շարունակական հայտնություններ ստանալու համար։ Դիմակայելով ներկայիս և ապագայում սպասվող մարտահրավերներին՝ մենք նույնպես պետք է օգտագործենք միևնույն օրինակը։ Նախագահ Բրիգամ Յանգն ասել է. «Ես այլ ուղի չեմ տեսնում վերջին օրերի սրբերի համար, քան յուրաքանչյուր շունչը Աստծուն ուղղված աղոթք դարձնելը, որ Նա առաջնորդի և ուղղություն տա իր ժողովրդին»։5

Հաղորդության աղոթքի «միշտ հիշեն Նրան» արտահայտությունը կնկարագրի մեր ամենօրյա կյանքը։ «Նրան» դերանունը, նկատի ունի Հիսուս Քրիստոսին։ Հաջորդող բառերը՝ «և պահեն նրա պատվիրանները», ակնարկում է, թե մեզ համար ինչ է նշանակում հիշել Նրան։6 Միշտ հիշելով Հիսուս Քրիստոսին՝ գուցե մենք լուռ աղոթքով հարցնենք․ «Ի՞նչ է կամենում Նա, որ ես անեմ»։

Այդպիսի մի աղոթք, որը ասվեց հավատքով առ Հիսուս Քրիստոս, սկիզբ դրեց վերջին այս տնտեսությանը։ Եվ դա կլինի շարունակ բացահայտվող այն բաժնի հիմքում, որ յուրաքանչյուրս կկատարի: Ինչպես դուք, ես ևս ականատես եմ եղել աղոթքի նման օրինակների։

Առաջինը Ջոզեֆ Սմիթն է։ Մանկական հավատքով նա հարցրեց Տիրոջ կամքը իր անելիքի մասին։ Նրան տված պատասխանը փոխեց աշխարհի պատմությունը։

Ինձ համար կարևոր դասը Ջոզեֆի պատասխանն է սատանայի հարձակմանը, երբ Ջոզեֆը ծնկի իջավ աղոթելու։

Իմ փորձից գիտեմ, որ սատանան ու նրա ծառաները փորձում են համոզել, որ մենք չպետք է աղոթենք։ Երբ Ջոզեֆ Սմիթը լարեց ողջ ուժերը՝ կանչելու առ Աստված, որ ազատի իրեն հափշտակած ուժից, նա պատասխան ստացավ իր սփոփանքի աղոթքին և Երկնային Հայրն ու Հիսուս Քրիստոսը հայտնվեցին նրան։

Վերականգնման սկիզբը խաթարելու սատանայի փորձը շատ լուրջ էր, քանի որ Ջոզեֆի աղոթքը շատ կարևոր էր: Իմ և ձեր մասը գուցե մեծ չլինի շարունակվող Վերականգնման գործում։ Սակայն, Վերականգնման թշնամին մեզ փորձելու է կանգնեցնել աղոթել։ Հավատքի ու հաստատակամության Ջոզեֆի օրինակը կարող է ամրապնդել մեր վճռականությունը։ Սա այն բազում պատճառներից մեկն է, թե Երկնային Հորը ուղղված իմ աղոթքներում ինչու եմ շնորհակալություն հայտնում Ջոզեֆ Սմիթի համար։

Շարունակվող Վերականգնման գործում իմ դերը կատարելիս հավատքով աղոթելու մեկ այլ օրինակ է Ենովսը՝ Մորմոնի գրքից։ Ինչպիսին էլ լինի ձեր բաժինը, դուք կարող եք նրանից օրինակ վերցնել։

Ջոզեֆի նման՝ Ենովսը հավատքով աղոթեց։ Նա իր փորձառությունը բացատրել է հետևյալ խոսքերով․

«Եվ իմ հոգին քաղցում էր. և ես ծնկի իջա իմ Արարչի առջև, և ես աղաղակեցի առ նա զորեղ աղոթքով և աղաչանքով իմ սեփական հոգու համար. և ողջ օրվա ընթացքում ես աղաղակեցի առ նա այո, և երբ եկավ գիշերը, ես դեռ բարձրացնում էի իմ ձայնը վեր, այնպես որ այն հասավ երկինքներին:

