Գերագույն համաժողով
Կենդանի վկայություն կենդանի Քրիստոսի մասին
2020 թ․ ապրիլի գերագույն համաժողով


2:3

Կենդանի վկայություն կենդանի Քրիստոսի մասին

Մորմոնի Գրքի կենտրոնական ուղերձն է՝ մարդկության փրկության և վեհացման գործում Հիսուս Քրիստոսի առանցքային դերի մասին ճշմարիտ գիտելիքի վերականգնումը։

2017 թվականի գարնան մի արևոտ օր, Փարիզ Ֆրանսիա տաճարի բաց դռների օրը նախատեսվածից շուտ էր սկսվել։ Իրադարձության ժամանակ շրջայցերի զբոսավարներից մեկին մոտեցավ խոժոռ հայացքով մի տղամարդ։ Նա ասաց, որ ապրում է տաճարի կողքին և խոստովանեց, որ ակտիվ պայքարել է տաճարի կառուցման դեմ: Տղամարդը պատմեց, որ մի օր, երբ նա դուրս էր նայում իր բնակարանի պատուհանից, տեսել է, թե ինչպես է ամբարձիչը կարծես երկնքից ցած իջեցնում Հիսուսի արձանը և խնամքով տեղադրում այն տաճարի բակում։ Մարդն ասաց, որ այդ փորձառությունն ամբողջովին փոխել է իր զգացմունքները մեր Եկեղեցու հանդեպ։ Հասկանալով, որ մենք Հիսուս Քրիստոսի հետևորդներն ենք, նա հայցեց մեր ներողամտությունը այն վնասի համար, որը գուցե պատճառել էր։

Արձանը դրվում է Փարիզ Ֆրանսիա Տաճարի բակում

Christus-ի արձանը, որը զարդարում է Փարիզի տաճարը և եկեղեցու մյուս շենքերը, վկայում է Փրկիչի հանդեպ մեր սիրո մասին։ Բնական մարմարից պատրաստված արձանը դանիացի քանդակագործ Բերտել Թորվալդսենի գործն է, ով քանդակել էր այն 1820 թվականին` այն տարում, երբ եղել էր Առաջին Տեսիլքը: Արձանն առանձնանում է այդ ժամանակաշրջանի գեղարվեստական գործերի մեծ մասից, որոնք հիմնականում պատկերում էին խաչի վրա տառապող Քրիստոսին։ Թորվալդսենի աշխատանքը ներկայացնում է կենդանի Քրիստոսին, ով հաղթանակ տարավ մահվան հանդեպ և, բոլորին գրկաբաց հրավիրում է գալ Իր մոտ։ Միայն բևեռների նշանները Նրա ձեռքերի ու ոտքերի վրա, և Նրա կողի վերքը վկայում են աննկարագրելի հոգեվիճակի մասին, որը Նա տարել է՝ ողջ մարդկությունը փրկելու համար։

Փրկիչի ձեռքը, ինչպես պատկերված է Christus արձանի վրա

Պատճառներից մեկը, թերևս, որ մենք՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներս, սիրում ենք այս արձանը, այն է, որ մեզ հիշեցնում է Մորմոնի Գրքում նկարագրված Փրկիչի այցը Ամերիկա մայրցամաք․

Հիսուս Քրիստոսն այցելում է Ամերիկա մայրցամաք

«Եվ ահա, նրանք տեսան մի Մարդու՝ երկնքից իջնելիս. և նրա հագին մի ճերմակ պարեգոտ կար. և նա իջավ ու կանգնեց նրանց մեջտեղում. …

Եվ եղավ այնպես, որ նա առաջ մեկնեց իր ձեռքը և խոսեց ժողովրդի հետ՝ ասելով.

Ահա, ես եմ Հիսուս Քրիստոսը, …

… Ես խմեցի այն դառը բաժակից, որը Հայրը տվեց ինձ, և փառավորեցի Հորը՝ վերցնելով ինձ վրա աշխարհի մեղքերը»։1

Այնուհետև Նա հրավիրեց յուրաքանչյուր տղամարդու, կնոջ և երեխայի՝ առաջ գալ և իրենց ձեռքը մտցնել Իր կողը և շոշափել բևեռների նշանները Իր ձեռքերի ու ոտքերի վրա, այդպիսով անձնական վկայություն ստանալ՝ որ Ինքն իսկապես երկար սպասված Մեսիան է:2

Այս վեհ տեսարանը Մորմոնի Գրքի գագաթնակետն է: Ավետարանի ողջ «բարի լուրը» պարփակված է Փրկիչի այս պատկերում՝ քնքշորեն մեկնված Նրա «ողորմության բազուկները»3 հրավիրում են յուրաքանչյուրին գալ Իր մոտ և ստանալ Իր Քավության օրհնությունները։

Մորմոնի Գրքի կենտրոնական ուղերձն է՝ մարդկության փրկության և վեհացման գործում Հիսուս Քրիստոսի առանցքային դերի մասին ճշմարիտ գիտելիքի վերականգնումը։ Այս թեմայի մասին խոսվում է սկսած նախաբանից, վերջացրած վերջին գլխի եզրափակիչ բառերով։ Ուրացության և հոգևոր խառնաշփոթի դարերում Գեթսեմանիում և Գողգոթայում Քրիստոսի կատարածի խորը իմաստը կորավ կամ աղավաղվեց։ Որքա՜ն հուզված պիտի լիներ Ջոզեֆ Սմիթը, երբ 1 Նեփի գլուխը թարգմանելիս նա բացահայտեց այս հրաշալի խոստումը․ «Այս վերջին հիշատակարնները [Մորմոնի Գիրքը], … կհաստատեն առաջինի [Աստվածաշնչի] ճշմարտացիությունը, … հայտնի կդարձնեն պարզ ու արժեքավոր բաներ, որոնք հանվել են դրանցից. և հայտնի կդարձնեն բոլոր ցեղերին, լեզուներին ու ժողովուրդներին, որ Աստծո Գառը՝ Հավերժական Հոր Որդին է և աշխարհի Փրկիչը. և որ բոլոր մարդիկ պետք է գան դեպի նա, այլապես նրանք չեն կարող փրկվել»։4

Փրկիչի Քավության մասին պարզ ու արժեքավոր ճշմարտություններն արձագանքում են Մորմոնի Գրքի բոլոր էջերից։ Թվարկելով այդ ճշմարտություններից մի քանիսը, ես հրավիրում եմ ձեզ խորհել, թե ինչպես են դրանք փոխել ձեր կյանքը կամ կարող են փոխել։

  1. Հիսուս Քրիստոսի Քավությունն անվճար պարգև է, որը տրվել է բոլորին, ովքեր ապրել են մինչ այժմ, ապրում են այժմ, և կապրեն ապագայում երկրի վրա։5

  2. Մեր մեղքերի բեռը կրելուց բացի, Քրիստոսն Իր վրա վերցրեց մեր ցավերը, թուլությունները, տառապանքները, հիվանդությունները և մահկանացու վիճակում մարդուն բնորոշ բոլոր չարչարանքները։ Չկա որևէ վիշտ, ցավ կամ տխրություն, որը Նա չի կրել մեզ համար։6

  3. Փրկիչի քավող զոհաբերությունը մեզ թույլ է տալիս հաղթահարել Ադամի անկման բացասական հետևանքները, ներառյալ ֆիզիկական մահը։ Քրիստոսի շնորհիվ, այս երկրի վրա ծնված Աստծո բոլոր զավակները, անկախ իրենց արդարությունից, կունենան հոգու և մարմնի վերամիավորում Հարության զորությամբ,7 և կվերադառնան Նրա մոտ՝ «իրանց գործերի համեմատ դատուե[լու]»։8

  4. Այնուամենայնիվ, Փրկիչի Քավության բոլոր օրհնությունները մենք կստանանք այն դեպքում, եթե ջանասիրաբար9 ապրենք «Քրիստոսի վարդապետությամբ»։10 Լեքին երազում տեսավ «նեղ ու անձուկ մի արահետ»,11 որը տանում էր դեպի կյանքի ծառը։ Ծառի պտուղը, խորհրդանշելով Աստծո սերը, որն արտահայտվում է Քրիստոսի Քավության վեհ օրհնություններով, «ամենաթանկն ու ամենաբաղձալին է … և դա ամենամեծն է Աստծո բոլոր պարգևներից»։12 Այս պտղին հասնելու համար, մենք պետք է հավատք գործադրենք Հիսուս Քրիստոսի հանդեպ, ապաշխարենք, «ականջ դնեն[ք] Աստծո խոսքին»,13 ստանանք կարևոր արարողությունները և մինչև մեր կյանքի վերջ պահենք սուրբ ուխտերը։14

  5. Քավության միջոցով, Հիսուս Քրիստոսը ոչ միայն սրբում է մեր մեղքերը, այլ նաև տալիս է թույլատրող զորություն, որով Նրա աշակերտները կարող են «հան[ել] բնական մարդուն»,15 առաջադիմել «տող առ տող»,16 ավելի սուրբ դառնալ,17 որպեսզի մի օր դառնան Քրիստոսանման կատարյալ էակներ,18 արժանի՝ Աստծո հետ կրկին ապրելու,19 և ժառանգեն երկնքի արքայության բոլոր օրհնությունները։20

Մորմոնի Գրքում պարունակվող մեկ այլ մխիթարող ճշմարտությունն այն է, որ Տիրոջ Քավությունն իր հասանելիությամբ անսահման և համընդհանուր լինելով հանդերձ, միևնույն ժամանակ զարմանալիորեն նեղ անձնական պարգև է, յուրաքանչյուրիս համար՝ անհատական։21 Այնպես, ինչպես Հիսուսը հրավիրեց նեփիացի աշակերտներից ամեն մեկին շոշափել Իր վերքերը, Նա մեռավ յուրաքանչյուրիս համար, անհատապես, կարծես թե դուք կամ ես միակ մարդը լինեինք երկրի վրա: Նա մեզ անհատական հրավեր է հղում՝ գալ Իր մոտ և ճաշակել Իր Քավության հրաշալի օրհնությունները։22

Քրիստոսի Քավության անձնական բնույթը դառնում է ավելի իրական, երբ մենք խորհում ենք Մորմոնի Գրքի նշանավոր տղամարդկանց և կանանց օրինակների մասին։ Նրանց թվում են՝ Ենովսը, Ալման, Զիզրոմը, Լամոնի թագավորը և նրա կինը, Բենիամին թագավորի ժողովուրդը։ Նրանց դարձի պատմությունները և վառ վկայությունները կենդանի վկայություն են՝ թե ինչպես կարող է փոխվել մեր սիրտը և փոխակերպվել մեր կյանքը Տիրոջ անսահման բարության և ողորմածության միջոցով։23

Մարգարե Ալման իր ժողովրդին հղել էր այս կենսահույզ հարցը։ Նա ասել է․ «Եթե դուք զգացել եք սրտի մի փոփոխություն, և եթե դուք տրամադրված եք եղել երգելու քավիչ սիրո երգը, ես կկամենայի հարցնել, այժմ դուք ունե՞ք այդպիսի զգացում»։24 Այս հարցն այսօր կարևոր է, քանի որ որպես Տիրոջ աշակերտներ, մենք Նրա փրկագնող զորության կարիքն ունենք, որ ուղեկցի մեզ, շարժառիթ հանդիսանա մեզ համար և ամեն օր փոխի մեզ։

Ալմայի հարցը կարելի էր նաև բառափոխել այս կերպ․ ե՞րբ եք վերջին անգամ զգացել Փրկիչի Քավության հաճելի ազդեցությունը ձեր կյանքում։ Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ դուք զգում եք «ուժգին և քաղցր» ուրախություն,25 որը վկայում է ձեր հոգուն, որ ձեր մեղքերը ներված են, կամ, երբ ցավալի փորձությունները հանկարծ թեթևանում են, կամ, երբ ձեր սիրտը փափկում է, և դուք ի վիճակի եք լինում ներողամիտ լինել ձեզ վիրավորած մարդու հանդեպ։ Գուցե դա դրսևորվում է ամեն անգամ, երբ նկատում եք, որ ուրիշներին սիրելու և ծառայելու ձեր կարողությունը մեծացել է, կամ, որ սրբագործման գործընթացը փոխում է ձեր անձը՝ ավելի մոտեցնելով Փրկիչի օրինակին։26

Ես վկայում եմ, որ բոլոր այս դրսևորումներն իրական են և ապացույց են, որ մեր կյանքը կարող է փոխվել Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության հանդեպ հավատքի շնորհիվ։ Մորմոնի Գիրքը պարզաբանում և ընդլայնում է մեր գիտելիքն այս աստվածային պարգևի մասին։ Այս գիրքն ուսումնասիրելիս, դուք կլսեք կենդանի Քրիստոսի ձայնը, որը հրավիրում է ձեզ գալ Իր մոտ։ Ես խոստանում եմ, որ եթե դուք ընդունեք այս հրավերը և ձևավորեք ձեր կյանքը Նրա օրինակին հետևելով, Նրա փրկագնող ազդեցությունը կգա ձեր կյանք։ Սուրբ Հոգու զորությամբ, Փրկիչն օրեցօր կվերափոխի ձեզ «մինչև կատարյալ օր»,27 երբ դուք, ինչպես Նա է հայտարարել, պիտի «տեսն[եք] իմ երեսը և իմանա[ք], որ ես եմ»։28 Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։