Լսի՛ր Նրան
Մեր Հայրը գիտի, որ երբ մենք շրջապատված ենք անորոշությամբ և վախով, այն, ինչը մեզ կօգնի ամենից շատ` Նրա Որդուն լսելն է:
Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, անչափ երախտապարտ եմ, որ տեխնոլոգիայի կիրառմամբ մենք կարողացանք միասին հանդիպել և երկրպագել այս կիրակի առավոտյան: Մեծապես օրհնված ենք այն գիտելիքի համար, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը վերականգնվել է երկրի վրա:
Անցած մի քանի շաբաթների ընթացքում մեզանից շատերի անձնական կյանքը խաթարվել է։ Երկրաշարժեր, հրդեհներ, ջրհեղեղներ, ժանտախտներ և դրանց հետևանքները խաթարել են առօրյան և առաջացրել սննդի, առաջին անհրաժեշտության ապրանքների և խնայողությունների պակաս:
Այս ամենի մեջ մենք գովաբանում և շնորհակալություն ենք հայտնում ձեզ, որ որոշում եք կայացրել լսելու Տիրոջ խոսքն այս խառը ժամանակներում և միանալ մեզ գերագույն համաժողովին: Թանձրացող խավարը, որն ուղեկցում է նեղություններին, ավելի է պայծառացնում Հիսուս Քրիստոսի լույսը։ Պարզապես մտածեք այն բարի գործերի մասին, որոնք բոլորս կարող ենք կատարել համաշխարհային ընդվզման այս ժամանակահատվածում: Փրկիչի հանդեպ ձեր սերն ու հավատքը ինչ-որ մեկի համար կարող է լավ խթան հանդիսանալ, որ նա բացահայտի Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվության վերականգնումը:
Անցած երկու տարիների ընթացքում Քույր Նելսոնը և ես ամբողջ աշխարհով մեկ հանդիպել ենք ձեզանից հազարավորների հետ: Միասին հավաքվել ենք բացօթյա բեմերում և հյուրանոցների սրահներում: Ամեն տեղ ես զգացել եմ, որ գտնվում եմ Տիրոջ ընտրյալ ժողովրդի ներկայության մեջ և վկա եմ եղել Իսրայելի հավաքմանը, որը տեղի է ունեցել աչքիս առաջ:
Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, որին «մեր նախահայրերը փափագող ակնկալիքով սպասել են»։1 Մենք կենդանի վկան ենք այն բանի, ինչը մարգարե Նեփին տեսավ միայն տեսիլքում, որ «Աստծո Գառի զորությունը» կիջնի «Տիրոջ ուխտյալ ժողովրդի վրա, որոնք ցրված էին ողջ երկրի երեսին. և նրանք զինված էին արդարությամբ և Աստծո զորության մեծ փառքով»։2
Դո՛ւք, իմ եղբայրներ և քույրեր, այն տղամարդկանց, կանանց և երեխաների թվում եք, որոնց Նեփին տեսավ: Մտածեք այդ մասին:
Անկախ նրանից, թե որտեղ եք ապրում և ինչ հանգամանքներում եք գտնվում, Տեր Հիսուս Քրիստոսը ձեր Փրկիչն է, իսկ Աստծո մարգարեն՝ Ջոզեֆ Սմիթը, ձեր մարգարեն է։ Նա նախակարգվել էր այս երկրի հիմնադրումից առաջ, որպեսզի լիներ այս վերջին տնտեսության մարգարեն, երբ «ոչինչ ետ չի պահվի»3 Սրբերից։ Վերականգնման այս շարունակական գործընթացի ժամանակ հայտնությունը շարունակում է հոսել Տիրոջից։
Ի՞նչ է ձեզ համար նշանակում, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը վերականգնվել է երկրի վրա:
Դա նշանակում է, որ դուք և ձեր ընտանիքը կարող եք հավերժ կնքվել միասին: Դա նշանակում է, որ քանի որ դուք մկրտվել եք այն մարդու կողմից, ով իշխանություն ունի Հիսուս Քրիստոսի կողմից և հաստատվել է Նրա Եկեղեցու անդամ, դուք կարող եք վայելել Սուրբ Հոգու մշտական ընկերակցությունը: Նա կառաջնորդի և կպաշտպանի ձեզ։ Դա նշանակում է, որ դուք երբեք չեք մնա անմխիթար վիճակում կամ չեք մնա առանց Աստծո զորության օգնության։ Դա նշանակում է, որ քահանայության զորությունը կարող է օրհնել ձեզ, երբ ստանաք կարևոր արարողությունները, ուխտեր կապեք Աստծո հետ և պահեք դրանք: Այդ ճշմարտությունները մեծ խարիսխ են մեր հոգու համար, հատկապես այս ժամանակներում, երբ մրրիկները մոլեգնում են։
Մորմոնի Գիրքը պատմում է երկու մեծ քաղաքակրթությունների դասական վերելքի ու անկման մասին: Նրանց պատմությունը ցույց է տալիս, որ մարդկանց մեծամասնության համար հեշտ է մոռանալ Աստծուն, մերժել Տիրոջ մարգարեների նախազգուշացումները և փնտրել իշխանություն, ժողովրդականություն և մարմնական հաճույքներ:4 Մարգարեները նախկինում անընդհատ հայտարարել են «մեծ և զարմանալի բաներ մարդկանց, որոնց նրանք չեն հավատացել»։5
Այդպես է նաև մեր օրերում։ Տարիների շարունակ նվիրագործված բեմերից մեծ ու զարմանալի խոսքեր են լսվում երկրի վրա: Իսկ մարդկանց մեծամասնությունը դեռ չի ընդունում այս ճշմարտությունները, կամ այն պատճառով, որ չգիտեն, թե որտեղ գտնեն այն,6 կամ այն պատճառով, որ նրանք լսում են նրանց, ովքեր չգիտեն ամբողջ ճշմարտությունը, կամ էլ այն պատճառով, որ նրանք մերժել են ճշմարտությունը՝ հօգուտ աշխարհիկ ձգտումների:
Հակառակորդը խելացի է։ Հազարամյակներ շարունակ նա բարին չար էր դարձնում, իսկ չարը՝ բարի։7 Նրա ուղերձները կարող են լինել բարձր, հանդուգն և պարծենկոտ։
Սակայն, մեր Երկնային Հոր ուղերձները զարմանալիորեն տարբերվում են: Նա հաղորդակցվում է պարզ, հանգիստ և այնպես հստակ, որ մենք չենք կարող չհասկանալ Նրան։8
Օրինակ, երբ Նա Իր Միածին Որդուն ծանոթացրեց երկրի վրա ապրող մարդկանց հետ, նա օգտագործեց զարմանալիորեն քիչ բառեր: Կերպարանափոխման սարի վրա Աստված Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին ասաց․ «Դա է իմ սիրելի Որդին. Դորան լսեցէք»:9 Նրա խոսքերը հնագույն Լիառատ երկրում հետևյալն էին․ «Ահա իմ Սիրելի Որդին, որից ես շատ գոհ եմ, որով ես փառավորեցի իմ անունը, լսե՛ք նրան»։10 Այդ կարևոր հայտարարության մեջ, որը բացեց այս տնտեսությունը, Աստված պարզապես ասաց Ջոզեֆ Սմիթին. «Սա է Իմ Սիրելի Որդին։ Լսի՛ր Նրան»։11
Այժմ, իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, մտածեք այն իրողության մասին, որ նոր թվարկած այս երեք դեպքերում, մինչ Հայրը կներկայացներ Որդուն, մարդիկ վախի և ինչ-որ չափով հուսահատության վիճակի մեջ էին:
Առաքյալները վախեցան, երբ տեսան, որ Կերպարանափոխման սարի վրա Հիսուս Քրիստոսը շրջապատված է ամպով։
Նեփիացիները վախեցան, քանի որ մի քանի օր շարունակ մնացել էին կործանման և խավարի մեջ։
Երկինքները բացվելուց առաջ Ջոզեֆ Սմիթը գտնվում էր խավարի ուժի տիրապետության տակ:
Մեր Հայրը գիտի, որ երբ մենք շրջապատված ենք անորոշությամբ և վախով, այն, ինչը մեզ կօգնի ամենից շատ` Նրա Որդուն լսելն է:
Քանի որ, երբ մենք ձգտում ենք լսել, իսկապես լսել Նրա Որդուն, մենք առաջնորդվում և իմանում ենք, թե ինչ անել ցանկացած պարագայում:
Վարդապետություն և Ուխտերի առաջին բառը ականջ դնելն է։12 Դա նշանակում է «լսել հնազանդվելու մտադրությամբ»:13 Ականջ դնել նշանակում է՝ «լսել Նրան»․ լսել, թե ինչ է Փրկիչն ասում, իսկ հետո ուշք դարձնել Նրա խորհրդին։ Այդ երկու բառով՝ «Լսիր Նրան», Աստված մեզ տալիս է հաջողության, երջանկության և ուրախության օրինակն այս կյանքում: Մենք պետք է լսենք Տիրոջ խոսքերը, ականջ դնենք դրանց և ուշք դարձնենք նրան, ինչ Նա ասել է մեզ։
Երբ ձգտում ենք դառնալ Հիսուս Քրիստոսի աշակերտները, Նրան լսելու մեր ջանքերը պետք է լինեն ավելի գիտակցված: Պահանջվում է աչալուրջ և հետևողական աշխատանք, որպեսզի մեր առօրյա կյանքը լցվի Նրա խոսքով, Նրա ուսմունքներով և Նրա ճշմարտություններով:
Մենք պարզապես չենք կարող ապավինել այն տեղեկատվությանը, որին մենք բախվում ենք սոցիալական լրատվամիջոցներում։ Առցանց գոյություն ունեցող միլիարդավոր բառերով և գովազդներով հագեցած աշխարհում, որոնք հակառակորդն անընդհատ սերմանում է իր աղմկոտ ու ստոր ջանքերով, որտե՞ղ կարող ենք գնալ, որ լսենք Նրան։
Կարող ենք դիմել սուրբ գրություններին։ Նրանք մեզ սովորեցնում են Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին, Նրա Քավության մեծության և մեր Հոր երջանկության ու փրկագնման մեծ ծրագրի մասին: Ամեն օր Աստծո խոսքի մեջ ընկղմվելը շատ կարևոր է հոգևոր գոյատևման համար, հատկապես՝ աճող ընդվզման այս օրերին: Երբ ամեն օր սնվենք Քրիստոսի խոսքերով, Քրիստոսի խոսքերը կասեն մեզ, թե ինչպես արձագանքենք այն դժվարություններին, որոնց, չէինք մտածի, որ երբևէ կբախվենք։
Մենք կարող ենք նաև լսել Նրան տաճարում։ Տիրոջ տունը ուսուցման տուն է։ Այնտեղ Տերն ուսուցանում է Իր ձևով: Այնտեղ յուրաքանչյուր արարողություն ուսուցանում է Փրկիչի մասին: Այնտեղ մենք սովորում ենք, թե ինչպես կարելի է բացել վարագույրը և ավելի որոշակիորեն հաղորդակցվել երկնքի հետ: Այնտեղ մենք սովորում ենք, թե ինչպես սաստել հակառակորդին և ապավինել Տիրոջ քահանայության զորությանը, որ զորացնի մեզ և նրանց, ում սիրում ենք: Այնտեղ ապաստան գտնելու համար բոլորս պետք է մեծապես շահագրգռված լինենք։
Երբ COVID-19- ի այս ժամանակավոր սահմանափակումները վերացվեն, խնդրում ենք պարբերաբար ժամանակ հատկացնել տաճարում երկրպագելու և ծառայելու համար: Այդ ժամանակի յուրաքանչյուր րոպեն կօրհնի ձեզ և ձեր ընտանիքն այնպես, ինչպես ուրիշ ոչինչ չի կարող օրհնել։ Ժամանակ տրամադրեք խորհելու այն մասին, թե ինչ եք լսում և զգում, երբ այնտեղ եք: Խնդրեք Տիրոջը ձեզ ուսուցանել, թե ինչպես բացել երկինքները, որ օրհնվի ձեր և այն մարդկանց կյանքը, ում սիրում և ծառայում եք:
Թեև ներկայումս հնարավոր չէ երկրպագել տաճարում, ես հրավիրում եմ ձեզ ավելի շատ մասնակցել ընտանեկան պատմության աշխատանքին, ներառյալ ընտանեկան պատմության ուսումնասիրությանը և ինդեքսավորմանը: Ես խոստանում եմ, որ երբ դուք ավելի շատ ժամանակ տրամադրեք տաճարային և ընտանեկան պատմությանը, դուք կմեծացնեք և կբարելավեք Նրան լսելու ունակությունը:
Մենք նաև ավելի հստակ ենք լսում Նրան, երբ բարելավում ենք Սուրբ Հոգու շշուկները ճանաչելու մեր ունակությունը։ Երբեք, քան հիմա այնքան հրատապ չի եղել իմանալ, թե ինչպես է Հոգին խոսում ձեզ հետ: Աստվածագլխում Սուրբ Հոգին է սուրհանդակը: Նա կհուշի այնպիսի մտքեր, որոնք Հայրը և Որդին ցանկանում են, որ դուք ստանաք։ Նա Մխիթարիչն է: Նա խաղաղության զգացողություն կբերի ձեր սրտին: Նա վկայում է ճշմարտության մասին և կհաստատի ճշմարտությունը, երբ լսեք և կարդաք Տիրոջ խոսքը:
Ես կրկին խնդրում եմ, որ դուք անեք այն ամենը, ինչ անհրաժեշտ է՝ ձեր հոգևոր ունակությունն ավելացնելու համար, որպեսզի ստանաք անձնական հայտնություն։
Դա կօգնի ձեզ իմանալ, թե ինչպես առաջ շարժվել ձեր կյանքում, ինչ անել ճգնաժամի ժամանակ և ինչպես տարբերել հակառակորդի գայթակղություններն ու խաբեությունները և խուսափել դրանցից։
Վերջապես, մենք լսում ենք Նրան, երբ ականջ ենք դնում մարգարեների, տեսանողների և հայտնողների խոսքերին: Հիսուս Քրիստոսի կարգված առաքյալները միշտ վկայում են Նրա մասին: Նրանք մատնանշում են ուղին, երբ մենք քայլում ենք մահկանացու փորձառությունների մեր մռայլ լաբիրինթոսի ուղիով:
Ի՞նչ կլինի, երբ դուք ավելի գիտակցված լսեք, ականջ դնեք և ուշք դարձնեք նրան, ինչ ասել է Փրկիչը, և ինչ է Նա ասում հիմա իր մարգարեների միջոցով: Ես խոստանում եմ, որ դուք ավելի մեծ ուժ կստանաք՝ պայքարելու գայթակղության, դժվարության և թուլության դեմ: Ես խոստանում եմ հրաշքներ՝ ձեր ամուսնության, ընտանեկան հարաբերությունների և ամենօրյա աշխատանքի մեջ: Եվ ես խոստանում եմ, որ ուրախություն զգալու ձեր կարողությունը կավելանա նույնիսկ այն դեպքում, երբ ձեր կյանքում մեծանա իրարանցումը:
2020 թ․ այս ապրիլյան գերագույն համաժողովն առիթ է նշելու մի իրադարձություն, որը փոխեց աշխարհը: Երբ մենք անհամբեր սպասում էինք Ջոզեֆ Սմիթի Առաջին տեսիլքի 200-ամյակին, Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Խորհուրդը մտածում էին, թե մենք ինչ կարող էինք անել՝ նշելու այս եզակի իրադարձությունը։
Այդ երրորդության հայտնվելով սկիզբ է դրվում Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգնմանը և մուտք ենք գործում ժամանակների լրության տնտեսություն:
Մենք մտածում էինք, թե արդյո՞ք պետք է հուշարձան կանգնեցվի։ Բայց հաշվի առնելով այդ Առաջին տեսիլքի պատմական և միջազգային եզակի ազդեցությունը, մենք զգացինք, որ պետք է ստեղծել հուշարձան ոչ թե գրանիտից կամ քարից, այլ բառերից՝ հանդիսավոր և սրբազան հռչակագրի գրված խոսքեր, ոչ թե փորագրված «քարե թիթեղների» վրա, այլ փորագրված մեր սրտերի «մարմնական թիթեղների» վրա։14
Եկեղեցու կազմավորումից հետո միայն հինգ հռչակագիր է ընդունվել, որոնցից վերջինը՝ «Ընտանիք. Հայտարարություն աշխարհին», ներկայացվել է Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի կողմից 1995 թ-ին։
Այժմ, երբ մտածում ենք աշխարհի պատմության մեջ այս նշանակալի ժամանակաշրջանի և ցրված Իսրայելը հավաքելու Տիրոջ պարտականության մասին՝ ի նախապատրաստություն Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին, մենք՝ Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Խորհուրդը, ընդունում ենք հետևյալ հռչակագիրը: Նրա վերնագիրն է ՝ «Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվության վերականգնումը. Երկուհարյուրամյա հռչակագիր աշխարհին»: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Խորհուրդը այդ հռչակագրի հեղինակն է։ Այն թվագրված է 2020 թվականի ապրիլին։ Նախապատրաստվելով այսօրվան, ես այս հռչակագիրը նախօրոք ձայնագրել եմ Սրբազան պուրակում, որտեղ Ջոզեֆ Սմիթն առաջին անգամ տեսավ Հորը և Որդուն:
«Մենք հանդիսավոր կերպով հայտարարում ենք, որ Աստված սիրում է Իր զավակներին աշխարհի յուրաքանչյուր երկրում: Հայր Աստվածը մեզ տվել է աստվածային ծնունդ, անզուգական կյանք և Իր Սիրելի Որդու՝ Հիսուս Քրիստոսի անսահման քավող զոհաբերությունը: Հոր զորությամբ Հիսուսը կրկին հարություն առավ և հաղթեց մահին: Նա մեր Փրկիչն է, մեր Օրինակն ու մեր Քավիչը:
Երկու հարյուր տարի առաջ, 1820 թվականի գարնանային մի գեղեցիկ առավոտ, երիտասարդ Ջոզեֆ Սմիթը, ցանկանալով իմանալ, թե որ եկեղեցուն միանա, գնաց աղոթելու իր տան մոտի անտառում, որը գտնվում էր ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի ծայրամասում: Նա հարցեր ուներ իր հոգու փրկության վերաբերյալ և հավատում էր, որ Աստված կուղղորդի իրեն:
Խոնարհությամբ հայտարարում ենք, որ ի պատասխան նրա աղոթքի, Հայր Աստված և նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը, հայտնվեցին Ջոզեֆին և հանդիսավոր բացեցին «ամեն ինչի վերականգնումը» (Գործք Առաքելոց 3․21), ինչպես կանխագուշակվել էր Աստվածաշնչում: Այդ տեսիլքում նա իմացավ, որ առաջին Առաքյալների մահից հետո Քրիստոսի Նոր Կտակարանի եկեղեցին կորսվել է Երկրից: Ջոզեֆը պետք է գործիք դառնար այդ եկեղեցու վերադարձի գործում։
Մենք հաստատում ենք, որ Հոր և Որդու ղեկավարության ներքո երկնային սուրհանդակներն իջան՝ Ջոզեֆին հրահանգելու և Հիսուս Քրիստոսի եկեղեցին կրկին վերականգնելու համար: Հարություն առած Հովհաննես Մկրտիչը վերականգնեց մեղքերի թողության համար ընկղմամբ մկրտելու իշխանությունը։ Առաջին տասներկու առաքյալներից երեքը՝ Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը, վերականգնեցին առաքյալների կոչումները և քահանայության իշխանության բանալիները: Եկան նաև ուրիշներ, այդ թվում՝ Եղիան, ով վերականգնեց ընտանիքները հավիտյան միավորելու իշխանությունը հավերժական հարաբերություններում, որը գերազանցում է մահին:
Մենք նաև վկայում ենք, որ Ջոզեֆ Սմիթին տրվեց Աստծո պարգևն ու զորությունը թարգմանելու հնագույն հիշատակարանը՝ Մորմոնի Գիրքը. Եվս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին: Այս սուրբ գրքի էջերը պարունակում են Արևմտյան կիսագնդի ժողովրդին մատուցած Հիսուս Քրիստոսի անձնական ծառայության պատմությունը Նրա հարությունից անմիջապես հետո։ Այն ուսուցանում է կյանքի նպատակը և բացատրում է Քրիստոսի վարդապետությունը, որն այդ նպատակի համար կարևոր նշանակություն ունի: Մորմոնի Գիրքը, լինելով Աստվածաշնչի ուղեկից սուրբ գրություն, վկայում է, որ բոլոր մարդիկ սիրող Երկնային Հոր որդիներն ու դուստրերն են, որ Նա աստվածային ծրագիր ունի մեր կյանքի համար, և որ Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսն այսօր խոսում է այնպես, ինչպես հին օրերում:
Մենք հայտարարում ենք, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին, որը կազմավորվել է 1830 թվականի ապրիլի 6-ին, Քրիստոսի Նոր Կտակարանի վերականգված եկեղեցին է: Այս Եկեղեցին խարսխված է իր գլխավոր անկյունաքարի՝ Հիսուս Քրիստոսի կատարյալ կյանքին և Նրա անսահման Քավությանն ու իրական Հարությանը: Հիսուս Քրիստոսը ևս մեկ անգամ կանչել է առաքյալներ և նրանց տվել քահանայության իշխանություն: Նա հրավիրում է, որ բոլորս գանք դեպի Իրեն և Իր Եկեղեցին, ստանանք Սուրբ Հոգին, փրկության արարողությունները և ձեռք բերենք հարատև ուրախություն:
Արդեն անցել է երկու հարյուր տարի այն պահից, երբ Վերականգնումը սկիզբ դրվեց Հայր Աստծո և Նրա սիրելի Որդու՝ Հիսուս Քրիստոսի կողմից: Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ գիտելիք են ստացել այս մարգարեական իրադարձությունների մասին:
Մենք ուրախությամբ հայտարարում ենք, որ խոստացված Վերականգնումը առաջ է շարժվում շարունակական հայտնության միջոցով: Երկիրն այլևս երբեք նույնը չի լինի, քանի որ Աստված «ամեն բան [կ]բովանդակի Քրիստոսումը» (Եփեսացիս 1․10):
Ակնածանքով և երախտագիտությամբ, մենք՝ որպես Նրա Առաքյալներ, հրավիրում ենք բոլորին իմանալ, ինչպես մենք գիտենք, որ երկինքները բաց են: Մենք հաստատում ենք, որ Աստված Իր սիրելի որդիների և դուստրերի համար հայտնում է Իր կամքը։ Մենք վկայում ենք, որ նրանք, ովքեր աղոթքով կուսումնասիրեն Վերականգնման ուղերձը և կգործեն հավատքով, կօրհնվեն և անձնական վկայություն կստանան նրա աստվածային ծագման և մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի խոստացված Երկրորդ Գալուստին աշխարհը նախապատրաստելու նպատակի մասին»:15
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, դա մեր երկուհարյուրամյա հռչակագիրն է աշխարհին, որը վերաբերում է Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգնմանն իր լրիվության մեջ: Այն թարգմանվել է 12 լեզուներով: Շուտով կթարգմանվի այլ լեզուներով: Այն անմիջապես հասանելի կլինի Եկեղեցու կայքում, որտեղից կարող եք ձեռք բերել կրկնօրինակը: Ուսումնասիրեք այն առանձին և ձեր ընտանիքի անդամների ու ընկերների հետ: Խորհեք ճշմարտությունների մասին և մտածեք, թե այդ ճշմարտություններն ի՞նչ ազդեցություն կունենան ձեր կյանքի վրա, եթե լսեք դրանք, ականջ դնեք և ուշք դարձնեք այն պատվիրաններին և ուխտերին, որոնք լրացնում են այդ ճշմարտությունները։
Ես գիտեմ, որ Ջոզեֆ Սմիթը նախակարգված մարգարեն է, որին Տերն ընտրեց այս վերջին տնտեսությունը բացելու համար: Նրա միջոցով Տիրոջ եկեղեցին վերականգնվեց երկրի վրա: Ջոզեֆն իր վկայությունը կնքեց իր արյամբ: Որքա՜ն շատ եմ սիրում և հարգում նրան:
Աստված ապրում է: Հիսուսը Քրիստոսն է: Նրա Եկեղեցին վերականգնվել է: Նա և Նրա Հայրը՝ մեր Երկնային Հայրը, հսկում են մեզ: Ես դա վկայում եմ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: