Զրույց հոգեկան առողջության մասին
Թույլ տվեք կիսվել մի քանի դիտարկումներով, որոնք ես կատարել եմ, երբ մեր ընտանիքն անցել է փորձությունների միջով:
Թեև մեր ընտանիքն առատ օրհնություններ է ունեցել՝ ուխտի ճանապարհով ուրախ քայլելիս, այնուամենայնիվ, մեզ հանդիպել են նաև չափազանց բարձր «ժայռեր»: Ես կցանկանայի կիսվել որոշ շատ անձնական փորձառություններով` կապված հոգեկան հիվանդությունների հետ: Դրանք են՝ կլինիկական ընկճախտը, սուր տագնապը, երկբևեռ խանգարումը, ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշը, երբեմն էլ՝ այդ բոլորի համադրությունը: Այս նուրբ փորձառություններով ես կիսվում եմ այդպիսի հիվանդությունների հետ առնչվող մարդկանց թույլտվությամբ։
Ծառայության ընթացքում ես հանդիպել եմ հարյուրավոր անհատների և ընտանիքների, ովքեր նման փորձառություններ ունեին: Երբեմն ես մտածում եմ՝ արդյոք երկիրը պատող «ամայացնող հիվանդությունը», որի մասին գրված է սուրբ գրություններում, կարող է ներառել հոգեկան խանգարումը:1 Դա գոյություն ունի ամբողջ աշխարհում՝ յուրաքանչյուր մայրցամաքում և մշակույթում, ազդում է բոլորի վրա՝ երիտասարդի, տարեցի, հարուստի և աղքատի: Եկեղեցու անդամները բացառություն չեն։
Միևնույն ժամանակ, մեր վարդապետությունը մեզ սովորեցնում է, որ ձգտենք նմանվել Հիսուս Քրիստոսին և կատարելագործվենք Նրանում: Մեր երեխաները երգում են «Փորձում եմ լինել Հիսուսի նման»։2 Մենք ձգտում ենք կատարյալ լինել, ինչպես մեր Երկնային Հայրն ու Հիսուս Քրիստոսն են:3 Քանի որ հոգեկան հիվանդությունը կարող է խանգարել կատարելության մասին մեր հասկացողությանը, դրա մասին խոսելը շատ հաճախ արգելվում է: Արդյունքում ունենք չափից շատ տգիտություն, լուռ տառապանք և հուսահատություն: Շատերը, իրենց ճնշված զգալով, որ չեն համապատասխանում ընկալված չափանիշներին, սխալմամբ կարծում են, որ իրենք տեղ չունեն Եկեղեցում:
Նման խաբկանքի դեմ պայքարելու համար կարևոր է հիշել, որ «Փրկիչը սիրում է Իր Հոր զավակներից յուրաքանչյուրին: Նա լիովին հասկանում է այն ցավն ու պայքարը, որ ունենում են շատերը, երբ ապրում են հոգեկան առողջության տարատեսակ մարտահրավերների հետ։ Հիսուսը տառապել է՝ տանելով «ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի․ և … վեր [առել] իր վրա իր ժողովրդի ցավերն ու հիվանդությունները» (Ալմա 7․11, շեշտադրումն ավելացված է, տես նաև Եբրայեցիս 4․15-16, 2 Նեփի 9․21)։ Քանի որ Նա հասկանում է բոլոր տառապանքները, Նա գիտի, թե ինչպես «բժշկել սրտով կոտրվածներին» (Ղուկաս 4․18, տես նաև Եսայիա 49․13-16)»։4 Դժվարությունները ոչ թե բնավորության թերություն են, այլ ցույց են տալիս, որ լրացուցիչ գործիքակազմի և աջակցության կարիք կա։
Թույլ տվեք կիսվել մի քանի դիտարկումներով, որոնք ես կատարել եմ, երբ մեր ընտանիքն անցել է փորձությունների միջով:
Նախ՝ շատերը մեզ հետ սգալու են, նրանք մեզ չեն դատելու: Խուճապի ուժեղ նոպաների, անհանգստության և ընկճախտի պատճառով մեր որդին իր միսիայից տուն վերադարձավ՝ դրա սկզբից ընդամենը չորս շաբաթ անց։ Որպես ծնողներ, մենք դժվարանում էինք հաղթահարել հիասթափությունն ու տխրությունը, քանի որ շատ էինք աղոթել նրա հաջողության համար: Ինչպես բոլոր ծնողները, այնպես էլ մենք, ցանկանում ենք, որ մեր երեխաները բարգավաճեն և երջանիկ լինեն: Միսիան մեր որդու համար պետք է կարևոր ուղենիշ լիներ։ Մենք նաև մտահոգ էինք, թե մյուս մարդիկ ինչ կմտածեին։
Մենք չգիտեինք, որ մեր որդու վերադարձը ավելի կործանարար էր առաջին հերթին հենց իր համար: Տեսեք՝ նա սիրում էր Տիրոջը և ցանկանում էր ծառայել, այնուամենայնիվ, չէր կարող դա անել որոշակի պատճառներով, որոնք փորձում էր հասկանալ: Շուտով նա հայտնվեց ծայրահեղ հուսահատ վիճակում՝ ծանր մեղքի դեմ պայքարի մեջ։ Նա այլևս իրեն ընդունված չէր զգում, այլ՝ հոգեպես թմրած: Նա կուլ էր գնացել մահվան մասին կրկնվող մտքերին:
Այդ անտրամաբանական վիճակում հայտնվելով՝ մեր որդին կարծում էր, որ միակ ելքը ինքնասպան լինելն էր: Սուրբ Հոգու և վարագույրի երկու կողմերի հրեշտակների բանակի ջանքերով նրան հաջողվեց փրկել։
Մինչ մեր որդին կյանքի համար պայքարի մեջ էր այդ չափազանց դժվար ժամանակաշրջանում, մեր ընտանիքը, ծխի ղեկավարները, անդամները և ընկերները, ներդնելով իրենց ողջ եռանդը, փորձում էին աջակցել և սպասավորել մեզ:
Ես երբեք չէի զգացել սիրո այդպիսի արտահայտություն։ Ես երբեք այդ աստիճան զորեղ և սեփական մաշկիս վրա չէի զգացել, թե դա ինչ բան է՝ մխիթարել նրանց, ովքեր մխիթարանքի կարիք ունեն։ Մեր ընտանիքը հավերժ երախտապարտ կլինի սիրո այդ արտահայտության համար։
Ես չեմ կարող նկարագրել այն անհամար հրաշքները, որոնք ուղեկցել են այս իրադարձություններին: Բարեբախտաբար, մեր որդին ողջ մնաց, սակայն պահանջվեց երկարատև բժշկական, թերապևտիկ և հոգևոր բուժում, որպեսզի նա բուժվեր և ընդուներ, որ իրեն սիրում և գնահատում են, և որ ինքը կարևոր է:
Ես ընդունում եմ, որ նման ոչ բոլոր դեպքերն են ավարտվում այնպես, ինչպես մերն ավարտվեց։ Ես ցավում եմ նրանց հետ, ովքեր շատ վաղ են կորցրել իրենց մտերիմներին և այժմ մնացել են վշտի զգացումով, ինչպես նաև՝ անպատասխան հարցերով:
Իմ հաջորդ դիտարկումն այն է, որ ծնողների համար գուցե դժվար լինի բացահայտել իրենց երեխաների մաքառումները, բայց մենք պետք է կրթենք ինքներս մեզ։ Ինչպե՞ս կարող ենք հասկանալ, թե որն է տարբերությունը բնականոն զարգացման հետ կապված դժվարությունների և հիվանդության նշանների միջև: Որպես ծնողներ, մենք սուրբ պարտականություն ունենք՝ օգնելու մեր երեխաներին հաղթահարել կյանքի մարտահրավերները, սակայն, մեզանից քչերն են հոգեկան առողջության մասնագետներ: Մենք, այնուամենայնիվ, պետք է հոգ տանենք մեր երեխաների համար՝ օգնելով նրանց առաջնորդվել իրենց սեփական ջանքերով, երբ նրանք ձգտում են արդարացնել որոշ սպասելիքներ: Յուրաքանչյուրս մեր սեփական թերություններից գիտենք, որ հոգևոր աճը շարունակական գործընթաց է:
Մենք հասկանում ենք, որ «հուզական և հոգեկան առողջության համար պարզ դեղամիջոց չկա: Մենք կունենանք լարված և տագնապալի պահեր, քանի որ ապրում ենք ընկած աշխարհում՝ ընկած մարմնով: Բացի դա, շատ գործոններ կարող են նպաստել հոգեկան հիվանդության առաջացմանը: Անկախ մեր հոգեկան և հուզական առողջությունից, աճի վրա կենտրոնանալն ավելի լավ է, քան մեր թերություններով տարվելը»։5
Իմ և կնոջս դեպքում միշտ օգնել է Տիրոջը որքան հնարավոր է մոտ լինելը։ Հետ նայելով մեր կյանքին՝ մենք այժմ տեսնում ենք, թե ինչպես էր Տերը համբերատար ուսուցանում մեզ՝ խիստ անորոշ ժամանակներում։ Նրա լույսը քայլ առ քայլ առաջնորդեց մեզ ամենամութ ժամերին: Տերն օգնեց մեզ հասկանալ, որ հավերժական նպատակի տիրույթում անհատական հոգու արժեքը շատ ավելի կարևոր է, քան երկրային որևէ առաջադրանք կամ ձեռքբերում:
Նորից եմ ասում՝ հոգեկան հիվանդությունների մասին գիտելիքներ ձեռք բերելով՝ մենք պատրաստ կլինենք օգնել ինքներս մեզ և ուրիշներին, ովքեր կարող են տառապել դրանցով: Միմյանց հետ բաց և ազնիվ խոսելը կնպաստի, որ այս կարևոր թեման պատշաճ ուշադրության արժանանա։ Ի վերջո, տեղեկատվության արդյունքում է գալիս ոգեշնչումն ու հայտնությունը: Շատ հաճախ լինելով անտեսանելի՝ այս մարտահրավերները կարող են ազդել յուրաքանչյուրի վրա, իսկ երբ մենք բախվում ենք դրանց, դրանք անհաղթահարելի են թվում:
Առաջին հերթին մենք պետք է սովորենք, որ մենք, անշուշտ, միայնակ չենք: Ես հրավիրում եմ ձեզ ուսումնասիրել հոգեկան առողջության թեման Ավետարանի գրադարան հավելվածի «Կյանքի օգնություն» բաժնում: Սովորելը կնպաստի, որ ավելի շատ հասկանանք, ավելի շատ ընդունենք, կարեկցենք և ավելի շատ սիրենք: Դա կնվազեցնի ողբերգությունը՝ միևնույն ժամանակ օգնելով մեզ զարգացնել և կառավարել առողջ սպասումներ և առողջ փոխհարաբերություններ:
Իմ վերջին դիտարկումն այն է, որ մենք պետք է անընդհատ ուշադիր լինենք մեկս մյուսի հանդեպ: Մենք պետք է սիրենք միմյանց և ավելի քիչ քննադատենք, հատկապես, երբ մեր ակնկալիքներն անմիջապես չեն արդարացվում: Մենք պետք է օգնենք մեր երեխաներին և երիտասարդներին զգալ Հիսուս Քրիստոսի սերն իրենց կյանքում, նույնիսկ, երբ նրանք դժվարանում են սիրել իրենք իրենց։ Երեց Օրսոն Ֆ. Ուիթնին, ով ծառայել է որպես Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ, ծնողներին խորհուրդ է տվել, թե ինչպես օգնեն իրենց երեխային, ով դժվարություններ ունի․ «Աղոթեք ձեր … երեխաների համար, կապվեք նրանց հետ ձեր հավատքով»։6
Ես շատ եմ մտածել, թե ինչ է նշանակում հավատքով կապվել նրանց հետ: Կարծում եմ, որ դա ներառում է սիրո, հեզության, բարության և հարգանքի պարզ գործողություններ: Դա նշանակում է թույլ տալ նրանց զարգանալ իրենց սեփական տեմպերով և վկայել նրանց մոտ՝ օգնելով զգալ մեր Փրկիչի սերը: Մեզանից պահանջվում է ավելի շատ մտածել նրանց մասին, ավելի քիչ՝ մեր կամ ուրիշների մասին: Սովորաբար, դա նշանակում է ավելի քիչ խոսել և ավելի ու ավելի շատ լսել: Մենք պետք է սիրենք նրանց, զորացնենք և հաճախ գովենք նրանց հաջողության հասնելու և Աստծուն հավատարիմ լինելու ջանքերի համար։ Եվ, վերջապես, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մոտ մնանք նրանց, ինչպես մոտ ենք մնում Աստծուն:
Բոլոր նրանց, ում դիպչել է հոգեկան հիվանդությունը, ես ասում եմ՝ ամուր կառչեք ձեր ուխտերից, նույնիսկ, եթե այս պահին գուցե չեք զգում Աստծո սերը: Արեք ամեն բան ձեր ուժերի սահմաններում և հետո «կանգնեք հանգիստ, … տեսնելու Աստծո փրկությունը և նրա բացահայտվող բազուկը»:7
Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն է։ Նա ճանաչում է մեզ: Նա սիրում է մեզ և Նա սպասելու է մեզ: Մեր ընտանիքի փորձությունների ժամանակ ես հասկացա, թե որքան մոտ է Նա: Նրա խոստումներն իրական են․
Ձեզ հետ եմ ես ընդմիշտ, չերկնչեք երբեք,
Քանզի ես հասնելու եմ ձեզ, օգնության
Ես ուժ եմ ձեզ տալու, որ չարին հաղթեք,
Բարձրացած իմ արդար բազկով ամենազոր միշտ, ամենուրեք։
Իմանալով, թե որքան ամուր է մեր հիմքը, կարող ենք ուրախությամբ հայտարարել.
Մենակ չեմ թողնի ոչ մի հոգի
Որի լոկ հույսն է Հիսուսը, իմ որդին
Դժոխքը ամբողջ կթափահարեմ ես, …
Բայց երբեք նրան միայնակ ես չեմ թողնի։8
Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։