Եվ մի ձայն եկավ ինձ ասելով. Ենովս քո մեղքերը ներված են քեզ, և դու պիտի օրհնվես:

Եվ ես՝ Ենովսս, գիտեի, որ Աստված չէր կարող ստել․ուստի, իմ հանցանքը սրբվեց։

Եվ ես ասացի․ Տեր, ի՞նչպես եղավ դա։

Եվ նա ասաց ինձ. Քրիստոսի հանդեպ քո հավատքի շնորհիվ, որին դու երբեք նախկինում ոչ լսել ես, ոչ տեսել: Եվ շատ տարիներ կանցնեն նախքան նա իրեն հայտնի կդարձնի մարմնում. ուստի, գնա՛, քո հավատքը քեզ ողջ դարձրեց»:7

Դասը, որով օրհնվել եմ, այս խոսքերում է․ «Եվ նա ասաց ինձ. Քրիստոսի հանդեպ քո հավատքի շնորհիվ, որին դու երբեք նախկինում ո՛չ լսել ես, ո՛չ տեսել»:

Ջոզեֆը հավատք ուներ գնալու պուրակ և նաև աղոթելու, որ ազատվի սատանայի զորությունից։ Նա դեռ չէր տեսել Հորը և Որդուն, սակայն աղոթում էր հավատքով՝ իր սրտի ողջ կորովով։

Ենովսի փորձառությունը ինձ ուսուցանել է նույն արժեքավոր դասը։ Երբ աղոթում եմ հավատքով, ես տեսնում եմ Փրկչին որպես իմ բարեխոսը Հոր մոտ և զգում եմ, որ իմ աղոթքը հասնում է երկինք։ Պատասխանները գալիս են։ Օրհնությունները գալիս են։ Խաղաղություն և ուրախություն է գալիս՝ անգամ դժվարին ժամանակներում։

Հիշում եմ, երբ Տասներկու Առաքյալների Քվորումի նոր անդամ էի կանչվել, ես երեց Դեյվիդ Բ․ Հեյթի հետ ծնկի իջա աղոթելու։ Նա իմ ներկայիս տարիքին էր և անցնում էր ներկայումս ունեցած իմ մարտահրավերներով։ Ես հիշում եմ նրա ձայնը, երբ նա աղոթեց։ Ես չբացեցի աչքերս, սակայն այնպիսի զգացում ունեի, որ նա ժպտում էր։ Նա խոսում էր Երկնային Հոր հետ ուրախության ձայնով։

Իմ ականջներում դեռ հնչում է, թե ինչ երջանկությամբ նա ասաց՝ «Հիսուս Քրիստոսի անունով»։ Ես տպավորություն ունեի, որ երեց Հեյթը զգում էր, որ այդ պահին Փրկիչը հաստատում է Հորն ուղղված իր աղոթքի ուղերձը։ Եվ համոզվածության զգացում եկավ, որ այն ընդունվում է ժպիտով։

Շարունակվող Վերականգնման հիանալի գործում մեր կենսական ներդրումն ունենալու մեր ունակությունը կավելանա, երբ մենք աճենք մեր հավատքով Հիսուս Քրիստոսի հանդեպ՝ որպես մեր Փրկիչի, և մեր Երկնային Հոր հանդեպ՝ որպես մեր սիրող Հոր: Հավատքով աղոթելով՝ մենք դառնում ենք Տիրոջ աշխատանքի կենսական մասը, մինչ Նա աշխարհը նախապատրաստում է Իր Երկրորդ Գալստին։ Ես աղոթում եմ, որ բոլորս ուրախություն գտնենք այն աշխատանքը կատարելիս, որը Նա հրավիրում է մեզ անել։

Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսն ապրում է: Սա Նրա Եկեղեցին և արքայությունն է երկրի վրա: Ջոզեֆ Սմիթը Վերականգնման մարգարեն է: Ես վկայում եմ, Ռասսել Մ․ Նելսոնը Տիրոջ մարգարեն է երկրի վրա այսօր: Նա քահանայության բոլոր բանալիների կրողն է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։