Լավագույն տները
Փրկիչը կատարյալ ճարտարագետ է, շինարար և ներաշխարհի ձևավորող: Նրա նախագիծը մեր հոգիների կատարելագործումն է և հավերժական ուրախությունը:
Վերջերս Սոլթ Լեյք Սիթիում աչքիս ընկավ մի գովազդային վահանակ: Այն գովազդում էր կահույքի և ներքին ձևավորման մի ընկերություն: Այն պարզապես ասում էր. «Լավագույն տների սպասարկում Սոլթ Լեյք Սիթիում»:
Գովազդը տպավորիչ էր` ո՞րն է «լավագույն տունը»: Ես սկսեցի մտածել այդ հարցի մասին, հատկապես երեխաների վերաբերյալ, ում կինս` Քեթին և ես էինք մեծացրել, և այն երեխաների, որ այսօր նրանք էին մեծացնում: Ինչպես ամենուրբոլոր ծնողները, մենք անհանգստանում էինք և աղոթում մեր ընտանիքի համար: Մենք դա դեռ անում ենք: Մենք անկեղծորեն ամենալավն ենք ցանկանում նրանց: Ինչպե՞ս կարող են նրանք և նրանց երեխաներն ապրել լավագույն տներում: Ես մտածեցի Եկեղեցու անդամների տների մասին, որտեղ Քեթին և ես արտոնություն էինք ունեցել այցելել: Մեզ հրավիրել էին տներ Կորեայում և Քենիայում, Ֆիլիպպիններում և Պերուում, Լաոսում և Լատվիայում: Թույլ տվեք կիսվել լավագույն տների վերաբերյալ չորս դիտարկումներով:
Առաջինը՝ Տիրոջ տեսանկյունից, լավագույն տներ հիմնելը ամբողջովին կապված է այդտեղ ապրող մարդկանց անձնական հատկանիշների հետ: Այդ տները լավը չեն դառնում դրանց տերերի կահույքի կարևորությամբ կամ երկարակեցությամբ, կամ մարդկանց մաքուր եկամտի արժեքով, կամ սոցիալական կարգավիճակով: Ցանկացած տան լավագույն բնորոշիչը տան բնակիչների մեջ արտացոլված Քրիստոսի պատկերն է: Այն, ինչ մեծ նշանակություն ունի` բնակիչների հոգիների ներքին ձևավորումն է, այլ ոչ թե ինքնին կառուցվածքը:
Քրիստոսի այդ հատկանիշները ձեռք են բերվում «ժամանակի ընթացքում»1 ուխտի արահետի վրա նպատակաուղղված առաջընթացով: Քրիստոսանման հատկանիշները զարդարում են նրանց կյանքը, ովքեր ձգտում են ապրել բարությամբ: Նրանք տները լցնում են ավետարանի լույսով, անկախ այն բանից՝ նրանից հատակը հողից է, թե՝ մարմարից: Եթե, նույնիսկ, դուք միակն եք ձեր ընտանիքում, ով հետևում է «ձգտեք այս բաներին» հորդորին,2 դուք կարող եք ձեր ներդրումը կատարել ձեր ընտանիքի տան հոգևոր ձևավորման գործում:
Մենք հետևում ենք Տիրոջ խորհրդին, որպեսզի «կազմակերպվենք, նախապատրաստենք ամեն անհրաժեշտ բան. և հաստատենք մի տուն» կազմակերպելով, պատրաստելով և հաստատելով մեր հոգևոր կյանքը, ոչ թե մեր անշարժ գույքը: Երբ մենք համբերությամբ հետևում ենք Փրկիչի ուխտի արահետին, մեր տունը դառնում է «փառքի տուն, կարգ ու կանոնի տուն»,[և] Աստծո տուն»:3
Երկրորդը, լավագույն տների բնակիչները ժամանակ են գտնում ամեն օր ուսումնասիրել սուրբ գրությունները և ապրող մարգարեների խոսքերը: Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը հրավիրել է մեզ «կերպարանափոխել» և «վերակառուցել» մեր տները ավետարանն ուսումնասիրելու միջոցով:4 Նրա հրավերը գնահատում է, որ լավագույն տներում ապրում է անձնական աճի նուրբ, կարևոր աշխատանքը և վերակառուցում մեր թուլությունները: Ամենօրյա ապաշխարությունը փոխակերպման գործիք է, որը հնարավորություն է տալիս մեզ աճել` դառնալով մի քիչ ավելի բարի, ավելի սիրառատ և ավելի հասկացող: Սուրբ գրությունների ուսումնասիրությունը մեզ ավելի է մոտեցնում Փրկիչին, ում առատ սերն ու շնորհն օգնում է մեր աճին:
Աստվածաշունչը, Մորմոնի Գիրքը և Թանկագին Մարգարիտը պատմում են պատմություններ ընտանիքների մասին, այնպես որ զարմանալի չէ, որ այդ աստվածային հատորները անզուգական դասագրքեր են` լավագույն տներ կառուցելու համար: Դրանք տալիս են ծնողների անհանգստության, գայթակղության վտանգների, արդարության հաղթանակի, սովի և առատության փորձությունների և պատերազմի սարսափների ու խաղաղության պարգևների ժամանակագրությունը: Կրկին և կրկին սուրբ գրությունները ցույց են տալիս մեզ, թե ինչպես են ընտանիքները հաջողության հասնում արդար ապրելով, և ինչպես են նրանք ձախողվում՝ հետամուտ լինելով այլ ուղիների:
Երրորդ, լավագույն տները հետևում են Տիրոջ կողմից ստեղծած Նրա լավագույն տան՝ տաճարի նախագծին: Տաճարի կառուցումը սկսվում է հիմնական քայլերով` հողակտորը թփուտներից մաքրելով և հարթեցնելով: Հողատարածքը մաքրելու այդ սկզբնական ջանքերը կարելի է համեմատել հիմնական պատվիրանները պահելու հետ: Պատվիրանները հիմքն են, որի վրա կառուցվում է աշակերտությունը: Կայուն աշակերտությունը առաջնորդում է մեզ դառնալ ամուր, կայուն և անսասան՝5 տաճարի պողպատյա կմախքի նման: Այդ ամուր կմախքը թույլ է տալիս Տիրոջը ուղարկել Իր Հոգին` փոխելու մեր սրտերը:6 Սրտի զորեղ փոփոխություն ունենալը նման է տաճարի ներքին հարդարանքին գեղեցիկ առանձնահատկություններ ավելացնելուն:
Երբ մենք շարունակում ենք հավատքով, Տերն աստիճանաբար փոխում է մեզ: Մենք ստանում ենք Նրա պատկերը մեր դեմքին և սկսում արտացոլել սեր և Նրա բնավորության գեղեցկությունը:7 Երբ մենք ավելի ենք նմանվում Նրան, Նրա տանը կզգանք՝ ինչպես մեր տանը, իսկ Նա մեր տանը կզգա՝ ինչպես Իր տանը:
Մենք կարող ենք պահպանել մեր տան սերտ կապը Նրա տան հետ, արժանի լինելով և օգտագործելով տաճարային երաշխավորագիր այնքան հաճախ, որքան հանգամանքները թույլ են տալիս: Երբ այդպես ենք անում, Տիրոջ տան սրբությունը հանգչում է նաև մեր տների վրա:
Սոլթ Լեյքի հոյաշուք տաճարը կանգնած է մտակայքում: Կառուցվելով ռահվիրաների կողմից տարրական գործիքներով, տեղական նյութերով և անվերջ քրտնաջան աշխատանքով, տաճարը կառուցվեց 1853-1893 թվականներին: Լավագույնը, ինչ կարող էին առաջարկել Եկեղեցու վաղ օրերի անդամները ճարտարագիտության, ճարտարապետության և ներքին ձևավորման մեջ, ստեղծեց մի գլուխգործոց, որը ճանաչվում է միլիոնավորների կողմից:
Մոտ 130 տարի է անցել տաճարի նվիրագործումից ի վեր: Ինչպես Գարի Ի. Սթիվենսոնը նշեց երեկ, տաճարը նախագծելու համար օգտագործված ճարտարագիտական սկզբունքները փոխարինվել են ավելի նոր, անվտանգ չափանիշներով: Տաճարի ճարտարագիտական և կառուցվածքային թույլ կողմերի վերականգնման ձախողումը [կնշանակեր] դավաճանել ռահվիրաների վստահությանը, ովքեր արեցին հնարավոր ամեն բան, իսկ հետո թողեցին տաճարի խնամքը հաջորդ սերունդներին:
Եկեղեցին սկսել է քառամյա վերականգնման նախագիծ` բարելավելու տաճարի կառուցվածքային և սեյսմիկ կայունությունը:8 Հիմքը, հատակները և պատերը կամրացվեն: Այսօր առկա լավագույն ճարտարագիտական գիտելիքները տաճարը կհամապատասխանեցնեն ժամանակակից չափանիշներին: Մենք չենք կարողանա տեսնել կառուցվածքային փոփոխություններ, բայց դրանց հետևանքները կլինեն իրական և կարևոր: Այս ողջ աշխատանքում կպահպանվեն տաճարի ներքին հարդարանքի գեղեցիկ էլեմենտները:
Մենք պետք է հետևենք Սոլթ Լեյքի տաճարի վերանորոգման ժամանակ մեզ տրված օրինակին և ժամանակ տրամադրենք գնահատելու մեր անհատական հոգևոր սեյսմիկ ճարտարագիտությունը` համոզվելով համար, որ այն արդիական է: Պարբերական ինքնագնահատումը, Տիրոջից հարցնելուն զուգահեռ՝ «Էլ ի՞նչ պակասություն ունեմ ես»,9 կարող է օգնել մեզանից յուրաքանչյուրին ներդրում կատարել լավագույն տուն կառուցելու համար:
Չորրորդ, լավագույն տները ապաստան են կյանքի փոթորիկներից: Տերը խոստացել է, որ նրանք, ովքեր պահում են Աստծո պատվիրանները, «նրանք կբարգավաճեն երկրում»:10 Աստծո բարգավաճումը, չնայած կյանքի խնդիրներին, առաջ շարժվելու ուժն է:
2002 թվականին ես մի կարևոր դաս սովորեցի խնդիրների մասին: Պարագվայի Ասունսիոն քաղաքում գտնվելիս ես հանդիպեցի քաղաքի ցցի նախագահների հետ: Այդ ժամանակ Պարագվայը կանգնած էր սարսափելի ֆինանսական ճգնաժամի առջև, և Եկեղեցու անդամներից շատերը տառապում էին և ի վիճակի չէին ծայրը ծայրին հասցնել: Իմ միսիայից ի վեր Հարավային Ամերիկայում չի եղել և երբեք չէի եղել Պարագվայում: Ես ընդամենը մի քանի շաբաթ էի ծառայել այդ տարածաշրջանի նախագահությունում: Մտածելով այդ նախագահներին առաջնորդություն տալու իմ անկարողության մասին, ես խնդրեցի, որ ինձ ասեն միայն այն, ինչը լավ էր գնում իրենց ցցերում: Առաջին ցցի նախագահը պատմեց ինձ այն գործերի մասին որոնք լավ էին գնում: Հաջորդը նշեց այն բաները, որոնք լավ էին գնում և մի քանի խնդիրներ: Մինչև հասանք ցցի վերջին նախագահին, նա նշեց միայն մի շարք տհաճ մարտահրավերների մասին: Մինչ ցցի նախագահները բացատրում էին իրավիճակի ծավալների մասին, ես ավելի ու ավելի էի անհանգստանում, գրեթե հուսահատվում նրա համար, թե ինչ ասեմ:
Հենց որ վերջին ցցի նախագահն ավարտում էր իր դիտարկումները, մի միտք ծագեց գլխումս. «Երեց Քլեյթոն, նրանց այս հարցը տվեք. «Նախագահնե՛ր, ձեր ցցերի անդամներից, ովքեր վճարում են լրիվ տասանորդ, վճարում են առատաձեռն ծոմապահություն, մեծարում են իրենց կոչումները Եկեղեցում, փաստորեն այցելում են իրենց [ծխի] ընտանիքներին՝ որպես տնային ուսուցիչներ կամ այցելող ուսուցիչներ11 ամեն ամիս, անցկացնում են ընտանեկան երեկո, ուսումնասիրում են սուրբ գրությունները, և ամեն օր ասում են ընտանեկան աղոթք, նրանցից քանի՞սն ունեն խնդիրներ, որոնք իրենք ինքնուրույն չեն կարողանում լուծել, և եկեղեցին ստիպված է քայլեր ձեռնարկել և լուծել նրանց խնդիրներն իրենց համար»:
Արձագանքելով իմ ստացած հուշմանը, ես ցցի նախագահներին ուղղեցի այդ հարցը:
Նրանք զարմացած լռությամբ նայեցին ինձ, իսկ հետո ասացին. “Pues, ninguno,” որը նշանակում է. «Դեհ, ոչ մեկը»: Այնուհետև նրանք ինձ պատմեցին, որ այդ անդամներից ոչ մեկը, ով կատարում էր այդ բոլոր բաները, խնդիրներ չունեցան, որոնք ի վիճակի չլինեին ինքնուրույն լուծել: Ինչո՞ւ: Որովհետև նրանք ապրում էին լավագույն տներում: Նրանց հավատարիմ ապրելակերպն ապահովեց նրանց ուժ, տեսլական և երկնային օգնություն, որի կարիքը նրանք ունեին, տնտեսական խառնաշփոթում, որով շրջապատված էին իրենք:
Սա չի նշանակում, որ արդարները չեն հիվանդանա, տառապի դժբախտ պատահարներից, բախվի բիզնեսի շրջադարձերին կամ դիմակայի կյանքի բազմաթիվ այլ դժվարությունների: Մահկանացությունը միշտ մարտահրավերներ է բերում, բայց ժամանակ առ ժամանակ ես տեսել եմ, որ նրանք, ովքեր ձգտում են հնազանդվել պատվիրաններին, օրհնվում են, որ խաղաղությամբ և հույսով գտնեն իրենց առաջ գնալու ուղին: Այդ օրհնությունները հասանելի են ամենքին:12
Դավիթը հայտարարել է. «Եթէ Տերը չշինէ տունը՝ զուր են աշխատում նորա շինողները»:13 Ուր էլ որ ապրեք, ինչպիսի տեսք էլ ձեր տունն ունենա, և ինչպիսին էլ որ լինի ձեր ընտանիքի կազմը, դուք կարող եք օգնել` կառուցել լավագույն տունը ձեր ընտանիքի համար: Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը տալիս է ծրագրեր այդ տան համար: Փրկիչը կատարյալ ճարտարագետ է, շինարար և ներաշխարհի ձևավորող: Նրա նախագիծը մեր հոգիների կատարելագործումն է և հավերժական ուրախությունը: Նրա սիրառատ օգնությամբ, ձեր հոգին կարող է լինել այն ամենը, ինչ Նա կամենում է, որ այն լինի. և դուք կարող եք լինել ձեր իսկ լավագույն տարբերակը` պատրաստված հիմնելու և ապրելու լավագույն տանը:
Ես երախտագիտությամբ վկայում եմ, որ մեր բոլորիս Աստվածը և Հայրն ապրում է: Նրա Որդին` Տեր Հիսուս Քրիստոսը, ողջ մարդկության Փրկիչն է ու Քավիչը: Նրանք սիրում են մեզ կատարելապես։ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին Տիրոջ թագավորությունն է երկրի վրա։ Կենդանի մարգարեները և առաքյալները այսօր առաջնորդում են այն: Մորմոնի Գիրքը ճշմարիտ է: Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը լավագույն տուն հիմնադրելու համար կատարյալ ծրագիրն է: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։