Գերագույն համաժողով
Եկեք և միացեք մեզ
2020 թ․ ապրիլի գերագույն համաժողով


2:3

Եկեք և միացեք մեզ

Մենք հրավիրում ենք Աստծո բոլոր զավակներին ողջ աշխարհում միանալ մեզ այս մեծ աշխատանքում։

Իմ թանկագի՛ն եղբայրներ և քույրեր, իմ թանկագի՛ն ընկերներ, ամեն շաբաթ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամները ողջ աշխարհում երկրպագում են մեր սիրելի Երկնային Հորը՝ տիեզերքի Աստծուն և Թագավորին, և Նրա Սիրելի Որդուն՝ Հիսուս Քրիստոսին։ Մենք խորհում ենք Հիսուս Քրիստոսի՝ միակ անմեղ հոգու, ով երբևէ ապրել է, Աստծո անարատ Գառի կյանքի և ուսմունքների շուրջ։ Որքան հնարավոր է հաճախ, մենք ճաշակում ենք հաղորդությունը՝ ի հիշատակ Նրա զոհաբերության, և ընդունում, որ Նա է մեր կյանքի կենտրոնը։

Մենք սիրում ենք Նրան, մենք պատվում ենք Նրան։ Անսահման և հավերժական սերը մղեց Հիսուս Քրիստոսին տառապել ու մահանալ ձեզ համար և ինձ համար։ Նա կոտրեց ու բացեց մահվան դարպասները, փշրեց այն խոչընդոտները, որոնք բաժանում էին ընկերներին և սիրելիներին,1 և հույս բերեց հուսահատվածին, բժշկում՝ հիվանդին և ազատություն՝ գերյալին։2

Մենք Նրան ենք նվիրաբերում մեր սիրտը, մեր կյանքը և մեր ամենօրյա նվիրումը։ Այդ իսկ պատճառով «մենք խոսում ենք Քրիստոսի մասին, մենք հրճվում ենք Քրիստոսով, [և] մենք քարոզում ենք Քրիստոսի մասին, … որ մեր զավակները կարողանան իմանալ, թե ինչ աղբյուրի նրանք կարող են ապավինել իրենց մեղքերի թողության համար»։3

Փորձենք աշակերտ լինել

Ինչևէ, Հիսուս Քրիստոսի աշակերտ լինելը ներառում է շատ ավելին, քան Քրիստոսի մասին խոսելը և քարոզելը։ Փրկիչն անձամբ վերականգնեց Իր Եկեղեցին, որ օգնի մեզ ավելի նմանվել Իրեն։ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին հիմնվեց, որպեսզի ավելի շատ հնարավորություն տա կիրառելու աշակերտության հիմունքները։ Եկեղեցում մեր մասնակցությամբ մենք սովորում ենք ճանաչել և գործել՝ համաձայն Սուրբ Հոգու հուշումների։ Մենք զարգացնում ենք ուրիշներին կարեկցանքով և բարյացակամությամբ օգնության հասնելու ունակություն։

Այդ ջանքերը պետք է գործի դրվեն ողջ կյանքում և պահանջում են մշտական փորձեր։

Հմուտ մարզիկները անթիվ ժամեր են անցկացնում իրենց սպորտի հիմունքները վարժեցնելու համար։ Բուժքույրերը, ցանցային աշխատողները, ատոմային ինժեներները և նույնիսկ ես՝ որպես Հարիեթի խոհանոցի մրցակցային սիրողական խոհարար, դառնում ենք ունակ և հմուտ միայն այն ժամանակ, երբ ջանասիրաբար կիրառում ենք մեր արհեստը։

Որպես ավիաընկերության կապիտան, ես հաճախ մարզում էի օդաչուներին մի բարդ սարքի միջոցով, որը վերարտադրում էր թռիչքի փորձը։ Սարքը ոչ միայն օգնում է օդաչուներին սովորել թռիչքի հիմունքները, այլ նաև թույլ է տալիս նրանց հայտնվել անսպասելի իրադարձություններում, որոնց կարող են հանդիպել իրական օդանավ ղեկավարելիս, և արձագանքել դրանց։

Նույն սկզբունքները վերաբերում են Հիսուս Քրիստոսի աշակերտներին։

Հիսուս Քրիստոսի Եկեղեցում ակտիվ մասնակցությունը և դրա ընձեռած բազմազան հնարավորությունները կօգնեն մեզ ավելի լավ պատրաստվել կյանքի փոփոխվող հանգամանքներին, ինչպիսին էլ լինեն դրանք, կամ որքան էլ լուրջ լինեն դրանք։ Որպես Եկեղեցու անդամներ, մեզ խրախուսում են ընկղմվել Աստծո խոսքերում Նրա հին ու նոր ժամանակների մարգարեների միջոցով։ Մեր Երկնային Հորն ուղղված անկեղծ ու խոնարհ աղոթքի միջոցով մենք սովորում ենք ճանաչել Սուրբ Հոգու ձայնը։ Մենք ընդունում ենք ծառայելու, ուսուցանելու, ծրագրելու, սպասավորելու և ղեկավարելու կոչումները։ Այդ հնարավորությունները մեզ թույլ են տալիս աճել հոգով, մտքով և բնավորությամբ։

Դրանք կօգնեն մեզ պատրաստվել կապելու և պահելու սրբազան ուխտերը, որոնք կօրհնեն մեզ այս կյանքում և գալիք կյանքում։

Եկե՛ք, միացե՛ք մեզ

Մենք հրավիրում ենք Աստծո բոլոր զավակներին ողջ աշխարհում միանալ մեզ այս մեծ աշխատանքում։ Եկե՛ք և տեսե՛ք Նույնիսկ COVID-19-ի այս դժվարին ժամանակներում հանդիպեք մեզ հետ առցանց։ Հանդիպեք մեր միսիոներների հետ առցանց։ Պարզեք ինքներդ ձեր համար, թե իրենից ինչ է ներկայացնում այս Եկեղեցին։ Երբ այս դժվարին ժամանակն անցնի, հանդիպեք մեզ հետ մեր տներում և մեր երկրպագության վայրերում։

Մենք հրավիրում ենք ձեզ գալ և օգնել։ Եկեք և ծառայեք մեզ հետ՝ սպասավորելով Աստծո զավակներին, հետևելով Փրկիչին և դարձնելով այս աշխարհը ավելի լավ վայր։

Եկե՛ք և պատկանե՛ք Դուք մեզ ավելի ուժեղ կդարձնեք։ Դուք ևս կդառնաք ավելի լավը, ավելի բարի և ավելի երջանիկ։ Ձեր հավատքը կխորանա և կդառնա ավելի կայուն, ավելի ընդունակ՝ դիմակայելու իրարանցումներին և կյանքի անսպասելի փորձություններին։

Եվ ինչպե՞ս պետք է սկսենք։ Կան բազմաթիվ հնարավոր եղանակներ։

Մենք հրավիրում ենք ձեզ կարդալ Մորմոնի Գիրքը։ Եթե չունեք դրա մի օրինակ, կարող եք կարդալ այն ChurchofJesusChrist.org4 կայքում կամ ներբեռնել Մորմոնի Գիրքը հավելվածը։ Մորմոնի Գիրքը ևս մեկ վկայություն է Հիսուս Քրիստոսի մասին, և Հին ու Նոր Կտակարանների զուգընկերը։ Մենք սիրում ենք այս բոլոր սուրբ գրություններն ու սովորում դրանցից։

Մենք հրավիրում ենք ձեզ որոշ ժամանակ անցկացնել ComeuntoChrist.org կայքում, որպեսզի պարզեք, թե Եկեղեցու անդամներն ինչ են ուսուցանում և ինչին են հավատում։

Հրավիրեք միսիոներներին այցելել ձեզ առցանց կամ հնարավոր տարածքներում ձեր տուն․ նրանք ունեն հույսի և բժշկության ուղերձ։ Այդ միսիոներները մեր թանկագին որդիներն ու դուստրերն են, ովքեր ծառայում են աշխարհի տարբեր վայրերում՝ ծախսելով իրենց իսկ ժամանակն ու գումարը։

Հիսուս Քրիստոսի Եկեղեցում դուք կգտնեք այնպիսի մարդկանց, որոնք ձեզանից շատ չեն տարբերվում։ Դուք կգտնեք մարդկանց, ովքեր ունեն ձեր օգնության կարիքը և ովքեր ուզում են օգնել ձեզ, մինչ դուք փորձում եք դառնալ լավագույն մարդը, որ կարող եք՝ Աստծո ստեղծած այն անձնավորությունը, որը պիտի դառնաք:

Փրկիչը պատրաստ է գրկաբաց ընդունել բոլորին

Գուցե դուք մտածում եք․ «Ես սխալներ եմ թույլ տվել իմ կյանքում։ Վստահ չեմ, որ կարող եմ երբևէ պատկանել Հիսուս Քրիստոսի Եկեղեցուն։ Աստծուն չի կարող հետաքրքրել ինձ նման մարդը»։

Հիսուս Քրիստոսը, չնայած «թագավորների Թագավորն է»,5 Մեսիան, «կենդանի Աստուծոյ Որդին»,6 խորապես մտահոգվում է Աստծո զավակներից յուրաքանչյուրի համար։ Նա հոգ է տանում անկախ անձի վիճակից` աղքատ կամ հարուստ, անկատար կամ արդար։ Իր մահկանացու կյանքի ընթացքում Փրկիչը ծառայեց բոլորին․ երջանիկ և հաջողության հասածներին, կոտրված ու մոլորվածներին, և նրանց, ովքեր կորցրել էին հույսը։ Մարդիկ, ում Նա ծառայում և սպասավորում էր, հաճախ առանձնակի դիրք, գեղեցկություն կամ հարստություն չունեին։ Մարդկիկ, որոնց նա բարձրացնում էր, հաճախ փոխարենը չէին կարող առաջարկել ավելին, քան երախտագիտություն, խոնարհ սիրտ և հավատ ունենալու ցանկություն։

Եթե Հիսուսն Իր մահկանացու կյանքն անցկացրեց՝ սպասավորելով «այս փոքր եղբայրների[ն]»,7 արդյո՞ք նա չի սիրի նրանց այսօր։ Արդյո՞ք Նրա Եկեղեցում տեղ չի գտնվի Աստծո բոլոր զավակների համար։ Նույնիսկ նրանց համար, ովքեր անարժան, մոռացված կամ միայնակ են զգում իրենց։

Գոյություն չունի կատարելության շեմ, որին դուք պետք է հասնեք Աստծո շնորհին արժանանալու համար։ Պարտադիր չէ, որ ձեր աղոթքներն ասվեն բարձրաձայն, պերճախոս կամ քերականորեն ճիշտ լինեն, որպեսզի հասնեն երկինք։

Իսկապես, Աստված աչառ չէ8․ աշխարհի կողմից արժևորվող բաները ոչինչ են Նրա համար։ Նա գիտի ձեր սիրտը, և Նա սիրում է ձեզ՝ անկախ ձեր կոչումից, ֆինանսական վիճակից կամ Ինստագրամի հետևորդների թվից։

Երբ դարձնենք մեր սիրտը դեպի մեր Երկնային Հայրը և մոտենանք Նրան, մենք կզգանք, որ Նա մոտենում է մեզ։9

Մենք բոլորս էլ Նրա սիրելի զավակներն ենք։

Նույնիսկ նրանք, ովքեր մերժում են Նրան։

Նույնիսկ նրանց, ովքեր համառ, անկարգապահ երեխաների նման զայրույթով են լցվում Աստծո և Նրա Եկեղեցու հանդեպ, հավաքում են ճամպրուկները և աղմուկով փակելով դուռը հայտարարում, որ հեռանում են և երբեք չեն վերադառնալու։

Երբ երեխան փախչում է տանից, նա գուցե չնկատի պատուհանից նայող մտահոգ ծնողներին։ Սիրառատ սրտերով նրանք հետևում են իրենց որդու կամ դստեր հեռանալուն, հուսալով, որ իրենց թանկագին զավակը ինչ-որ բան կսովորի այս դառը փորձից և, հնարավոր է, նորովի կտեսնի կյանքը և, ի վերջո, կվերադառնա տուն։

Այդպես էլ մեր սիրող Երկնային Հոր դեպքում է։ Նա սպասում է մեր վերադարձին։

Ձեր Փրկիչը, սիրո և կարեկցանքի արցունքներն աչքերին, սպասում է ձեր վերադարձին։ Նույնիսկ, երբ դուք ձեզ հեռացած եք զգում Աստծուց, Նա տեսնում է ձեզ․ Նա կարեկցանքով լի գրկաբաց վազում է ձեզ դիմավորելու։10

Եկե՛ք և պատկանե՛ք։

Աստված մեզ թույլ է տալիս սովորել մեր սխալներից

Մենք ուխտավորներ ենք, որ քայլում ենք մահկանացու կյանքի արահետով՝ ամենուր փնտրելով իմաստ և բացարձակ ճշմարտություն։ Հաճախ, մենք տեսնում ենք միայն մեր առջև գտնվող ուղիղ ճանապարհը․ մենք չենք կարող տեսնել, թե ուր են տանելու ճանապարհի ոլորանները։ Մեր սիրելի Երկնային Հայրը մեզ չի տվել բոլոր պատասխանները։ Նա ակնկալում է, որ շատ բաներ մենք ինքներս պարզենք մեր համար։ Նա ակնկալում է, որ մենք հավատանք․ նույնիսկ, եթե դա դժվար է անել։

Նա ակնկալում է, որ մենք ուղղենք մեր կորացած մեջքը և վճռականություն ցուցաբերենք կատարելու ևս մեկ քայլ առաջ։

Սա է սովորելու և աճելու ուղին։

Արդյո՞ք անկեղծորեն ցանկանում եք, որ ամեն բան ամեն մանրամասնությամբ մեկնաբանվեր ձեզ համար։ Արդյո՞ք անկեղծորեն ցանկանում եք, որ ամեն հարցի պատասխանը տրվեր։ Ամեն ճանապարհ գծագրվե՞ր ձեզ համար։

Կարծում եմ, որ մեզանից շատերը շատ շուտ կհոգնեին երկնային նմանատիպ մանրակրկիտ ղեկավարումից։ Կյանքի կարևոր դասերը մենք սովորում ենք փորձառության միջոցով։ Մեր սխալներից սովորելու մջոցով։ Ապաշխարելու և ինքնուրույն հասկանալու միջոցով, որ «ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել»։11

Հիսուս Քրիստոսը՝ Աստծո Որդին, մահացավ, որպեսզի մեր սխալները չդատապարտեն մեզ և ընդմիշտ դադարեցնեն մեր առաջընթացը։ Նրա շնորհիվ մենք կարող ենք ապաշխարել, և մեր սխալները կարող են դառնալ քայլեր դեպի ավելի մեծ փառքը։

Կարիք չկա, որ դուք միայնակ անցնեք այդ ուղին։ Մեր Երկնային Հայրը չի թողել մեզ թափառելու խավարում։

Ահա թե ինչու 1820 թվականի գարնանը Նա Իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի հետ հայտնվեց պատանի Ջոզեֆ Սմիթին։

Մի պահ մտածե՜ք այդ մասին։ Տիեզերքի Աստվածը հայտնվե՜ց մարդուն։

Սա առաջինն էր բազում հանդիպումներից, որոնք Ջոզեֆն ունեցավ Աստծո և երկնային այլ էակների հետ։ Խոսքերից շատերը, որոնք աստվածային էակները խոսեցին նրա հետ, արձանագրված են Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու սուրբ գրություններում։ Դրանք հեշտությամբ հասանելի են դառնում։ Բոլորը կարող են կարդալ դրանք և ինքնուրույն ուսումնասիրել ուղերձը, որ Աստված ունի մեզ համար մեր օրերում։

Մենք հրավիրում ենք ձեզ ինքնուրույն ուսումնասիրել դրանք։

Ջոզեֆ Սմիթը շատ երիտասարդ էր, երբ ստացավ այս հայտնությունները։ Դրանցից շատերը տրվեցին, նախքան կլրանար նրա 30 տարին։12 Նա փորձառու չէր, և գուցե որոշ մարդկանց կարծիքով արժանի չէր լինելու Տիրոջ մարգարեն։

Ինչևէ, Տերը կանչեց նրան․ հետևյալ օրինաչափությունը մենք նկատում ենք սուրբ գրություններում։

Աստված չսպասեց, որ գտներ կատարյալ մեկին՝ ավետարանը վերականգնելու համար։

Այլապես Նա մինչ հիմա էլ պիտի սպասեր։

Ջոզեֆը շատ նման էր ձեզ և ինձ։ Չնայած Ջոզեֆը սխալներ թույլ տվեց, Աստված նրա միջոցով իրականացրեց Իր մեծ նպատակները։

Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնը հաճախ կրկնում էր խորհրդի այս խոսքերը․ «Ում Տերը կանչում է, Տերը որակավորում է»։13

Պողոս Առաքյալը խորհուրդ արեց Կորնթոսի Սրբերի հետ․ «Հէնց ձեր կոչումին մտիկ արէք, եղբայրներ և քույրեր, որ ոչ թէ շատ իմաստուններ մարմնի կողմանէ, եւ ոչ թէ շատ զօրաւորներ, եւ ոչ թէ շատ ազնուականներ»։14

Իր նպատակներն իրականացնելու համար Տերն օգտագործում է թույլերին և հասարակ մարդկանց։ Այս ճշմարտությունը վկայում է այն մասին, որ Աստծո զորությամբ է, ոչ թե մարդու, որ երկրի վրա կատարվում է Նրա գործը։15

Լսե՛ք Նրան, հետևե՛ք Նրան

Երբ Աստված հայտնվեց Ջոզեֆ Սմիթին, Նա ներկայացրեց Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, և ասաց․ «Լսի՛ր Նրան»։16

Իր կյանքի մնացած մասը նա անցկացրեց լսելով Նրան և հետևելով Նրան։

Ինչպես Ջոզեֆի դեպքում, մեր աշակերտությունը սկսվում է Փրկիչ Հիսուս Քրիստոսին լսելու և հետևելու որոշմամբ։

Եթե ցանկանում եք հետևել Նրան, լցվեք հավատքով և ձեր վրա վերցրեք Նրա խաչը։

Դուք կտեսնեք, որ իսկապես պատկանում եք Նրա Եկեղեցուն․ ջերմ ու հյուրընկալ մի վայր, որտեղ կարող եք միանալ աշակերտության և երջանկության մեծ գործին։

Ես հուսով եմ, որ Առաջին Տեսիլքի երկհարյուրամյակին, մինչ մենք կմտորենք և կսովորենք Հիսուս Քրիստոսի Եկեղեցու Վերականգնման մասին, մենք կգիտակցենք, որ դա պարզապես պատմական իրադարձություն չէ։ Դուք և ես վճռական մասն ենք կազմում այս մեծ, շարունակվող պատմության։

Ուրեմն, ո՞րն է ձեր և իմ բաժինը։

Դա Հիսուս Քրիստոսի մասին սովորելն է։ Նրա խոսքերն ուսումնասիրելն է։ Նրան լսելը և Նրան հետևելն է՝ ակտիվորեն մասնակցելով այս մեծ աշխատանքին։ Ես հրավիրում եմ ձեզ գալ և պատկանել։

Պարտադիր չէ, որ դուք կատարյալ լինեք։ Դուք միայն պետք է ցանկություն ունենաք զարգացնելու ձեր հավատքը և ամեն օր ավելի մոտենալու Նրան։

Մեր բաժինն է՝ սիրել ու ծառայել Աստծուն և սիրել ու ծառայել Աստծո զավակներին։

Երբ դուք անեք դա, Աստված կպարուրի ձեզ Իր սիրով, ուրախությամբ և որոշակի առաջնորդությամբ այս կյանքի ընթացքում, նույնիսկ ամենալուրջ և վտանգավոր իրավիճակներում։

Այդ մասին ես վկայում եմ և թողնում եմ ձեզ իմ օրհնությունը խորը երախտագիտությամբ և սիրով ձեզանից յուրաքանչյուրի հանդեպ, մեր Փրկիչի և Ուսուցչի՝ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն։