Տեր, ուզում ենք Հիսուսին տեսնել
Մենք ուզում ենք տեսնել Հիսուսին այնպիսին, ինչպիսին Նա է և ուզում ենք զգալ Նրա սերը:
Դեմքերը չճանաչելու կուրություն
1945 թվականի գարնանային մի օր, մի երիտասարդ արթնացավ զինվորական հոսպիտալում։ Նրան բախտ էր վիճակվել ողջ մնալ. նրան կրակել էին հենց ականջի հետևից, բայց բժիշկները վիրահատել էին, և նա այժմ կարող էր նորմալ քայլել և խոսել:
Դժբախտաբար, գնդակը վնասել էր նրա ուղեղի այն հատվածը, որը ճանաչում էր դեմքերը։ Այժմ նա իր կնոջը նայում էր առանց նրան ճանաչելու․ նա անգամ չէր ճանաչում իր մորը։ Նույնիսկ հայելու մեջ իր դեմքը խորթ էր նրա համար, նա չէր կարող ասել՝ դա տղամարդ է, թե կին:1
Նա ձեռք էր բերել դեմքերը չճանաչելու կուրություն՝ մի հիվանդություն, որով տառապում են միլիոնավոր մարդիկ:2
Մարդիկ, որոնք ունեն այդ հիվանդությունը, փորձում են ճանաչել ուրիշներին՝ հիշելով որոշակի կանոններ. դստերը՝ իր պեպեններով կամ ընկերոջը՝ իր խառնաշփոթ քայլվածքով:
Մանկությունս
Ահա երկրորդ պատմությունը․ երեխա ժամանակ ես հաճախ մայրիկիս տեսնում էի մեր տան կանոնները սահմանելիս: Նա էր որոշում, թե երբ կարող եմ խաղալ և երբ պետք է գնամ քնելու կամ որն ավելի վատ էր, թե երբ պետք է բակի մոլախոտերը մաքրեի:
Նա անկասկած սիրում էր ինձ: Բայց շատ հաճախ, և ի ամոթ ինձ, ես նրան տեսնում էի միայն որպես «Մարդ, ում պետք է հնազանդվել»:
Միայն տարիներ անց ես տեսա նրան որպես իրական մարդ: Ես ամաչում եմ, որ իրականում երբեք չեմ նկատել նրա զոհաբերությունը կամ չեմ մտածել, թե նա ինչու տարիներ շարունակ կրում էր նույն երկու հին կիսաշրջազգեստը (մինչ ինձ նոր դպրոցական հագուստ էին տալիս), կամ ինչու էր օրվա վերջում այդքան հոգնած և ցանկանում էր, որ ես շուտ գնամ քնելու:
Մենք գուցե ունենք դեմքերը չճանաչելու կուրություն
Հավանաբար, դուք նկատեցիք, որ այս երկու պատմություններն իրականում նույն բանի մասին են. շատ տարիներ ես, ըստ էության, հիվանդ էի դեմքերը չճանաչելու կուրությամբ։ Ես մայրիկիս չէի տեսնել որպես իրական մարդ: Ես տեսնում էի նրա կանոնները, բայց դրանց մեջ ես չէի տեսնում նրա սերը:
Ես պատմում եմ ձեզ այս երկու պատմությունները՝ մի ասելիք կարևորելու համար. ես կարծում եմ, որ դուք ճանաչում եք մեկին (գուցե դուք եք այդ ինչ-որ մեկը), որը տառապում է այսպես կոչված դեմքերը չճանաչելու հոգևոր կուրությամբ:
Գուցե դուք դժվարանում եք Աստծուն տեսնել որպես սիրող Հայր: Դուք գուցե նայում եք երկինք և տեսնում ոչ թե սիրո և ողորմության դեմքը, այլ կանոնների թավուտը, որի միջով դուք պետք է անցնեք: Հավանաբար դուք հավատում եք, որ Աստված իշխում է Իր երկնքում, խոսում է Իր մարգարեների միջոցով և սիրում է ձեր քրոջը, բայց մտքում մտածում եք՝ արդյոք Նա սիրում է ձեզ:3 Միգուցե դուք զգացել եք երկաթյա ձողը ձեր ձեռքում, բայց դեռ չեք զգացել ձեր Փրկչի սերը, որին այն տանում է:4
Ես կարծում եմ, որ դուք ճանաչում եք նման մարդկանց, քանի որ երկար ժամանակ ես այդպիսի մարդ էի. ես հոգևորապես կույր էի:
Ես կարծում էի, որ իմ կյանքը կանոններին հետևելու և վերացական չափանիշներին համապատասխանելու հետ է կապված: Ես գիտեի, որ Աստված ձեզ կատարյալ սիրով է սիրում, բայց ինքս դա չէի զգում: Վախենում եմ, որ ավելի շատ մտածում էի երկինք հասնելու մասին, քան իմ Երկնային Հոր հետ լինելու մասին:
Եթե դուք ինձ նման եք, երբեմն կարող եք միայն բերանը փակել և բացել, բայց չերգել «քավիչ սիրո երգը»։5 Ի՞նչ կարող ենք անել:
Ինչպես Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը հիշեցնում է մեզ, պատասխանը միշտ Հիսուսն է:6 Եվ դա լավ նորություն է։
Տեր, ուզում ենք Հիսուսին տեսնել
Հովհաննեսի գրքում մի կարճ հատված կա, որը ես սիրում եմ։ Այն պատմում է մի խումբ մարդկանց մասին, որոնք կարևոր խնդրանքով գնում են նրա աշակերտի մոտ։ «Տեր, - ասացին նրանք, - ուզում ենք Հիսուսին տեսնել»։7
Դա այն է, ինչ մենք բոլորս ենք ուզում․ մենք ուզում ենք տեսնել Հիսուսին այնպիսին, ինչպիսին Նա է և ուզում ենք զգալ Նրա սերը: Սա պետք է լինի պատճառը այն ամենի, ինչ մենք անում ենք եկեղեցում, և իհարկե հաղորդության ժողովների պատճառը։ Եթե դուք մտածում եք, թե ինչպիսի դաս ուսուցանել, ինչպիսի ժողով ծրագրել, և գուցե սարկավագների միջոցառման ժամանակ պարզապես խաղալ գնդակով, ապա կարող եք այս հատվածը վերցնել որպես ձեզ ուղեցույց. արդյոք դա կօգնի՞ մարդկանց տեսնել և սիրել Հիսուս Քրիստոսին։ Եթե ոչ, ապա մի ուրիշ բան փորձեք։
Երբ ես հասկացա, որ հոգևորապես կույր եմ, որ տեսնում եմ կանոնները, բայց ոչ Հոր ողորմածության դեմքը, ես հասկացա, որ դա Եկեղեցու մեղքը չէ: Դա Աստծո մեղքը չէր, և դա չէր նշանակում, որ ամեն ինչ կորած էր. դա մի բան է, որ մենք բոլորս պետք է սովորենք: Նույնիսկ Հարության վաղ օրերի վկաները հաճախ դեմ առ դեմ էին հայտնվում հարություն առած Տիրոջ հետ, բայց չէին ճանաչում Նրան. Պարտեզի գերեզմանից մինչև Գալիլեայի ափերը, Նրա առաջին հետևորդները «տեսան Հիսուսին կանգնած, սակայն չհասկացան, որ Հիսուսն է»:8 Նրանք պետք է սովորեին ճանաչել Նրան, և մենք նույնպես պետք է սովորենք դա:9
Գթություն
Երբ ես հասկացա, որ հոգևորապես կույր էի, սկսեցի հետևել Մորմոնի խորհրդին և աղոթել «սրտի ողջ կորովով», որպեսզի լցվեմ Հիսուսի աշակերտներին խոստացված սիրով՝ իմ սերը Նրա հանդեպ և Նրա սերը իմ հանդեպ, և «տեսնել նրան այնպիսին, ինչպիսին նա կա և այս հույսն ունենալ»:10 Տարիներ շարունակ ես աղոթում էի, որ կարողանամ հետևել Աստծուն սիրելու առաջին մեծ պատվիրանին և զգալ այդ «առաջին մեծ ճշմարտությունը ․․․ որ Աստված սիրում է մեզ Իր ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով»:11
Ավետարանները
Ես նաև կարդացի ու վերընթերցեցի չորս Ավետարանները և այս անգամ ոչ թե Նրա կանոններն առանձնացնելու, այլ տեսնելու համար, թե ով է Նա և ինչ է Նա սիրում: Եվ որոշ ժամանակ անց ինձ քշեց սիրո գետը, որը հոսում էր Նրանից:
Հիսուսը հայտարարեց, որ եկել է «բուժելու սրտով կոտրվածներին, գերիներին ազատություն հռչակելու և կույրերին՝ տեսողություն»:12
Սա պարզապես անելիքների ցանկ կամ գովազդ չէր. դա Նրա սիրո ձևն է:
Պատահականորեն բացեք Ավետարանները․ Գրեթե յուրաքանչյուր էջում տեսնում ենք, որ Նա հոգ է տանում այն մարդկանց մասին, որոնք տառապում են՝ սոցիալապես, հոգևորապես և ֆիզիկապես: Նա դիպչում է աղտոտված և անմաքուր համարվող մարդկանց13 և կերակրում քաղցածներին:14
Ո՞րն է ձեր սիրելի պատմությունը Հիսուս Քրիստոսի մասին։ Ես կարծում եմ, որ դա այն մասին է, թե ինչպես է Աստծո Որդին ձեռք մեկնում և գրկում ու հույս տալիս՝ մեկուսացված բորոտին,15 ատելի սամարացուն,16 մեղադրյալ և սկանդալային մեղավորին,17 կամ ազգային թշնամուն:18 Այդ տեսակի շնորհը զարմանալի է։
Փորձեք գրել ամեն անգամ, երբ Նա գովաբանում է, բժշկում է կամ ուտում է օտարի հետ, և ձեր թանաքը չի բավականացնի դեռ Ղուկասի ավետարանը չավարտած։
Երբ տեսա դա, ես հուզվեցի մարդկանց ընդունելու Նրա սիրուց, և սկսեցի զգալ, որ Նա կարող է սիրել ինձ: Նախագահ Նելսոնն ուսուցանել է․ «Որքան շատ սովորեք Փրկչի մասին, այնքան ավելի հեշտ կլինի վստահել Նրա ողորմածությանը, Նրա անսահման սիրուն»։19 Եվ այնքան ավելի շատ կվստահեք և կսիրեք ձեր Երկնային Հորը:
Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդն ուսուցանել է մեզ, որ Հիսուսը եկավ մեզ ցույց տալու «թե ով է Աստված և ինչպիսին է մեր Հավիտենական Հայրը, որքան լիովին նվիրված է Նա Իր զավակներին ամեն տարիքում և ամեն ազգի մեջ»։20
Պողոսն ասում է, որ Աստված «[բոլոր] գթությունների Հայրն է և ամեն մխիթարության Աստվածն է»:21
Եթե այլ կերպ եք տեսնում Նրան, շարունակեք փորձել։
Ուխտերը և Աստծո գրկախառնությունը
Մարգարեները հրավիրում են մեզ փնտրել Նրա դեմքը:22 Ես սա ընդունում եմ որպես հիշեցում, որ մենք երկրպագում ենք մեր Հորը, ոչ թե որևէ բանաձևի, և որ մենք կավարտենք այս կյանքը, երբ Հիսուսին տեսնենք մեր Հոր սիրո դեմքով23 և հետևենք Նրան, այլ ոչ միայն հետևենք Նրա կանոններին։24
Երբ մարգարեներն ու առաքյալները խոսում են ուխտերի մասին, նրանք դա չեն ասում խիստ մարզիչների նման, կամ չեն ասում, որ մենք պետք է «ավելի ուժեղ փորձենք»։ Նրանք ցանկանում են, որ մենք տեսնենք, որ մեր ուխտերը հիմնականում վերաբերում են հարաբերություններին25 և կարող են բուժում լինել դեմքերը չճանաչելու հոգևոր կուրության համար:26 Դրանք կանոններ չեն Նրա սերը վաստակելու համար. Նա արդեն ձեզ սիրում է կատարյալ սիրով։ Մեր մարտահրավերն է հասկանալ և ձևավորել մեր կյանքը այդ սիրով:27
Մենք փորձում ենք տեսնել մեր ուխտերի միջով, կարծես ապակու միջով, տեսնել Հոր ողորմածության երեսը մյուս կողմում։
Ուխտերը Աստծո գրկախառնության մի ձևն են:
Աստծո սիրո գետը
Ի վերջո, մենք կարող ենք սովորել տեսնել Նրան՝ ծառայելով Նրան: «Քանզի ի՞նչպես է մարդ ճանաչում իր տիրոջը»:28
Մի քանի տարի առաջ ես մի կոչում ստացա, որին ես պատրաստ չէի: Ես շուտ արթնացա, նյարդայնացած էի, բայց մի միտք ծագեց իմ գլխում, որը նախկինում չէի լսել. որ այս Եկեղեցում ծառայելը նշանակում է կանգնել Իր զավակների հանդեպ Աստծո սիրո գետի մեջ: Այս Եկեղեցին խոզանակներով և բահերով զինված մարդկանց աշխատանքային մի խումբ է, որը փորձում է մաքրել Աստծո սիրո գետի հունը, որպեսզի ջրերը հասնեն հեռավոր վայրերի Իր զավակներին։
Ով էլ որ լինեք, ինչ էլ որ լինի ձեր անցյալը, ձեզ համար տեղ կա այս Եկեղեցում:29
Վերցրեք բահը և միացեք թիմին: Օգնեք բացել դեպի Իր զավակները հոսող Նրա սիրո ճանապարհը, և այդ ջրի մի մասը կցայտի ձեզ վրա:30
Եկեք փնտրենք Նրա սիրառատ դեմքը, ընդունենք Նրա ուխտը, և հետո ձեռք-ձեռքի տված միանանք Նրա զավակներին, և միասին երգենք «Փրկիչն Իսրայելի».
Լուսավորիր դեմքդ դարձրու մեզ
Իմ Փրկիչ,
Հոգիներիս խոսքդ տուր սփոփիչ,
Եվ թող իմ թշվառ սրտի փափագը կատարվի՝
Սուրբ վայրում
Հոգիս Քեզ հետ ապրի։31
Թող որ մենք փնտրենք Նրա սիրառատ դեմքը և ապա լինենք Նրա ողորմության անոթները Նրա զավակների համար:32 Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: