Ազատվել պոռնոգրաֆիայի ծուղակից
Մենք բոլորս պետք է սովորենք ինչպես պետք է պատշաճ կերպով արձագանքել սեռական բովանդակությամբ զանգվածային լրատվամիջոցներին:
Տաս տարի առաջ գերագույն համաժողովին ես խոսեցի պոռնոգրաֆիայի մասին: Ես իմ ձայնը միացրեցի մյուս ղեկավարների ձայնին, ովքեր զգուշացրել էին պոռնոգրաֆիայի կործանարար հոգևոր հետևանքների մասին: Ես զգուշացրեցի, որ շատ տղամարդիկ և տղաներ են վնասներ կրել, ինչպես ես եմ անվանում, «անպարկեշտ սեռական հարաբերությունների մասին գովազդային գրականության» պատճառով:1 Ցանկացած տեսակի պոռնոգրաֆիայի օգտագործումը չարիք է, դա կործանում է հոգևոր զգայունակությունը, այն թուլացնում է քահանայության իշխանության գործադրման ունակությունը և վնասում է թանկագին հարաբերությունները:
Այժմ՝ տաս տարի անց, ես շնորհակալ եմ, որ շատերը լսելով և ականջ դնելով մարգարեական զգուշացումներին, խույս են տվել՝ մնալով մաքուր և անբիծ պոռնոգրաֆիայի արատից: Ես նաև երախտապարտ եմ, որ շատերն ականջ դնելով մարգարեական կոչերին՝ թողել են պոռնագրաֆիան, նորոգել կոտրված սրտերն ու հարաբերությունները և առաջ շարժվել աշակերտի ուղով: Բայց ես, առավել քան երբևէ, ավելի շատ մտահոգված եմ, որ մեր մեջ կան այնպիսիք, ովքեր շարունակում են զոհ գնալ պոռնոգրաֆիային, հատկապես մեր երիտասարդ տղաները և անգամ բազմաթիվ երիտասարդ աղջիկներ:
Պոռնոգրաֆիայի ահագնացող խնդրի հիմնական պատճառն այն է, որ այսօր աշխարհում ամենուր են սեռական բովանդակությամբ և ազդեցությամբ խոսքերն ու նկարները: Դրանց կարելի է հանդիպել ֆիլմերում, հեռուստածրագրերում, սոցիալական կայքերում, տեքստային հաղորդագրություններում, հեռախոսների ծրագրերում, գովազդներում, գրքերում, երաժշտության մեջ և առօրյա խոսակցություններում: Արդյունքում անխուսափելիորեն բոլորս էլ կանոնավոր կերպով առնչվում ենք սեռական բնույթի հաղորդագրություններին:
I. Ներգրավվածության աստիճանները
Այդ աճող չարիքին դիմակայելու հարցում օգնելու նպատակով, ես ցանկանում եմ ներկայացնել պոռնոգրաֆիայում ներգրավվածության տարբեր մակարդակները և առաջարկել ուղիներ, թե ինչպիսի վերաբերմունք պետք է դրսևորենք դրանցից յուրաքանչյուրի հանդեպ:
Տարիներ առաջ և նախկին պայմաններում պոռնոգրաֆիայի վերաբերյալ մեր խորհուրդը սկզբունքորեն նպատակ էր հետապնդում՝ օգնել անհատներին չներքաշվել դրա մեջ կամ ազատվել հակվածությունից: Թեպետ դա այսօր էլ կարևոր է, նախկին փորձը և ներկայիս հանգամանքները ցույց են տվել, որ պետք է խորհուրդը ուղղված լինի պոռնոգրաֆիայի օգտագործման տարբեր աստիճաններին, որոնք գտնվում են խուսափելու և հակվածության ծայրահեղ բևեռների միջև: Օգտակար կլինի կենտրոնանալ պոռնոգրաֆիայի մեջ ներգրավվածության չորս տարբեր աստիճանների վրա, որոնք են՝ (1) պատահական բացահայտումը, (2) հազվադեպ օգտագործումը, (3) ինտենսիվ օգտագործումը և (4) ստիպված օգտագործումը (հակվածություն):
-
Պատահական բացահայտում: Կարծում եմ, ամեն ոք պատահաբար առնչվել է պոռնոգրաֆիային: Դրանում ոչ մի մեղք չկա, եթե մենք ուշադրություն չենք դարձնում և այլևս չենք հետաքրքրվում դրանով: Դա նման է սխալի, որը ոչ այնքան ապաշխարության, որքան շտկելու կարիք ունի:2
-
Հազվադեպ օգտագործում: Պոռնոգրաֆիայի այս երբեմն կամ անգամ հազվադեպ օգտագործումը միշտ կանխամտածված է լինում, և դրանում է չարիքը:
Պոռնոգրաֆիան գրգռում և սաստկացնում է սեռական զգացմունքները: Արարիչը տվել է այդ զգացմունքներն Իր իմաստուն նպատակների համար, բայց դրա հետ միասին Նա նաև տվել է պատվիրաններ, որոնք սահմանափակում են դրանց արտահայտումը ամուսնացած տղամարդու և կնոջ միջև: Պոռնոգրաֆիան նսեմացնում է պատշաճ սեռական արտահայտումը և խրախուսում է ամուսնական կապից դուրս սեռական զգացմունքների արտահայտումը: Ովքեր օգտագործում են պոռնոգրաֆիան, անլուրջ են վերաբերվում այն ուժերին, որոնք այնքան հզոր են, որ կարող են կյանք ստեղծել կամ կործանել: Մի գնացեք այդ ճանապարհով:
Պոռնոգրաֆիայի ցանկացած կանխամտածված օգտագործման վտանգը, անկախ նրանից որքան պատահական կամ հազվադեպ է, կայանում է նրանում, որ այն միշտ խթանում է առավել հաճախակի կիրառում, որն էլ անխուսափելիորեն մեծացնում է սեռական զգացմունքներով և վարքով տարվելը: Գիտնականները հայտնաբերել են, որ սեքսուալ նկարները ուղեղում քիմիական նյութեր են առաջացնում, որոնք սնուցում են սեռական զգացմունքները, իսկ դրանք էլ նպաստում են, որ առավել մեծ ուշադրություն տրամադրվի սեռական վարքին:3 Ցանկացած տեսակի կամ մակարդակի անբարոյական սեռական վարքն առաջացնում է ամոթի զգացում, որը ժամանակի ընթացքում կարող է արմատավորվել տվյալ անձի մեջ:
-
Ինտենսիվ օգտագործում: Պոռնոգրաֆիայի կրկնվող միտումնավոր օգտագործումը կարող է դառնալ սովորություն, «կանոնավոր դրսևորվող վարքագիծ, որը դառնում է գրեթե ինքնաբերական»:4 Սովորույթի դեպքում, անհատներն ավելի շատ խթանիչների կարիք են ունենում նույն զգացմունքն ապրելու համար, որպեսզի բավարարվածություն զգան:
-
Ստիպված օգտագործում (հակվածություն): Անձնական վարքը հակվածություն է առաջացնում, երբ այն «կախվածություն» է դառնում (բժշկական եզրույթ, որը կիրառվում է, երբ խոսքը վերաբերում է թմրանյութերի, ալկոհոլի օգտագործմանը, մոլեխաղին և այլն)՝ առաջ բերելով «անդիմադրելի հարկադրանք», որը «գերակա է դառնում կյանքի գրեթե բոլոր մյուս բաների նկատմամբ»:5
II. Այդ աստիճանները հասկանալու կարևորությունը
Երբ մենք հասկանում ենք այդ տարբեր աստիճանները, գիտակցում ենք նաև այն, որ պոռնոգրաֆիա օգտագործողներից ոչ բոլորն են կամովին հակվածություն ձեռք բերել: Իրականում, երիտասարդ տղաներից և աղջիկներից շատերը, ովքեր պայքարում են պոռնոգրաֆիայի դեմ, հակվածություն չունեն: Դա շատ կարևոր սահմանազատում է ոչ միայն ծնողների, կողակիցների և ղեկավարների համար, ովքեր ցանկանում են օգնել, այլև նրանց համար, ովքեր պայքարում են այդ խնդրի դեմ: Ահա թե ինչու:
Նախ, որքան խորն է ներգրավվածության աստիճանը, սկսած պատահական բացահայտումից մինչև հազվադեպ օգտագործումը, ինտենսիվ օգտագործումը և ստիպված օգտագործումը (հակվածություն), այնքան դժվար է ընթանում ապաքինումը: Եթե վարքագիծը սխալմամբ դասակարգվում է որպես հակվածություն, խնդիր ունեցողը թերևս մտածի, թե ինքը կորցրել է ազատ կամքը և խնդիրը հաղթահարելու ունակությունը: Սա կարող է թուլացնել ապաքինվելու և ապաշխարելու վճռականությունը: Մյուս կողմից, խնդրի խորության վերաբերյալ առավել հստակ հասկացողություն ունենալով, որը գուցե չլինի այնքան արմատավորված կամ սաստկացած, որքան զգուշանում էիք, կարող է հույս և լրացուցիչ ունակություն պարգևել, որպեսզի ազատ կամք դրսևորեք չշարունակելու և ապաշխարելու համար:
Երկրորդ, ինչպես ցանկացած մեղսավոր վարքի դեպքում, պոռնոգրաֆիայի կանխամտածված օգտագործումը հեռացնում է Սուրբ Հոգին: Նման իրավիճակում հայտնվածներին առաջարկում ենք ապաշխարել: Ոմանք էլ թերևս շփոթվեն և փորձեն խաբեությամբ թաքցնել իրենց մեղքը: Գուցե նաև սկսեն ամաչել, որը կարող է հանգեցնել ինքնատելության: Նման դեպքերում, նրանք գուցե սկսեն հավատալ սատանայի մեծագույն ստերից մեկին. որ այն, ինչ նրանք արել են կամ շարունակում են անել, իրենց դարձնում է արատավոր մարդ, Փրկչի շնորհին անարժան և ապաշխարելու անընդունակ: Դա պարզապես ճիշտ չէ: Մենք երբեք հեռու չենք Փրկչին և Նրա Քավությանը հասու լինելուց:
Ի վերջո, կարևոր է, որպեսզի անգամ պոռնոգրաֆիայի ինտենսիվ օգտագործման կամ սովորույթ դառնալու դեպքում վարքը որպես հակվածություն չպիտակավորվի, որովհետև դա ճշգրիտ չի նկարագրի հանգամանքները կամ անհրաժեշտ ապաշխարության և ապաքինման ողջ բնույթը: Ունենալով առավել խորը հասկացողություն այն մասին, թե որտեղ է մարդն այդ ընթացքում, այն թույլ կտա նաև ավելի խորը հասկանալ, թե ինչ անհրաժեշտ քայլ է պետք անել ապաքինման համար:
III. Խույս տվեք պոռնոգրաֆիայից
Այժմ եկեք տեսնենք, թե ինչպես կարող են անհատները խույս տալ և ազատվել պոռնոգրաֆիայի ծուղակից: Սա օգտակար կլինի ոչ միայն նրանց համար, ովքեր պայքարում են ազատվելու պոռնոգրաֆիայից, այլև ծնողների և ղեկավարների համար, ովքեր օգնում են նրանց: Պոռնոգրաֆիայից խույս տալու և ազատվելու գործում առավել մեծ հաջողության կհասնեն նրանք, ովքեր կքննարկեն այդ թեման իրենց ծնողների և ղեկավարների հետ:6
Պոռնոգրաֆիան կանխամտածված դիտելու մեջ ներգրավվածության աստիճանից անկախ, դեպի ապաքինում, մաքրություն և ապաշխարություն տանող ուղով գնալու համար անհրաժեշտ են հետևյալ նույն հիմնական սկզբունքները. խոնարհություն, աշակերտի ուղի, պարտավորվածություն փոփոխության անձնական ծրագրի հանդեպ, պատասխանատվություն և աջակցություն և հավատքով տոկալ:
Ա. Խոնարհություն
Իրականում պոռնոգրաֆիայից և դրա հետ կապված վարքից ազատագրվելու համար, անհատները պետք է խոնարհություն զարգացնեն (տես Եթեր 12.27): Խոնարհաբար դառնալով դեպի Տերը, մարդը ընդունում է որոշակի ճշմարտություններ, որոնք լիովին հասկանալու դեպքում, ուժ են տալիս և վերացնում են ամոթը: Այդ ճշմարտություններից են՝.
-
Մեզանից յուրաքանչյուրը սիրող Երկնային Հոր սիրելի զավակն է:
-
Մեր Փրկիչը՝ Հիսուս Քրիստոսը, սիրում և անձնապես ճանաչում է մեզանից յուրաքանչյուրին:
-
Մեր Փրկչի Քավությունը վերաբերում է Աստծո բոլոր զավակներին:
-
Հիսուս Քրիստոսի շնորհով բոլորը կարող են ներվել և փոխվելու զորություն ստանալ:
-
Մեզանից յուրաքանչյուրն ազատ կամքի անգին պարգևն ունի, որը թույլ է տալիս մեզ ապավինել Քավության ուժին և զորությանը:
-
Անհատները, ովքեր պայքար են մղում պոռնոգրաֆիայի դեմ, կարող են հույս ստանալ այն փաստից, որ մյուսները հաղթել են այդ ճակատամարտում:
-
Պոռնոգրաֆիան չարիք է, բայց դրանում ներգրավվածները չար չեն:
-
Ցանկացած ոք կարող է խույս տալ պոռնոգրաֆիայի ծուղակից և լիովին ապաքինվել, բայց դա հնարավոր է միայն Քավության զորությանն ապավինելով:
-
Պոռնոգրաֆիայից իսկապես ապաշխարելու համար պահանջվում է ավելին, քան այն օգտագործելուց դադարելը: Նման ապաշխարությունը պահանջում է սրտի փոփոխություն Քրիստոսի Քավության միջոցով:
Այդ ճշմարտություններն ընդունելն անհատին նախապատրաստում է հոգևոր կերպով դրանց վերաբերվելուն, որը բացում է դուռը՝ ստանալու Տիրոջ օգնությունը՝ ապաշխարելու և ապաքինվելու գործում անհրաժեշտ փոփոխությունները կատարելու համար:
Բ. Աշակերտի ուղի
Ըստ այդ ճշմարտությունների գործելու համար նաև անհրաժեշտ է, որ անհատները կրկին պարտավորվեն ապրել որպես Տեր Հիսուս Քրիստոսի աշակերտներ և անեն այն, ինչը կմաքրագործի և կամրացնի իրենց՝ ապագա գայթակղություններին դիմակայելու համար: Դա նշանակում է պարտավորվել ունենալ անձնական կրոնական վարքագիծ՝ ամեն օր իմաստալից աղոթք ասել և ուսումնասիրել սուրբ գրությունները, հաճախել եկեղեցու ժողովներին, ծառայություն մատուցել, ծոմ պահել և (եպիսկոպոսի հավանության դեպքում) ընդունել հաղորդությունը և երկրպագել տաճարում:
Գ. Պարտավորվածություն անձնական ծրագրի հանդեպ
Հիսուս Քրիստոսի խոնարհ աշակերտները նրբանկատորեն ընկալում են խորը զգացմունքները, սոցիալական իրադրությունները և ֆիզիկական շրջապատը, որոնք պոռնոգրաֆիան օգտագործելու գայթակղություն են խթանում: Այդ խթանիչները վերլուծելով՝ նրանք խույս տալու անձնական ծրագիր կկազմեն, որը կօգնի իրենց.
-
Ճանաչել խթանիչները և բուռն ցանկությունները, երբ դրանք ի հայտ են գալիս:
-
Նախատեսել հատուկ գործողություններ, որոնք կօգնեն իրենց հեռանալ գայթակղությունից:
-
Ուղղորդել իրենց մտքերն ու էներգիան դեպի Տերը:
-
Ծրագրել ամենօրյա գործեր՝ արդար կյանքով ապրելու իրենց անձնական պարտավորվածությունը կոփելու համար:
Անձնական ծրագիր կազմելիս անհատները պետք է կիրառեն Եկեղեցու կողմից տրամադրվող անգնահատելի նյութերը: Օրինակ, Եկեղեցու OvercomingPornography.org կայքը պարունակում է նյութեր ոչ միայն անհատների, այլև նրանց աջակցող ընտանիքի անդամների և քահանայության ղեկավարների համար: Բացի դա, Եկեղեցու Հակվածություններից ապաքինող ծրագիրը մատչելի է բոլոր այն անդամների համար, ովքեր պայքարում են որևէ հակվածության դեմ, և կօգնի նաև նրանց ընտանիքի անդամներին:
Դ. Պատասխանատվություն և աջակցություն
Հիսուս Քրիստոսի խոնարհ հետևորդները, ովքեր ընդունում են, որ իրենք Փրկչի կարիքն ունեն, նաև օգնություն կփնտրեն իրենց եպիսկոպոսից, ով կանչված է Տիրոջ կողմից որպես իրենց քահանայության ղեկավար, և ով կրում է անհրաժեշտ բանալիները՝ ապաշխարության հարցում օգնելու համար: Ներգրավված անհատների համաձայնության և եպիսկոպոսի դրական ներշնչանքի դեպքում, եպիսկոպոսը կարող է կանչել մեկ ուրիշին, որպեսզի իրենց հետ աշխատի և օգնություն տրամադրի: Անկախ հանգամանքներից, Նախագահ Գորդոն Բ. Հինքլին (1910–2008) այս խորհուրդն է տվել.
«Ձեր հոգու խորքում աղերսեք Տիրոջը, որ Նա ձեզ ազատի այդ ստրկացնող հակումից: Եվ քաջություն ունեցեք փնտրելու ձեր եպիսկոպոսի սիրալիր առաջնորդությունը և, անհրաժեշտության դեպքում, հոգատար մասնագետների խորհուրդը»:7
Խնդրի լրջությունից կախված, անհատները կարող են աջակցություն խնդրել վստահելի, փորձառու անձից կամ մասնագետ խորհրդատուից, ում կարող են դիմել ցանկացած ժամի, որպեսզի ամրանան թուլության պահին, և ովքեր կհետևեն նրանց անձնական ծրագրի կատարման գործընթացին:
Ե. Հավատքով տոկալ
Այն անձինք, ովքեր ապաշխարել և օրհնվել են զսպելով պոռնոգրաֆիան օգտագործելու ցանկությունը, պետք է դեռևս զգոն լինեն, քանի որ հակառակորդը կփորձի շահագործել իրենց մարդկային թուլությունը: Չնայած խույս տալուն ուղղված բոլոր ջանքերին, կարող է դեռևս պատահական բացահայտում տեղի ունենալ: Իրենց կյանքի ընթացքում անհատները պետք է սովորեն զսպել իրենց Աստվածատուր սեռական զգացմունքները և շարունակեն ջանքեր գործադրել մաքուր լինելու համար:
IV. Կարեկցանք բոլորի հանդեպ
Այժմ կխոսեմ, թե ինչպես ենք մենք վերաբերվում նրանց, ովքեր ընկել են պոռնոգրաֆիայի թակարդը: Մենք բոլորս էլ Հիսուս Քրիստոսի Քավության կարիքն ունենք: Պոռնոգրաֆիայի դեմ պայքարողները մեր կարեկցանքի և սիրո կարիքն ունեն, երբ հետևում են անհրաժեշտ սկզբունքներին և ապաքինման քայլերին: Խնդրում եմ, մի մեղադրեք նրանց: Նրանք ոչ չարիք են, ոչ էլ անհույս են: Նրանք մեր Երկնային Հոր որդիներն ու դուստրերն են։ Պատշաճ և լիարժեք ապաշխարության շնորհիվ նրանք կարող են մաքրվել, մաքրագործվել և արժանանալ Աստծո կողմից խոստացված ամեն ուխտի և տաճարային օրհնության:
Երբ ամուսնության ժամանակը գալիս է, ես խրախուսում եմ, որ երիտասարդ կանայք և երիտասարդ տղամարդիկ զգուշորեն ընտրեն իրենց զուգընկերոջը՝ որպես իրենց հավերժական կողակից, ով մաքուր և անարատ է Տիրոջ առաջ և արժանի է մտնել տաճար: Անհատները, ովքեր լիովին ապաշխարում են պոռնոգրաֆիայից, արժանի են այդ օրհնություններին:
V. Եզրափակում
Մեր կյանքում բոլորիս էլ կհանդիպեն սեռական բովանդակությամբ նյութեր: Մեր սիրող Փրկչի առաջնորդությամբ, հաղորդության ուխտերից բխող վստահությամբ, որ միշտ նրա Հոգին մեզ հետ կունենանք (տես ՎևՈւ 20.77), մենք կարող ենք միշտ համապատասխան վերաբերմունք դրսևորել: Ես վկայում եմ, որ այդ դեպքում մենք կվայելենք օրհնությունները Նրա, ում մենք երկրպագում ենք: Այսպիսով, մենք առավել լիարժեքորեն կստանանք Փրկչի խաղաղությունը և կմնանք վեհացման մեր հավերժական ճակատագրի ուղու վրա: