2021
Գերագույն համաժողով. Եկեղեցու համաշխարհային ժողով
Սեպտեմբեր/հոկտեմբեր 2021


«Գերագույն համաժողով. Եկեղեցու համաշխարհային ժողով», Լիահոնա, Սեպտեմբեր/Հոկտեմբեր 2021

Ավետարանի հիմունքները

Գերագույն համաժողով. Եկեղեցու համաշխարհային ժողով

Գերագույն համաժողովի ժամանակ մենք լսում ենք մարգարեին և Եկեղեցու այլ ղեկավարներին։ Նրանք մեզ սովորեցնում են այն, ինչ Աստված է ցանկանում, որ մենք լսենք:

Նկար
մարդիկ հավաքվեցին համաժողովների կենտրոնի ներսում՝ գերագույն համաժողովի համար

Ամեն տարվա ապրիլ և հոկտեմբեր ամիսներին Եկեղեցին անցկացնում է մի շարք ժողովներ, որոնք կոչվում են գերագույն համաժողովներ: Ղեկավարներն ուսուցանում և վկայում են Հիսուս Քրիստոսի մասին և ուսուցանում են Նրա ավետարանը: Գերագույն համաժողովն անցկացվում է Սոլթ Լեյք Սիթիում (Յուտա) և հեռարձակվում է ամբողջ աշխարհում՝ 90 լեզուներով: Բոլոր անդամները և ցանկացած այլ հետաքրքրված անձիք հրավիրվում են ունկնդրելու ելույթները:

Եկեղեցու առաջին համաժողովները

Նկար
Եկեղեցու կազմակերպման համար հավաքված մարդկանց պատկերումը

Եկեղեցին պաշտոնապես կազմավորվեց 1830 թվականի ապրիլի 6-ի ժողովի ընթացքում (տես Վարդապետություն և Ուխտեր 20): Առաջին գերագույն համաժողովը անցկացվեց 1830 թ. հունիսի 9-ին: Այդ ժամանակից ի վեր Եկեղեցու նախագահի ղեկավարությամբ անցկացվել են գերագույն համաժողովներ, որտեղ անդամները կարող էին հավաքվել: 1840-ականներին ղեկավարները տարին երկու անգամ սկսեցին համաժողով անցկացնել:

Ինչպե՞ս են անցկացվում համաժողովներն այսօր

Առաջին Նախագահությունը, Տասներկու Առաքյալների Քվորումը և Եկեղեցու այլ ղեկավարներ ելույթ են ունենում գերագույն համաժողովի ժամանակ: Տաճարային հրապարակի Թաբերնաքլ երգչախումբը և Եկեղեցու այլ երգչախմբեր ապահովում են երաժշտությունը: Յուրաքանչյուր համաժողով ունի հինգ նիստ. երեքը՝ շաբաթ օրը, և երկուսը՝ կիրակի օրը:

Ղեկավարների ուսմունքները

Նկար
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը խոսում է գերագույն համաժողովին

Համաժողովից ամիսներ առաջ Եկեղեցու ղեկավարներն աղոթում են այն մասին, թե ինչ ուսուցանել: Տերը ոգեշնչում է նրանց, թե ինչ պետք է ասեն: Նրանք ուսուցանում են ավետարանի ճշմարտություններ և հրավիրում մեզ պահել Աստծո պատվիրանները: Նրանք նաև վկայում են Հիսուս Քրիստոսի մասին և խրախուսում մեզ հետևել Նրան:

Սովորելով համաժողովից

Գերագույն համաժողովից առաջ մենք կարող ենք աղոթել, որ լսենք այն, ինչ Տերն է ուզում, որ մենք սովորենք: Երբ մենք լսում ենք ելույթները, Հոգին սովորեցնում է մեզ այն, ինչ մենք պետք է իմանանք: Համաժողովից հետո ելույթները հայտնվում են ChurchofJesusChrist.org-ում, Gospel Library հավելվածում և Լիահոնայում: Մենք կարող ենք աղոթքով ուսումնասիրել ելույթները՝ Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին ավելին իմանալու համար:

Սուրբ գրություններից

Հիսուս Քրիստոսը սովորեցրեց, որ մենք պետք է հաճախ հանդիպենք միասին (տես 3 Նեփի 18.22):

Երբ Եկեղեցու անդամները միասին երկրպագեն, Տերը նրանց հետ կլինի (տես Մատթեոս 18.20):

Տերը պատվիրեց Եկեղեցու անդամներին՝ «հրահանգե[լ] և շենացնե[լ] միմյանց» (Վարդապետություն և Ուխտեր 43.8):

Քանի որ Եկեղեցու անդամները հավատարիմ են և հավատք են գործադրում Քրիստոսի հանդեպ, Նրա Հոգին նրանց հետ կլինի, երբ նրանք հավաքվեն (տես Վարդապետություն և Ուխտեր 44.2):

Տպել