Միջազգային երգիչները միանում են Թաբերնաքլ երգչախմբին համաժողովի համար
Առաջին անգամ Միացյալ Նահանգներից դուրս ապրող մասնակիցները միացան Թաբերնաքլ երգչախմբին Տաճարային հրապարակում գերագույն համաժողովի ժամանակ:
Երգչախումբը վերջերս ընդլայնել է իր առաքելությունը՝ հասնելով համաշխարհային լսարանին, ասել է երգչախմբի նախագահ Մայքլ Օ. Լևիթը, որը փորձնական ծրագիրը նկարագրում է որպես երգչախմբի աճի բնական առաջընթաց: «Երգչախումբն աճում է մեր իմացած միակ ձևով, որը քայլ առ քայլ է՝ սովորել, կատարելագործվել և Տիրոջից ավելի շատ առաջնորդություն խնդրել», - ասաց նա: «Ամեն քայլից հետո ավելի պարզ է դառնում, որ դա կարող է տեղի ունենալ»:
Երգչախմբի փորձերի խիտ ժամանակացույցի պատճառով երգչախմբի անդամներից պահանջվում է բնակվել Սոլթ Լեյք Սիթիի պատմական Թաբերնաքլից 100 մղոնի (160 կմ) սահմաններում: Այնուամենայնիվ, Եղբայր Լևիթն ասաց, որ փորձնական ծրագիրը դուռ է բացում բացառիկ երաժշտական ունակություններ ունեցող ուրիշ երգիչների համար՝ նույնպես ժամանակավոր հիմունքներով ներգրավվելու երգչախմբում:
Իրենց վոկալ կարողությունների հետ մեկտեղ միջազգային մասնակիցներից պահանջվում էր ընտրության ընթացքում ցուցադրել երաժշտության տեսության և անգլերենի իմացություն:
Երգչախմբի հետ երգելու համար ընտրված կատարողները եկել են վեց երկրներից.
-
Ալվարո Խորխե Մարտինս՝ Նատալից (Բրազիլիա)
-
Ռոդրիգո Դոմարեցկի՝ Կուրիտիբայից (Բրազիլիա), բարիտոն
-
Թալիտա Դե Կարվալյո՝ Սան Պաուլոյից (Բրազիլիա), երկրորդ սոպրանո
-
Տուբո-Օրերիբա Ջոզեֆ Էլիշա՝ Աքրայից (Գանա), տենոր
-
Ջոնաթան Հաու՝ Կուալա Լումպուրից (Մալազիա), երկրորդ տենոր
-
Դենիս Էլորզա Ավալոս՝ Տիխուանայից, (Մեքսիկա), երկրորդ սոպրանո
-
Ջորջինա Մոնտեմայոր Վոնգ՝ Մոնտերեյից, (Մեքսիկա), երկրորդ սոպրանո
-
Ռոնալդ Բաա՝ Կագայան դե Օրոյից, (Ֆիլիպիններ), տենոր
-
Սունդաե Մե Ինդինո՝ Կագայան դե Օրոյից (Ֆիլիպիններ), առաջին սոպրանո
-
Պեյ-Շան Չունգ (Քայլի Ժոն)՝ Թայբեյից, (Թայվան), առաջին ալտ
Միջազգային մասնակիցները միացան երգչախմբերի փորձերին, հաճախեցին երգչախմբային դպրոց, այցելեցին Եկեղեցու մի քանի պատմական վայրեր և շրջեցին Եկեղեցու Բարօրության հրապարակում, Տաճարային հրապարակում և Եպիսկոպոսների կենտրոնական պահեստում:
Գերագույն համաժողովի ավարտին Յուտայում գտնվող երգչախմբի անդամները այցելու-մասնակիցների համար կատարեցին «Տերն ընդ ձեզ, մինչև նոր հանդիպում» հիմնը՝ որպես հրաժեշտի երգ:
Նախագահող եպիսկոպոս Ժերալդ Կոսեն իր սերն ու երախտագիտությունը հայտնեց համաշխարհային մասնակիցներին։ «Հուսով եմ, որ երբ վերադառնաք ձեր երկիր, դուք կվկայեք այս փորձառության մասին, և երգիչների նոր սերունդ կբարձրացնեք ամենուր՝ ամբողջ աշխարհում», - ասաց նա:
Երկշաբաթյա փորձառությունն օգնեց մասնակիցներին ավելի մեծ կապի և միասնության զգացում զարգացնել Եկեղեցու համայնքի հետ: «Մենք շատ ժամանակ անցկացրինք Եկեղեցու երաժշտության բաժնի հետ: Նրանց հանդիպելիս ես իսկապես զգացի, որ Եկեղեցու ղեկավարները հույս ունեն, որ Վերջին Օրերի Սրբերն ամբողջ աշխարհում կարող են ավելի խոր հոգևոր փորձառություն ունենալ երաժշտության միջոցով», - ասաց Պեյ-Շան Չունգը: