Հույսի կատարյալ պայծառություն
Քանի որ Վերականգնումը վերահաստատեց այն հիմնարար ճշմարտությունը, որ Աստված գործում է այս աշխարհում, մենք կարող ենք հուսալ, և պետք է հուսանք, նույնիսկ այն դեպքում, երբ լավ բաներ քիչ են կատարվում։
Անցյալ տարվա հոկտեմբերին Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հրավիրեց մեզ պատրաստվել 2020թ․ ապրիլի այս համաժողովին, յուրաքանչյուրս անհատապես ուսումնասիրելով անցյալի էջերը, որպեսզի տեսնենք Աստծո ձեռքն Իր վեհափառությամբ՝ Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգնման գործում։ Ես և քույր Հոլլանդն ամենայն պատասխանատվությամբ մոտեցանք այս մարգարեական հրավերին։ Մենք պատկերացրեցինք, իբրև ապրում ենք 1800-ականների սկզբներին և այդ ժամանակի կրոնական ուղղությունների ականատեսը լինում։ Մեր պատկերացրած միջավայրում, մենք ինքներս մեզ հարցնում ենք՝ «Ի՞նչ է պակասում այստեղ: Ի՞նչ կցանկանայինք, որ լիներ։ Մենք ի՞նչ բանի հույս ունենք, որ Աստված կտա մեզ ի պատասխան մեր հոգևոր ձգտումների։
Ակնհայտ է մի բան, որ երկու դար առաջ մենք մեծ հույս կունենայինք, որ վերականգնվեր Աստծո մասին ավելի ճշմարիտ գիտելիք, քան շատերն այդ ժամանակ ունեին։ Այդ գիտելիքը թաքնված էր, քանի որ Նա կարծես գտնվում էր սխալներով և թյուրիմացություններով հագեցած դարաշրջանների հետևում: Ինչպես ասել է Ուիլյամ Էլերի Չենինգը՝ այդ ժամանակի կրոնական հայտնի գործիչներից մեկը, մենք պիտի փնտրեինք «Աստծո ծնողական հատկանիշը», որը Չենինգի խոսքով «քրիստոնեության առաջին մեծ վարդապետությունն էր»:1 Այդպիսի վարդապետությունը պիտի ընկալեր Աստվածությունը որպես հոգատար Երկնային Հայր, ոչ թե՝ որպես բիրտ դատավոր, ով անողոք արդարադատություն է կիրառում, կամ բացակայող տանտեր, ով ժամանակին զբաղվել էր երկրային գործերով, սակայն այժմ գտնվում էր տիեզերքի մեկ այլ ծայրում։
Այո՛, մեր հույսերը 1820 թվականին պետք է որ կապված լինեին Աստծուն գտնելու հետ, ով ներկա ժամանակ նույնպես կխոսեր մարդկանց հետ և կառաջնորդեր նրանց, ինչպես անում էր հնում, իրական Հոր՝ սիրո ամենամեծ դրսևորումը պարունակող իմաստով։ Հաստատ Նա չէր լինի սառնասիրտ, քմահաճ բռնապետ, ով փրկության համար կընտրեր և կառանձնացներ մի քանիսին, իսկ մարդկային ընտանիքի մյուս անդամներին կհանձներ նզովքի ճիրաններին։ Ո՛չ, Նա կլիներ մեկը, ում ամեն մի գործողությունը, աստվածային հռչակմամբ, կլիներ «ի օգուտ աշխարհի. քանզի նա սիրում է աշխարհն»2 և դրա յուրաքանչյուր բնակչին։ Այդ սերը կլիներ Իր Միածին Որդուն՝ Հիսուս Քրիստոսին երկիր ուղարկելու գերագույն պատճառը։3
Խոսելով Հիսուսի մասին, եթե մենք ապրեինք 19-րդ դարի սկզբում, մենք մեծ տագնապով կգիտակցեինք, որ Փրկիչի կյանքի և Հարության իրական լինելու կասկածները սկսում էին զգալի ազդեցություն ունենալ քրիստոնեական աշխարհում։ Հետևաբար, մենք հույս կունենայինք, որ ամբողջ աշխարհի համար ի հայտ կգար ապացույց, որը կհաստատեր աստվածաշնչյան վկայությունը, որ Հիսուսը Քրիստոսն է՝ բառացիորեն Աստծո Որդին, Ալֆան և Օմեգան, և այս աշխարհին հայտնի միակ Փրկիչը։ Մենք կուզեինք, որ մեր փայփայած հույսերի շարքում սուրբգրային որևէ ապացույց ի հայտ գար, մի բան, որը կարող էր լինել Հիսուս Քրիստոսի մեկ այլ վկայություն՝ ընդլայնելով և ավելացնելով մեր գիտելիքը՝ Նրա զարմանահրաշ ծննդյան, հրաշալի ծառայության, քավող զոհաբերության և փառահեղ Հարության մասին։ Իսկապես, այդպիսի փաստաթուղթը կլիներ «արդարություն ցած [ուղարկված] երկնքից. և ճշմարտություն առաջ [ուղարկված] երկրից»։4
Դիտարկելով այդ ժամանակի քրիստոնեական աշխարհը, մենք հույս կունենայինք գտնել Աստծո կողմից լիազորված մեկին, ով իրապես կունենար քահանայության իշխանություն, ով կմկրտեր մեզ, կշնորհեր Սուրբ Հոգու պարգևը և կսպասավորեր ավետարանի բոլոր արարողությունները, որոնք անհրաժեշտ էին վեհացման համար։ 1820 թվականին մենք հույս կունենայինք, որ կկատարվեին Եսայիայի, Միքիայի և հնօրյա մյուս մարգարեների պերճախոս խոստումները՝ կապված Տիրոջ փառահեղ տան վերադարձի հետ։5 Մենք կցնծայինք՝ տեսնելով կրկին հաստատված սուրբ տաճարների փառքը, Հոգու ներկայությամբ, արարողություններով, զորությամբ, հավերժական ճշմարտություններ ուսուցանելու, անձնական վերքեր բուժելու և ընտանիքները հավերժ միասին կապելու իշխանությամբ։ Ես ամենուրեք կփնտրեի, որ գտնեի մեկին, ով իրավասու կլիներ ասելու ինձ և իմ սիրելի Պատրիշիային, որ մեր ամուսնությունը կնքված է ժամանակի և ողջ հավերժության համար, և երբեք չլսեի կամ չպարտադրվեր մեզ այն հետապնդող անեծքը՝ «մինչև մահը բաժանի ձեզ»։ Ես գիտեմ, որ «[մեր] Հօր տանը շատ բնակարաններ կան»,6 սակայն, ես կարծում եմ, որ, եթե ես այնքան բախտավոր լինեի, որ ժառանգեի դրանցից մեկը, այն ինձ համար փլուզվող հյուղից լավը չէր լինի, եթե Պատն ու մեր երեխաները ինձ հետ չկիսեին այդ ժառանգությունը։ Ինչ վերաբերում է մեր նախնիներին, ապա նրանցից ոմանք ապրել և մահացել են հին ժամանակներում՝ առանց նույնիսկ լսելու Հիսուս Քրիստոսի անունը, ուստի, մենք հույս կունենայինք, որ վերականգնվեին աստվածաշնչյան ամենաարդար և ողորմած դրույթները. երբ ապրողները փրկող արարողություններ են կատարում իրենց մահացած ազգականների համար։7 Ոչ մի աշխատանք, իմ պատկերացմամբ, չէր կարող ամենայն շքեղությամբ ցուցադրել սիրող Աստծո հոգածությունը Իր երկրային բոլոր զավակների համար՝ անկախ նրանից, թե նրանք երբ են ապրել և որտեղ են մահացել։
Դե, 1820 թվականի մեր հույսերի ցուցակը կարող էր շարունակվել, սակայն Վերականգնման թերևս ամենակարևոր հաղորդագրությունն այն է, որ այդ հույսերն ապարդյուն չէին լինի։ Սրբազան պուրակում սկիզբ առնելով, և առ այսօր, այդ ցանկությունները սկսեցին իրականանալ և դարձան, ինչպես Պողոս Առաքյալը և այլոք են ասել, իսկական խարիսխ հոգու համար՝ կայուն և հաստատուն։8 Այն, ինչի համար ժամանակին հույս ենք ունեցել, այժմ պատմություն է դարձել։
Ահա, թե ինչու մենք կարող ենք հետ նայել 200 տարի և տեսնել աշխարհում Աստծո բարության դրսևորումը։ Իսկ ի՞նչ է լինելու ապագայում։ Մենք դեռ հույսեր ունենք, որոնք չեն իրականացել։ Նույնիսկ խոսելու ժամանակ մենք միահամուռ ուժերով պայքարում ենք COVID-19-ի դեմ, որը խորհրդավոր կերպով հիշեցում է այն մասին, որ ավազի հատիկից9 1,000 անգամ փոքր վարակը10 կարող է ծնկի բերել ամբողջ մարդկությանը և համաշխարհային տնտեսությունները։ Մենք աղոթում ենք նրանց համար, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին այս ժամանակակից ժանտախտի պատճառով, ինչպես նաև նրանց համար, ովքեր ներկայումս վարակված են կամ ծայրահեղ ծանր վիճակում են։ Մենք, անշուշտ, աղոթում ենք նրանց համար, ովքեր այսպիսի հիանալի բժշկական օգնություն են ցուցաբերում։ Երբ մենք հաղթահարենք վարակը, և այդպես էլ լինելու է, եկեք բոլորս պարտավորվենք ազատել աշխարհը սովի վարակից, համայնքներն ու ազգերը՝ աղքատության վարակից։ Եկեք հուսանք, որ կունենանք այնպիսի դպրոցներ, որտեղ աշակերտները ուսում կստանան և չեն վախենա, որ իրենց վրա կկրակեն, հուսանք, որ Աստծո յուրաքանչյուր զավակը կունենա անձնական արժանապատվության պարգևը և ազատ կլինի՝ ռասայական, էթնիկական կամ կրոնական որևէ տեսակի նախապաշարմունքից։ Այս ամենի հիմքում ընկած է մեր անմար հույսը՝ ավելի մեծ նվիրվածություն ցուցաբերել երկու մեծագույն պատվիրաններին. սիրել Աստծուն՝ պահելով Նրա խորհուրդները և սիրել մեր մերձավորներին՝ ցուցաբերելով բարություն և կարեկցանք, համբերություն և ներողամտություն։11 Այս երկու աստվածային հրահանգները դեռևս կան, և միշտ կլինեն, քանզի միակ իրական հույսը, որ ունենք՝ մեր երեխաներին ավելի լավ աշխարհ տալն է, քան այն, որը նրանք ճանաչում են։12
Այս համընդհանուր ցանկություններն ունենալուց բացի, շատերն այսօր ունեն նեղ անձնական հույսեր. բարելավել ամուսնությունը, կամ երբեմն, պարզապես ամուսնանալ, հույս ունեն հաղթել կախվածությունը, հույս, որ հեռացած զավակը կվերադառնա, որ ֆիզիկական և հուզական տարբեր տեսակի ցավերը կդադարեն։ Քանի որ Վերականգնումը վերահաստատեց այն հիմնարար ճշմարտությունը, որ Աստված գործում է այս աշխարհում, մենք կարող ենք հուսալ, և պետք է հուսանք, նույնիսկ այն դեպքում, երբ լավ բաներ քիչ են կատարվում։ Ահա, թե որն է սուրբ գրության հատվածի իմաստը, երբ կարդում ենք, թե Աբրահամը կարողացավ առանց հույսի հույսով հավատալ,13 այսինքն, նա կարողացավ հավատալ, չնայած կային չհավատալու բոլոր պատճառներն առ այն, որ ինքն ու Սառան երեխա կունենային, կարծես թե, ընդհանրապես հնարավոր չէր։ Այսպիսով, ես հարցնում եմ. «Եթե մեր 1820 թվականների հույսերից շատերը սկսեցին իրականանալ, երբ աստվածային լույսի փայլն ընկավ ծնկի եկած պատանու վրա, Նյու Յորքի հյուսիսում գտնվող ծառաշատ վայրում, ինչու՞ չպետք է հույս ունենանք, որ մեր արդար ցանկությունները և Քրիստոսին նմանվելու ձգտումները դեռ կարող են հրաշքով, զարմանալիորեն պատասխան ստանալ ամեն հույսի Աստծուց»: Մենք բոլորս պետք է հավատանք, որ այն, ինչ ցանկանում ենք արդարությամբ, կարող է մի օր, ինչ-որ կերպ իրականություն դառնալ։
Եղբայրներ և քույրեր, մենք գիտենք, թե որոնք էին 19-րդ դարի սկզբում կրոնի պակասությունները։ Ավելին, մենք գիտենք այսօրվա կրոնական պակասություններից մի բան, որը դեռևս չի բավարարում քաղցը և հույսը չբացահայտվածի հանդեպ։ Մենք գիտենք, որ այդ անբավարվածությունը որոշ մարդկանց հեռացնում է ավանդական եկեղեցական հաստատություններից։ Մենք նաև գիտենք, որ ինչպես գրել է մի հուսահատ գրող՝ «ներկայիս կրոնական ղեկավարներից շատերը կարծես բացարձակ չեն հասկանում», թե ինչպես դիմագրավել այս մերժումը, և, ի պատասխան, առաջարկում են «թերապևտիկ դեիզմի «ջրալի շիլա», էժան խորհրդանշական ակտիվություն, լավ փաթեթավորված հերետիկոսություն, [երբեմն էլ, պարզապես] ձանձրալի անհեթեթություն»,14 և այս ամենն այն ժամանակ, երբ աշխարհին շատ ավելին է հարկավոր, երբ աճող սերունդն արժանի է ունենալ շատ ավելին, և երբ Հիսուսի օրերում Նա շատ ավելին էր տվել։ Որպես Քրիստոսի աշակերտներ, մենք կարող ենք մեր օրերում ավելի բարձր լինել, քան հին իսրայելացիներն էին, ովքեր տրտնջում էին․ «Մեր ոսկորները չորացան եւ մեր հույսը փչացաւ»։15 Իսկապես, եթե ի վերջո կորցնենք մեր հույսը, ապա կկորցնենք մեր գոտեպնդող վերջին հատկանիշը։ Divina Commedia աստվածային կատակերգության մեջ, հենց դժոխքի դարպասի վերևում Դանթեն նախազգուշացում էր գրել բոլոր նրանց համար, ովքեր ճամփորդում էին այդտեղով․ «Ո՛վ մտնողներ, թողեք ձեր հույսը համայն»։16 Իրոք, երբ հույս չկա, այն, ինչ մնում է՝ երկու կողմից բոցավառվող դժոխքի հուրն է։
Այսպիսով, երբ նահանջելու տեղ այլևս չունենք, ինչպես ասվում է օրհներգում․ «օգնականները ձախողվեցին, սփոփանքն անհետացավ»,17 մեր անփոխարինելի արժանիքներից մեկը կլինի հույսի թանկագին պարգևը, որն անբաժան կերպով կապված է Աստծո հանդեպ մեր հավատքի և մարդկանց հանդեպ մեր գթասրտության հետ։
Այս 200-ամյա հոբելյանական տարում, երբ մենք հետ ենք նայում՝ տեսնելով այն ամենն, ինչ մեզ տրվել է և ուրախանում ենք իրականություն դարձած բազմաթիվ հույսերի համար, մտքիս են գալիս մի վերադարձած գեղեցիկ քույր միսիոների արտահայտած խոսքերը, երբ մի քանի ամիս առաջ Յոհանեսբուրգում նա մեզ ասաց․ «[Մենք] այսքան բան չենք ստացել, որ միայն այսքանը ստանայինք»։18
Բառափոխելով սուրբ գրություններում զետեղված ոգեշնչված հրաժեշտի խոսքերից մեկը՝ Նեփի մարգարեի և այդ երիտասարդ քրոջ հետ ես ասում եմ․
«Իմ սիրելի՛ եղբայրներ [և քույրեր], հետո, երբ դուք [ստացել եք Վերականգնման այս առաջին պտուղները], ես կհարցնեի, թե արդյո՞ք ամեն ինչ արված է: Ահա, ես ասում եմ ձեզ՝ ո՛չ. …
Դուք պետք է առաջ մղվեք Քրիստոսի հանդեպ հաստատամտությամբ, ունենալով հույսի կատարյալ պայծառություն, և սեր՝ Աստծո հանդեպ և բոլոր մարդկանց հանդեպ։ … Եթե դուք [դա անեք] … այսպես է ասում Հայրը. Դուք կունենաք հավերժական կյանք»։19
Ես շնորհակալություն եմ հայտնում, իմ եղբայրներ և քույրեր, այն ամենի համար, ինչ մեզ տրվել է ժամանակի այս վերջին և ամենամեծ տնտեսությունում՝ Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի տնտեսությունում։ Ավետարանից բխող պարգևներն ու օրհնությունները ինձ համար ամեն ինչ են, ամե՜ն ինչ․ այնպես որ՝ ջանալով շնորհակալություն հայտնել իմ Երկնային Հորը դրանց համար, ես պիտի «պահեմ խոստումներ և քայլեմ մղոններ՝ ննջելուց առաջ, և քայլեմ մղոններ՝ ննջելուց առաջ»։20 Եկեք առաջ մղվենք՝ սեր ունենալով մեր սրտում, քայլելով «հույսի պայծառությամբ»,21 որը լուսավորում է դեպի ապագա տանող սուրբ ճանապարհը, որի վրա մենք կանգնած ենք շուրջ 200 տարի։ Ես վկայում եմ, որ ապագան նույնքան հրաշքներով լի է լինելու և առատորեն օրհնված, որքան անցյալը։ Մենք բոլոր պատճառներն ունենք՝ հուսալու ավելի մեծ օրհնությունների համար, քան նրանք, որ արդեն ստացել ենք, քանի որ սա Ամենակարող Աստծո գործն է, սա շարունակական հայտնության Եկեղեցին է, սա Քրիստոսի անսահման շնորհի և բարեգործության ավետարանն է։ Ես վկայում եմ այս բոլոր ճշմարտությունների և շատ այլ բաների մասին, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։