Հավերժական ճշմարտություն
Ճշմարտությունը ճանաչելու մեր կարիքը երբեք ավելի կարևոր չի եղել։
Եղբայրներ և քույրեր, շնորհակալություն Հայր Աստծո և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր նվիրվածության համար և շնորհակալություն միմյանց հանդեպ ձեր սիրո և ծառայության համար։ Դուք իսկապես հիասքանչ եք։
Նախաբան
Երբ ես և կինս՝ Աննան, որպես լիաժամկետ միսիայի ղեկավարներ ծառայելու կանչ ստացանք, մեր ընտանիքը որոշեց սովորել յուրաքանչյուր միսիոների անունը նախքան այնտեղ հասնելը։ Մենք ձեռք բերեցինք լուսանկարներ, ստեղծեցինք քարտեր և սկսեցինք ուսումնասիրել դեմքերը, ապա անգիր անել անունները։
Երբ տեղ հասանք, միսիոներների հետ նախնական հանդիպումներ անցկացրինք։ Մինչ մենք զրուցում էինք, ես լսեցի մեր ինը տարեկան որդու ձայնը․
«Ուրախ եմ ծանոթության համար, Սեմ»։
«Որտեղի՞ց եք դուք, Ռեյչլ»։
«Օհ, Դեյվիդ, ինչ բարձրահասակ եք»։
Անհանգստացած՝ ես գնացի մեր որդու մոտ և շշնջացի. «Հեյ, եկեք հիշենք միսիոներներին կոչել երեց կամ քույր»։
Նա տարակուսած հայացքով նայեց ինձ և ասաց․ «Հայրիկ, ես կարծում էի, որ մենք պետք է անգիր սովորեինք նրանց անունները»։ Մեր որդին արեց այն, ինչը ճիշտ էր համարում՝ ելնելով իր հասկացողությունից։
Այսպիսով, ինչպիսի՞ն է ճշմարտության մեր ըմբռնումը այսօրվա աշխարհում։ Մենք անընդհատ ռմբակոծվում ենք ուժեղ կարծիքներով, կողմնակալ հաշվետվություններով և թերի տվյալներով։ Միևնույն ժամանակ, այդ տեղեկատվության ծավալն ու աղբյուրները բազմազան են դառնում։ Ճշմարտությունը ճանաչելու մեր կարիքը երբեք ավելի կարևոր չի եղել։
Ճշմարտությունը մեզ համար կարևոր է Աստծո հետ հարաբերություններ հաստատելու և ամրապնդելու, խաղաղություն և ուրախություն գտնելու և մեր աստվածային ներուժին հասնելու համար։ Այսօր եկեք խորհենք հետևյալ հարցերի շուրջ․
-
Ի՞նչ է ճշմարտությունը և ինչո՞ւ է այն կարևոր։
-
Ինչպե՞ս ենք մենք գտնում ճշմարտությունը։
-
Երբ մենք գտնում ենք ճշմարտությունը, ինչպե՞ս կարող ենք կիսվել դրանով։
Ճշմարտությունը հավերժ է
Սուրբ գրություններում Տերն ուսուցանել է մեզ, որ «ճշմարտությունը գիտություն է բաների մասին, ինչպես որ կան, և ինչպես որ կային, և ինչպես որ կլինեն» (Վարդապետություն եվ Ուխտեր 93․24)։ Այն «չի ստեղծվել կամ արարվել» (Վարդապետություն և Ուխտեր 93․29) և «չունի վերջ» (Վարդապետություն և Ուխտեր 88․66)։1 Ճշմարտությունը բացարձակ է, հաստատուն և անփոփոխ։ Այլ կերպ ասած՝ ճշմարտությունը հավերժ է։2
Ճշմարտությունն օգնում է մեզ խուսափել խաբեությունից,3 տարբերել բարին չարից,4 լինել պաշտպանված5 և գտնել մխիթարություն ու բժշկում։6 Ճշմարտությունը կարող է նաև առաջնորդել մեր գործողությունները,7 ազատել մեզ,8 սրբագործել մեզ9 և տանել դեպի հավերժական կյանք։10
Աստված հայտնում է հավերժական ճշմարտությունը
Աստված բացահայտում է մեզ հավերժական ճշմարտությունը հայտնությունների շղթայի միջոցով՝ ներառելով Իրեն, Հիսուս Քրիստոսին, Սուրբ Հոգուն, մարգարեներին և մեզ։ Թույլ տվեք քննարկել հստակ, միևնույն ժամանակ փոխկապակցված դերերը, որոնք այս գործընթացում խաղում են մասնակիցներից յուրաքանչյուրը։
Առաջինը՝ Աստված է բոլոր ճշմարտությունների աղբյուրը։11 Նա և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը,12 կատարելապես հասկանում են ճշմարտությունը և միշտ գործում են ճշմարիտ սկզբունքներին ու օրենքներին ներդաշնակ։13 Այս ուժը թույլ է տալիս Նրանց ստեղծել և կառավարել աշխարհներ,14 ինչպես նաև մեզանից յուրաքանչյուրին կատարելապես սիրել, առաջնորդել և ուսուցանել։15 Նրանք ցանկանում են, որ մենք հասկանանք և կիրառենք ճշմարտությունը, որպեսզի մենք կարողանանք վայելել օրհնությունները, որոնք Նրանք տալիս են։16 Նրանք կարող են ճշմարտությունը փոխանցել անձամբ կամ ավելի հավանական է՝ սուրհանդակների միջոցով, ինչպիսիք են՝ Սուրբ Հոգին, հրեշտակները կամ ապրող մարգարեները։
Երկրորդը, Սուրբ Հոգին վկայում է ողջ ճշմարտության մասին։17 Նա ուղղակիորեն հայտնում է մեզ ճշմարտությունը և վկայում ուրիշների կողմից ուսուցանված ճշմարտության մասին։ Հոգուց եկող ոգեշնչումները սովորաբար տրվում են որպես մտքեր և մեր սիրտը լցնող զգացմունքներ։18
Երրորդը, մարգարեները ճշմարտությունը ստանում են Աստծուց և այդ ճշմարտությամբ կիսվում են մեզ հետ։19 Մենք ճշմարտությունը սովորում ենք անցյալի մարգարեներից՝ սուրբ գրությունների միջոցով20 և ապրող մարգարեներից՝ գերագույն համաժողովի և այլ պաշտոնական աղբյուրների միջոցով։
Ի վերջո, ես և դուք վճռորոշ դեր ենք խաղում այս գործընթացում։ Աստված ակնկալում է, որ մենք փնտրենք, ճանաչենք և կիրառենք ճշմարտությունը։ Ճշմարտությունը ստանալու և կիրառելու մեր կարողությունը կախված է Հոր և Որդու հետ մեր հարաբերությունների ամրությունից, Սուրբ Հոգու ազդեցությանը մեր արձագանքից և վերջին օրերի մարգարեներին հետևելուց։
Մենք պետք է հիշենք, որ սատանան աշխատում է մեզ հետ պահել ճշմարտությունից։ Նա գիտի, որ առանց ճշմարտության մենք չենք կարող հավերժական կյանք ձեռք բերել։ Նա ճշմարտության թելերը միահյուսում է աշխարհիկ փիլիսոփայությունների հետ, որպեսզի շփոթեցնի մեզ և շեղի Աստծո հայտնածից։21
Փնտրենք, ճանաչենք և կիրառենք հավերժական ճշմարտությունը
Երբ մենք փնտրում ենք հավերժական ճշմարտություն,22 հետևյալ երկու հարցերը կարող են օգնել մեզ հասկանալ՝ արդյոք գաղափարը գալիս է Աստծուց, թե մեկ այլ աղբյուրից.
-
Արդյոք այդ գաղափարը հետևողականորեն ուսուցանվո՞ւմ է սուրբ գրություններում և կենդանի մարգարեների խոսքերում։
-
Արդյոք այդ գաղափարը հաստատվո՞ւմ է Սուրբ Հոգու վկայությամբ։
Աստված հայտնում է վարդապետական ճշմարտությունները մարգարեների միջոցով, իսկ Սուրբ Հոգին հաստատում է այդ ճշմարտությունները և օգնում է մեզ կիրառել դրանք։23 Մենք պետք է փնտրենք և պատրաստ լինենք ստանալու այդ հոգևոր տպավորությունները, երբ դրանք գան։24 Մենք առավելագույնս ընդունում ենք Հոգու վկայությունը, երբ խոնարհ ենք,25 անկեղծորեն աղոթում ենք և ուսումնասիրում Աստծո խոսքը26 և պահում Նրա պատվիրանները։27
Որևէ հատուկ ճշմարտության վերաբերյալ Սուրբ Հոգուց հաստատում ստանալուց հետո մեր հասկացողությունը խորանում է, երբ մենք սկսում ենք կիրառել այդ սկզբունքը։ Ժամանակի ընթացքում հետևողականորեն ապրելով այդ սկզբունքով՝ մենք հավաստի գիտելիք ենք ձեռք բերում այդ ճշմարտության վերաբերյալ։28
Օրինակ՝ ես սխալներ եմ թույլ տվել և զղջացել եմ վատ ընտրության համար։ Բայց աղոթքի, ուսումնասիրության և առ Հիսուս Քրիստոս հավատքի միջոցով ես վկայություն ստացա ապաշխարության սկզբունքի մասին։29 Մինչ ես շարունակել եմ ապաշխարել, ապաշխարության վերաբերյալ իմ հասկացողությունն ավելի է ամրապնդվել։ Ես ինձ ավելի մոտ եմ զգացել Աստծուն և Նրա Որդուն։ Ես այժմ գիտեմ, որ մեղքը կարող է ներվել Հիսուս Քրիստոսի միջոցով, քանի որ ես ամեն օր զգում եմ ապաշխարության օրհնությունները։30
Վստահենք Աստծուն՝ նախքան ճշմարտության բացահայտումը
Այսպիսով, ի՞նչ պետք է անենք, երբ անկեղծորեն փնտրում ենք դեռևս չբացահայտված ճշմարտությունը։ Ես մեծ կարեկցանք ունեմ նրանց հանդեպ, ովքեր ծարավ են պատասխանների, որոնք կարծես թե չեն տրվում։
Ջոզեֆ Սմիթին Տերը խորհուրդ տվեց․ «Լուռ մնա, մինչև որ ես հարմար կգտնեմ այս նյութի վերաբերյալ բոլոր բաներն … հայտնի դարձնել» (Վարդապետություն և Ուխտեր 10․37)։
Իսկ Էմմա Սմիթին Նա բացատրել է․ «Մի տրտնջա այն բաների պատճառով, որոնք դու չես տեսել, քանզի դրանք պահվում են քեզանից և աշխարհից, որն իմ իմաստությամբ է, գալիք ժամանակի համար» (Վարդապետություն և Ուխտեր 25․4)։
Ես նույնպես փնտրել եմ անկեղծ հարցերի պատասխաններ։ Շատ պատասխաններ տրվել են․ մի քանիսը՝ ոչ։31 Մինչ մենք սպասում ենք՝ վստահելով Աստծո իմաստությանը և սիրուն, պահելով Նրա պատվիրանները և ապավինելով այն ամենին, ինչը իսկապես գիտենք, Նա օգնում է մեզ խաղաղություն գտնել, մինչև Նա հայտնի բոլոր բաների ճշմարտությունը։32
Հասկանանք վարդապետությունը և օրենքը
Ճշմարտություն փնտրելիս օգտակար է հասկանալ վարդապետության և օրենքի միջև եղած տարբերությունը։ Վարդապետությունը վերաբերում է հավերժական ճշմարտություններին, ինչպիսիք են Աստվածագլխի բնույթը, փրկության ծրագիրը, Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերությունը։ Օրենքը վարդապետության կիրառումն է՝ հիմնված ներկա հանգամանքների վրա։ Օրենքներն օգնում են մեզ կանոնավոր կերպով սպասավորել Եկեղեցում։
Մինչ վարդապետությունը երբեք չի փոխվում, օրենքները ժամանակ առ ժամանակ հարմարեցվում են։ Տերն աշխատում է Իր մարգարեների միջոցով՝ պաշտպանելու Իր վարդապետությունը և փոփոխելու Եկեղեցու օրենքները՝ համաձայն Իր զավակների կարիքների։
Ցավոք, մենք երբեմն օրենքը շփոթում ենք վարդապետության հետ։ Եթե մենք չենք հասկանում տարբերությունը, մենք հիասթափության վտանգի տակ ենք, երբ օրենքներ փոխվեն, և կարող ենք մինչև անգամ կասկածի տակ դնել Աստծո իմաստությունը կամ մարգարեի դերը՝ որպես հայտնողի։33
Ուսուցանենք հավերժական ճշմարտությունը
Երբ մեզ ճշմարտություն է տրվում Աստծուց, Նա խրախուսում է մեզ ուրիշների հետ կիսվել այդ գիտելիքով։34 Մենք դա անում ենք, երբ ուսուցանում ենք, ելույթ ենք ունենում եկեղեցում, ուղղորդում ենք երեխային կամ ընկերոջ հետ քննարկում ավետարանի ճշմարտությունները։
Մեր նպատակն է ուսուցանել ճշմարտությունն այնպես, որ հրավիրի Սուրբ Հոգու դարձի բերող զորությունը։35 Թույլ տվեք կիսվել մի շարք պարզ հրավերներով Տիրոջ և Նրա մարգարեների կողմից, որոնք կարող են օգնել։36
-
Կենտրոնացեք Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի և Նրանց հիմնարար վարդապետության վրա։37
-
Հիմնվեք սուրբ գրությունների և վերջին օրերի մարգարեների ուսմունքների վրա։38
-
Ապավինեք իշխանություն ունեցող բազմաթիվ վկաների միջոցով հաստատված վարդապետությանը։39
-
Խուսափեք շահարկումներից, անձնական կարծիքներից կամ աշխարհիկ գաղափարներից։40
-
Ուսուցանեք վարդապետության մի կետը ավետարանի համապատասխան ճշմարտությունների համատեքստում։41
-
Օգտագործեք ուսուցման մեթոդներ, որոնք հրավիրում են Հոգու ազդեցությունը։42
-
Ապահովեք հստակ շփումներ՝ թյուրիմացությունից խուսափելու համար։43
Սիրով ասեք ճշմարտությունը
Իսկապես կարևոր է, թե մենք ինչպես ենք ուսուցանում ճշմարտությունը։ Պողոսը խրախուսում է մեզ խոսել՝ «սիրո մեջ ճշմարիտ լինելով» (տես Եփեսացիս 4․14-15)։ Ճշմարտությունն ունի ուրիշին օրհնելու լավագույն հնարավորությունը, երբ փոխանցվում է Քրիստոսանման սիրով։44
Առանց սիրո ուսուցանվող ճշմարտությունը կարող է առաջացնել դատապարտության, հուսալքության և միայնության զգացումներ։ Դա հաճախ առաջ է բերում զայրույթ և տարաձայնություն, նույնիսկ ընդհարում։ Մյուս կողմից, սերն առանց ճշմարտության դատարկ է և չունի աճի խոստում։
Եվ ճշմարտությունը, և սերը կարևոր են մեր հոգևոր զարգացման համար։45 Ճշմարտությունն ապահովում է վարդապետությունը, սկզբունքները և օրենքները, որոնք անհրաժեշտ են հավերժական կյանք ունենալու համար, մինչդեռ սերը անհրաժեշտ շարժառիթ է դառնում ճշմարտությունն ընդունելու և համապատասխանաբար գործելու համար։
Ես հավերժ երախտապարտ եմ նրանց, ովքեր համբերությամբ սովորեցրել են ինձ հավերժական ճշմարտությունը սիրով։
Եզրափակում
Եզրափակելով՝ թույլ տվեք կիսվել հավերժական ճշմարտություններով, որոնք խարիսխ են դարձել իմ հոգու համար։ Ես այս ճշմարտությունների մասին գիտելիք եմ ձեռք բերել՝ հետևելով այսօր քննարկված սկզբունքներին։
Ես գիտեմ, որ Աստված մեր Երկնային Հայրն է։46 Նա ամենագետ է,47 ամենազոր48 և կատարյալ սեր ունի մեր հանդեպ։49 Նա պատրաստել է մի ծրագիր մեզ համար, որ ստանանք հավերժական կյանք և դառնանք Նրա նման։50
Որպես այդ ծրագրի մաս, Նա ուղարկեց Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, որ օգնի մեզ։51 Նա սովորեցրեց մեզ կատարել Հոր կամքը52 և սիրել միմյանց։53 Նա քավեց մեր մեղքերը,54 և տվեց Իր կյանքը խաչի վրա։55 Նա մեռելներից հարություն առավ երեք օր անց։56 Քրիստոսի և Նրա շնորհի միջոցով մենք հարություն կառնենք,57 ներում կստանանք58 և ուժ կգտնենք վշտի մեջ։59
Իր երկրային ծառայության ընթացքում Հիսուսը հիմնեց Իր Եկեղեցին։60 Ժամանակի ընթացքում այդ Եկեղեցին փոխվեց, և ճշմարտությունները կորսվեցին։61 Հիսուս Քրիստոսը վերականգնեց Իր Եկեղեցին և ավետարանի ճշմարտությունները Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով։62 Եվ այսօր Քրիստոսը շարունակում է առաջնորդել Իր Եկեղեցին կենդանի մարգարեների և առաքյալների միջոցով։63
Ես գիտեմ, որ երբ մենք գանք Քրիստոսի մոտ, մենք ի վերջո կարող ենք «կատարելագործվել նրանում» (Մորոնի 10․32), ձեռք բերել «ուրախության լիությունը» (Վարդապետություն և Ուխտեր 93․33), և ստանալ «այն ամենն, ինչ Հայրն ունի» (Վարդապետություն և Ուխտեր 84․38)։ Այս հավերժական ճշմարտությունների մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։