Գերագույն համաժողով
Մորմոնի Գրքի ի հայտ գալը
2020 թ․ ապրիլի գերագույն համաժողով


2:3

Մորմոնի Գրքի ի հայտ գալը

Պատմական փաստերը և Մորմոնի Գրքի հատուկ վկաները վկայում են, որ Մորմոնի Գրքի ի հայտ գալն իսկապես հրաշք էր:

Մի առիթով Եկեղեցու երեցների հետ հանդիպման ժամանակ մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտարարեց. «Վերցրեք մեզանից Մորմոնի Գիրքը և հայտնությունները, և որտե՞ղ կլինի մեր կրոնը: Այն գոյություն չի ունենա»:1 Ի՛մ սիրելի եղբայրներ և քույրեր, Առաջին տեսիլքից հետո Մորմոնի Գրքի հրաշքով ի հայտ գալը հանդիսանում է Հիսուս Քրիստոսի շարունակական վերականգնման երկրորդ հիմնական հենակետն այս տնտեսության ժամանակ։ Մորմոնի Գիրքը վկայում է Իր զավակների հանդեպ Աստծո սիրո և Տեր Հիսուս Քրիստոսի անձնազոհ և աստվածային քավիչ զոհաբերության մասին, ինչպես նաև Իր Հարությունից հետո նեփիացիների մեջ Հիսուս Քրիստոսի գերագույն սպասավորության մասին։2 Այն նաև վկայում է, որ Իսրայելի տան մնացորդն Իր վերջին օրվա աշխատանքի միջոցով պետք է դառնա մեկ, և որ նրանք հավիտյան դուրս չեն գցվել:3

Երբ ուսումնասիրում ենք այս վերջին օրերում այս սուրբ գրքի ի հայտ գալու պատմությունը, մենք հասկանում ենք, որ այդ ամբողջ աշխատանքը հրաշքով է ուղղորդվել՝ սուրբ հրեշտակի կողմից մարգարե Ջոզեֆ Սմիթի թիթեղները ստանալուց սկսած մինչև «Աստծո պարգևով և զորությամբ»4 նրա թարգմանությունը և Տիրոջ ձեռքով նրա հրատարակումը։

Մորմոնի Գրքի ի հայտ գալը սկսվեց ավելի վաղ, քան Ջոզեֆ Սմիթը ոսկե թիթեղները ստացավ Մորոնի հրեշտակի ձեռքից: Մարգարեները հնում մարգարեացել են մեր օրերում այս սուրբ գրքի ի հայտ գալու մասին։5 Եսայիան խոսել է կնքված գրքի մասին, որ երբ այն ի հայտ գա, մարդիկ կվիճարկեն Աստծո խոսքը։ Այդ հանգամանքի շնորհիվ ստեղծվեց այն բարենպաստ միջավայրը, որտեղ Աստված կարող էր կատարել Իր «զարմանալիք և զարմանքը», որը կստիպեր «փչանայ նորանց իմաստունների իմաստութիւնը, եւ հանճարեղների հանճարը խափանուի», իսկ «խեղճերը ուրախութիւն պիտի աւելացնեն Տէրով, եւ չքաւոր մարդիկը պիտի զուարճանան Իսրայէլի Սուրբովը»։6 Եզեկիելը խոսել է, որ Հուդայի փայտը (Աստվածաշունչը) և Հովսեփի փայտը (Մորմոնի Գիրքը) պետք է միավորվեն և դառնան մեկ: Թե՛ Եզեկիելը (Հին Կտակարանում) և թե՛ Լեքին (Մորմոնի Գրքում) նշում են, որ նրանք պիտի «սերտաճեն», որ հերքեն կեղծ վարդապետությունները, հաստատեն խաղաղություն և բերեն մեզ մեր ուխտերի իմացությանը։7

1823 թվականի սեպտեմբերի 21-ի երեկոյան, Առաջին Տեսիլքից երեքուկես տարի անց, Ջոզեֆի անկեղծ աղոթքներին ի պատասխան, Մորոնի հրեշտակը երեք անգամ այցելեց նրան. Մորոնին հնագույն Ամերիկա մայրցամաքի վերջին մարգարեն էր։ Այդ այցելության ընթացքում, որը տևեց ամբողջ գիշեր, Մորոնին ասաց Ջոզեֆին, որ Աստված հրաշալի աշխատանք ուներ պատրաստած նրա համար՝ Ամերիկյան մայրցամաքի հնագույն մարգարեների ոգեշնչված խոսքերի թարգմանությունը և հրատարակությունը։8 Հաջորդ օրը Ջոզեֆը գնաց իր տնից ոչ հեռու գտնվող մի վայր, որտեղ Մորոնին դարեր առաջ թիթեղները թաղել էր իր մահից առաջ։ Այնտեղ Ջոզեֆը կրկին տեսավ Մորոնիին, ով նրան հրահանգեց նախապատրաստվել թիթեղներն ավելի ուշ ստանալու համար։

Հաջորդ չորս տարիների ընթացքում, յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 22-ին, Ջոզեֆը լրացուցիչ հրահանգներ ստացավ Մորոնիից այն մասին, թե ինչպես պետք է Տիրոջ արքայությունը ղեկավարվի վերջին օրերին: Ջոզեֆի պատրաստությունը ներառում էր նաև այցելություններ Աստծո հրեշտակների կողմից՝ դրանով բացահայտելով այն իրադարձությունների վեհությունն ու փառքը, որոնք տեղի էին ունենալու այս տնտեսությունում:9

1827 թվականին Էմմա Հեյլի հետ նրա ամուսնությունն այդ նախապատրաստության մի մասն էր: Նա կարևոր դեր ունեցավ՝ օգնելով Մարգարեին իր ողջ կյանքի և ծառայության ընթացքում: Իրականում, 1827 թվականի սեպտեմբերին Էմման ուղեկցեց Ջոզեֆին դեպի բլուրը, որտեղ պահված էին թիթեղները և սպասեց նրան, երբ Մորոնի հրեշտակը հիշատակարանը հանձնեց Ջոզեֆին։ Ջոզեֆը ստացավ այն խոստումը, որ թիթեղները կպահպանվեն, եթե նա իր ողջ ջանքերը ներդներ դրանք պահպանելու համար, մինչև դրանք վերադարձվեն Մորոնիին։10

Ավետարանի ի՛մ սիրելի ընկերակից զուգընկերներ, հնագույն ժամանակների այսօրվա հայտնագործություններից շատերը տեղի են ունենում հնագիտական պեղումների ընթացքում կամ նույնիսկ պատահական՝ շինարարական աշխատանքների ընթացքում: Սակայն, Ջոզեֆ Սմիթին թիթեղների տեղը ցույց տվեց հրեշտակը։ Դրա հետևանքն ինքնին հրաշք էր։

Մորմոնի Գրքի թարգմանության գործընթացը նույնպես հրաշք էր: Այս սուրբ հնագույն հիշատակարանը «չի թարգմանվել» այն ավանդական եղանակով, որով գիտնականները թարգմանում են հին տեքստերը՝ սովորելով հին լեզու: Մենք պետք է գործընթացին ավելի շուտ նայենք «հայտնության» նման, որի ժամանակ Տիրոջ կողմից տրամադրվել են ֆիզիկական գործիքներ, և չդիտարկենք լեզուների իմացություն ունեցող մարդու «թարգմանության» նման: Ջոզեֆ Սմիթը հայտարարել է, որ Աստծո զորությամբ «ես թարգմանեցի Մորմոնի Գիրքը [հիերոգլիֆներից], որոնց մասին գիտելիքը կորսված էր աշխարհում, և այդ հրաշալի գործում ես՝ չկրթված մի պատանի, նոր հայտնությամբ միայնակ դեմ առ դեմ կանգնեցի աշխարհի իմաստությանը և տասնութ դարերի բազմապատիկ արհամարհանքին»:11 Թիթեղների թարգմանության կամ այսպես ասած հայտնության ժամանակ Տիրոջ օգնությունն ակնհայտ է նաև այն դեպքում, երբ հաշվի առնենք այն կարճ զարմանալի ժամանակահատվածը, որի ընթացքում Ջոզեֆ Սմիթը թարգմանեց այն:12

Ջոզեֆի դպիրները վկայել են Աստծո զորության մասին, որը դրսևորվել է Մորմոնի Գրքի թարգմանության վրա աշխատելիս: Օլիվեր Քաուդերին մի անգամ ասել է․ «Դրանք անմոռանալի՜ օրեր էին. նստել երկնքից ոգեշնչված ձայնի թելադրման ներքո, որը կրծքումդ խորը երախտագիտություն է արթնացնում: Օր օրի ես շարունակում էի անդադար գրել նրա խոսքերը, երբ նա թարգմանում էր … Մորմոնի Գիրքը»։13

Պատմական աղբյուրները հայտնում են, որ երբ 1827 թվականին Ջոզեֆ Սմիթը ձեռք բերեց թիթեղները, փորձեր արվեցին նրանից հափշտակել դրանք: Նա նշել է, որ «ամենաեռանդուն ջանքերը գործադրվեցին՝ [թիթեղները նրանից] վերցնելու համար, և որ «ամեն մի հնարք, որ հնարավոր էր հորինել, օգտագործվեց այդ նպատակի համար»։14 Ջոզեֆը և Էմման, ի վերջո, ստիպված եղան Նյու Յորք նահանգի Մանչեսթեր քաղաքից տեղափոխվել Պենսիլվանիա նահանգի Հարմոնի քաղաքը և թարգմանության գործը սկսելու համար գտնել ապահով մի վայր՝ ամբոխից և մարդկանցից հեռու, ովքեր ցանկանում էին գողանալ թիթեղները։15 Ինչպես պատմում է պատմաբաններից մեկը. «Այսպիսով ավարտվեց թիթեղների վրա Ջոզեֆի խնամակալության առաջին դժվարին փուլը: … Այդուհանդերձ, այդ հիշատակարանն անվտանգ էր և դրանք պահպանելու իր ջանքերում, անկասկած, Ջոզեֆը շատ բան իմացավ Աստծո և մարդու ուղիների մասին, որոնք նրան ապագայում ծառայելու էին»։16

Մորմոնի Գիրքը թարգմանելիս Ջոզեֆն իմացավ, որ Տերը վկաներ կընտրի՝ թիթեղները տեսնելու համար։17 Սա մաս է կազմում այն բանի, ինչ Տերն ինքը հաստատեց, երբ ասաց․ «Երկու կամ երեք վկաների բերանով ամեն խոսք հաստատվի»։18 Օլիվեր Քաուդերին, Դեյվիդ Ուիթմերը և Մարտին Հարրիսը Ջոզեֆի առաջին զուգընկերներն էին, ովքեր հիմնադրեցին Աստծո հրաշալի աշխատանքն այս տնտեսությունում և առաջին վկաներն էին, ովքեր կանչվեցին աշխարհին հատուկ վկայություն բերել Մորմոնի Գրքի մասին։ Նրանք վկայեցին, որ Տիրոջ մի հրեշտակ նրանց ցույց տվեց հնագույն հիշատակարանը, և որ նրանք տեսան թիթեղների վրա փորագրված նիշերը։ Նրանք նաև վկայեցին, որ երկնքից լսեցին Աստծո ձայնը, որը հայտարարեց, որ հնագույն հիշատակարանը թարգմանվել է Աստծո պարգևով և զորությամբ: Այնուհետև նրանց պատվիրվեց վկայել դրա մասին ամբողջ աշխարհին:19

Տերը հրաշքով կանչեց ուրիշ ութ վկաների, որ իրենց աչքերով տեսնեն ոսկյա թիթեղները և լինեն հատուկ վկաներ՝ Մորմոնի Գրքի ճշմարտացիության ու աստվածայնության վերաբերյալ: Նրանք վկայեցին, որ տեսան և ուշադիր զննեցին թիթեղները և դրա վրա փորագրված նիշերը: Անգամ ձախորդությունների, հալածանքների, բոլոր տեսակի դժվարությունների մեջ, և նույնիսկ նրանցից ոմանց ավելի ուշ թուլացած հավատքի ժամանակ, Մորմոնի Գրքի այս ընտրյալ տասնմեկ վկաները երբեք չհերքեցին իրենց վկայություններն այն մասին, որ իրենք տեսել են թիթեղները: Ջոզեֆ Սմիթն այլևս միակ մարդը չէր, ով գիտեր Մորոնիի այցերի և ոսկե թիթեղների մասին:

Լյուսի Մակ Սմիթը գրել է, որ իր որդին ուրախությամբ լցված տուն եկավ, երբ թիթեղները ցույց տրվեցին այդ վկաներին։ Ջոզեֆն իր ծնողներին ասել է․ «Եվ ես այնպես եմ զգում, կարծես, բեռից ազատվել եմ, որը խիստ ծանր էր կրել, և սիրտս ցնծում է, որ ես այլևս բոլորովին միայնակ չեմ աշխարհում»։20

Ջոզեֆ Սմիթը Մորմոնի Գիրքը տպագրելիս մեծ դիմադրության ենթարկվեց, երբ ավարտեց նրա թարգմանությունը։ Նյու Յորքի Պալմիրա քաղաքում նա կարողացավ համոզել Էգբերտ Բ․ Գրանդին անունով մի տպագրիչի տպել այն միայն նրանից հետո, երբ Մարտին Հարրիսը մեծ հավատք և զոհաբերություն գործադրելով, գրավադրեց իր ֆերման՝ տպագրության ծախսերի համար: Մորմոնի Գրքի հրատարակումից հետո, մասամբ շարունակվող ընդդիմության պատճառով, Մարտին Հարիսը հավատարմորեն վաճառեց իր ֆերմայի 151 ակրը(0.6 կմ2)՝ հրատարակության ծախսերը ծածկելու համար: Ջոզեֆ Սմիթին տրված հայտնության միջոցով Տերը հրահանգեց Մարտին Հարիսին անհագ չլինել իր ունեցվածքով և վճարել տպագրության արժեքն այն գրքի համար, որը «պարունակում է ճշմարտությունը և Աստծո խոսքը»:21 1830 թվականի մարտին լույս տեսան Մորմոնի Գրքի առաջին 5000 օրինակները, իսկ այսօր ավելի քան հարյուր լեզուներով տպագրվել են ավելի քան 180 միլիոն օրինակ:

Պատմական փաստերը և Մորմոնի Գրքի հատուկ վկաները վկայում են, որ Մորմոնի Գրքի ի հայտ գալն իսկապես հրաշք էր: Այնուամենայնիվ, այս գրքի ուժը հիմնված չէ միայն նրա հրաշալի պատմության վրա, այլ՝ նրա հզոր, անզուգական ուղերձի վրա, որը փոխել է անհամար կյանքեր, այդ թվում՝ իմը։

Ես առաջին անգամ Մորմոնի Գիրքն ամբողջությամբ կարդացի, երբ սեմինարիայի ուսանող էի։ Ինչպես առաջարկել էին իմ ուսուցիչները, ես այն սկսեցի կարդալ նախաբանից։ Մորմոնի Գրքի առաջին էջերում պարունակվող խոստումը դեռևս արձագանքում է իմ գլխում․ «Խորհեք «ձեր» սրտում … ապա [հավատքով] հարցրեք Աստծուն՝ … Քրիստոսի անունով, թե արդյոք գիրքը ճշմարիտ է: Նրանք, ովքեր հետևում են այս գործելակերպին, … Սուրբ Հոգու զորությամբ վկայություն կստանան նրա ճշմարտացիության և աստվածայնության վերաբերյալ»։22

Այդ խոստումը հիշելով, ջանասիրաբար ձգտելով ավելին իմանալ դրա ճշմարտության մասին, և աղոթքի ոգով ես քիչ-քիչ ուսումնասիրեցի Մորմոնի Գիրքը, երբ կատարում էի սեմինարիայում հանձնարարված շաբաթական դասերը: Երեկվա նման հիշում եմ, որ մի ջերմ զգացողություն սկսեց աստիճանաբար մեծանալ իմ հոգում ու սկսեց պատել սիրտս, լուսավորեց իմ հասկացողությունը և ավելի ու ավելի հրաշալի դարձավ, ինչպես նկարագրել է Ալման՝ իր ժողովրդին Աստծո խոսքը քարոզելիս։23 Այդ զգացումը, ի վերջո, վերածվեց գիտելիքի, որն արմատավորվեց իմ սրտում և դարձավ այս սուրբ գրքում տեղ գտած նշանակալի իրադարձությունների և ուսմունքների իմ վկայության հիմքը:

Այս և մյուս անգին, անձնական փորձառությունների շնորհիվ Մորմոնի Գիրքն իսկապես դարձավ այն անկյունաքարը, որը հաստատում է Հիսուս Քրիստոսի հանդեպ իմ հավատքը և Նրա ավետարանի մասին իմ վկայությունը։ Այն դարձավ այն սյուներից մեկը, որն ինձ վկայում է Փրկիչի աստվածային քավող զոհաբերության մասին։ Այն իմ կյանքում դարձավ վահան ընդդեմ հակառակորդի փորձերի՝ թուլացնելու իմ հավատքը և անհավատություն սերմանելու իմ մտքում և ինձ տվեց քաջություն, որ աշխարհին խիզախորեն հայտարարեմ Փրկիչի մասին իմ վկայությունը։

Իմ սիրելի ընկերներ, Մորմոնի Գրքի մասին իմ վկայությունը ես ստացա տող առ տող՝24 որպես հրաշք իմ սրտում։ Մինչ օրս այդ վկայությունը շարունակում է աճել, երբ անկեղծ սրտով շարունակում եմ ձգտել ավելի լիարժեք հասկանալ Աստծո խոսքը, որն առկա է սուրբ գրությունների այս արտասովոր գրքում:

Բոլոր այն մարդկանց, ովքեր այսօր լսում են իմ ձայնը, ես հրավիրում եմՄորմոնի Գրքի հրաշքով ի հայտ գալու մասը կազմել ձեր կյանքում: Ես խոստանում եմ, որ երբ աղոթքով և հետևողականորեն ուսումնասիրեք գրքի խոսքերը, կկարողանաք ճաշակել դրա խոստումները և հարուստ օրհնությունները ձեր կյանքում։ Ես կրկին անգամ վերահաստատում եմ այն խոստումը, որն արձագանքում է այս գրքի էջերում, որ եթե «դուք հարցնեք Աստծուն՝ Հավերժական Հորը, Քրիստոսի անունով, թե արդյոք այս բաները ճիշտ չեն. և եթե դուք հարցնեք մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս, նա [ողորմածորեն] կհայտնի ձեզ դրանց ճշմարտության մասին՝ Սուրբ Հոգու զորությամբ»:25 Կարող եմ հավաստիացնել ձեզ, որ Նա կպատասխանի շատ անձնական ձևով, ինչպես Նա արել է ինձ համար և աշխարհի շատ այլ մարդկանց համար: Ձեր փորձառությունը կլինի նույնքան փառահեղ և սուրբ ձեզ համար, որքան Ջոզեֆ Սմիթի փորձառությունները նրա համար, ինչպես նաև առաջին վկաների և բոլոր նրանց համար, ովքեր ձգտել են ստանալ այս սուրբ գրքի շիտակության և արժանահավատության մասին վկայություն:

Ես բերում եմ իմ վկայությունը, որ Մորմոնի Գիրքն իսկապես Աստծո խոսքն է: Ես վկայում եմ, որ սրբազան հիշատակարանը «մեկնում է ավետարանի վարդապետությունները, ուրվագծում է փրկության ծրագիրը և ասում է մարդկանց, թե ինչ պետք է անեն, որպեսզի ձեռք բերեն խաղաղություն այս կյանքում և հավերժական փրկություն՝ գալիք կյանքում»:26 Ես վկայում եմ, որ Մորմոնի Գիրքն Աստծո գործիքն է, որպեսզի մեր օրերում Իսրայելը հավաքի և օգնի մարդկանց ճանաչել Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին։ Ես վկայում եմ, որ Աստված ապրում և սիրում է մեզ, ու Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը, աշխարհի Փրկիչն է և մեր կրոնի գլխավոր անկյունաքարը։ Ես ասում եմ այս բաները մեր Քավիչի, մեր Վարդապետի և մեր Տիրոջ, այսինքն՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: