2021
Օգնել երեխաներին պատրաստվել մկրտությանը
Հունվար 2021


Օգնել երեխաներին պատրաստվել մկրտությանը

Մենք կարող ենք աղոթքի միջոցով, նպատակաուղղված և համբերությամբ օգնել մեր երեխաներին բռնել ուխտի ճանապարհը:

Նկար
image showing a family, baptism, and confirmation

Նկարները` Բրայան Բիչի

Մկրտված և հաստատված լինելը ոգևորիչ փուլ է երեխաների համար: Թեպետ շատերն են անհամբեր սպասում են այդ արարողություններին, սակայն բազմաթիվ երեխաներ կարող են նաև անհանգստություն կամ վախ զգալ:

Որպես Եկեղեցու Ընկեր մանկական ամսագրի գրող հեղինակ, ես բազմաթիվ պատմություններ եմ լսել երեխաների մասին, ովքեր վախենում են, որ պատրաստ չեն այդ ուխտին: Ոմանք անհանգստանում են, որ իրենց վկայությունը բավականաչափ հզոր չէ: Ոմանք վախենում են ջրից: Ոմանց էլ ճնշում է կատարյալ լինելու գաղափարը:

Ահա մի քանի եղանակ, թե ինչպես կարող եք ձեր երեխային օգնել իրեն պատրաստված և վստահ զգալ, որպեսզի հաջորդ քայլը կատարի ուխտի ճանապարհին:

Նպատակաուղղված ուսուցում

Մկրտությունը կարող է հեշտ մի բան թվալ, երբ մտածում ես, որ այն պարզապես անցման ծես է կամ ուղղակի մի բան, որը կատարվում է ձեր երեխայի հետ, երբ նա դառնում է ութ տարեկան: Բայց իրականում մկրտությունը սրբազան ընտրություն է, ինչը նշանակում է, որ երեխաները պետք է հասկանան, թե ինչու է այն կարևոր: Նպատակաուղղված ուսուցումը կարող է նրանց մկրտությունը դարձնել ավելի իմաստալի (և ավելի քիչ վախեցնող): Ուսուցանեք նրանց, ինչպես կուսուցանեք ցանկացած մարդու, ով սովորում է Եկեղեցու մասին մկրտությունից առաջ։

Մեզ համար կարևոր է ուսուցանել երեխաներին այն ուխտերի մասին, որոնք նրանք կապելու են մկրտվելիս: Եվ լավ լուրն այն է, որ դա մի բան է, որը մենք պարտավոր չենք անել մեկ օրում կամ մեկ շաբաթում: Ավետարանի կանոնավոր տնային ուսումնասիրությունը ձեր երեխային մկրտության պատրաստելու լավագույն ձևն է: Սակայն կան բաներ, որոնց վրա պետք է հատկապես կենտրոնանալ ձեր երեխայի մկրտությանը պատրաստվելիս.

  • Պարզ խոսքերով քննարկեք, թե ինչու է մկրտվել նշանակում խոստանալ հետևել Հիսուս Քրիստոսին:

  • Կարդացեք մկրտության մասին սուրբ գրություններում, օրինակ՝ Մոսիա 18.8-10 հատվածներում: Բացատրեք հատվածները, այնպես որ ձեր երեխան հասկանա և կարողանա մեկ ուրիշին ուսուցանել սովորած գաղափարները: Օրինակ՝ վերջերս մկրտված մի աղջիկ Հավայիում (ԱՄՆ), նկարագրեց «հոժար լինել կրել մեկը մյուսի բեռը» հատվածը որպես՝ «օգնիր բոլորին ամեն անգամ, երբ նրանք դրա կարիքն ունեն»:

  • Անպայման խոսեք նրանց հետ Սուրբ Հոգու պարգևի մասին և կիսվեք այն փորձառություններով, որոնք դուք ունեցել եք, երբ Սուրբ Հոգին օրհնել է ձեր կյանքը:

Որոշ երեխաներ կարող են անհանգստանալ մկրտության մասին մտածելիս՝ կարծելով, թե չունեն բավականաչափ հզոր վկայություն: Օգնեք ձեր երեխաներին հիշել այն լավ զգացմունքները, որոնք նրանք ունեցել են լավ բան անելիս, Երեխաների միությունում երգելիս կամ ավետարանի մասին խոսելիս: Քաջալերեք նրանց մտածել, թե որտեղից գիտեն, որ Երկնային Հայրը սիրում է իրենց: Բացատրեք, որ այդ բոլորը վկայության սկիզբն է, և նրանց վկայությունն աճելու է ժամանակի ընթացքում՝ ամեն մի նոր լավ ընտրության արդյունքում:

Ցույց տվեք, թե ինչ է պետք ակնկալել

Եթե ձեր երեխային անհանգստացնում է մկրտության արարողությունը, կամ նույնիսկ եթե դա այդպես չէ, կարող է օգտակար լինել ակնկալիքների մասին խոսելը: Նախ՝ նախապատրաստեք նրանց եպիսկոպոսի կամ ճյուղի նախագահի հետ հարցազրույցին: Օգնելով նրանց պատասխանել հետևյալ հարցերին. «Ինչո՞ւ է մկրտությունը կարևոր» և «Ի՞նչ է նշանակում Քրիստոսի անունը ձեր վրա վերցնելը», դուք կնախապատրաստեք նրանց այդ քննարկմանը: Օգնեք ձեր երեխային հասկանալ, որ եպիսկոպոսը լինելու է այնտեղ՝ նրանց օգնելու, այլ ոչ թե քննելու կամ դժվարին կացության մեջ դնելու համար: Եվ հիշեք, որ, ցանկության դեպքում, դուք միշտ կարող եք ուղեկցել ձեր երեխային հարցազրույցի:

Մյուս բանը, որին դուք պետք է պատրաստեք ձեր երեխային, այն է, թե ինչ է նրան ֆիզիկապես սպասվում մկրտության օրը: Ցույց տվեք, թե նրանք ինչպես պետք է կանգնեն մկրտության ավազանի մոտ: Կարող եք նույնիսկ հրավիրել այն քահանայություն կրողին, ով մկրտելու է ձեր երեխային՝ ջրից դուրս գալու ֆիզիկական շարժումները փորձելու համար, որպեսզի ձեր երեխան իմանա, թե ինչ է մարդ զգում, երբ նրան ընկղմում են ջրի մեջ և դուրս հանում ջրից: Բացատրեք, թե ինչ է տեղի ունենալու հաստատման ժամանակ:

Եթե ձեր երեխան վախենում է սուզվել ջրի տակ, աղոթքի միջոցով մտածեք, թե ինչպես կարող եք օգնել նրան հաղթահարել այդ վախը մինչև մկրտության օրը: Օրինակ՝ դուք և ձեր երեխան կարող եք դիտել, թե ինչպես է մկրտվում մեկ ուրիշը, տեսնելով, թե որքան կարճ ժամանակ է նա անցկացնում ջրի տակ: Դուք նաև կարող եք փորձել միասին փակել ձեր քիթը և մի քանի անգամ մի քանի վայրկյանով ջրի մեջ ընկղմել ձեր դեմքը: Դուք կարող եք նաև խորհուրդ հարցնել ձեր տարածաշրջանում գործող լողի մարզիչից: Ինչ էլ անեք, արեք սիրով և համբերատարությամբ:

Երեխան որքան ավելի տեղյակ լինի մկրտության ֆիզիկական նրբությունների մասին, այնքան նրա համար ավելի հեշտ կլինի թուլանալ և կենտրոնանալ ուխտի հոգևոր կողմի վրա:

Կենտրոնացեք առաջընթացի, ոչ թե կատարելության վրա

Երբեմն, գուցե այն պատճառով, որ մենք հաճախ ենք խոսում մկրտության մաքրագործող երևույթի մասին, երեխաները կարող են մտածել, որ իրենք պարտավոր են կատարյալ լինել արարողությունից հետո: Ընկեր ամսագրում ամենահաճախ հանդիպող պատմությունը երեխաների խուճապն է, երբ նրանք առաջին անգամ սխալ են գործում մկրտությունից հետո: Երբ հանկարծ նրանք վիճում են եղբոր կամ քրոջ հետ կամ մոռանում որևէ տնային գործ անել, նրանց թվում է, որ իրենք առհավետ կործանեցին լավ զգացմունքները:

Որպես ծնողներ և ղեկավարներ մենք պետք է օգնենք նրանց հասկանալ ապաշխարության սկզբունքը: Հասկացրեք ձեր երեխաներին, որ սխալներն ընդունելը և դրանցից դաս քաղելը օգնում է մեզ սովորել և աճել երկրի վրա: Արդյոք նրանք գիտե՞ն, որ կարող են յուրաքանչյուր պահի աղոթել ներման համար: Եվ երբ ամեն շաբաթ նրանք վերցնում են հաղորդությունը, նրանք վերականգնում են մկրտության ժամանակ կապած ուխտերը: Վկայեք, որ ապաշխարելու հնարավորությունն օրհնություն է և պարգև: Մկրտությունը չի նշանակում դառնալ կատարյալ հենց հիմա, այլ՝ բռնել ուխտի ճանապարհը և օրեցօր քայլեր ձեռնարկել Հիսուս Քրիստոսին ավելի նման դառնալու համար:

Նկար
various people in front of a temple

Գեղեցիկ սկիզբ

Մենք կարող ենք այնպես անել, որ մկրտությունն ու հաստատումը որպես նպատակակետ տեսնելու փոխարեն, երեխաները վերաբերվեն դրանց որպես գեղեցիկ սկիզբ մի նոր կյանքի՝ Հիսուս Քրիստոսի ուխտյալ աշակերտի կարգավիճակում: Անկախ նրանից, թե ինչ է զգում ձեր երեխան՝ ոգևորություն, անհանգստություն, թե երկուսն էլ, դուք պետք է վստահ լինեք, որ նա միայնակ չի անցնելու այդ ճանապարհը: Աղոթքով, նպատակաուղղվածությամբ և համբերությամբ մենք կարող ենք օգնել մեր երեխաներին ուրախությամբ կատարել դեպի իրենց երկնային տուն տանող այս առաջին քայլը:

Տպել