Գերագույն համաժողով
Նա գնում է մեր առջևից
2020 թ․ ապրիլի գերագույն համաժողով


2:3

Նա գնում է մեր առջևից

Տերը առաջնորդում է Իր ավետարանի վերականգնումը և Իր Եկեղեցին: Նա կատարելապես գիտի ապագան։ Նա հրավիրում է ձեզ գործի անցնել։

Իմ սիրելի՛ եղբայրներ ու քույրեր, ես երախտապարտ եմ, որ ձեզ հետ մասնակցում եմ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու այս գերագույն համաժողովին։ Հրավիրելով մեզ մտորելու, թե արդի տնտեսության Իր Եկեղեցու Տիրոջ վերականգնումը ինչպես է օրհնել մեզ և մեր հարազատներին, նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը խոստացել էր, որ մենք կունենանք ոչ միայն հիշարժան, այլ նաև անմոռանալի փորձառություն։

Ես հիշարժան փորձառություն եմ ունեցել, ինչը, համոզված եմ, դուք էլ եք ունեցել։ Իսկ թե անմոռանալի կլինի այն, թե ոչ, կախված է յուրաքանչյուրիցս։ Ինձ համար այն կարևոր է, քանի որ այս համաժողովին նախապատրաստվելու փորձառությունը փոխել է ինձ, և ես ցանկանում եմ, որ այն շարունակական լինի։ Թույլ տվեք բացատրել։

Իմ նախապատրաստության ժամանակ ես կարդացի Վերականգնման մասին մի արձանագրություն։ Ես բազմաթիվ անգամներ կարդացել էի այդ իրադարձության մասին՝ որպես մի կարևոր ժողովի հաշվետվություն, որին մասնակցել էր Ջոզեֆ Սմիթը՝ Վերականգնման մարգարեն։ Բայց այս անգամ այդ արձանագրության մեջ ես նկատեցի, թե ինչպես է Տերը Իր եկեղեցում առաջնորդում մեզ՝ Իր աշակերտներին։ Ես նկատեցի, թե մահկանացուներիս համար ինչ նշանակություն ունի, որ մեզ առաջնորդում է աշխարհի Փրկիչը՝ Արարիչը, ով գիտի անցյալի, ներկայի և ապագայի բոլոր բաները։ Նա ուսուցանում է քայլ առ քայլ և առաջնորդում է մեզ առանց ստիպելու։

Իրադարձությունը, որը ես նկարագրում եմ, տեղի է ունեցել վերականգնման կարևոր պահին: Հանգստության օր էր՝ 1836 թ․ ապրիլի 3-ը, Օհայոյի Կիրթլենդի տաճարում, նվիրագործումից յոթ օր անց։ Աշխարհի պատմության այդ փառահեղ պահը Ջոզեֆ Սմիթը բացատրել է պարզ խոսքերով: Այդ իրադարձության մեծ մասը արձանագրված է Վարդապետություն և Ուխտեր 110-րդ բաժնում․

«Կեսօրին ես օգնեցի մյուս Նախագահներին՝ Տիրոջ ընթրիքը Եկեղեցուն բաժանելիս, այն ստանալով Տասներկուսից, որոնց արտոնությունն էր այդ օրը պաշտոնավարել սրբազան սեղանի մոտ: Մատուցելով այս ծառայությունն իմ եղբայրներին՝ ես վերադարձա բեմ, իջեցված վարագույրների ետևը, և խոնարհվեցի, Օլիվեր Քաուդերի հետ, հանդիսավոր և ցածրաձայն աղոթքի մեջ: Աղոթքից վեր կենալուց հետո, հետևյալ տեսիլքը բացվեց մեզ երկուսիս։1

Վարագույրը հեռացվեց մեր մտքերից, և մեր հասկացողության աչքերը բացվեցին:

Մենք տեսանք Տիրոջը, ամբիոնի բազրիքի վրա կանգնած, մեր առաջ. և նրա ոտքերի տակ աղյուսապատ սաթագույն հատակ էր մաքուր ոսկուց:

Նրա աչքերը կարծես կրակի բոցեր լինեին. նրա գլխի մազերը ճերմակ էին, ինչպես մաքուր ձյունը. նրա դեմքը փայլում էր արևի պայծառությունից վառ. և նրա ձայնն ասես շառաչյուն մեծ ջրերի հնչում լիներ, այսինքն՝ Եհովայի ձայնը, ասելով.

Ես եմ առաջինը և վերջինը. ես նա եմ, ով ապրում է, ես նա եմ, ով սպանվել էր. ես ձեր բարեխոսն եմ Հոր մոտ:

Ահա, ձեր մեղքերը ներված են ձեզ. դուք մաքուր եք իմ առաջ. հետևաբար, բարձրացրեք ձեր գլուխները և ցնծացեք:

Թող ձեր եղբայրների սրտերը ցնծան, և թող իմ ողջ ժողովրդի սիրտը ցնծա, որ իրենց զորությամբ կառուցել են այս տունն իմ անվան համար:

Քանզի ահա, ես ընդունել եմ այս տունը, և իմ անունը պիտի լինի այստեղ. և ես ողորմությամբ կհայտնվեմ իմ ժողովրդին այս տանը:

Այո, ես կհայտնվեմ իմ ծառաներին և կխոսեմ նրանց հետ իմ իսկ ձայնով, եթե իմ ժողովուրդը պահի իմ պատվիրանները և չպղծի այս սուրբ տունը:

Այո, հազարավորների և բյուրավորների սրտերը մեծապես կցնծան այն օրհնությունների հետևանքով, որոնք պիտի թափվեն, և օժտման հետևանքով, որով իմ ծառաներն օժտվել են այս տանը:

Եվ այս տան համբավը պիտի տարածվի օտար երկրներում. և սա է սկիզբն այն օրհնության, որը պիտի թափվի իմ ժողովրդի գլխին: Ճիշտ այդպես: Ամեն:

Այս տեսիլքը փակվելուց հետո երկինքները կրկին բացվեցին մեզ համար. և Մովսեսը հայտնվեց մեր առաջ և հանձնեց մեզ աշխարհի չորս մասերից Իսրայելը հավաքելու և հյուսիսային երկրից տասը ցեղերին առաջնորդելու բանալիները:

Դրանից հետո Եղիասը հայտնվեց և հանձնեց Աբրահամի ավետարանի տնտեսությունը, ասելով, որ մեզանով և մեր հետնորդներով պիտի օրհնվեն մեզ հաջորդող բոլոր սերունդները:

Այս տեսիլքը փակվելուց հետո, մեկ այլ վեհ և փառահեղ տեսիլք պայթեց մեր առաջ. քանզի Եղիա մարգարեն, որն առանց մահ ճաշակելու երկինք էր վերցվել, կանգնեց մեր առաջ և ասաց.

«Ահա, ժամանակը լիովին մոտեցել է, որը խոսվել է Մաղաքիայի բերանով, – վկայելով, որ նա [Եղիան] կուղարկվի, նախքան Տիրոջ գալստյան մեծ և ահեղ օրը, –

Հայրերի սրտերը դեպի զավակները դարձնելու համար, և զավակներինը` դեպի հայրերը, չլինի թե ողջ երկիրը զարկվի անեծքով, –

Հետևաբար, այս տնտեսության բանալիները հանձնվում են ձեր ձեռքը. և դրանով դուք կարող եք իմանալ, որ Տիրոջ մեծ և ահեղ օրը մոտ է, նույնիսկ դռների մոտ»:2

Այսպիսով, ես բազմաթիվ անգամներ կարդացել եմ այս պատմությունը։ Ես զգացել եմ Սուրբ Հոգու հավաստիացումը, որ պատմությունը ճշմարիտ է։ Բայց երբ ուսումնասիրում ու նախապատրաստվում էի այս համաժողովին, ես ավելի մեծ պարզությամբ նկատեցի Տիրոջ զորությունը Իր աշակերտներին Իր աշխատանքի մանրամասներում առաջնորդելիս։

Կիրթլենդի տաճարում Մովսեսի կողմից Իսրայելի տան հավաքման բանալիները Ջոզեֆին հանձնելուց յոթ տարի առաջ, Մորոմոնի Գրքի տիտղոսաթերթից Ջոզեֆն իմացավ, որ գիրքը պետք է «ցույց տա Իսրայելի տան մնացորդին, …․ որպեսզի նրանք կարողանան իմանալ Տիրոջ ուխտերը, որ նրանք վտարված չեն հավիտյան»։ 1831 թվականին Տերը Ջոզեֆին ասաց, որ Իսրայելի հավաքումը սկսվելու է Կիրթլենդից, «Եվ այնտեղից [Կիրթլենդից], նրանք, ում ես կամենամ, առաջ պիտի գնան բոլոր ազգերի մեջ, …․ քանզի Իսրայելը պիտի փրկվի, և ես պիտի առաջնորդեմ նրանց»։3

Չնայած միսիոներական աշխատանքը անհրաժեշտ էր Իսրայելը հավաքելու համար, Տերը իր առաջնորդներին ոգեշնչեց ուսուցանել Տասներկուսին, որոնք մեր վաղ միսիոներների առաջնեկներից էին․ «Հիշեք, մինչև չստանաք ձեր օժտումը, դուք չպետք է գնաք ազգերի մեջ քարոզելու»։4

Տիրոջ քայլ առ քայլ ծրագրում Կիրթլենդի տաճարը, կարծես, կարևոր էր առնվազն երկու պատճառով. նախ՝ Մովսեսը սպասում էր տաճարի ավարտմանը, որպեսզի վերականգնի Իսրայելի հավաքման բանալիները: Եվ երկրորդ՝ Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը ուսուցանել է, որ «Տերը պատվիրեց Սրբերին կառուցել մի տաճար [Կիրթլենդի տաճարը], որում նա կարող էր հանձնել իշխանության բանալիները, և որտեղ առաքյալները կարող էին օժտվել և պատրաստվել վերջին անգամ այգին էտելու»:5 Չնայած տաճարային օժտումը այսօր մեզ հայտնի ձևով Կիրթլենդի տաճարում չի կատարվել, որպես մարգարեությունների իրականացում, այնտեղ սկսեցին ներկայացվել նախնական տաճարային արարողություններ, ինչպես նաև հոգևոր դրսևորումների մեծ հոսք եղավ, որը առաքելության կանչվածներին զինեց խոստացված օժտմամբ՝ «ի վերուստ զորությամբ»,6 որի շնորհիվ միսիոներական ծառայությունը մեծ հավաքման արդյունք տվեց։

Երբ Իսրայելի հավաքման բանալիները հանձնվեցին Ջոզեֆին, Տերը ոգեշնչեց մարգարեին՝ Տասներկուսի անդամներին ուղարկել առաքելության: Երբ ուսումնասիրում էի, ինձ համար պարզ դարձավ, որ Տերը մանրակրկիտ նախապատրաստել էր Տասներկուսին՝ առաքելության գնալու այլ երկրներ, որտեղ մարդիկ պատրաստ էին նրանց հավատալու և աջակցելու: Ժամանակի ընթացքում նրանց միջոցով հազարավոր մարդիկ եկան Տիրոջ վերականգնված եկեղեցի:

Ըստ մեր արձանագրությունների՝ Բրիտանական կղզիներում Տասներկուսի երկու առաքելությունների ընթացքում մոտ 7,500–8000 մարդ էր մկրտվել: Այն միսիոներական աշխատանքի հիմք դրեց Եվրոպայում։ 19-րդ դարի վերջին մոտ 90 000 մարդ էր հավաքվել Ամերիկայում, որոնց մեծ մասը Բրիտանական կղզիներից ու Սկանդինավիայից էին:7 Տերը ոգեշնչեց Ջոզեֆին և այդ հավատարիմ միսիոներներին, ովքեր գնացին աշխատելու, և այնպիսի բերք հավաքեցին, որն այդ ժամանակ, կարծես, իրենց ուժերից վեր էր: Բայց իր կատարյալ կանխատեսության և նախապատրաստության շնորհիվ Տերը այն հնարավոր դարձրեց:

Հիշում եք Վարդապետություն և Ուխտերի ակնհայտորեն պարզ ու գրեթե բանաստեղծական խոսքերը․

«Ահա, ժամանակը լիովին մոտեցել է, որը խոսվել է Մաղաքիայի բերանով, – վկայելով, որ նա [Եղիան] կուղարկվի, նախքան Տիրոջ գալստյան մեծ և ահեղ օրը, –

Հայրերի սրտերը դեպի զավակները դարձնելու համար, և զավակներինը` դեպի հայրերը, չլինի թե ողջ երկիրը զարկվի անեծքով, –

Հետևաբար, այս տնտեսության բանալիները հանձնվում են ձեր ձեռքը. և դրանով դուք կարող եք իմանալ, որ Տիրոջ մեծ և ահեղ օրը մոտ է, նույնիսկ դռների մոտ»:8

Ես վկայում եմ, որ Տերը տեսել է հեռու ապագան, և թե ինչպես է Նա մեզ առաջնորդելու, որպեսզի օգնենք Իրեն իրականացնելու Իր նպատակները վերջին օրերին:

Տարիներ առաջ, երբ ես ծառայում էի Նախագահող եպիսկոպոսությունում, ինձ հանձնարարվել էր վերահսկել այն նախագծման և զարգացման խումբը, որը ստեղծեց այն, ինչ մենք անվանեցինք «FamilySearch» վեբ կայք: Ես զգուշանում եմ ասել, որ «վերահսկել եմ» նրա ստեղծումը, ոչ թե «ուղղորդել եմ» այն: Շատ փայլուն մարդիկ թողեցին իրենց կարիերան և եկան ստեղծելու այն, ինչ ցանկանում էր Տերը:

Առաջին Նախագահությունը նպատակ էր դրել նվազեցնել արարողությունների կրկնօրինակումը։ Նրանց հիմնական մտահոգությունը անձի համար կատարված արարողությունները ստուգելու համակարգի բացակայությունն էր: Երկար ժամանակ, որն ինձ տարիներ էր թվում, Առաջին Նախագահությունը ինձ հարցնում էր. «Ե՞րբ է պատրաստ լինելու»:

Մեծ կարողություն ունեցող մարդկանց աղոթքի, ջանասիրության և անձնական զոհաբերության շնորհիվ հանձնարարությունը կատարվեց։ Այն իրականացավ քայլ առ քայլ։ Առաջին խնդիրը «FamilySearch» կայքը դյուրին դարձնելն էր նրանց համար, ովքեր դժվարանում էին համակարգչով աշխատել: Ավելի շատ փոփոխություններ եղան, և ես գիտեմ, որ դեռ շատ կլինեն, քանի որ, լուծելով մեկ ոգեշնչված խնդիր, մենք դուռ ենք բացում ապագայի հավասարապես կարևոր, բայց դեռևս անտեսանելի զարգացումների հայտնության համար: Այսօր տեսնում ենք, որ «FamilySearch» կայքը ծառայում է ոչ միայն արարողությունների կրկնօրինակումից խուսափելու հարթակ, այլև դառնում է Տիրոջ Վերականգնման աշխատանքի մեկ բաժինը:

Տերը թույլ է տալիս բարելավումներ կատարել, օգնելով մարդկանց ձեռք բերել ծանոթության զգացողություն և նույնիսկ սեր՝ իրենց նախնիների հանդեպ, և տաճարային արարողություններ կատարել նրանց համար: Այժմ, Տիրոջ կանխագիտության համաձայն, երիտասարդները դառնում են իրենց ծնողների և ծխի անդամների համակարգչային մարզիչները: Բոլորը մեծ ուրախություն են գտնում այս ծառայության մեջ:

Եղիայի ոգին փոխում է երիտասարդների ու մեծահասակների, զավակների ու ծնողների, թոռների և պապ ու տատերի սրտերը։ Տաճարները շուտով կրկին ուրախությամբ կծրագրեն մկրտության հնարավորություններ և այլ սրբազան արարողություններ։ Մեր նախնիներին ծառայելու և ծնողներին զավակների հետ կապելու ցանկությունը աճում է։

Տերը կանխատեսել էր այդ ամենի գալուստը։ Նա քայլ առ քայլ իրականացվող ծրագիր ունի դրա համար, ինչպես որ կատարել է մյուս փոփոխությունները Եկեղեցում։ Նա հավատարիմ մարդիկ էր մեծացրել ու պատրաստել, ովքեր ընտրեցին դժվար գործը լավ ձևով կատարել: Նա միշտ համբերատար սիրով օգնում է մեզ սովորել «տող առ տող, ցուցում առ ցուցում, մի քիչ այստեղ և մի քիչ այնտեղ»:9 Նա հաստատուն է իր մտադրությունների ժամանակացույցի և հերթականության հարցում, բայց և այնպես հավաստիացնում է, որ զոհաբերությունը հաճախ անսպասելի օրհնություն է բերում։

Ես ավարտում եմ Տիրոջը երախտագիտություն հայտնելով, որ ոգեշնչել էր Նախագահ Նելսոնին հրավիրել ինձ զոհաբերություն անել՝ նախապատրաստվելով այս համաժողովին։ Նախապատրաստության յուրաքանչյուր ժամ, յուրաքանչյուր աղոթք օրհնություն է բերել ինձ։

Ես հրավիրում եմ իմ ուղերձը լսողներին ու կարդացողներին հավատալ, որ Տերը առաջնորդում է Իր ավետարանի Վերականգնումը և Իր Եկեղեցին։ Նա գնում է մեր առջևից: Նա կատարելապես գիտի ապագան։ Նա հրավիրում է ձեզ գործի անցնել։ Նա ընկերանում է ձեզ գործի ընթացքում։ Նա ծրագիր ունի ձեր ծառայության համար։ Եվ անգամ զոհաբերությամբ ծառայելիս, դուք ուրախություն կգտնեք, երբ օգնում եք մարդկանց բարձրանալ և պատրաստ լինել Նրա Գալուստին:

Ես վկայում եմ, որ Հայր Աստված ապրում է։ Հիսուսը Քրիստոսն է: Սա Նրա Եկեղեցին է: Նա ճանաչում և սիրում է ձեզ։ Նա առաջնորդում է ձեզ: Նա ձեզ համար ուղի է պատրաստել։ Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն: