2021
Սպասավորել բանտում գտնվող մարդկանց
Հունվար 2021


Սպասավորել բանտում գտնվող մարդկանց

Հանցանքը չի նվազեցնում մարդու հոգու արժեքը.

Նկար
collage image showing four different pictures of life in prison

Նկարները՝ Getty Images-ի

Ավելի քան 10 միլիոն մարդ այս պահին աշխարհում գտնվում է բանտում:1 Հիսուս Քրիստոսը, ով սիրում է յուրաքանչյուր մարդու և հասկանում է ամեն դժվարություն, խնդրում է մեզ ծառայել Երկնային Հոր բոլոր զավակներին, այդ թվում նրանց, ովքեր գտնվում են բանտում: «Այն ժամանակ արդարները կպատասխանեն նորան եւ կասեն. Տէ՛ր, ե՞րբ տեսանք քեզ… բանտի մէջ, եւ եկանք քեզ մօտ։

Թագաւորն էլ կպատասխանէ եւ կասէ նորանց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, որովհետեւ այս իմ փոքր եղբայրներից մէկին արիք, ինձ արիք» (Մատթեոս 25.36-40):

Մենք ինչպե՞ս կարող ենք անել այն, ինչ Փրկիչն է մեզ խնդրել, և անվտանգ սպասավորել նրանց, ովքեր գտնվում են բանտում: Այս հոդվածը ներկայացնում է դրա կատարման հիմնական սկզբունքները՝ որպես սկզբնակետ: Եկեղեցու տեղական ղեկավարների հետ աղոթքով քննարկեք, թե ինչն է պատշաճ ու խելամիտ ձեր տարածքի համար:

Հետևել Աստծո զավակներին

Արդարադատության համակարգերը տարբեր երկրներում տարբեր են, սակայն բանտարկության խնդիրը ընդհանուր է բոլոր ազգերի և մշակույթների համար: Դուգլաս Ռիչենսը ղեկավարում է աջակցության ծրագիրը Եկեղեցու բանտարկված անդամների համար։ Նա նաև այլ կրոնական ու համայնքային խմբերի հետ սերտ գործակցությամբ օգնում է նրանց, ովքեր առնչվել են բանտարկության հետ՝ անկախ անկախ նրանց անցյալից կամ կրոնական հայացքներից։

«Բանտում գտնվող մարդկանց մասին ընդհանուր կարծրատիպն այն է, որ նրանք բոլորն անվստահելի են, անզուսպ և վտանգավոր»,- ասում է Եղբայր Ռիչենսը: «Սակայն ես բացահայտեցի, որ նրանց մեծամասնությունն այդպիսին չէ: Նրանցից շատերը զղջում են իրենց արարքների համար: Նրանք փորձում են հաղթահարել անցյալի վատ ընտրությունը և լավ կյանքով ապրել»:

Որոշ երկրներում քաղաքացիների կեսն ունի բանտում գտնվող ընտանիքի որևէ անդամ:2 Այդ բանտարկված եղբայրներն ու քույրերը, ծնողներն ու երեխաները, բացի երկնային ընտանիքի անդամի կարգավիճակից, ունեն նաև Աստծո զավակների կարգավիճակ:

Մահկանացու և հավերժական դատավճիռը

Չնայած կյանքը մեզ ստիպում է վճիռներ կայացնել, Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը միակն են, ովքեր կարող են կատարյալ կերպով դատել որևէ մեկին՝ ըստ նրա հանգամանքների, արարքների և ցանկությունների (տես Ա Թագավորաց 16.7): Այդ կատարյալ վճիռը հաշվի է առնում կյանքի այն հանգամանքները, որոնք բանտարկությունն ավելի հավանական են դարձնում, օրինակ՝ ընտանեկան ցնցումները, ժառանգական աղքատությունը, թմրանյութեր օգտագործելու մշակույթը և այլն: Բազմաթիվ այլ գործոններ կարող են ազդել մարդու՝ ճիշտ ընտրություն կատարելու ունակության վրա, այդ թվում՝ նրա առողջության և բարեկեցության վրա: 3 Չնայած հասարակության համար կարևոր է գործածել համայնքների անվտանգությունն ապահովող օրենքները, մենք դա անում ենք կարեկցանքով և հավերժության տեսանկյունից, լավ գիտակցելով, որ կան շատ բաներ, որոնք մենք չենք հասկանում:

«Մտածեք, թե ինչպես ձեզ կզգայիք, եթե ձեզ դատապարտեին մինչև ձեր կյանքի վերջը՝ հիմնվելով ձեր վատթարագույն արարքի վրա», - ասել է Տանյա Շաֆերը՝ Եկեղեցու անդամ, ով աշխատում էր փաստաբանական գրասենյակում, մինչև բանտարկյալների պաշտպանության խումբ հիմնելը: «Աստվածն է որոշում՝ արդյոք ներել նրանց, ում Նա կամենում է ներել, սակայն Նա պատվիրում է մեզ ներել բոլորին» (տես Մատթեոս 18.21-22):

Աստծո կատարյալ դատաստանի սկզբունքը կարող է նաև սփոփման աղբյուր լինել հանցանքի զոհերի համար: Երբեմն, մարդիկ, ովքեր վնասում են ուրիշներին, չեն պատժվում երկրի վրա: Զոհերը կարող են տանջվել նույնիսկ այն ժամանակ, երբ հանցագործների բանտարկության ժամկետները վաղուց ավարտվել են: Բազմաթիվ բանտարկված մարդիկ կարող են տարբեր դեպքերում և՛ զոհ, և՛ հանցագործ լինել՝ հիշեցնելով մեզ, որ կյանքը հարաբերությունների և այլ մարդկանց վրա ազդող որոշումների խճճված մի ցանց է: Մեզ համար կարող է սփոփիչ լինել այն համոզմունքը, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը հասկանում են այդ ամենը: Եվ Նրանց դատավճիռը կատարյալ է լինելու: Եվ Նրանց առաջարկած բժշկությունը կատարյալ է լինելու և՛ անմեղների, և՛ ապաշխարողների համար (Հայտնություն 21.4):

Ղեկավարների սիրող օրինակը

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջերիթ Վ. Գոնգը նկարագրել է մի հանդիպում, երբ շուրջ բոլորը սպիտակ էին հագած: Բոլորն աղոթում էին ու երգում, և ամեն բան լցված էր Աստծո սիրով: 4 Հակառակ մեզանից շատերի պատկերացումին, դա տաճարային հանդիպում չէր: Դա ծառայության այց էր մի բանտ, որտեղ կրում էին ճերմակ տիպական համազգեստ:

«Եկեղեցու ղեկավարները հոգ են տանում բոլոր նրանց համար, ովքեր հանցանք են գործել և բանտարկվել են», - վկայեց Եղբայր Ռիչենսը՝ նկարագրելով, թեղեկավարներից մեկը ինչպես է Եկեղեցու ամսագրի իր սեփական օրինակը նվիրում մի մարդու, ում նա այցելում է բանտում ամեն ամիս: «Նրանք հաճախ այցելում են բանտարկյալներին, աջակցում են նրանց ընտանիքներին և սիրով հոգ են տանում զոհերի մասին»:

Ուղղիչ հաստատություններում ծառայությունները համակարգվում են ցցի նախագահի կողմից, ով, ծխի ղեկավարների հետ միասին, հոգում է իրենց տարածաշրջանի բանտարկյալների կարիքները: Ի՞նչ են անում ձեր ցցի ղեկավարները՝ բանտարկված անդամներին սպասավորելու և նրանց ոգևորիչ ուղերձներով դիմելու համար: Որոշ վայրերում Եկեղեցու անդամներին կարող են կանչել՝ այցելելու և ուսուցանելու բանտարկված մարդկանց: Եղբայր Ռիչենսը նշեց, որ սկզբում հաճախ այդ անդամներն իրենց անհանգիստ են զգում, սակայն հետագայում նրանց համար այդ կոչումն այնքան իմաստալից է դառնում, որ նրանք այլևս չեն ուզում հետ կանչվել:

«Դա մաքուր ու անպիղծ երկրպագություն է», - ասաց նա (տես Հակոբոս 1.27):

Չնայած մենք չպետք է մեզ ճնշված զգանք անծանոթ բանտարկյալներին այցելելիս, գոյություն ունեն անվտանգ սպասավորելու այլ եղանակներ: Ահա դրանցից մի քանիսը.

  • Ընդգրկեք բանտարկված մարդկանց ձեր աղոթքներում, հատկապես նրանց, ում անունով եք ճանաչում: Աղոթքը զորե՜ղ է:

  • Հետաքրքրվեք՝ արդյոք տեղական բանտերը որոշ իրերի նվիրաբերման կարիք ունեն: Բազմաթիվ բանտերում թույլատրված են այնպիսի զբաղմունքներ, ինչպիսիք են՝ գործելը, կարդալը, արվեստով զբաղվելը և ընտանեկան պատմության ուսումնասիրությունը:

  • Եթե գիտեք որևէ մեկին, ով բանտում է, գրեք նրան ոգևորիչ նամակներ: Անվտանգ, խելամիտ ընտրություն կատարեք շփվելիս: Հետևեք Սուրբ Հոգուն և պահպանեք համապատասխան սահմանները:

  • Սիրով, հարգանքով և կարեկցանքով վերաբերվեք բանտարկյալների ընտանիքներին, հատկապես՝ երեխաներին: Հիշեք, որ ընտանիքի անդամները սովորաբար նույնպես անմեղ զոհեր են: Սուրբ Հոգին կարող է մեզ օգնել հասկանալ, թե ինչպես կարող ենք լավագույնս սպասավորել ընտանիքի բոլոր անդամներին:

Նկար
woman sitting on bed and praying

Սուրբ Հոգին սահմանափակված չէ

Մարդու կյանքում բանտարկությունը կարող է լինել չափազանց բարդ ժամանակաշրջան: Սակայն, ո՛չ պատերը, ո՛չ էլ ճաղերը կամ շղթաները չեն կարող կանգնեցնել Սուրբ Հոգուն: Աղոթքը, սուրբ գրությունների ուսումնասիրությունը և հնազանդությունը կարող են հրավիրել Նրա սփոփող ներկայությունը բանտախց նույնքան արագ, որքան՝ այնտեղից դուրս: Եվ այդ պատճառով բանտը կարող է հրաշքների վայր դառնալ:

Եկեղեցու անդամ Պորշա Լաուդերը, ով բլոգում գրառումներ էր կատարում կալանքի տակ գտնվելու ընթացքում, նկարագրեց իր ժամանակը բանտում՝ որպես հավատի և ինքնաբացահայտման բարդ ճանապարհ: «Կյանքիս ընթացքում ես անցա շատ մեծ դժվարությունների միջով, բայց ես ինձ զգում եմ բժշկված մի սիրով, որը հնարավոր չէ նկարագրել», - գրել է նա: «Անկախ նրանից, թե ինչ դժվարության առաջ եք կանգնած այս պահին, թե ձեր ճանապարհի որ մասում եք հիմա, խնդրում ենք՝ մի՛ նահանջեք»:

Գարիֆ Քանոնը, ով ծառայել է բանտում որպես ճյուղի նախագահ, նկարագրել է, թե ինչպես է Սուրբ Հոգին իրեն հուշել սիրալիր խոսել մի անգութ բանտարկյալ տղամարդու հետ, ով շատ դժվար կյանք էր ունեցել: «Այն, ինչ դուք հիմա ինձ ասում եք, ամենաբարի խոսքերն են, որոնք երբևէ լսել եմ իմ կյանքում», - ասաց այդ մարդը: «Ես չեմ հիշում, որ երբևիցե որևէ մեկը խոսեր ինձ հետ այսպիսի բարությամբ և հոգատարությամբ: Շնորհակալություն»: Նրանք ավարտեցին իրենց հանդիպումն այդ մարդու կողմից երկար տարիների ընթացքում առաջին անգամ լսած աղոթքով:

«Այո, Սուրբ Հոգին, անկասկած, ներկա է ուղղիչ հաստատություններում», - վկայեց Եղբայր Քանոնը: «Այնտեղ Աստծո զավակներն են, և Նա ուզում է, որ նրանք Իր մոտ վերադառնան»:

Աստված զորեղ խոստումներ է տալիս բոլորին, ով որոշում է հետևել Իրեն, անկախ նրանից, թե երբ ենք մենք առաջին անգամ իմանում Նրա մասին՝ կիրակնօրյա դպրոցում, թե բանտում: Ինչպես ասում է Եզեկիել 36.26 հատվածը. «Եւ ես ձեզ նոր սիրտ պիտի տամ, եւ նոր հոգի պիտի դնեմ ձեր միջումը»:

Վերադարձը դեպի հասարակություն չափազանց դժվար է

Հանցանքը չի նվազեցնում մարդու հոգու արժեքը (Վարդապետություն և Ուխտեր 18.10): Երբ որևէ մեկն ուզում է դեպի լավը փոխվել, արդյո՞ք մենք թույլ ենք տալիս նրան աճել և ներում ստանալ։ Արդյո՞ք մենք թույլ ենք տալիս մարդկանց աճել և ներում ստանալ:

«Աստծո ներումն ու կարեկցանքը անսահման են», - ասել է Եղբայր Ռիչենսը: «Երբեմն բանտարկված անձինք իրենց Աստծո կողմից ներված են զգում շատ ավելի շուտ, քան ներում են ստանում պետությունից, հասարակությունից կամ Եկեղեցու որոշ անդամներից»:

Բանտից հետո հասարակություն վերադառնալը չափազանց դժվար է: Նախկին բանտարկյալները հաճախ դժվար են աշխատանք կամ տուն գտնում: Մենք կարող ենք նրանց օգնել ձեռք բերել ապահովություն օգտակար վայրերում և հետամուտ լինել առողջ կենսակերպի: Միգուցե ամենակարևոր բանը, որ մենք կարող ենք անել, նրանց համար դրական, ամրապնդող ընկեր լինելն է: Երբ իր նախընտրական ելույթում Ջոզեֆ Սմիթը խոսեց բանտում բարեփոխումների մասին, նա ուսուցանեց, որ «երբևէ խստությունն ու մեկուսացումը չեն կարողանա այնքան բան անել մարդկանց հակումները փոխելու համար, որքան դա կարող են անել բանականությունն ու ընկերությունը»:5

Կարեկցանքը կարող է փոխել

Յուդան քաջալերեց Սրբերին կարեկցանք ցուցաբերել (Յուդա 1.22): Նրա խոսքերը կրկնում են Փրկիչի աղերսանքը՝ հիշել նրանց, ովքեր բանտում են: Ինչպե՞ս ենք մենք պատասխանելու այդ հրավերներին: Եկեք ջանք գործադրենք և բանտարկյալներին ու նրանց ընտանիքներին սնուցենք Աստծու բարությամբ: Մեր կարեկցանքը կարող է շատ բան փոխել:

Հղումներ

  1. Տե՛ս «Աշխարհի բանտերի բնակչության ցանկը. 11-րդ հրատարակություն», Ուղղիչ հաստատությունների ազգային ինստիտւտ, nicic.gov:

  2. Տե՛ս «Ամերիկացիների կեսն ունի բանտում գտնվող ընտանիքի անդամ», դեկտեմբերի 11, 2018, Equal Justice Initiative, eji.org/news:

  3. Տե՛ս «Ուղեղի տրավմատիկ վնասվածք քրեական իրավաբանության մեջ», Դենվերի համալսարան, du.edu/tbi:

  4. Քահանայության և ընտանիքի բաժանմունքի Սուրբ Ծննդյան հոգևոր երեկո, դեկտեմբեր 2019 թ․

  5. «Ջոզեֆ Սմիթը որպես քաղաքական գործիչ», Improvement Era մայիս 1920, 649:

Տպել