Առաջին Նախագահության Ուղերձ
Նա հարություն առավ
Հիսուս Քրիստոսի Հարության իրականության վերաբերյալ վկայությունը հույսի և վճռականության աղբյուր է: Եվ այն կարող է լինել Աստծո ցանկացած զավակի համար: Այն եղավ ինձ համար 1969թ. հունիսյան մի ամառային օր, երբ մայրս մահացավ, այն եղել է այդ պահից սկսած բոլոր տարիների ընթացքում, և այն կլինի մինչև ես կրկին կտեսնեմ նրան:
Ժամանակավոր բաժանումից առաջացած տխրությունն անմիջապես փոխարինվեց ուրախության: Այն ավելին էր, քան երջանիկ վերամիավորման հույսը: Քանի որ Տերը հայտնել էր բազում բաներ Իր մարգարեների միջոցով և Սուրբ Հոգին հաստատել էր ինձ Հարության ճշմարտությունը, ես մտովի կարող եմ տեսնել, թե ինչպես կլինի մեր սրբագործված և հարություն առած սիրելիների հետ վերամիավորումը:
«Այդ նրանք են, ովքեր առաջ կգան արդարների հարության մեջ: …
Այդ նրանք են, որոնց անունները գրված են երկնքում, որտեղ Աստված և Քրիստոսն են դատավորը բոլորի:
Այդ նրանք են, ովքեր արդար մարդիկ են, Հիսուսի՝ նոր ուխտի միջնորդի միջոցով կատարյալ դարձված, որն իր արյունը հեղելով իրագործեց այս կատարյալ քավությունը» (ՎևՈՒ 76.65, 68–69):
Քանի որ Հիսուս Քրիստոսը քանդել է մահվան կապանքները, Երկնային Հոր բոլոր զավակները, որ ծնվել են աշխարհում, հարություն կառնեն մարմնում, որը երբեք չի մահանա: Ուստի, այդ փառահեղ ճշմարտության վերաբերյալ իմ և ձեր վկայությունը կարող է հեռացնել սիրելի ընտանիքի անդամի կամ ընկերոջ կորստի ցավը և փոխարինել այն ուրախ ակնկալիքներով և հաստատուն վճռականությամբ:
Տերը մեզ բոլորիս տվել է հարության պարգևը, որի միջոցով մեր հոգիները դրվում են մարմինների մեջ` ազատ ֆիզիկական անկատարություններից (տես Ալմա 11.42–44): Իմ մայրը կհայտնվի երիտասարդ և երջանիկ, ծերության և տարիների ֆիզիկական տառապանքների ազդեցությունները հեռացված: Դա կտրվի նրան և մեզ որպես պարգև:
Սակայն մեզանից նրանք, ովքեր ցանկանում են հավերժ լինել նրա հետ, պետք է կատարեն ընտրություններ, որոնց շնորհիվ կարժանանան այդ միությանը և կապրեն այնտեղ, որտեղ Հայրը և Նրա հարություն առած Սիրելի Որդին ապրում են փառքի մեջ: Դա միակ վայրն է, որտեղ ընտանեկան կյանքը կարող է հավերժ շարունակվել: Այդ ճշմարտության վերաբերյալ վկայությունը մեծացրել է իմ վճռականությունը արժանի պահել ինձ և նրանց, ում ես սիրում եմ, սելեստիալ թագավորության ամենաբարձր աստիճանի համար, թույլ տալով, որ Հիսուս Քրիստոսի Քավությունը գործի մեր կյանքում (տես ՎևՈՒ 76.70):
Տերը հավերժական կյանքի այս հարցի վերաբերյալ առաջնորդություն է մեզ տալիս հաղորդության աղոթքների միջոցով, որն օգնում է ինձ և կարող է օգնել ձեզ: Մենք հրավիրվում ենք վերանորոգելու մեր մկրտության ուխտերը յուրաքանչյուր հաղորդության ժողովի ժամանակ:
Մենք խոստանում ենք միշտ հիշել Փրկչին: Նրա զոհաբերության խորհրդանիշները մեզ օգնում են գիտակցել այն մեծ գինը, որը Նա վճարեց մահվան կապանքները կոտրելու, մեզ ողորմություն ցուցաբերելու և մեր բոլոր մեղքերին ներում ապահովելու համար, եթե մենք ընտրենք ապաշխարելը:
Մենք խոստանում ենք պահել Նրա պատվիրանները: Սուրբ գրությունները և ապրող մարգարեների խոսքերը կարդալը և մեր հաղորդության ժողովների ոգեշնչված ելույթ ունեցողներին լսելը հիշեցնում են մեզ դա կատարելու մեր ուխտերի մասին: Սուրբ Հոգին մեր միտք և սիրտ է բերում պատվիրանները, որոնք մենք պետք է պահենք այդ օրը:
Հաղորդության աղոթքներում Աստված խոստանում է ուղարկել Սուրբ Հոգուն, որ լինի մեզ հետ (տես Մորոնի 4.3, 5.2, ՎևՈՒ 20.77, 79): Ես զգացել եմ այդ պահին, որ Աստված ինձ կարող է տալ այն, ինչը թվում է, թե անձնական առանձնազրույց է: Նա իմ ուշադրությունն է հրավիրում իմ կատարած այն բաների վրա, որոնք գոհացրել են Իրեն, ապաշխարության և ներման իմ կարիքները, և մարդկանց անուններն ու դեմքերը, որոնց Նա ուզում է, որ ես ծառայեմ Իր փոխարեն:
Տարիների ընթացքում այդ կրկնվող փորձառությունը հույսը վերածել է գթության զգացմունքների և վստահություն է պարգևել, որ ողորմությունը տեղ է գտել իմ կյանքում Փրկչի Քավության և Հարության միջոցով:
Ես վկայում եմ, որ Հիսուսը հարություն առած Քրիստոսն է, մեր Փրկիչը, կատարյալ օրինակը և հավերժական կյանքի առաջնորդը: