Կիսվել Վերականգնման և Հարության ուղերձով
Վերականգնումը պատկանում է աշխարհին, և դրա ուղերձը հատկապես հրատապ է այսօր։
Այս գերագույն համաժողովի ընթացքում մենք ուրախությամբ խոսել ու երգել ենք հնում մարգարեացված «ամեն բաների հաստատուելու»1 մասին, այն մասին, որ «ամեն բան [կ]բովանդակուի Քրիստոսումը»,2 ավետարանի լրիվության, քահանայության և Հիսուս Քրիստոսի Եկեղեցու՝ երկիր վերադարձի մասին, և այս ամենը մենք ամփոփում ենք «Վերականգնումը» վերնագրում։
Սակայն Վերականգնումը ոչ միայն նրանց համար է, ովքեր ուրախանում են դրանով այսօր։ Առաջին տեսիլքի հայտնությունները նախատեսված չէին միայն Ջոզեֆ Սմիթի համար, այլ տրվեցին որպես լույս և ճշմարտություն ցանկացած մարդու, ով «իմաստութեան պակասութիւն ունի»։3 Մորմոնի Գիրքը մարդկության սեփականությունն է։ Քահանայության փրկարար և վեհացնող արարողությունները նախապատրաստվել էին յուրաքանչյուր անձնավորության համար, ներառելով նրանց, ովքեր լքել են այս մահկանացու կյանքը։ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին և դրա օրհնությունները նախատեսված են բոլոր ցանկացողների համար։ Սուրբ Հոգու պարգև կարող են ունենալ բոլորը։ Վերականգնումը պատկանում է աշխարհին, և դրա ուղերձը հատկապես հրատապ է այսօր։
«Ուստի, որքա՜ն մեծ է այս բաները հայտնի դարձնելու կարևորությունը երկրի բնակիչներին, որպեսզի նրանք իմանան, որ չկա մարմին, որ կարող է բնակվել Աստծո ներկայության մեջ, բացի դա լինի Սուրբ Մեսիայի արժանիքների, ողորմության և շնորհի միջոցով, որը վայր է դնում իր կյանքը՝ ըստ մարմնի, և կրկին վերցնում է այն, Հոգու զորությամբ, որպեսզի կարողանա իրագործել մեռելների հարությունը»։4
Այն օրից, երբ Մարգարեի եղբայրը՝ Սեմյուել Սմիթը, լցրեց իր պայուսակը Մորմոնի Գրքի նոր տպագրված օրինակներով և ոտքով ճամփա ընկավ՝ կիսվելու նոր սուրբ գրությամբ, Սրբերն անդադար աշխատել են «այս բաները հայտնի դարձնել երկրի բնակիչներին»։
1920 թվականին, այդ ժամանակ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Օ․ Մակքեյը սկսեց մեկամյա շրջագայություն Եկեղեցու միսիաներում։ 1921 թվականի մայիսին նա կանգնած էր Ֆագալիի (Սամոա) մի փոքրիկ գերեզմանատանը, Թոմաս և Սարա Հիլթոնների երեք փոքրիկների՝ դստեր և երկու որդիների լավ խնամված գերեզմանների մոտ։ Այս փոքրիկները, որոնցից ավագը երկու տարեկան էր, մահացել էին այն ժամանակ, երբ Թոմասը և Սարան ծառայում էին որպես երիտասարդ միսիոներ զույգ 1800-ականների վերջին։
Նախքան Յուտայից հեռանալը, Երեց Մակքեյը խոստացավ Սարային՝ այժմ այրի, որ նա կայցելեր նրա երեխաների գերեզմանին Սամոայում, քանի որ Սարան երբեք հնարավորություն չէր ունեցել վերադառնալու այնտեղ։ Երեց Մակքեյը պատասխան նամակ գրեց նրան․ «Ձեր երեք փոքրիկները, Քույր Հիլթոն, ամենապերճախոս լռությամբ … շարունակում են ձեր ազնվական միսիոներական աշխատանքը, որը սկիզբ էր առել մոտավորապես երեսուն տարի առաջ»։ Ապա նա ավելացրել էր իր իսկ գրած մի քառատող․
Սիրող ձեռքերը փակեցին նրանց աչքերը մարող,
Սիրող ձեռքերում հանգչեցին փոքրիկ մատները նրանց,
Օտար ձեռքերը զարդարում են համեստ գերեզմանը նրանց,
Որ պատվում են օտարները, ուր սգում են անծանոթները։5
Այս պատմությունը լոկ մեկն է հազարներից, հարյուր հազարներից, որ խոսում է վերջին 200 տարիների ընթացքում հանուն Վերականգնման ուղերձը կիսելու զոհաբերած ժամանակի, հարստության և կյանքերի մասին։ Յուրաքանչյուր ազգին, ցեղին, լեզվին ու ժողովրդին հասնելու մեր ձգտումը չի նվազում այսօր, ինչի վկաներն են տասը հազարավոր երիտասարդ տղամարդիկ, կանայք և զույգերը, որ ներկայումս ծառայում են համաձայն լիաժամկետ միսիայի կանչերի, նաև Եկեղեցու բոլոր անդամները, ովքեր արձագանքում են Փիլիպպոսի հրավերին՝ եկ և տես,6 և միլիոնավոր դոլարները, որ ամեն տարի ծախսվում են ողջ աշխարհում այդ ջանքերին աջակցելու համա։
Մինչդեռ մեր հրավերները չեն ներառում հարկադրանք, հուսանք, որ մարդիկ դրանք համոզիչ կգտնեն։ Իսկ որպեսզի դա այդպես լինի, կարծում եմ պահանջվում է առնվազն երեք բան․ առաջինը՝ ձեր սերը, երկրորդը՝ ձեր օրինակը և երրորդը՝ Մորմոնի Գրքի օգտագործումը ձեր կողմից։
Մեր հրավերները չեն կարող բխել մեր անձնական հետաքրքրություններից, այլ պետք է արտահայտեն անկեղծ սեր, սեր, որը «հեռացնում է վախը»։7 Այդ սերը, որը հայտնի է որպես գթություն՝ Քրիստոսի մաքուր սեր, մեր խնդիրքն է։ Մեզ հրավիրում, նույնիսկ պատվիրում են «աղոթել Հորը, սրտի ողջ կորովով, որ [մենք] կարողանանք լցված լինել այդ սիրով»։8
Որպես օրինակ, ես կիսվում եմ փորձառությամբ, որը պատմել է Քույր Լանետ Հո Չինգը, ով ներկայումս ծառայում է ամուսնու՝ Նախագահ Ֆրենսիս Հո Չինգի՝ Սամոա Ափիա Միսիայի նախագահի հետ։ Քույր Հո Չինգը պատմում է․
«Տարիներ առաջ մեր երիտասարդ ընտանիքը տեղափոխվեց մի փոքրիկ տնակ Լաիում (Հավայան կղզիներ)։ Մեր ավտոտնակը վերածվել էր մի փոքրիկ բնակարանի, որտեղ ապրում էր Ջոնաթան անունով մի մարդ։ Ջոնաթանը մեր հարևանն էր եղել նաև մեկ այլ վայրում։ Զգալով, որ դա պատահական չէր, որ Տերը մեզ նույն վայրն էր ուղարկում, մենք որոշեցինք ավելի բաց խոսել Եկեղեցու մեր անդամության և միջոցառումների մասին։ Ջոնաթանը վայելում էր մեր ընկերությունը և սիրում ժամանակ անցկացնել մեր ընտանիքի հետ։ Նրան դուր էր գալիս ավետարանի մասին սովորելը, սակայն նա հետաքրքրված չէր Եկեղեցուն նվիրվելով։
Ժամանակի ընթացքում մեր երեխաները սկսեցին կոչել նրան հորեղբայր Ջոնաթան։ Մեր ընտանիքի աճին համընթաց մեծանում էր նաև մեր հանդեպ Ջոնաթանի հետաքրքրությունը։ Տոների, ծնունդների, դպրոցի և Եկեղեցու միջոցառումների հրավերներին ավելացան նաև ընտանեկան երեկոները և երեխաների մկրտությունները։
Մի օր ես զանգ ստացա Ջոնաթանից։ Նա օգնության կարիք ուներ։ Նա տառապում էր շաքարային դիաբետով, որն էլ ոտքի ծանր վարակ էր առաջացրել, և պահանջվում էր անդամահատում։ Մեր ընտանիքը և հարևանությամբ ապրող ծխի անդամները նրա կողքին եղան փորձության այդ ողջ ընթացքում։ Մենք հերթով այցելում էինք հիվանդանոց, և տրվում էին քահանայության օրհնություններ։ Մինչ Ջոնաթանը վերականգնողական կենտրոնում էր, Սփոփող միության քույրերի օգնությամբ մենք մաքրեցինք նրա բնակարանը։ Քահանայության եղբայրնեըը թեքահարթակ կառուցեցին նրա դռան մոտ և վանդակապատեր լոգարանում։ Երբ Ջոնաթանը վերադարձավ տուն, նա շատ զգացված էր։
Ջոնաթանը նորից սկսեց միսիոներական դասերը։ Նոր Տարուց մեկ շաբաթ առաջ նա զանգեց ինձ և հարցրեց,- «Ի՞նչ եք անելու Նոր Տարվա նախօրեին»։ Ես հիշեցրի նրան մեր ամենամյա խնջույքի մասին։ Սակայն, ի պատասխան, նա ասաց․ «Ես ուզում եմ, որ դուք գաք իմ մկրտությանը։ Ես ցանկանում եմ ճիշտ սկսել այս տարին»։ «Եկ և տես», «եկ և օգնիր» և «եկ և մնա» հրավերներ հղելուց 20 տարի անց այդ թանկագին հոգին պատրաստ էր մկրտվելու։
2018 թվականին, երբ մենք կանչվեցինք միսիայի նախագահ և զուգընկեր Սամոայում, Ջոնաթանի առողջական վիճակը վատանում էր։ Մենք աղերսեցինք նրան ամուր մնալ ու սպասել մեր վերադարձին։ Նա մոտ մեկ տարի պայքարեց, սակայն Տերը պատրաստում էր նրան վերադառնալու տուն։ Նա խաղաղ հեռացավ կյանքից 2019թ․ ապրիլին։ Իմ դուստրերը մասնակցեցին իրենց «հորեղբայր Ջոնաթանի» հուղարկավորությանը և երգեցին այն նույն երգը, որը երգել էինք նրա մկրտությանը»։
Վերականգնման ուղերձով հաջողությամբ կիսվելու երկրորդ պահանջը կներկայացնեմ հետևյալ հարցի միջոցով․ Ի՞նչը կարող է ձեր հրավերը գրավիչ դարձնել մարդկանց համար։ Արդյո՞ք դա դուք չեք, ձեր կյանքի օրինակը։ Շատերին, ովքեր լսել և ընդունել են Վերականգնման ուղերձը, ի սկզբանե գրավել է այն, ինչ տեսել են Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամի կամ անդամների մեջ։ Գուցե դա եղել է ուրիշների հանդեպ նրանց վերաբերմունքը, բաներ, որ ասել կամ չեն ասել, տոկունությունը, որ ցուցաբերել են դժվարին իրավիճակներում, կամ պարզապես նրանց էությունը։9
Ինչ էլ դա լինի, մենք չենք կարող անտեսել այն փաստը, որ մենք պետք է առավելագույնս հասկանանք և ապրենք համաձայն վերականգնված ավետարանի սկզբունքների, որպեսզի մեր հրավերները հրավիրող լինեն։ Դա մի բան է, ինչն այսօր հաճախ կոչում են իսկություն։ Եթե Քրիստոսի սերն ապրում է մեր մեջ, ուրիշները կիմանան, որ նրանց հանդեպ մեր սերն իրական է։ Եթե Սուրբ Հոգու լույսը շողում է մեր մեջ, այն կարտացոլի նրանց մեջ Քրիստոսի լույսը։10 Դուք ձեր էությամբ հաստատում եք ձեր հրավերի իսկությունը՝ գալ և վայելել Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվության ուրախությունը։
Երրորդ պահանջը առավելագույն օգտագործումն է դարձի բերող այն գործիքի, որը Տերը նախատեսել է ավետարանի այս վերջին տնտեսության համար՝ Մորմոնի Գիրքը։ Այն Ջոզեֆ Սմիթի մարգարեական կոչման ակնհայտ ապացույցն է և Հիսուս Քրիստոսի աստվածայնության և Հարության համոզիչ ապացույցը։ Երկնային Հոր փրկագնման ծրագիրը, որը բացահայտվում է դրանում, իրեն հավասարը չունի։ Երբ դուք կիսվում եք Մորմոնի Գրքով, դուք կիսվում եք Վերականգնումով։
Երբ Ջեյսոն Օլսենը պատանի էր, ընտանիքի անդամները և ուրիշները նրան շարունակ զգուշացրել էին չդառնալ քրիստոնյա։ Ինչևէ, նա ուներ երկու լավ ընկեր, ովքեր Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ էին, և նրանք հաճախ էին քննարկում կրոնը։ Նրա ընկերները՝ Շեան և Դեյվը, հարգանքով հերքում էին փաստերը, որոնք ուրիշները բերել էին Ջեյսոնին Հիսուս Քրիստոսին հավատալու դեմ։ Ի վերջո, նրանք Մորմոնի Գրքի մի օրինակ տվեցին նրան, ասելով․ «Այս գիրքը կպատասխանի քո հարցերին։ Խնդրում ենք, կարդա այն»։ Նա դժկամությամբ ընդունեց գիրքը և դրեց իր ուսապարկում, որտեղ այն մնաց ամիսներ շարունակ։ Նա չէր ուզում թողնել այն տանը, որտեղ նրա ընտանիքը կարող էր տեսնել այն, և չէր ուզում հիասթափեցնել Շեային և Դեյվին՝ վերադարձնելով այն։ Ի վերջո, նա կանգ առավ գիրքն այրելու որոշման վրա։
Մի երեկո, կրակայրիչը մի ձեռքում և Մորմոնի Գիրքը մյուսում, նա պատրաստվում էր այրել գիրքը, երբ ձայն լսեց իր մտքում, որն ասում էր․ «Մի՛ վառիր իմ գիրքը»։ Նա զարմանքից քար կտրեց։ Ապա, մտածելով որ ձայնը լոկ իր երևակայության արդյունքն էր, նա կրկին փորձեց վառել կրակայրիչը։ Կրկին, իր մտքում նա ձայն լսեց․ «Գնա քո սենյակը և կարդա իմ գիրքը»։ Ջեյսոնը պահեց կրակայրիչը, հետ գնաց իր սենյակ, բացեց Մորմոնի Գիրքը և սկսեց կարդալ։ Նա կարդում էր օրեր շարունակ, հաճախ մինչև լուսաբաց։ Երբ Ջեյսոնը հասավ ավարտին և աղոթեց, նա գրեց․ «Ես ոտքից գլուխ լցվել էի Հոգով … Ես լցված էի լույսով … Դա ամենաուրախ փորձառությունն էր, որ երբևէ ունեցել էի իմ կյանքում»։ Նա մկրտվեց և հետագայում ինքն էլ դարձավ միսիոներ։
Գուցե ակնհայտ է, որ անկախ մեծ սիրուց և անկեղծությունից, Վերականգնման ուղերձով կիսվելու մեր հրավերներից շատերը, եթե ոչ մեծամասնությունը, կմերժվեն։ Սակայն հիշեք սա․ յուրաքանչյուր ոք արժանի է նման հրավերի․ «բոլորը նույնն են Աստծո համար»,11 Տերը գոհ է մեր գործադրած յուրաքանչյուր ջանքից՝ անկախ արդյունքից, մերժված հրավերը պատճառ չէ, որ մեր շփումները դադարեցվեն, և այսօրվա հետաքրքրության պակասը կարող է վաղը նույն հաջողությամբ հետաքրքրության վերածվել։ Անկախ ամեն բանից՝ մեր սերը հարատև է։
Եկեք չմոռանանք, որ Վերականգնումն առաջ եկավ մեծ փորձությունների և զոհաբերության միջոցով։ Այս թեման կքննարկենք մեկ ուրիշ անգամ։ Այսօր մենք հրճվում ենք Վերականգնման պտուղներով, որոնցից կարևորագույններից մեկը կրկին երկրի վրա և երկնքում կապելու զորությունն է։12 Ինչպես տարիներ առաջ նշել է նախագահ Գորդոն Բ․ Հինքլին․ «Եթե ուրիշ ոչինչ առաջ չգար հանուն վերականգնման տարած բոլոր չարչարանքներից, տառապանքներից ու ցավից, քան սուրբ քահանայության կնքման զորությունը, որն ընտանիքները հավերժ կապում է, հանուն դրա արժեր անցնել այդ ամենի միջով»։13
Վերականգնման ամենամեծ խոստումը փրկագնումն է Հիսուս Քրիստոսի միջոցով։ Հիսուս Քրիստոսի Հարությունն ապացույցն է այն բանի, որ Նա իսկապես զորություն ունի փրկագնելու բոլորին, ովքեր կգան Իր մոտ, կփրկագնի նրանց ցավից, անարդարությունից, վշտից, մեղքից և նույնիսկ մահից։ Այսօր Ծաղկազարդի Կիրակին է․ մեկ շաբաթ անց՝ Զատիկը։ Մենք հիշում ենք, մենք միշտ հիշում ենք մեր մեղքերը քավելու համար Քրիստոսի չարչարանքներն ու մահը և մենք տոնում ենք կիրակիներից այդ ամենահրաշալին՝ Տիրոջ օրը, երբ Նա հարություն առավ մեռելներից։ Հիսուս Քրիստոսի Հարության շնորհիվ Վերականգնումն իմաստ ունի, մեր մահկանացու կյանքն իմաստ ունի, և, ի վերջո, մեր իսկ գոյությունն ունի իմաստ։
Ջոզեֆ Սմիթը՝ Վերականգնման մեծ մարգարեն, հարություն առած Քրիստոսի վերաբերյալ բերում է իր վկայությունը մեր ժամանակներում․ «Որ նա ապրո՜ւմ է։ Քանզի մենք տեսանք նրան, նույնիսկ Աստծո աջ կողմում»։14 Ես խոնարհաբար ավելացնում եմ իմ վկայությունը Ջոզեֆի և նրանից առաջ ու նրան հաջորդող բոլոր առաքյալների ու մարգարեների վկայություններին, որ Հիսուս Նազովրեցին խոստացված Փրկիչն էր, Աստծո Միածին Որդին և ողջ մարդկության հարություն առած Քավիչը։
«Մենք վկայում ենք, որ նրանք, ովքեր աղոթքով կուսումնասիրեն Վերականգնման ուղերձը և հավատքով քայլ կանեն, կօրհնվեն և անձնական վկայություն կստանան նրա աստվածային ծագման և մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի խոստացված Երկրորդ Գալուստի համար աշխարհը նախապատրաստելու նպատակի մասին»:15 Քրիստոսի Հարությունը հաստատում է Նրա խոստումները։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։