Գերագույն համաժողով
Մեծ ծրագիրը
2020 թ․ ապրիլի գերագույն համաժողով


2:3

Մեծ ծրագիրը

Մենք, որ գիտենք Աստծո ծրագիրը և նրան մասնակցելու ուխտ ենք կապել, հստակ պատասխանատվություն ունենք ուսուցանելու այդ ճշմարտությունները։

Անգամ եզակի փորձությունների ու մարտահրավերների պայմաններում, մենք իրապես օրհնված ենք։ Այս գերագույն համաժողովը Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգնման հարստության և ուրախության մեծ բաժին պարգևեց մեզ: Մենք ուրախություն ապրեցինք՝ լսելով Հոր և Որդու տեսիլքի մասին, որով սկսվեց Վերականգնումը: Մեզ հիշեցրեցին Մորմոնի Գրքի հրաշքով երևան գալու մասին, որի առանցքային նպատակն է վկայել Հիսուս Քրիստոսի և Նրա վարդապետության մասին: Մարգարեներին և անձամբ մեզ եկող հայտնությունների ուրախ իրականությունը թարմություն պարգևեց մեզ: Մենք լսեցինք անգին վկայություններ Հիսուս Քրիստոսի անսահման Քավության և Նրա բառացի հարության մասին: Եվ մեզ սովորեցրին Նրա ավետարանի լրիվության այլ ճշմարտություններ, որոնք հայտնվել էին Ջոզեֆ Սմիթին այն բանից հետո, երբ Հայր Աստված հայտարարել էր այդ նոր կոչված մարգարեին. «Սա է իմ սիրելի Որդին: Լսի՛ր Նրան:» (Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.17):

Մենք հաստատվեցինք քահանայության և նրա բանալիների վերականգնման գիտելիքներում: Մենք վերահաստատվեցինք մեր վճռականության մեջ, որ Տիրոջ վերականգնված եկեղեցին պետք է հայտնի լինի իր պատշաճ՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի անունով: Եվ մեզ առաջարկեցին միանալ ծոմապահության և աղոթքի, որպեսզի նվազագույնի հասցնենք համաշխարհային ավերիչ համաճարակի ներկա և ապագա հետևանքները: Այս առավոտ մենք ոգեշնչվեցինք Տիրոջ կենդանի մարգարեի կողմից, որը ներկայացրեց Վերականգնման պատմական մի հռչակագիր: Մենք հաստատում ենք հռչակագրի հայտարարությունը, որ «նրանք, ովքեր աղոթքով կուսումնասիրեն Վերականգնման ուղերձը և հավատքով քայլ կանեն, կօրհնվեն և անձնական վկայություն կստանան նրա աստվածային ծագման և մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի խոստացված Երկրորդ Գալստի համար աշխարհը նախապատրաստելու նպատակի մասին»:1

Ծրագիրը

Այս ամենը աստվածային ծրագրի մաս է, որի նպատակն է Աստծո զավակներին վեհացում ստանալու և Նրա նման դառնալու հնարավորություն ընձեռել: Վերականգնման հայտնություններից մեկը համարվող այդ ծրագիրը, որը սուրբ գրություններում ակնարկվում է որպես «երջանկության մեծ ծրագիր», «փրկագնման ծրագիր», և «փրկության ծրագիր» (Ալմա 42․8, 11, 5), սկսվել է Երկնային խորհրդում։ Որպես ոգիներ՝ մենք ցանկություն ունեինք հասնել հավերժական կյանքին, որը վայելում էին մեր երկնային ծնողները: Այդ ժամանակ մենք առաջադիմել էինք այնքան, որքան հնարավոր էր առանց ֆիզիկական մարմնում մահկանացու փորձի: Այդ փորձը ապահովելու նպատակով՝ Հայր Աստված ծրագրեց ստեղծել այս երկիրը: Ծրագրած մահկանացու կյանքում մենք մեղքից կեղտոտվելու էինք, քանի որ անցնելու էինք հակադրության միջով, որն անհրաժեշտ էր մեր հոգևոր աճի համար: Մենք նաև ենթակա կլինեինք ֆիզիկական մահվան: Մահից և մեղքից մեզ վերականգնելու համար Երկնային Հոր ծրագիրը Փրկիչ էր նախատեսում: Նրա հարությունը բոլորին կփրկագներ մահից, և Նրա քավիչ զոհաբերությունը կվճարեր այն գինը, որն անհրաժեշտ կլիներ, որ բոլորը մեղքից մաքրվեին նախանշված պայմաններով, որը կնպաստեր մեր զարգացմանը: Հիսուս Քրիստոսի Քավությունը առանցքային դեր ունի Հոր ծրագրում:

Երկնային խորհրդում Աստծո բոլոր հոգևոր զավակները ծանոթացան Հոր ծրագրին՝ մահկանացու լինելու հետևանքներին ու փորձություններին, երկնային օգնությանը և փառահեղ ճակատագրին: Մենք տեսնում էինք վերջը ի սկզբանե: Այս երկրի վրա մահկանացու ծնունդ ստացած մարդիկ ընտրել են Հոր ծրագիրը և պաշտպանել այն խորհրդին հաջորդած պայքարում: Շատերը նաև ուխտ են կապել Հոր հետ, թե ինչ են անելու մահկանացու կյանքում։ Դեռևս հայտնի չդարձած ձևով, հոգիների աշխարհում մեր գործողությունները ազդել են մահկանացու կյանքի մեր հանգամանքների վրա:

Մահկանացու կյանքը և հոգիների աշխարհը

Այժմ ամփոփ կխոսեմ Հոր ծրագրի որոշ տարրերի մասին, որոնք ազդում են մեզ վրա՝ մահկանացու ճամփորդության ընթացքում և հանդերձյալ հոգևոր աշխարհում:

Աստծո ժառանգների համար մահկանացու կյանքի և դրան հետևող հետմահու աճի նպատակը Նրա նման դառնալն է: Դա Երկնային Հոր ցանկությունն է Իր բոլոր զավակների համար: Այդ ուրախալի ճակատագրին հասնելու համար հավերժական օրենքները պահանջում են, որ մենք մաքրագործված էակներ դառնանք Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով, որպեսզի կարողանանք ապրել Հոր և Որդու ներկայության մեջ և վայելենք վեհացման օրհնությունները: Ինչպես սովորեցնում է Մորմոնի Գիրքը՝ Նա հրավիրում է «բոլորին՝ գալ իր մոտ և ճաշակել իր բարությունից. և նա չի մերժում ոչ մեկին, որ գալիս են դեպի իրեն, սև թե սպիտակ, ստրուկ թե ազատ, այր թե կին. և նա հիշում է հեթանոսներին. և բոլորը նույնն են Աստծո համար» (2 Նեփի 26.33․ տես նաև Ալմա 5․49

Աստվածային ծրագրով նախատեսված էակը դառնալու նպատակը մեզանից պահանջում է ընտրություններ կատարել մերժելու ընդդիմադիր չարին, որը մահկանացուներին գայթակղում է Աստծո պատվիրաններին և Նրա ծրագրին հակառակ գործել: Այն նաև պահանջում է, որ մենք մահկանացու այլ հակադրությունների ենթարկվենք, որոնք կարող են գալ ուրիշների մեղքերի կամ տկարությունով ծնվելու արդյունքում: Անհրաժեշտ աճը, երբեմն գալիս է ավելի շուտ տառապանքի և ձախորդությունների, քան հարմարավետության և հանգստության միջոցով: Եվ մահկանացու հակադրություններից ոչ մեկը չէր կարող հասնել իր հավերժական նպատակին, եթե աստվածային միջամտությունը մեզ ազատեր մահկանացու կյանքի անբարենպաստ հետևանքներից:

Ծրագիրը բացահայտում է մեր ճակատագիրը հավերժության մեջ, մահկանացու կյանքի մեր ճամփորդության նպատակն ու պայմանները և երկնային օգնությունը, որ մենք կստանանք: Աստծո պատվիրանները մեզ նախազգուշացնում են, որ չընկնենք վտանգավոր իրավիճակների մեջ: Ոգեշնչված ղեկավարների ուսմունքները ուղղորդում են մեզ և՝ մեր հավերժական ճամփորդությունը խթանող հավաստիացումներ են տալիս:

Աստծո ծրագիրը չորս մեծ հավաստիացում է տալիս մեզ՝ օգնելով անցնել մեր մահկանացու ճանապարհը: Այդ բոլորը մեզ հասել է Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով, որը ծրագրի առանցքային մասն է: Առաջինը՝ հավաստիացումն է, որ Իր տառապանքների շնորհիվ մենք կարող ենք մաքրվել այն մեղքերից, որի համար ապաշխարում ենք։ Այն ժամանակ, ողորմած վերջին դատավորը «այլևս չի հիշի դրանք» (Վարդապետություն և Ուխտեր 58.42

Երկրորդը այն է, որ Քավության շնորհիվ Փրկիչը Իր վրա է վերցրել մահկանացու կյանքի մյուս բոլոր թուլությունները։ Սա մեզ թույլ է տալիս աստվածային օգնություն և ուժ ստանալ՝ կրելու մահկանացության անխուսափելի բեռները՝ թե՛ անձնականը, թե՛ ընդհանուրը, ինչպիսին են պատերազմն ու համաճարակը: Մորմոնի գիրքը ներկայացնում է Քավության այս կենսական զորության սուրբ գրային ամենապարզ նկարագրությունը: Փրկիչը Իր վրա վերցրեց «իր ժողովրդի ցավերն ու հիվանդությունները [և թուլությունները]: …․ Նա իր վրա վեր կառնի նրանց թուլությունները, որպեսզի նրա սիրտը լցվի ողորմությամբ, ըստ մարմնի, որպեսզի նա կարողանա իմանալ, ըստ մարմնի, ինչպես սատարել իր ժողովրդին՝ ըստ նրանց թուլությունների» (Ալմա 7.11–12

Երրորդը՝ Փրկիչը, իր անսահման Քավության շնորհիվ, վերացնում է մահվան վերջնականությունը և մեզ տալիս է ուրախ հավաստիացում, որ բոլորս հարություն կառնենք: Մորմոնի Գիրքը ուսուցանում է. «Արդ, այս վերականգնումը պիտի գա բոլորին, ծերին ու երիտասարդին, ճորտին ու ազատին, տղամարդուն ու կնոջը, ամբարիշտին ու արդարին. և նույնիսկ մի մազ իսկ նրանց գլխից չի կորչի. այլ ամեն ինչ պիտի վերականգնվի իր կատարյալ կառուցվածքով» (Ալմա 11.44):

Զատկի այս օրերին մենք տոնում ենք Հարության իրականությունը։ Այն մեզ ուժ և հեռանկար է տալիս համբերելու մեր և մեր հարազատների դեմ ծառացած մահկանացու մարտահրավերներին, ինչպիսին են ֆիզիկական, մտավոր կամ էմոցիոնալ տկարությունները, որ մեզ հետ են ի ծնե կամ ձեռք ենք բերում մահկանացու կյանքի ընթացքում: Հարության շնորհիվ մենք գիտենք, որ այդ մահկանացու տկարությունները ժամանակավոր են:

Վերականգնված ավետարանը հավաստիացնում է, որ Հարությունը կարող է ներառել մեր ընտանիքի անդամների՝ ամուսնու, կնոջ, երեխաների և ծնողների կողքին լինելու հնարավորությունը: Սա զորեղ քաջալերանք է մեզ համար, որպեսզի կատարենք մահկանացու կյանքի մեր ընտանեկան պարտականությունները։ Այն մեզ օգնում է սիրով ապրել այս կյանքում և ուրախ միավորման ու շփումների ակնկալիք ունենալ հանդերձյալ կյանքում:

Չորրորդը և վերջինը՝ ժամանակակից հայտնության ուսմունքն է, որ մեր առաջընթացը չի սահմանափակվում մահկանացու կյանքով։ Այս կարևոր հավաստիացման մասին հայտնությունները շատ չեն։ Մեզ ասում են, որ այս կյանքն է նախապատրաստվելու ժամանակը, որպեսզի հանդիպենք Աստծուն, և որ չպետք է հետաձգենք մեր ապաշխարությունը (տես Ալմա 34:32–33)։ Չնայած դրան, մեզ ուսուցանում են, որ հոգիների աշխարհում ավետարանը քարոզվում է անգամ «ամբարիշտների ու անհնազանդների մեջ, որոնք մերժել էին ճշմարտությունը» (Վարդապետություն և Ուխտեր 138.29) և որ այդ ուսուցանվողները նախքան Վերջին դատաստանը ապաշխարելու հնարավորություն կունենան (տես 31–34, 57–59 հատվածները

Ահա մի քանի այլ սկզբունքներ Երկնային Հոր ծրագրի վերաբերյալ։

Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը մեզ յուրահատուկ հեռանկար է տալիս՝ մաքրաբարոյության, ամուսնության և երեխաներ բերելու վերաբերյալ: Այն ուսուցանում է, որ Աստծո ծրագրի համաձայն՝ ամուսնությունը անհրաժեշտ է Աստծո ծրագրի նպատակների իրականացման, մահկանացու ծնունդ տալու աստվածային նշանակված պայմանների և հավերժական կյանքին ընտանիքի անդամներին նախապատրաստելու համար: «Ամուսնությունն Աստծո կողմից է կարգված մարդու համար, – ասել է Տերը, – որպեսզի երկիրը կատարի իր ստեղծման նպատակը» (Վարդապետություն և Ուխտեր 49.15–16): Այս հարցում Նրա ծրագիրը հակասում է աշխարհի որոշ ազդեցիկ ուժերին՝ օրենքով և սովորույթներով։

Մահկանացու կյանք ստեղծելու զորությունն ամենավեհ զորությունն է, որ Աստված տվել է Իր զավակներին: Առաջին պատվիրանը այն պարտադիր դարձրեց Ադամի և Եվայի համար, բայց տրվեց ևս մեկ կարևոր պատվիրան, որպեսզի արգելվի նրա չարաշահումը: Ամուսնության կապերից դուրս որդեծնության զորության ցանկացած տեսակի գործածությունը տղամարդկանց և կանանց տրված աստվածային հատկանիշի այս կամ այն աստիճանի մեղսագործություն, նվաստացում և այլասերում է։ Վերականգնված ավետարանը կարևորում է այդ մաքրաբարոյության օրենքը, ինչը բացատրվում է Աստծո ծրագրի իրականացման գործում մեր որդեծնության զորության նպատակի ըմբռնմամբ:

Ո՞րն է հաջորդ քայլը։

Վերականգնումը նախաձեռնող Առաջին Տեսիլքի այս 200 տարիների ընթացքում մենք սովորել ենք Տիրոջ ծրագիրը և երկու դար է քաջալերվում ենք Նրա վերականգնված Եկեղեցու օրհնություններով: 2020 թվականը ժողովուրդը անվանում է անցյալի իրադարձությունների 20/20 տեսողություն (ճշգրիտ տեսնելու ունակություն):

Ինչևէ, երբ նայում ենք դեպի ապագա, մեր տեսլականը ավելի քիչ համոզիչ է: Մենք գիտենք, որ Վերականգնումից երկու դար անց, հոգիների աշխարհը այժմ ներառում է բազմաթիվ մահկանացու փորձառություն անցած ծառայողներ, որոնք քարոզում են այնտեղի հոգիներին: Մենք գիտենք նաև, որ այժմ մենք ունենք ավելի շատ տաճարներ, որպեսզի կատարենք հավերժության արարողությունները նրանց համար, ովքեր ապաշխարում և ընդունում են Տիրոջ ավետարանը մահվան վարագույրի երկու կողմերում: Այդ ամենը խթանում է մեր Երկնային Հոր ծրագիրը: Աստծո սերը այնքան մեծ է, որ բացառությամբ այն քչերի, ովքեր միտումնավոր դառնում են կորստի որդիներ, Նա փառքի ճակատագիր է ապահովել բոլոր Իր զավակների համար (տես Վարդապետություն և Ուխտեր 76.43

Մենք գիտենք, որ Փրկիչը կվերադառնա և կլինի հազարամյա խաղաղ թագավորություն՝ Աստծո ծրագրի մահկանացու բաժինը ավարտելու համար: Մենք գիտենք նաև, որ կլինի արդարների և անարդարների տարբեր հարություն, որին կհետևի յուրաքանչյուր անձի վերջին դատաստանը:

Մենք կդատվենք ըստ մեր գործերի, մեր սրտի ցանկությունների և ըստ նրա, թե ինչպիսի մարդ ենք մենք դարձել։ Այդ դատաստանը Աստծո բոլոր զավակներին կստիպի գնալ այն փառքի թագավորությունը, որի համար նրանց հնազանդությունը բավարար է և որտեղ նրանք հարմարավետ կզգան: Նրանց բոլորի դատավորը մեր Փրկիչն է՝ Հիսուս Քրիստոսը (տես Հովհաննես 5․22, 2 Նեփի 9․41)։ Նրա ամենագիտությունը Նրան տալիս է կատարյալ իմացություն թե՛ չապաշխարած ու չփոխված, թե՛ ապաշխարած ու արդար մեր բոլոր գործողությունների և ցանկությունների վերաբերյալ: Հետևաբար, Նրա դատաստանից հետո բոլորս կխոստովանենք, որ «նրա դատաստանները արդար են» (Մոսիա 16.1):

Ավարտելով՝ ես կիսվում եմ համոզմունքով, որը ձեռք եմ բերել անվան հեռացումից և ուրացությունից հետո Եկեղեցի վերադառնալու բազմաթիվ խնդրագրեր ու նամակներ կարդալուց։ Մեր անդամներից շատերը լիովին չեն հասկանում փրկության ծրագիրը, որը պատասխանում է վերականգնված Եկեղեցու վարդապետության և ոգեշնչված քաղաքականության վերաբերյալ հարցերի մեծամասնությանը: Մենք, որ գիտենք Աստծո ծրագիրը և նրան մասնակցելու ուխտ ենք կապել, հստակ պատասխանատվություն ունենք ուսուցանելու այդ ճշմարտությունները և մեր մահկանացու պայմանների սահմանում, հանուն մեր մերձավորների, հնարավորինս ամեն ինչ անելու, որ դրանք տարածվեն։ Ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի՝ մեր Փրկչի ու Քավչի մասին, ով այդ ծրագիրը հնարավոր է դարձնում: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղում

  1. «Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվության վերականգնում. Երկուհարյուրամյա հռչակագիր աշխարհին» Ռասսել Մ․ Նելսոն, «Լսիր Նրան», Լիահոնա, մայիս 2020, 91։