Աճել հայտնության սկզբունքի մեջ
Ես քաջալերում եմ ձեզ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ Տիրոջն ավելի լավ և ավելի հաճախ լսելու համար, որպեսզի դուք կարողանաք ստանալ այն լուսավորությունը, որը Նա ցանկանում է ձեզ պարգևել:
2017 թ. սեպտեմբերի 30-ին գերագույն համաժողովի կեսօրվա նիստից հետո ես հիվանդանոց գնացի՝ այցելելու Քվորումի իմ սիրելի անդամին՝ երեց Ռոբերտ Հեյլսին: Մի քանի օր առաջ նրան հոսպիտալացրել էին սրտի նոպայից հետո:
Մենք հիանալի հանդիպում ունեցանք, և նա արդեն ապաքինվում էր: Նա արդեն նույնիսկ ինքնուրույն էր շնչում, ինչը լավ նշան էր:
Սակայն երեկոյան Սուրբ Հոգին խոսեց իմ սրտի և մտքի հետ և ասաց, որ ես կիրակի օրը պետք է վերադառնամ հիվանդանոց: Այդ հզոր զգացողությունը վերադարձավ կիրակի օրը՝ գերագույն համաժողովի առավոտվա նիստի ընթացքում: Ես զգացի, որ չպետք է մնամ նախաճաշի և պետք է շտապեմ երեց Հեյլսի մոտ նիստի ավարտից անմիջապես հետո, ինչը և արեցի:
Երբ ես եկա, տեսա, որ երեց Հեյլսի վիճակը բավականին ծանրացել էր: Ցավոք, նա մահացավ իմ գալուց 10 րոպե անց, բայց ես շնորհակալ եմ, որ նրա կողքին էի նրա քնքուշ կնոջ՝ Մերիի և նրա երկու որդիների հետ, երբ նա հեռացավ այս կյանքից:
Որքան շնորհակալ եմ ես, որ Սուրբ Հոգու շշնջոցը հուշեց ինձ անել այն, ինչը ես հակառակ դեպքում չէի անի: Եվ որքան շնորհակալ եմ ես հայտնության իրականության համար և այն բանի համար, որ երկինքը բացվեց ևս մեկ անգամ:
Այս տարի մեր անհատական և դասարանային ուսումնասիրությունները կենտրոնացած են լինելու Վարդապետություն և Ուխտերի վրա: Այդ «աստվածային հայտնություններն ու ոգեշնչված հայտարարությունները» կարող են օրհնել բոլոր նրանց, ովքեր ուսումնասիրում են դրանք և գործում դրանց աստվածային հրահանգների համաձայն: Դրանք հրավիրում են «բոլոր մարդկանց ամենուր լսել Տեր Հիսուս Քրիստոսին»,1 «քանզի, ճշմարտապես, Տիրոջ ձայնը գնում է բոլոր մարդկանց» (Վարդապետություն և Ուխտեր 1.2):
Վտանգ, խավար, սուտ
Ֆիզիկական և հոգևոր փոթորիկները մեր երկրային կյանքի մի մասն են, և կորոնավիրուսը հիշեցրեց մեզ դրա մասին: Փրկիչը կանխագուշակեց, որ Իր Երկրորդ Գալուստին կնախորդեն նեղության օրեր: Նա ասաց. «Կլինի սով, ժանտախտ և երկրաշարժեր տարբեր տեղերում» (Ջոզեֆ Սմիթ - Մատթեոս 1.29):
Ընդլայնվող խավարը և մեզ շրջապատող սուտը խորացնում են այդ նեղությունները: Հիսուսն ասաց Իր աշակերտներին, «Անօրինությունը շատանալու է» նախքան Իր վերադարձը (Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս 1.30):
Սատանան կենտրոնացրել է իր ուժերը և պայքարում է Տիրոջ գործի և մեր՝ դրա մեջ ընդգրկված մարդկանց դեմ: Այսօր, աճող վտանգների առկայության պայմաններում, մենք ավելի քան երբևէ աստվածային առաջնորդության կարիք ունենք և Հիսուս Քրիստոսի՝ մեր Միջնորդի, Փրկիչի և Քավիչի ձայնը լսելու մեր ջանքերն ավելի քան երբևէ խիստ անհրաժեշտ են:
Ինչպես ես ասացի Եկեղեցու նախագահ կանչվելուց հետո, Տերը պատրաստ է հայտնել մեզ Իր միտքը: Դա մեզ պարգևած Նրա մեծագույն օրհնություններից է:2
Մեր օրերում Նա խոստացել է. «Եթե խնդրես, կստանաս հայտնություն հայտնության վրա, գիտություն գիտության վրա» (Վարդապետություն և Ուխտեր 42.61):
Ես գիտեմ, որ Նա կպատասխանի մեր խնդրանքներին:
Ինչպե՞ս ենք մենք լսում Նրան
Այսօր կարևոր է իմանալ, թե ինչպես է Սուրբ Հոգին խոսում: Անձնական հայտնություն, պաշտպանություն և ուղղորդում ստանալու և պատասխաններ գտնելու համար մենք հիշում ենք Մարգարե Ջոզեֆ Սմիթի առաջարկած օրինակը:
Նախ՝ մենք պետք է խորասուզվենք սուրբ գրությունների մեջ: Դա բացում է մեր միտքը և սիրտը Փրկիչի ուսմունքների և ճշմարտությունների համար: Քրիստոսի խոսքերը «կասեն ձեզ բոլոր բաները, որ դուք պետք է անեք» (2 Նեփի 32.3), հատկապես անորոշության և խռովության մեր օրերում:
Ապա մենք աղոթում ենք: Աղոթքը պահանջում է նախաձեռնություն, որպեսզի մենք խոնարհվենք Աստծո առաջ, գտնենք հանդարտ մի վայր, ուր մենք կարող ենք կանոնավոր այցելել և Նրա առջև մեր սիրտը բանալ:
Տերն ասում է. «Մոտեցեք ինձ, և ես կմոտենամ ձեզ. փնտրեք ինձ ջանասիրաբար, և կգտնեք ինձ. խնդրեք, և կստանաք. թակեք, և ձեզ կբացվի» ( Վարդապետություն և Ուխտեր 88.63):
Տիրոջը մոտենալով ձեռք ենք բերում սփոփանք, քաջալերանք, հույս և ապաքինում: Այսպիսով, Նրա անունով մենք աղոթում ենք մեր մտահոգությունների և թուլությունների, մեր ձգտումների և սիրած մարդկանց, մեր կոչումների և հարցերի մասին:
Ապա մենք լսում ենք:
Եթե մենք որոշ ժամանակ ծնկաչոք մնանք աղոթքն ավարտելուց հետո, մեր մտքին կգան գաղափարներ, զգացմունքներ և ուղղորդում: Այդ տպավորությունների գրանցումը կօգնի մեզ հիշել, թե Տերն ինչ էր ցանկանում, որ մենք անենք:
Կրկնելով այդ գործընթացը, մենք, ըստ Մարգարե Ջոզեֆ Սմիթի, «կաճենք հայտնության սկզբունքի մեջ»:3
Հայտնություն ստանալու արժանի
Սուրբ Հոգու շշուկները ճանաչելու մեր ունակությունը բարելավելու և հայտնություն ստանալու մեր կարողությունը զարգացնելու համար մենք պետք է արժանավոր լինենք: Արժանավորությունը չի պահանջում կատարելություն, բայց պահանջում է աճող մաքրություն:
Տերն ակնկալում է ամենօրյա ջանք, ամենօրյա բարելավում, ամենօրյա ապաշխարանք: Արժանավորությունը բերում է մաքրություն, իսկ մաքրությունը մեզ Սուրբ Հոգուն արժանի է դարձնում: Երբ մենք վերցնում ենք «Սուրբ Հոգին որպես [մեր] ուղեկից» (Վարդապետություն և Ուխտեր 45.57), մենք անձնական հայտնության արժանի ենք դառնում:
Եթե որևէ բան մեզ հետ է պահում դեպի երկինք տանող դուռը բացելուց, մենք պետք է ապաշխարենք: Ապաշխարությունը թույլ է տալիս մեզ բացել այդ դուռը և ավելի հաճախ ու պարզ լսել Տիրոջ ձայնը:
«Չափանիշը հստակ է», - ուսուցանել է երեց Դեյվիդ Ա. Բեդնարը Տասներկու Առաքյալների Քվորումից: Եթե մի բան, որը մենք մտածում, նայում, լսում կամ անում ենք, հեռացնում է մեզ Սուրբ Հոգուց, ապա մենք պետք է դադարենք մտածել, նայել, լսել կամ այդ բանն անել: Եթե, օրինակ՝ զվարճանքի համար նախատեսված որևէ բան հեռացնում է մեզ Սուրբ Հոգուց, ապա նման զվարճանքը մեզ համար չէ: Քանի որ Սուրբ Հոգին չի կարող տանել այն, ինչն անպատշաճ է, կոպիտ է կամ անհամեստ, ապա, ակնհայտորեն, նման բաները մեզ համար չեն»:4
Երբ մենք զուգորդում ենք աճող մաքրությունը և հնազանդությունը՝ ծոմապահության, ջանասիրաբար փնտրելու, սուրբ գրությունների և կենդանի մարգարեների խոսքերի ուսումնասիրության և տաճարային ու ընտանեկան պատմության աշխատանքի հետ, երկինքը բացվում է: Տերն, Իր հերթին, կկատարի Իր խոստումը. «Ես քեզ բաժին պիտի հանեմ իմ Հոգուց որը կլուսավորի քո միտքը, որն ուրախությունով կլցնի քո հոգին» (Վարդապետություն և Ուխտեր 11.13):
Մենք կարող ենք համբերության կարիք ունենալ, սակայն Աստված խոսելու է մեզ հետ Իր ձևով և Իր ժամանակին:
Հասկացողության ոգին
Յոբը հայտարարեց. «Բայց մարդիս միջինը հոգին է, եւ Ամենակարողի շունչն է նորանց հանճար տալիս» (Յոբ 32.8): Այս նոր տարում ես քաջալերում եմ ձեզ անհրաժեշտ քայլել ձեռնարկել՝ Տիրոջն ավելի լավ և ավելի հաճախ լսելու համար, որպեսզի դուք կարողանաք ստանալ այն լուսավորությունը, որը Նա ցանկանում է մեզ պարգևել:
Իր մահվանից առաջ՝ 2017 թ. հոկտեմբերի այն օրը երեց Հեյլսը մի կարճ ելույթ էր նախապատրաստել գերագույն համաժողովի համար, որը նա չկարողացավ ներկայացնել: Այդ ելույթի մեջ նա գրել էր. «Մեր հավատքը նախապատրաստում է մեզ ապրելու Տիրոջ ներկայության մեջ»։5
Հայտնություն ստանալիս մենք ժամանակ ենք անցկացնում Աստծո ներկայության մեջ, և Նա հայտնում է մեզ իր միտքը, կամքը և խոսքը (տես Վարդապետություն և Ուխտեր 68.4): Եկեք մեր հավատքը գործի վերածենք՝ դիմելով Նրան, ապրելով Նրա խոստացած ոգեշնչմանն արժանի և գործելով ստացած առաջնորդության համաձայն: