2021
Յուրաքանչյուր հոգու արժեքը
Հունվար 2021


Եկ, հետևիր ինձ. Վարդապետություն և Ուխտեր 18-19

Յուրաքանչյուր հոգու արժեքը

Մենք ինչո՞ւ այդքան մեծ արժեք ունենք Երկնային Հոր համար:

Վերջերս ես հանդիպեցի մի ընտանիքի հետ, ում ես և իմ ընկերակիցն ուսուցանել և մկրտել էինք մոտ 40 տարի առաջ, այն ժամանակ, երբ ես դեռ երիտասարդ միսիոներ էի Բրյուսելում (Բելգիա): Եվ ես շատ էի տպավորված: Ես շատ վաղուց չէի խոսել նրանցից որևէ մեկի հետ:

Այսօրվա հրաշալի տեխնոլոգիաների շնորհիվ ես գտա այդ ընտանիքի մորը սոցիալական ցանցերում: Եվ ես մի հրաշալի տեսազրույց ունեցա նրա հետ: Մենք հիշեցինք այն սրբազան փորձառությունները, որոնցով մենք կիսվում էինք տարիներ առաջ, երբ նրա ընտանիքն ուսումնասիրում էր վերականգնված ավետարանը:

Նա այնքան էլ առողջ չէր և հանգամանքների բերումով բաժանվել էր իր ընտանիքից: Մեր զրույցի ընթացքում ես զգացի այն մեծ սերը, որը Երկնային Հայրը և Փրկիչը տածում էին այդ լավ քրոջ նկատմամբ: Ես զգացի նրա մեծ հավերժական արժանավորությունը, չնայած նա մի փոքր հեռացել էր Եկեղեցուց: Ես արտահայտեցի իմ սերը դեպի այդ կինը և վկայեցի, որ Աստված սիրում է նրան և մտածում է նրա մասին: Մեր աչքերն արցունքով լցվեցին, երբ երկուսս էլ արտահայտեցինք մեր սերն իրար հանդեպ: Մենք խոստացանք ավելի հաճախ շփվել: Ես այնքան երախտապարտ էի, որ ամենագետ և սիրող Աստվածը ոգեշնչեց ինձ այդ օրը կապ հաստատել իմ թանկագին ընկերոջ հետ:

Աստծո սիրո «ինչուն»

Երբ հրեշտակը հարցրեց Նեփիին, թե արդյոք նա գիտի Աստծո բարեհաճության մասին, Նեփին խոնարհաբար պատասխանեց. «Ես գիտեմ, որ նա սիրում է իր զավակներին. սակայն ես չգիտեմ բոլոր բաների մասին» (1 Նեփի 11․17)։ Ես հաճախ զարմացել եմ, թե ինչպես է Նեփին հասկացել այս հասարակ, գեղեցիկ ճշմարտությունը. Աստված սիրում է Իր զավակներին: Պարզ է, որ նա գիտեր Քրիստոսի վարդապետությունը, այնպես, ինչպես իրեն սովորեցրել էին իր «լավ ծնողները» (1 Նեփի 1.1): Սակայն նա նաև գիտեր Փրկիչի «ինչուն»: Իսկ ի՞նչ է այդ «ինչուն»:

Ինչո՞ւ էր Աստված ցանկանում, որ Իր Որդին որպես զոհ ծառայեր: Ինչո՞ւ էր Նա մեզ այստեղ ուղարկել՝ հաստատվելու և փորձվելու համար: Որովհետև, ինչպես ասում է նույնքան գեղեցիկ մի ճշմարտություն. «Հոգիների արժեքը մեծ է Աստծո աչքում» (Վարդապետություն և Ուխտեր 18.10):

Ինչո՞ւ ենք մենք այդքան արժեքավոր Նրա համար: Բնականաբար, որովհետև մենք Նրա զավակներն ենք, ում Նա սիրում է: Սակայն հաջորդ մի քանի հատվածներում Նա նկարագրում է այն մեծ պարգևը, որը տրված է մեզանից յուրաքանչյուրին մեր հանդեպ Նրա ունեցած սիրո շնորհիվ. դա Նրա միածին Որդին է՝ Հիսուս Քրիստոսը: Նա ուղարկեց Իր Որդուն, ով. «մարմնի մեջ մահ տարավ, ուստի նա տարավ բոլոր մարդկանց ցավը, որ բոլոր մարդիկ կարողանան ապաշխարել ու գալ իր մոտ: Եվ նա կրկին հարություն է առել մեռելներից, որ կարողանա բոլոր մարդկանց բերել իր մոտ ապաշխարության պայմաններով» ( Վարդապետություն և Ուխտեր 18.11–12): Նա ասում է մեզ. «Սա է իմ գործը և իմ փառքը` իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը» (Մովսես 1․39

Ապաշխարություն և ուրախություն

Զարմանալի չէ, որ Երկնային հայրը մեծ ուրախություն է զգում, երբ մենք ապաշխարում ենք: Ապաշխարելու մեր պատրաստակամությունը վկայում է, որ մենք խորապես երախտապարտ ենք Փրկիչի և աշխարհի Քավիչի հիանալի և անզուգական պարգևի համար: Միայն Հիսուս Քրիստոսի միջոցով է, որ մենք կարող ենք մեր վստահությունն ամրացնել Աստծո ներկայության մեջ (տես Վարդապետություն և Ուխտեր 121.45):

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը բացատրել է. «Շատ մարդիկ ապաշխարությունը դիտարկում են որպես պատիժ, մի բան, որից պետք է խուսափել, բացառությամբ՝ առավել լուրջ հանգամանքների: Սակայն պատժի ենթարկվելու այս զգացմունքն առաջացնում է սատանան: Նա փորձում է խանգարել մեզ ապավինել Հիսուս Քրիստոսին, ով կանգնած է գրկաբաց՝ հուսալով և ցանկանալով բժշկել, ներել, մաքրել, զորացնել, մաքրագործել և սրբացնել մեզ։ …

Ոչինչ ավելի ազատագրական, ավելի ազնվացնող կամ ավելի կարևոր չէ մեր անհատական առաջընթացի համար, քան կանոնավոր, ամենօրյա կենտրոնացումն ապաշխարության վրա: Ապաշխարությունը մեկ իրադարձություն չէ, այն գործընթաց է։ Այն բանալին է երջանկության և խաղաղ մտքի։ Զուգորդվելով հավատքի հետ, ապաշխարությունը հնարավորություն է տալիս օգտվել Հիսուս Քրիստոսի Քավության զորությունից»։1

Օգնելու հրավիրվածները

Շատ անգամ վերջին օրերի հայտնություններում Տերը հրավիրում է Իր ծառա-զավակներին օգնել Իրեն և Իր Որդուն՝ փրկության ու վեհացման գործում (տես Վարդապետություն և Ուխտեր 18.14): Մտածե՛ք այդ մասին: Մեր ոչ կատարյալ վիճակում տիեզերքի Աստվածը մեզ հրավեր է ուղարկում, որ մենք օգնենք մեծ արժեք ներկայացնող Իր զավակներին վերադառնալ Իր մոտ: Նա գիտի, որ դա շատ բարդ գործ է: Շատերը չեն ընդունի «Նրան լսելու» մեր հրավերը: Այնուհանդերձ, նա հաստատում է, որ Նա «գեթ մեկի» Աստվածն է: «Եվ, եթե լինի այնպես, որ դուք տքնեք ձեր բոլոր օրերում, ապաշխարություն աղաղակելով այս ժողովրդին, և ինձ մոտ բերեք գեթ մեկ հոգի, որքա՜ն մեծ կլինի ձեր ուրախությունը նրա հետ իմ Հոր արքայությունում» ( Վարդապետություն և Ուխտեր 18․15, շեշտադրումն ավելացված է)։

Դուք կարող եք հարցնել ինքներդ ձեզ. «Ի՞նչ կարող եմ անել՝ օգնելու որևէ մեկին գալ Քրիստոսի մոտ, ապաշխարել և օրհնվել Նրա քավող զոհաբերությամբ»:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆն այսպիսի խորհուրդ է տվել փրկության և վեհացման գործում մասնակցելու վերաբերյալ. «Հասկացեք, որ մարդկանց դարձի բերելը ձեր աշխատանքը չէ»։ Դա Սուրբ Հոգու դերն է։ Ձեր դերն այն է, որ կիսվեք նրանով, ինչ կա ձեր սրտում և կայուն ապրեք ձեր հավատքում։

Այսպիսով, մի վհատվեք, երբ ինչ-որ մեկն ավետարանի ուղերձն անմիջապես չի ընդունում։ Դա ձեր ձախողումը չէ։

Դա անհատի և Երկնային Հոր միջև է:

Ձեր գործն է՝ սիրել Աստծուն և սիրել ձեր մերձավորին՝ Նրա զավակներին։

Հավատացեք, սիրեք և գործեք։

Հետևեք այդ ուղուն և Աստված ձեր միջոցով հրաշքներ կգործի և կօրհնի Իր թանկագին զավակներին»: 2

Վարագույրի երկու կողմերում

Ապաշխարության միջոցով Քրիստոսի մոտ գալու հրավերը վերապահված չէ միայն նրանց, ովքեր ապրում են այս երկրի վրա: «Մահացածները, որոնք ապաշխարում են, պիտի փրկագնվեն՝ Աստծո տան արարողություններին հնազանդվելու միջոցով» (Վարդապետություն և Ուխտեր 138.58): Տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքը՝ ցրված Իսրայելը վարագույրի երկու կողմում հավաքելու կարևոր մասերն են: Մենք կարող ենք մեծ ուրախություն զգալ, երբ անենք աշխատանքը նրանց համար, ովքեր գնացել էն հոգևոր աշխարհ՝ իմանալով, որ այդ աշխարհում, ինչպես նախագահ Վիլֆորդ Վուդրոֆն (1807-1898) է ասել, «շատ քչերը, եթե այդպիսիններն կլինեն, չեն ընդունի Ավետարանը»: 3 Անկասկած, նրանք անհամբեր կսպասեն այն օրվան, երբ փրկության արարողությունները իրենց համար կկատարվեն Տիրոջ տանը:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյլ Գ․ Ռենլանդն ուսուցանել է. «Երբ մենք հավաքում ենք մեր ընտանեկան պատմությունները և տաճար գնում մեր նախնիների համար, Աստված կատարում է այս խոստացված օրհնություններից շատերը՝ վարագույրի երկու կողմերում միաժամանակ: Մենք օրհնվում ենք նմանապես, երբ մեր ծխերում և ցցերում օգնում ենք ուրիշներին անել նույնը: Անդամները, ովքեր մոտ չեն ապրում տաճարներին, նույնպես ստանում են այս օրհնությունները՝ մասնակցելով ընտանեկան պատմության աշխատանքին՝ հավաքելով իրենց նախնիների անունները տաճարային արարողություններ կատարելու համար»: 4

Հրաշալի է իմանալ, որ Երկնային Հայրը սիրում է Իր զավակներից յուրաքանչյուրին: Մենք մեծ արժեք ունենք Նրա համար: Մեզանից յուրաքանչյուրի սրբազան պարտավորությունն է՝ ծառայել Երկնային Հոր զավակներին վարագույրի երկու կողմերում և օգնել նրանց գիտակցել իրենց մեծ արժեքը:

Օգնեք նրանց տեսնել իրենց արժեքը:

Ես առաջարկում եմ ձեզ կապ հաստատել նրանց հետ, ովքեր ձեր կյանքի մասն են կազմել և, հնարավոր է, որոշ ժամանակ մոռացության են մատնվել: Կապվեք նրանց հետ, ովքեր լքել են ուխտի ճանապարհը: Սպասավորեք նրանց, ովքեր Քրիստոսանման սիրո կարիք ունեն: Կապվեք վարագույրի մյուս կողմում գտնվող մարդկանց հետ տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքի միջոցով: Օգնեք ուրիշներին զգալ Աստծո սերը ձեր միջոցով:

Նա նաև ինձ ասաց, որ նրա ավագ դուստրը դեռևս Եկեղեցու անդամ է: Ես անմիջապես կապվեցի այդ կնոջ հետ տեսազրույցի միջոցով: Նա ծանոթացրեց ինձ իր չորս գեղեցիկ զավակների հետ և ասաց, որ այդ երեկո նա ընթրիքի էր հրավիրել լիաժամկետ միսիոներների: Ինչպիսի՜ օրհնություն էր իմանալ, որ նա դեռևս Եկեղեցու հավատարիմ անդամ է:

Ինչպես խոստացել էինք, իմ թանկագին բելգիացի ընկերը և ես չորս ամիս խոսում էինք ամեն կիրակի։ Ես նրան հրավիրեցի ներբեռնել Ավետարանի Գրադարան հավելվածը։ Տեղի ճյուղի նախագահը տեղյակ էր նրա մասին, լիաժամկետ միսիոներները այցելեցին և տվեցին քահանայության օրհնություն։ Հաջորդ շաբաթ՝ 30 տարիներ անց առաջին անգամ, նա մասնակցեց հաղորդության ժողովին։ Վերջին անգամ, երբ խոսեցինք, նա լցված էր ուրախությամբ, որ վերամիացել էր Հիսուս Քրիստոսի Եկեղեցուն։

Նրան այցելելիս ես որոշ չափով հասկացա հետևյալ սուրբ գրության միտքը. «Եվ արդ, եթե ձեր ուրախությունը մեծ կլինի հոգու հետ, որին դուք բերել եք ինձ մոտ իմ Հոր արքայություն, որքան մեծ կլինի ձեր ուրախությունը, եթե դուք շատ հոգիներ բերեք ինձ մոտ»: (Վարդապետություն և Ուխտեր 18.16):

Յուրաքանչյուր հոգու արժեքը մեծ է:

Հղումներ

  1. Ռասսել Մ․ Նելսոն, «Մենք կարող ենք ավելի լավ գործել և ավելի լավը լինել», Լիահոնա, մայիս, 2019թ․, 67։

  2. Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Միսիոներական աշխատանք. կիսեք այն, ինչ կա Ձեր սրտում», Լիահոնա, մայիս 2019, 17։

  3. Եկեղեցու նախագահների ուսմունքները. Վիլֆորդ Վուդրոֆ (2004), 191:

  4. Դեյլ Գ. Ռենլանդ, «Ընտանեկան պատմություն և տաճարային աշխատանք. կնքում և բժշկում», Լիահոնա, մայիս 2018, 49

Վեր բարձրացրեք կախված ձեռքերը, Ջ. Կիրկ Ռիչարդս

«Մարդկանց դարձի բերելը ձեր աշխատանքը չէ։ Դա Սուրբ Հոգու դերն է։ Ձեր դերն այն է, որ կիսվեք նրանով, ինչ կա ձեր սրտում և կայուն ապրեք ձեր հավատքում»։

Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆ

Lux Condivis (Փոխադարձ լույս) Ջ. Կիրկ Ռիչարդս

Մեզանից յուրաքանչյուրի սրբազան պարտավորությունն է ծառայել Երկնային Հոր զավակներին վարագույրի երկու կողմերում:

Բժշկում, Ջ. Կիրկ Ռիչարդս

Տպել