«Եղբայր Մայքլ Թ. Նելսոն», Լիահոնա, մայիս 2023թ.:
Եղբայր Մայքլ Թ. Նելսոն
Երիտասարդ տղամարդկանց գերագույն նախագահության երկրորդ խորհրդական
Եղբայր Մայքլ Թ. Նելսոնի համար միսիայի նախագահ լինելը հաստատեց, որ աճող սերնդին ճիշտ սկզբունքներ ուսուցանելը և ապա վստահելը լավագույն արդյունքներն է տալիս՝ թե միսիոներական աշխատանքի, թե առանձին միսիոներների կյանքում:
«Ամենից կարևորը վստահությունն է: Մենք սովորեցինք վստահել նրանց», - ասաց նա Կալիֆորնիայի Սան Բերնարդինո միսիայում լիաժամկետ միսիոներների հետ աշխատելու մասին, որտեղ Նելսոնները ծառայել են որպես միսիայի ղեկավարներ 1998-2001 թվականներին:
Եղբայր Նելսոնն ասում է, որ սովորելը և երիտասարդներին առաջնորդելու հնարավորություն տալը մնացել է իր Եկեղեցու ծառայության անբաժանելի մասը և կշարունակի լինել Երիտասարդ տղամարդկանց գերագույն նախագահությունում իր նոր կոչման մեջ: Վերջին երեք տարիների ընթացքում եղբայր Նելսոնը ծառայել է որպես Երիտասարդ տղամարդկանց գերագույն նախագահության գործադիր քարտուղար: Նախկինում երկու տարի նա ծառայել է որպես Երիտասարդ տղամարդկանց ընդհանուր խորհրդատվական խորհրդի անդամ:
Մայքլ Թերի Նելսոնը ծնվել է 1956թ. հունիսի 10-ին Սոլթ Լեյք Սիթիում (Յուտա, ԱՄՆ), Մոնտե Քենոնի և Վիոլա Էլիզա Նելսոնի ընտանիքում և մեծացել Սոլթ Լեյքի տարածքում: Չիլի Սանտյագո միսիայում ծառայելուց հետո նա կազմակերպչական հաղորդակցություններ է սովորել Բրիգամ Յանգ համալսարանում և Յուտայի համալսարանում: 1982 թվականին նա ամուսնացել է Բարբարա Ֆլուկիգերի հետ Ջորդան Ռիվեր տաճարում: Նելսոններն ապրում էին Սենդիում (Յուտա)՝ նախքան Ուոլսբուրգ (Յուտա) տեղափոխվելը: Նրանք ունեն ինը երեխա։
Եղբայր Նելսոնը առևտրային և բնակելի անշարժ գույքի և ներդրումային ընկերության ֆինանսական տնօրեն է: Նելսոնները, ներառյալ տանը ապրող երկու երեխաները, նաև ունեն փոքր ֆերմա իրենց սեփական տան տարածքում: Ակտիվ լինելը և դրսում ժամանակ անցկացնելը պետք է կարևոր լինի Եկեղեցու երիտասարդների համար, ասում է եղբայր Նելսոնը, ինչպես որ դա եղել է իր ընտանիքի համար:
Եղբայր Նելսոնը ծառայել է որպես ցցի նախագահ, ցցի նախագահության խորհրդական, ցցի գործադիր քարտուղար, եպիսկոպոս և ծխի ու ցցի Երիտասարդ տղամարդկանց նախագահ: 1997թ.-ին նա օգնեց դրամահավաքին, գրանցմանը և նյութատեխնիկական ապահովմանը 150-ամյա գնացքի համար, որը վերարտադրեց առաջին ընկերության ճամփորդությունը դեպի Սոլթ Լեյքի հովիտ: