Գերագույն համաժողով
Վստահեք կրկին
2021 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


13:7

Վստահեք կրկին

Աստծուն և միմյանց վստահելը հրավիրում է երկնքի օրհնությունները։

Երիտասարդ տարիքում մի անգամ որոշեցի տնից փախչել: Փոքր երեխայի նման ես համարում էր, որ ոչ ոք ինձ չի սիրում:

Իմ դիտողունակ մայրը լսեց ու վստահեցրեց, որ ինձ սիրում են։ Ես ապահով մնացի տանը։

Երբևէ տնից փախչելու ցանկություն զգացե՞լ եք։ Հաճախ տնից փախչելը նշանակում է, որ վստահությունը կորել է կամ կոտրվել՝ վստահությունը մեր անձի, միմյանց, Աստծո նկատմամբ։ Երբ վստահությունը խաթարվում է, մտածում ենք, թե ինչպես կարելի է այն կրկին վերականգնել։

Իմ այսօրվա պատգամն է, որ անկախ այն բանից՝ տուն ենք վերադառնում, թե տնից հեռանում ենք, Աստված մեզ ընդառաջ է գալիս։1 Նրանով մենք կարող ենք գտնել հավատք և քաջություն, իմաստություն և խորաթափանցություն, որպեսզի վերականգնենք վստահությունը։ Նմանապես, Նա մեզ խնդրում է լույս թողնել միմյանց համար, ավելի ներողամիտ ու քիչ դատող լինել ինքներս մեզ և մեկմեկու, ուստի Նրա Եկեղեցին կարող է լինել մի վայր, որտեղ մենք զգում ենք տանը, անկախ նրանից, առաջին անգամ ենք եկեղեցի գալիս, թե վերադառնում ենք։

Վստահությունը հավատքի դրսևորում է: Աստված շարունակում է մեզ հավատալ։ Մարդկային վստահությունը կարող է պակասել կամ կոտրվել.

  • Երբ ընկերը, գործընկերը կամ մեր վստահելի անձնավորությունը մեզ խաբում է, վիրավորում է կամ չարաշահում է մեր վստահությունը։2

  • Երբ ամուսնական զուգընկերը անհավատարիմ է։

  • Երբ անսպասելիորեն, մեր սիրելի մարդը մահանում է, վնասվում կամ հիվանդանում։

  • Երբ գուցե բախվում ենք ավետարանին վերաբերող եկեղեցու պատմության կամ Եկեղեցու քաղաքականության հետ կապված անսպասելի հարցի, և ինչ-որ մեկն ասում է, որ եկեղեցին ինչ-որ ձևով թաքցրել է կամ չի ասել ճշմարտությունը։

Այլ իրավիճակներ կարող են լինել ոչ առանձնահատուկ, բայց հավասարապես մտահոգիչ։

Գուցե մեզ չենք տեսնում Եկեղեցում, չենք զգում, որ մեր տեղում ենք, կամ թվում է, թե մարդիկ մեզ դատում են։

Կամ, հնարավոր է արել ենք ամեն ինչ, սակայն իրավիճակը չի կարգավորվել։ Չնայած Սուրբ Հոգու անձնական փորձառություններին, մեզ կարող է թվալ, որ դեռ համոզված չենք, որ Աստված ապրում է կամ որ ավետարանը ճշմարիտ է։

Այսօր շատերը են զգում մարդկային հարաբերությունների և հասարակության հանդեպ վստահությունը վերականգնելու կարիքը։3

Երբ խորհում ենք վստահության մասին, գիտենք, որ Աստված ճշմարտության Աստված է և «չի ստում»։4 Մենք գիտենք, որ ճշմարտությունը բաների մասին գիտելիք է, ինչպիսին որ կա, եղել է և պիտի լինի:5 Գիտենք, որ շարունակվող հայտնությունն ու ոգեշնչումը անփոփոխ ճշմարտությունը հարմարեցնում են փոփոխվող հանգամանքներին։

Մենք գիտենք, որ կոտրված ուխտերը կոտրում են սրտերը։ «Ես հիմար բան եմ արել», - ասում է նա։ «Կարո՞ղ ես երբևէ ներել ինձ»։ Ամուսինները կարող են միմյանց ձեռք բռնել, հուսալով, որ վստահությունը կարող է վերականգնվել։ Մեկ այլ իրավիճակում, բանտարկյալը մտորում է․ «Եթե Իմաստության խոսքը պահեի, ես այստեղ չէի լինի»։

Գիտենք, որ Տիրոջ ուխտի արահետով քայլելու ուրախությունը և Նրա Եկեղեցում ծառայելու կոչումները մեզ հրավիրում են զգալ մեր և մեր մերձավորների հանդեպ Աստծո վստահությունն ու սերը։ Եկեղեցու անդամները, ներառյալ չափահաս ամուրիները, կանոնավորապես ծառայում են Եկեղեցում և մեր համայնքներում։

Աստծո ոգեշնչմամբ եպիսկոպոսը երիտասարդ զույգին կանչում է ծառայելու ծխի մսուրային խմբում։ Սկզբում ամուսինը նստում է անկյունում՝ առանձին և հեռու։ Աստիճանաբար, նա սկսում է ժպտալ երեխաների հետ։ Ավելի ուշ, զույգը երախտագիտություն է հայտնում։ Մինչ այդ, նրանք ասում են, որ կինը ուզում էր երեխա ունենալ, ամուսինը՝ ոչ։ Այժմ ծառայությունը փոխել և միավորել է նրանց։ Երեխաներ ունենալով՝ նրանց ամուսնությունը և տունը լցվել է ուրախությամբ։

Մեկ այլ քաղաքում փոքր երեխաներ ունեցող երիտասարդ մայրը և նրա ամուսինը զարմացած և ճնշված են, բայց ընդունում են ծխի Սփոփող միության նախագահի կոչումը։ Կարճ ժամանակ անց, սառցե փոթորիկը կտրում է էլեկտրական հոսանքը, ինչի հետևանքով խանութների դարակները դատարկվում են, իսկ տները վերածվում են սառցե արկղերի։ Ունենալով հոսանք և ջերմություն՝ այս երիտասարդ ընտանիքը մեծահոգաբար բացում է իր տունը մի քանի ընտանիքների և անհատների համար, որպեսզի կարողանան դիմանալ փոթորկին։

Վստահությունը իրական է դառնում, երբ հավատով դժվար բաներ ենք անում։ Ծառայությունն ու զոհաբերությունը մեծացնում են կարողությունը և ազնվացնում սրտերը։ Աստծուն և միմյանց վստահելը բերում է երկնքի օրհնությունները։

Մի հավատարիմ եղբոր, ով փրկվել էր քաղցկեղից, հարվածում է ավտոմեքենան: Ինքնախղճահարություն զգալու փոխարեն, նա աղոթքով հարցնում է. «Ի՞նչ կարող եմ սովորել այս դեպքից»։ Ինտենսիվ բուժօգնության բաժնում պառկած՝ նա հուշում է ստանում սփոփել բուժքրոջը, ով անհանգստացած էր իր ամուսնու և երեխաների համար։ Ցավից տառապող հիվանդը պատասխաններ է ստանում, երբ վստահում է Աստծուն և օգնության ձեռք է մեկնում ուրիշներին։

Երբ պոռնոգրաֆիայից կախում ունեցող եղբայրը սպասում է գրասենյակի մոտ, ցցի նախագահը աղոթում է, որ իմանա, թե ինչպես օգնել։ Հստակ հուշում է գալիս. «Բացիր դուռը և եղբորը ներս հրավիրիր»: Հավատքով և վստահությամբ, որ Աստված կօգնի, քահանայության ղեկավարը բացում է դուռը և գրկում եղբորը։ Յուրաքանչյուրը զգում է վերափոխիչ սերն ու վստահությունը Աստծո և միմյանց հանդեպ։ Սրտապնդվելով՝ եղբայրը կարող է սկսել ապաշխարությունն ու փոփոխությունը։

Մինչ մեր անհատական հանգամանքները անձնական են, ավետարանի սկզբունքները և Սուրբ Հոգին կարող են օգնել մեզ իմանալ, թե ինչպես, երբ և արդյոք պե՞տք է կրկին վստահել մարդուն։ Երբ վստահությունը կոտրվում է կամ կորսվում, առաջանում են իրական հուսախաբություն և հիասթափություն։ Ուստի խորաթափանցության կարիք կա, որպեսզի հասկանանք, թե երբ արժե կրկին հավատ ու համարձակություն դրսևորել մարդկային հարաբերություններում:

Սակայն, ինչ վերաբերում է Աստծուն և անձնական հայտնությանը, նախագահ Ռասել Մ. Նելսոնը հավաստիացնում է. «Դուք չպետք է կասկածեք, թե ում կարող եք ապահովությամբ վստահել»:6 Մենք կարող ենք միշտ վստահել Աստծուն։ Տերը մեզ ավելի լավ է ճանաչում, քան ինքներս մեզ և մեզ ավելի շատ է սիրում, քան ինքներս մեզ։ Նրա անսահման սերը և անցյալի, ներկայի ու ապագայի մասին կատարյալ գիտելիքը Նրա ուխտերն ու խոստումները դարձնում են հաստատուն և համոզիչ։

Վստահեք, ինչպես սուրբ գրություններն են ասում՝ «ժամանակի ընթացքում»։7 Աստծո օրհնությամբ, ժամանակի ընթացքով և շարունակվող հավատքով ու հնազանդությամբ մենք կարող ենք լուծում և խաղաղություն գտնել։

Տերը մխիթարություն է տալիս.

«Գիշերը լաց կա, իսկ առավոտյան՝ ցնծություն»:8

«Թույլ տվեք, որ Տերը վերցնի ձեր բեռը և վստահեք նրա մշտական հոգատարությանը»:9

Երկիրը չունի վիշտ, որ երկինքը չբուժի:10

Ապավինեք Աստծուն11 և Նրա հրաշքներին։ Մենք և մեր հարաբերությունները կարող են փոխվել։ Տեր Քրիստոսի Քավության միջոցով մենք կարող ենք հետ պահել մեր եսասիրական բնական անձը և դառնալ Աստծո զավակ՝ հեզ, խոնարհ,12 հավատքով և համապատասխան վստահությամբ լի։ Երբ ապաշխարում ենք, երբ խոստովանում և թողնում ենք մեր մեղքերը, Տերն ասում է, որ Նա այլևս չի հիշում դրանք:13 Այնպես չի, որ Նա մոռանում է, այլ ինչ-որ ուշագրավ կերպով Նա նախընտրում է չհիշել դրանք, ոչ էլ մեզ է պետք հիշել դրանք։

Վստահեք իմաստուն կերպով զանազանելու Աստծո ոգեշնչմանը։ Մենք կարող ենք ներել ուրիշներին ճիշտ ժամանակին և ձևով, ինչպես Տերն է պահանջում,14 լինելով «խորագե՛տ, ինչպես օձերը, և միամիտ, ինչպես աղավնիները»:15

Երբեմն, երբ մեր սրտերն ամենից շատ են կոտրվում ու փշրվում, մենք առավելագույնս բաց ենք Սուրբ Հոգու մխիթարության և առաջնորդության համար։16 Դատապարտումը և ներումը սկսվում են սխալը ընդունելով։ Հաճախ դատապարտումը կենտրոնանում է անցյալի վրա։ Ներողամտությունն անկաշկանդ նայում է դեպի ապագան։ «Որովհետև Աստված իր Որդուն աշխարհ չուղարկեց՝ դատելու աշխարհը, այլ որպեսզի նրա միջոցով աշխարհը փրկվի»։17

Պողոս առաքյալը հարցնում է. «Քրիստոսի սիրուց մեզ ո՞վ կբաժանի»: Ապա պատասխանում է․ «Ո՛չ մահը, ո՛չ կյանքը…․ ո՛չ բարձրությունը, ո՛չ խորությունը…․ չեն կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեջ է»:18 Սակայն կա մեկը, ով կարող է բաժանել մեզ Աստծուց և Հիսուս Քրիստոսից, և այդ ինչ-որ մեկը մենք ինքներս ենք։ Ինչպես Եսայիան է ասում. «Ձեր մեղքերը ծածկեցին նրա երեսը ձեզնից»:19

Աստվածային սիրո և աստվածային օրենքի համաձայն՝ մենք պատասխանատու ենք մեր ընտրությունների և դրանց հետևանքների համար։ Բայց մեր Փրկիչի քավիչ սերը «անսահման է և հավերժական»:20 Երբ պատրաստ ենք տուն վերադառնալ, նույնիսկ երբ «դեռ հեռու ենք»,21 Աստված մեծ կարեկցանքով պատրաստ է ողջունել մեզ՝ ուրախությամբ առաջարկելով լավագույնը, որ Նա ունի:22

Նախագահ Ջ. Ռուբեն Քլարկն ասել է. «Ես հավատում եմ, որ մեր Երկնային Հայրը ցանկանում է փրկել իր զավակներից յուրաքանչյուրին, … որ իր արդարությամբ և ողորմությամբ նա մեզ կտրամադրի առավելագույն պարգևը մեր արարքների համար, կտա այն ամենը, ինչ նա կարող է տալ, և մյուս կողմից, ես հավատում եմ, որ նա մեզ վրա կկիրառի այն նվազագույն տույժը, որը հնարավոր է նրա համար:»23

Խաչի վրա անգամ մեր Փրկիչի ողորմած խնդրանքը Իր Հորը անվերապահ չէր՝ «Հայր, ներիր նրանց», այլ «Հա՛յր, ներիր նրանց. քանզի նրանք չգիտեն, թե ինչ են անում»:24 Մեր ազատ կամքն ու ազատությունը իմաստ ունեն, որովհետև մենք հաշվետու ենք Աստծո առաջ և ինքներս մեր առաջ, նրա համար, թե ով ենք մենք, ինչ գիտենք և ինչ ենք անում։ Բարեբախտաբար, մենք կարող ենք վստահել Աստծո կատարյալ արդարադատությանը և կատարյալ ողորմածությանը, որ կատարյալ ձևով կդատի մեր մտադրություններն ու արարքները։

Վերադառնալով տուն՝ Նրա մոտ և միմյանց մոտ, մենք ավարտում ենք ինչպես սկսեցինք՝ Աստծո կարեկցանքով։

Հիշո՞ւմ եք Հիսուս Քրիստոսի առակը մի մարդու մասին, ով երկու որդի ուներ։25 Մի որդին հեռացավ տնից և վատնեց իր ժառանգությունը։ Երբ խելքի եկավ, այս որդին ցանկացավ տուն վերադառնալ։ Մյուս որդին, համարելով, որ պահել է պատվիրանները «ահա, այսքան տարի»,26 չէր ուզում իր եղբորը լավ ընդունել։

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, մտածեք, որ Հիսուսը մեզ խնդրում է բացել մեր սրտերը, մեր հասկացողությունը, կարեկցանքն ու խոնարհությունը և տեսնել մեզ երկու որդիների դերերում։

Առաջին որդու կամ դստեր նման՝ մենք էլ, հնարավոր է, մոլորվենք և հետագայում ձգտենք տուն վերադառնալ։ Աստված պատրաստ է մեզ դիմավորել։

Եվ ինչպես մյուս որդուն կամ դստերը, երբ յուրաքանչյուրս տուն ենք վերադառնում՝ Նրա մոտ, Աստված մեզ մեղմորեն հրավիրում է ուրախանալ միասին։ Նա մեզ հրավիրում է մեր ժողովները, քվորումները, դասերը և միջոցառումները միմյանց համար դարձնել բաց, հարազատ, ապահով միջավայր՝ տուն։ Բարությամբ, ըմբռնումով և փոխադարձ հարգանքով՝ յուրաքանչյուրս խոնարհաբար փնտրում է Տիրոջը և աղոթում ու ողջունելի դարձնում Նրա վերականգնված ավետարանի օրհնությունները բոլորի համար։

Մեր կյանքի ճամփորդությունները անհատական են, բայց մենք կարող ենք կրկին գալ դեպի մեր Հայր Աստվածը և Նրա Սիրելի Որդին՝ վստահելով Աստծուն, միմյանց և ինքներս մեզ:27 Հիսուսը կոչ է անում․ «Մի՛ վախեցիր, միայն հավատա»:28 Մարգարե Ջոզեֆի նման՝ մենք էլ կարող ենք աներեր վստահել մեր Երկնային բարությանը։29 Թանկագի՛ն եղբայր, թանկագի՛ն քույր, թանկագի՛ն ընկեր, խնդրում եմ, կրկին փնտրիր հավատք և վստահություն՝ հրաշք, որ Նա խոստանում է քեզ այսօր։ Հիսուս Քրիստոսի սուրբ ու նվիրական անունով, ամեն: