Գերագույն համաժողով
Ինչպե՞ս է քահանայությունն օրհնում երիտասարդներին
2020 թ․ ապրիլի գերագույն համաժողով


2:3

Ինչպես է քահանայությունն օրհնում երիտասարդներին

Քահանայության միջոցով մենք կարող ենք բարձրացվել: Քահանայությունը լույս է բերում մեր աշխարհ:

Երախտապարտ եմ այստեղ լինելու համար: Երբ պարզեցի, որ հնարավորություն եմ ունենալու խոսել ձեզ հետ այսօր, ես շատ հուզվեցի, բայց միևնույն ժամանակ, խիստ խոնարհված զգացի: Շատ ժամանակ անցկացրի՝ մտածելով, թե ինչով կարող եմ կիսվել և հուսով եմ Հոգին ուղղակի կխոսի ձեզ հետ իմ ուղերձի միջոցով:

Մորմոնի Գրքում Լեքին օրհնություն է տալիս իր որդիներից յուրաքանչյուրին, նախքան կյանքից հեռանալը, որն օգնում է նրանց տեսնել իրենց ուժեղ կողմերը և հավերժական ներուժը: Ես ութ երեխաներից ամենափոքրն եմ, և այս անցած տարի ես առաջին անգամ միակ երեխան էի տանը: Ինձ համար դժվար էր առանց իմ քույրերի և եղբայրների, և դժվար էր, որ կողքիս զրուցակից չունեի: Կային գիշերներ, երբ շատ միայնակ էի զգում: Երախտապարտ եմ ծնողներիս համար, ովքեր փորձում էին անել ամեն ինչ ինձ օգնելու համար: Օրինակ, երբ հայրս առաջարկեց, որ ինձ մխիթարության համար քահանայության օրհնություն տար` մի հատկապես դժվարին պահի ընթացքում: Նրա օրհնությունից հետո անմիջապես փոփոխություններ չեղան, բայց ես կարողացա խաղաղություն և սեր զդալ իմ Երկնային Հորից և իմ հայրիկից: Ես օրհնված եմ զգում` արժանավոր հայր ունենալու համար, ով կարող է տալ քահանայության օրհնություններ, երբ ես դրանց կարիքն ունենում եմ: Նա օգնում է ինձ տեսնել իմ ուժեղ կողմերը և հավերժական ներուժը, ինչպես Լեքին արեց, երբ նա օրհնեց իր երեխաներին:

Անկախ ձեր հանգամանքներից, դուք միշտ կարող եք քահանայության օրհնությունների հասանելիությունն ունենալ: Ընտանիքի անդամների, ընկերների, ծառայող եղբայրների, քահանայության առաջնորդների և Երկնային Հոր միջոցով, ով երբեք չի թողնի ձեզ, դուք կարող եք ստանալ քահանայության օրհնությունները: Երեց Նիլ Լ. Անդերսենն ասել է. «Քահանայության օրհնություններն անսահման ավելի մեծ են, քան այն մեկը, ում խնդրվում է տալ այդ պարգևը: … Երբ մենք արժանի ենք, քահանայության արարողությունները հարստացնում են մեր կյանքը»:1

Մի հապաղեք օրհնություն խնդրել, երբ հավելյալ առաջնորդության կարիք եք ունենում: Մեր դժվարին պահերին է, որ մենք ամենից շատ ենք Հոգու կարիքն ունենում: Ոչ ոք կատարյալ չէ, և մենք բոլորս տանում ենք դժվարություններ: Մեզանից ոմանք գուցե տառապում են անհանգստությունից, ընկճախտից, կախվածությունից կամ ոչ լիարժեք լինելու զգացումներից: Քահանայության օրհնությունները կարող են օգնել մեզ հաղթահարել այդ մարտահրավերները և ստանալ խաղաղություն, մինչ առաջ ենք շարժվում դեպի ապագան: Հուսով եմ, որ ձգտում ենք այդ օրհնությունները ստանալուն արժանի ապրել:

Մեկ այլ ուղի, որով քահանայությունն օրհնում է մեզ` հայրապետական օրհնությունն է: Ես սովորել եմ դիմել իմ հայրապետական օրհնությանը, երբ տխուր կամ միայնակ եմ զգում: Իմ օրհնությունն օգնում է ինձ տեսնել իմ ներուժը և այն հատուկ ծրագիրը, որն Աստված ունի ինձ համար: Այն մխիթարում է ինձ և օգնում տեսնել իմ երկրային հեռանկարը: Այն հիշեցնում է ինձ իմ պարգևները և այն օրհնությունները, որոնք ես կստանամ, եթե արժանի ապրեմ: Այն նաև օգնում է ինձ հիշել և խաղաղություն զգալ, որ Աստված պատասխաններ կտա և կբացի դռներ ինձ համար ճիշտ այն պահին, երբ ես դրա կարիքը ամենից շատ կունենամ:

Հայրապետական օրհնություններն օգնում են մեզ պատրաստվել վերադառնալու և ապրելու մեր Երկնային Հոր հետ: Ես գիտեմ, որ հայրապետական օրհնությունները գալիս են Աստծուց և կարող են օգնել մեզ մեր թուլություններն ուժեղ կողմեր դարձնել: Սրանք ուղերձներ չեն բախտագուշակներից, այդ օրհնություններն ասում են մեզ, թե ինչի կարիք ունենք լսելու: Դրանք նման են Լիահոնայի մեզանից յուրաքանչյուրի համար: Երբ Աստծուն դնենք առաջին տեղում և հավատք ունենանք Նրա հանդեպ,Նա կառաջնորդի մեզ մեր անձնական անապատի միջով:

Ճիշտ այնպես, ինչպես Աստված օրհնեց Ջոզեֆ Սմիթին քահանայությամբ, որպեսզի ավետարանի օրհնությունները կարողանային վերականգնվել, մենք ևս կարող ենք ստանալ ավետարանի այդ օրհնությունները մեր կյանք քահանայության միջոցով: Յուրաքանչյուր շաբաթ մեզ հաղորդությունից ճաշակելու արտոնություն և հնարավորություն է տրվում: Քահանայության այս արարողության միջոցով մենք կարող ենք Հոգին մեզ հետ միշտ ունենալ, որը կարող է մաքրագործել և սրբագործել մեզ: Եթե դուք կարիք եք զգում ինչ-որ բան վերացնել ձեր կյանքից, դիմեք մի վստահելի ղեկավարի, ով կարող է օգնել ձեզ կանգնել ճիշտ ուղու վրա: Ձեր ղեկավարները կարող են օգնել ձեզ հասնել Հիսուս Քրիստոսի Քավության լիակատար զորությանը։

Շնորհիվ քահանայության, մենք կարող ենք նաև ստանալ տաճարային արարողությունների օրհնությունները: Այն ժամանակից ի վեր, ինչ կարողացել եմ տաճար մտնել, ես կանոնավորապես հաճախելը նպատակ և առաջնահերթություն եմ դարձրել: Ժամանակ տրամադրելով և կատարելով անհրաժեշտ զոհաբերություններ, որպեսզի ավելի մոտիկ լինեմ իմ Երկնային Հորը Իր սուրբ տաճարում, ես օրհնվել եմ` հայտնություն և հուշումներ ստանալով, որոնք իսկապես օգնել են ինձ իմ կյանքի ընթացքում:

Քահանայության միջոցով մենք կարող ենք բարձրացվել: Քահանայությունը լույս է բերում մեր աշխարհ: Երեց Ռոբերտ Դ. Հեյլսն ասել է. «Առանց քահանայության զորության «ողջ երկիրն ամբողջովին կամայանա» (տես Վ&Ու 2.1–3): Չէր լինի լույս, հույս. կլիներ միայն խավար»:2

Աստված ուրախանում է մեզ համար: Նա ցանկանում է, որ մենք վերադառնանք Իր մոտ Նա մեզ անձնապես է ճանաչում: Նա ճանաչում է ձեզ։ Նա սիրում է մեզ: Նա միշտ տեղյակ է մեզանից և օրհնում է մեզ նույնիսկ այն ժամանակ, երբ զգում ենք, որ արժանի չենք դրան: Նա գիտի, թե ինչի կարիք ունենք մենք, և երբ մենք ունենք դրա կարիքը:

«Խնդրեցէք և կտրուի ձեզ. որոնեցէք և կգտնէք, դուռը թակեցէք և կբացուի ձեզ:

«Որովհետև ամեն խնդրող առնում է, և որոնողը գտնում է. և դուռը թակողին կբացուի» (Մատթեոս 7.7–8):

Եթե դուք դեռևս վկայություն չունեք քահանայության մասին, ես խրախուսում եմ ձեզ աղոթել և խնդրել` ինքնուրույն իմանալու նրա զորության մասին, ապա կարդացեք սուրբ գրությունները՝ լսելու Աստծո խոսքերը: Ես գիտեմ, որ եթե մենք ջանք գործադրենք զգալու Աստծո քահանայության զորությունը մեր կյանքում, մենք կօրհնվենք: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: