Հավատք՝ խնդրելու, իսկ հետո գործելու համար
Հավատքն առ Հիսուս Քրիստոսը ճշմարտության հայտնություններ ստանալու բանալին է:
Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ես երախտապարտ եմ գերագույն համաժողովի շաբաթ երեկոյան նիստին ձեզ հետ խոսելու հնարավորության համար: Առավոտյան համաժողովի բացման իր խոսքում նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ասաց, որ «ձեզ տանջող հարցերի մաքուր հայտնությունը այս համաժողովը կդարձնի արդյունավետ և անմոռանալի: Եթե դուք դեռ չեք փնտրել Սուրբ Հոգու սպասավորությունը, որն օգնում է ձեզ լսել այն, ինչ Տերը կուզեր, որ դուք լսեիք այս երկու օրվա ընթացքում, ես ձեզ հրավիրում եմ անել դա հիմա»:1 Ես փնտրել եմ այդ օրհնությունը, երբ պատրաստվում էի հայտնություն ստանալ միասնական այս հանդիպման համար։ Ես անկեղծորեն աղոթում եմ, որ դուք հայտնություն ստանաք Աստծուց:
Աստծուց հայտնություն ստանալու ուղին չի փոխվել Ադամի և Եվայի օրերից ի վեր: Այն նույնն է եղել Տիրոջ բոլոր կանչված ծառաների համար՝ սկզբից մինչև մեր օրերը: Նույնն է ինձ համար և ձեզ համար։ Այն միշտ ստանում ենք հավատք գործադրելով:2
Պատանի Ջոզեֆ Սմիթը բավականաչափ հավատք ուներ Աստծուն հարց տալու համար՝ հավատալով, որ Աստված կպատասխանի իր սրտաբուխ խնդրանքին: Ստացված պատասխանը փոխեց աշխարհը: Նա ուզում էր իմանալ, թե որ եկեղեցուն միանա, որպեսզի մաքրվի մեղքից: Ստացած պատասխանը քաջալերեց նրան՝ շարունակել ավելի լավ հարցեր տալ և գործել` համաձայն նոր սկսված հայտնության շարունակական հոսքի:3
Այս համաժողովին դուք, գուցե, նման փորձառություն ունենաք։ Դուք հարցեր ունեք, որոնց համար պատասխաններ եք փնտրում: Առնվազն, դուք ունեք բավականաչափ հավատ՝ հուսալու, որ Տիրոջից պատասխաններ կստանաք Նրա ծառաների միջոցով։4 Դուք հնարավորություն չեք ունենա անձամբ հարցեր տալ խոսնակներին, բայց կարող եք աղոթքով խնդրել ձեր սիրող Հորը:
Ես իմ փորձից գիտեմ, որ պատասխանները կստանաք, որոնք կհամապատասխանեն ձեր կարիքներին և ձեր հոգևոր պատրաստվածությանը: Եթե ձեզ անհրաժեշտ է այնպիսի պատասխան, որը կարևոր է ձեր կամ ուրիշների հավերժական բարօրության համար, ապա, ամենայն հավանականությամբ, պատասխանը կգա: Այնուամենայնիվ, նույնիսկ այդ ժամանակ դուք կարող եք Ջոզեֆ Սմիթի նման պատասխան ստանալ, որ համբերատար գտնվեք:5
Եթե Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հավատքը մեղմացրել է ձեր սիրտը՝ շնորհիվ Նրա քավության, դուք ավելի շատ կկարողանաք զգալ Հոգու շշուկները՝ ի պատասխան ձեր աղոթքների: Իմ անձնական փորձառությումբ՝ մեղմ ու բարակ ձայնը, որն իրական է, հստակ և նշմարելի է իմ մտքում, երբ Տիրոջ կամքին ներդաշնակ ներքին խաղաղություն և հնազանդություն եմ զգում: Խոնարհության այդ զգացումը լավագույնս կարելի է բնութագրել՝ «ոչ թէ իմ կամքը՝ բայց քո կամքը լինի» խոսքերով։6
Հայտնության այս գործընթացն է պատճառը, որ խոսնակներն այս համաժողովում կուսուցանեն այն, ինչը կոչվում է Քրիստոսի վարդապետություն:7 Հայտնությունը ստանում ենք այն չափաբաժնով, որքանով ձգտել ենք Քրիստոսի վարդապետությունը վերցնել մեր սրտերը և այն կյանքի կոչել մեր կյանքում:
Հիշում եք, որ Մորմոնի Գրքում Նեփին սովորեցրեց մեզ, որ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը թույլ է տալիս ստանալ ճշմարտության մասին հայտնություններ և ունենալ վստահություն, որ մենք հետևում ենք Փրկիչի առաջնորդությանը: Նեփին հետևյալ խոսքերը գրեց Հիսուս Քրիստոսի մահկանացու կյանքի ծննդից դարեր առաջ.
«Հրեշտակները խոսում են Սուրբ Հոգու զորությամբ. ուստի, նրանք խոսում են Քրիստոսի խոսքերը: Այդ պատճառով, ես ասացի ձեզ, սնվե՛ք Քրիստոսի խոսքերով. քանզի ահա, Քրիստոսի խոսքերը կասեն ձեզ բոլոր բաները, որ դուք պետք է անեք:
Ուստի այժմ, երբ ես խոսել եմ այս խոսքերը, եթե դուք չեք կարողանում հասկանալ դրանք, դա կլինի, որովհետև դուք չեք խնդրում, ոչ էլ թակում եք. ուստի, դուք չեք բերվում դեպի լույսը, այլ պիտի կորչեք խավարում:
Քանզի ահա, ես կրկին ասում եմ ձեզ, որ եթե դուք մտնեք այդ ճանապարհով և ստանաք Սուրբ Հոգին, այն ձեզ ցույց կտա բոլոր բաները, որ դուք պետք է անեք:
Ահա, սա է Քրիստոսի վարդապետությունը, և չի տրվի ոչ մի այլ վարդապետություն, մինչև հետո, երբ նա ինքը կհայտնվի ձեզ՝ մարմնում: Եվ երբ նա ինքը հայտնվի ձեզ մարմնում, այն բաները, որոնք նա կասի ձեզ, հետևեք, որ դուք կատարեք»:8
Տերն իր ծառաների՝ իմ և ձեր միջոցով, խոսքեր կասի մեզ այսօր և առաջիկա օրերին: Նա մեզ կասի, թե ինչ պետք է անենք:9 Փրկիչը չի բղավի ձեզ և ինձ վրա ու հրամաններ չի արձակի։ Նա ուսուցանել է Եղիային․
«Եւ նա ասեց. Դուրս եկ եւ կանգնիր սարի վերայ Տիրոջ առաջին: Եվ ահա Տէրը անց էր կենում. եւ մի մեծ եւ զօրաւոր հողմ պատառեց սարերը եւ կոտրատեց ապառաժները Տիրոջ առաջին. բայց Տէրն այն հողմի մէջ չէր:Եւ հողմից յետոյ երկրաշարժ եղաւ, բայց Տէրը երկրաշարժի մէջ չէր:
Եւ երկրաշարժից յետոյ կրակ, բայց Տէրը կրակի մէջ չէր. եւ կրակից յետոյ մի մեղմ ու բարակ ձայն»:10
Այդ ձայնը կլսենք Նրա հանդեպ մեր հավատքի արդյունքում։ Բավարար հավատ գործադրելով, մենք առաջնորդություն կխնդրենք՝ նպատակ ունենալով գնալու և անելու այն, ինչ Նա կխնդրի։11 Մենք կզարգացնենք հավատքը, որպեսզի հասկանանք, որ այն, ինչ Նա խնդրում է, կօրհնի ուրիշներին, իսկ մենք կարող ենք այդ ընթացքում մաքրվել՝ մեր հանդեպ Նրա սիրո շնորհիվ:
Երբ Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքի շնորհիվ մենք սկսենք պատասխաններ խնդրել Հորից, այդ հավատքը նաև թույլ կտա, որ Փրկիչը մեղմ հպվի, որպեսզի մենք հետևենք Նրա առաջնորդությանը և հաստատակամ ու ոգևորված լինենք՝ հնազանդվելու համար: Այնուհետև մենք ուրախությամբ կերգենք օրհներգի խոսքերը, նույնիսկ այն ժամանակ, երբ աշխատանքը ծանր թվա․ «Հաճելի է Աստված իմ Տեր»:12
Որքան ավելի շատ պահենք Քրիստոսի վարդապետությունը մեր կյանքում և սրտերում, այնքան ավելի մեծ սեր և համակրանք կզգանք նրանց նկատմամբ, ովքեր երբևէ չեն ունեցել Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի օրհնությունները կամ դժվարանում են այն պահպանել։ Դժվար է պահել Տիրոջ պատվիրանները՝ առանց Նրա հանդեպ հավատք և վստահություն ունենալու: Երբ մարդիկ կորցնում են իրենց հավատքը Փրկիչի հանդեպ, նրանք կարող են նույնիսկ դեմ կանգնել Նրա խորհրդին՝ չարին ասելով բարի, իսկ բարուն՝ չար։13 Այս ողբերգական սխալից խուսափելու համար շատ կարևոր է, որ ստացած ցանկացած անձնական հայտնություն և գործողություն համահունչ լինի Տիրոջ և Նրա մարգարեների ուսմունքներին:
Եղբայրնե՛ր և քույրե՛ր, հավատք է անհրաժեշտ Տիրոջ պատվիրաններին հնազանդվելու համար: Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք է անհրաժեշտ՝ հանուն Նրա ուրիշներին ծառայելու համար: Հավատք է անհրաժեշտ, որպեսզի գնաք և ուսուցանեք Նրա ավետարանը և այն առաջարկեք այն մարդկանց, ովքեր գուցե չեն զգում Հոգու ձայնը կամ կարող են նույնիսկ չընդունել ուղերձի իսկությունը: Բայց երբ կիրառենք մեր հավատքը Քրիստոսի հանդեպ և հետևենք Նրա ապրող մարգարեին, հավատքը կաճի ամբողջ աշխարհում: Տեխնոլոգիաների շնորհիվ, հավանաբար, այս հանգստյան օրերին Աստծո զավակներից շատերը կլսեն և կճանաչեն Աստծո խոսքը ավելի շատ, քան՝ պատմության ցանկացած այլ երկու օրվա ընթացքում:
Մեծացող հավատքով, որ սա Տիրոջ եկեղեցին և արքայությունն է երկրի վրա, ավելի շատ անդամներ են վճարում տասանորդ և նվիրաբերություն անում կարիքավորներին օգնելու համար, նույնիսկ, երբ այդ անդամները բախվում են անձնական փորձությունների: Հավատքով, որ իրենք կանչված են Հիսուս Քրիստոսի կողմից, աշխարհասփյուռ միսիոներները գտել են համավարակի հետևանքով առաջացած մարտահրավերները դիմագրավելու ուղիները՝ անելով դա քաջությամբ և ուրախությամբ: Եվ օժանդակ ջանքերի շնորհիվ նրանց հավատքն ավելի է ուժեղացել:
Հակառակություններն ու փորձությունները վաղուց են պարարտ հող դարձել հավատի աճի համար: Միշտ այդպես է եղել, հատկապես Վերականգնման սկզբից և Տիրոջ Եկեղեցու հիմնադրումից ի վեր:14
Այն, ինչ նախագահ Ջորջ Ք. Քենոնը ասել էր վաղուց, ճշմարիտ է այսօր և ճշմարիտ կլինի, մինչև Փրկիչն անձամբ գա առաջնորդելու Իր Եկեղեցին և Իր ժողովրդին. «Ավետարանին հնազանդվելով՝ [մարդիկ] ավելի սերտ և մտերիմ հարաբերություններ են ստեղծում Տիրոջ հետ: Այն սերտ կապ է հաստատում երկրի վրա ապրող մարդկանց և երկնքում գտնվող մեր Մեծ Ստեղծողի միջև: Մարդկային մտքում կատարյալ վստահություն է առաջանում Ամենազոր Աստծո և Նրա պատրաստակամության նկատմամբ առ այն, որ Նա կլսի և կպատասխանի նրանց, ովքեր վստահում են Իրեն: Փորձությունների և դժվարությունների ժամանակ այս վստահությունն անգնահատելի է: Փորձանքը կարող է պատահել անհատներին կամ մարդկանց, աղետը կարող է սպառնալ և կարող է թվալ, որ մարդկանց բոլոր հույսերը տապալված են, այնուամենայնիվ, երբ մարդիկ օգտվեն այն արտոնություններից, որոնք ստանում են ավետարանին հնազանդվելիս, նրանք անշարժ կանգնելու տեղ կունենան․ նրանց ոտքերը կլինեն վեմի վրա, որը չի կարող շարժվել»:15
Ես վկայում եմ, որ այն վեմը, որի վրա մենք կանգնած ենք, մեր վկայությունն է առ այն, որ Հիսուսը Քրիստոսն է, որ սա Նրա Եկեղեցին է, որը Նա ղեկավարում է անձամբ, և որ նախագահ Ռասսել Մ. Նելսոնը նրա ապրող մարգարեն է այսօր:
Նախագահ Նելսոնը փնտրում և ստանում է առաջնորդություն Տիրոջից: Նա ինձ համար այդ առաջնորդությունը փնտրելու օրինակ է՝ դրան հետևելու վճռականությամբ: Տիրոջ առաջնորդությանը հնազանդ լինելու նույն վճռականությունը բոլոր նրանց սրտերում է, ովքեր խոսել կամ խոսելու են, աղոթելու կամ երգելու են Նրա Եկեղեցում՝ այս գերագույն համաժողովի ժամանակ:
Ես աղոթում եմ, որ երկրի վրա գտնվող մարդիկ, ովքեր դիտում կամ լսում են այս համաժողովը, զգան Տիրոջ սերն իրենց հանդեպ: Երկնային Հայրը պատասխանել է իմ աղոթքին, որ ես կարողանամ զգալ Փրկիչի սիրո գեթ մի նշույլ՝ ձեր և Երկնային Հոր հանդեպ, ով մեր Երկնային Հայրն է:
Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսն ապրում է: Նա մեր Փրկիչն է և մեր Քավիչը: Սա Նրա Եկեղեցին է: Նա է ղեկավարում Եկեղեցին։ Նա՝ Իր Երկնային Հոր հետ, անձամբ հայտնվեց Ջոզեֆ Սմիթին՝ Նյու Յորքի ծառերի պուրակում: Հիսուս Քրիստոսի ավետարանը և Նրա քահանայությունը վերականգնվեցին երկնային սուրհանդակների միջոցով։16 Սուրբ Հոգու զորությամբ ես գիտեմ, որ դա ճշմարիտ է:
Ես աղոթում եմ, որ դուք ձեռք բերեք նույն վկայությունը: Ես աղոթում եմ, որ դուք Երկնային Հորից խնդրեք հավատք առ Հիսուս Քրիստոս, որն անհրաժեշտ է, որ դուք կապեք և պահեք այն ուխտերը, որոնք թույլ կտան Սուրբ Հոգուն լինել ձեր մշտական ուղեկիցը: Ձեզ եմ թողնում իմ աննկուն սերն ու վկայությունը՝ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: