2022
Ինչպե՞ս են անցնում եկեղեցու կիրակնօրյա ժողովները
Հունիս 2022


«Ինչպե՞ս են անցնում եկեղեցու կիրակնօրյա ժողովները», Լիահոնա, հունիս 2022

Լիահոնայի ամենամսյա ուղերձ, հունիս 2022

Ինչպե՞ս են անցնում եկեղեցու կիրակնօրյա ժողովները

Նկար
գրկախառնված երկու կին

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամները ամեն կիրակի հավաքվում են՝ Աստծուն երկրպագելու և միմյանց Հիսուս Քրիստոսի ավետարանն ուսուցանելու համար: Բոլորը կարող են գալ, իսկ անդամներն, ըստ ցանկության, հնարավորություն կունենան աղոթելու, ելույթ ունենալու և դասեր վարելու: Այս ժողովներն օգնում են անդամներին զորացնել միմյանց հավատքը և «միավորել իրենց սրտերը միությամբ ու սիրով» (Մոսիա 18.21

Նկար
հաշմանդամի սայլակով տղան բաժանում է հաղորդությունը

Հաղորդության ժողով

Ծխի կամ ճյուղի անդամները ամեն կիրակի հավաքվում են հաղորդության ժողովին։ (Նրանք, ովքեր մեր հավատքից չեն, նույնպես կարող են մասնակցել)։ Այս ժողովի ժամանակ անդամներին հաղորդություն է բաժանվում՝ օգնելով նրանց հիշել Հիսուս Քրիստոսին (հաղորդության համար ավելին իմանալու համար տես Ավետարանի հիմունքների հոդված, ապրիլ 2022)։ Ժողովը ներառում է նաև աղոթքներ, հոգևոր երաժշտություն և ելույթներ անդամների կողմից՝ Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին:

Նկար
ժպտացող աղջիկները՝ եկեղեցում

Այլ ժողովներ

Հաղորդության ժողովից հետո անդամները բաժանվում են դասարանների և քվորումների: 18 ամսականից մինչև 11 տարեկան երեխաները հաճախում են Երեխաների միություն: Յուրաքանչյուր ամսվա առաջին և երրորդ կիրակի օրերին բոլոր մյուս անդամները հաճախում են Կիրակնօրյա դպրոց: Երկրորդ և չորրորդ կիրակիները նրանք հաճախում են Սփոփող միության, Երիտասարդ կանանց կամ Քահանայության քվորումի ժողովներին:

Աղոթքներ

Եկեղեցու ժողովներում աղոթքներն ասում են անդամները։ Դրանք պարզ աղոթքներ են և ասվում են Սուրբ Հոգու առաջնորդությամբ։ Անդամներն աղոթում են՝ օգտագործելով բառեր, որոնք արտահայտում են սեր և հարգանք Երկնային Հոր հանդեպ: Դա ներառում է այնպիսի դերանուններ, ինչպիսիք են Քեզ, Քո և Դու։

Ելույթներ

Եպիսկոպոսության կամ ճյուղի նախագահության անդամը խնդրում է անդամներին ելույթ ունենալ հաղորդության ժողովի ժամանակ։ Այդ ելույթները կենտրոնանում են Հիսուս Քրիստոսի ավետարանի վրա: Ելույթ ունեցողներն իրենց ելույթները պատրաստում են՝ օգտագործելով սուրբ գրությունները և եկեղեցու ղեկավարների խոսքերը: Նրանք նաև վկայում են ավետարանի սկզբունքներից ստացած օրհնությունների մասին։

Դասեր

Հաղորդության ժողովից հետո անդամներն ուսումնասիրում են ավետարանը փոքր դասարաններում: Դասերը կարող են լինել սուրբ գրությունների, գերագույն համաժողովից ստացած ուսմունքների կամ այլ թեմաների մասին: Թեև ուսուցիչն է վարում դասը, սակայն դա դասախոսություն չէ։ Դասարանի բոլոր անդամները կարող են կիսվել իրենց մտքերով թեմայի վերաբերյալ:

Նկար
եկեղեցում ամբիոնից խոսող տղամարդը

Վկայություն

Ամիսը մեկ անգամ հաղորդության ժողովը ներառում է նաև վկայության ժողով: Սովորաբար, դա ամսվա առաջին կիրակին է։ Այս ժողովի ժամանակ անդամները կարող են բերել իրենց վկայությունները Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին: Վկայություն տալ նշանակում է խոսել ավետարանի ճշմարտությունների մասին՝ ոգեշնչված Սուրբ Հոգուց։

Նախապատրաստություն

Անդամները պատրաստվում են կիրակնօրյա ժողովներին՝ աղոթելով, ուսումնասիրելով սուրբ գրությունները և պատրաստ լինելով ոգեշնչում ստանալ Սուրբ Հոգուց: Եթե ձեզ խնդրեն ելույթ ունենալ կամ դաս վարել, աղոթքով մտածեք, թե ինչպես կարող եք ուսուցանել ավետարանի սկզբունքները: Օգտագործեք սուրբ գրությունները: Վկայեք ճշմարտության մասին: Անհրաժեշտության դեպքում եկեղեցու ձեր ղեկավարները կօգնեն ձեզ պատրաստվել։

Տպել