Աստծո սերը
Մեր Հայրը և մեր Քավիչը օրհնել են մեզ պատվիրաններով, և Նրանց պատվիրաններին հնազանդվելով, մենք լիարժեք և խորությամբ ենք զգում Նրանց կատարյալ սերը։
Մեր Երկնային Հայրը սիրում է մեզ խորը ու կատարյալ սիրով։1 Իր սիրով Նա ստեղծեց մի ծրագիր՝ փրկագնման և երջանկության ծրագիրը, որը մեզ կտա բոլոր հնարավորությունները և ուրախությունները, որոնք մենք կամենում ենք ստանալ` ներառյալ այն, ինչ Նա ունի։2 Այս ամենին հասնելու համար Նա նույնիսկ պատրաստ էր տալ Իր սիրելի Որդի Հիսուս Քրիստոսին՝ որպես մեր Փրկիչ։ «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա»։3 Նրա հայրական մաքուր սերը համընդհանուր է բոլորի համար, սակայն անձնական՝ յուրաքանչյուրի համար։
Հիսուս Քրիստոսը Հոր հետ կիսում է այս նույն կատարյալ սերը։ Երբ Հայրն առաջին անգամ ներկայացրեց երջանկության Իր մեծ ծրագիրը, Նա կոչ արեց, որ մեկը հանդես գա որպես Փրկիչ՝ մեզ փրկագնելու համար, որն էլ այդ ծրագրի առանցքային մասն էր։ Հիսուսն ասաց. «Ահա ես, ինձ ուղարկիր»։4 Փրկիչը «չի անում որևէ բան, բացի դա լինի ի օգուտ աշխարհի. քանզի նա սիրում է աշխարհն այնքան, որ նա վայր է դնում իր սեփական կյանքը, որպեսզի կարողանա ձգել բոլոր մարդկանց իր մոտ։ Ուստի, նա ոչ ոքի չի պատվիրում, որ նրանք չճաշակեն իր փրկությունից»։5
Այս աստվածային սերը մեզ կտա առատ մխիթարություն և վստահություն, երբ մենք աղոթենք Հորը Քրիստոսի անունով։ Մեզանից և ոչ մեկը օտար չէ Նրանց համար։ Մենք առանց վարանելու պետք է կանչենք առ Աստված, նույնիսկ, երբ մեզ անարժան ենք համարում։ Մենք կարող ենք ապավինել Հիսուս Քրիստոսի ողորմությանն ու արժանիքներին՝ լսելի լինելու համար։6 Եվ եթե մենք մնանք Աստծո սիրո մեջ, մենք ավելի ու ավելի քիչ կախված կլինենք ուրշների հավանությամբ առաջնորդվելուց։
Աստծո սերը չի ներում մեղքը․ այն առաջարկում է փրկագնում
Քանի որ Աստված սիրում է բոլորին, ոմանք այդ սերն անվանում են «անվերապահ» և հանգում են այն եզրակացությանը, որ Աստծո օրհնությունները և փրկությունը կարող են «անվերապահ» տրվել բոլորին։ Բայց դա այդպես չէ։ Ոմանք հաճախ ասում են․ «Փրկիչը սիրում է ինձ այնպիսին, ինչպիսին կամ», և դա իսկապես ճիշտ է։ Սակայն նա չի կարող մեզանից որևէ մեկին տանել Իր արքայությունը այնպիսին, ինչպիսին կանք, «քանզի ոչ մի անմաքուր բան չի կարող բնակվել այնտեղ, կամ բնակվել նրա ներկայության մեջ»։7 Մեր մեղքերը նախ պետք է լուծում գտնեն։
Պրոֆեսոր Հյու Նիբլին մի անգամ նշել է, որ Աստծո արքայությունը չի կարող հարատևել, եթե այն հանդուրժի նույնիսկ ամենափոքր մեղքը․ «Ապականության ամենափոքր բիծը նշանակում է, որ մյուս աշխարհը ո՛չ անապական է, ո՛չ էլ հավերժ։ Շենքի, հաստատության, ծածկագրի կամ բնավորության ամենափոքր թերությունը անխուսափելիորեն ճակատագրական կդառնա հավերժության հեռանկարում»։8 Աստծո պատվիրանները «խիստ»9 են, քանի որ Նրա արքայությունը և դրա բնակիչները կարող են դիմանալ միայն այն դեպքում, եթե նրանք շարունակ մերժեն չարը և ընտրեն բարին՝ առանց բացառության։10
Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդը նշել է․ «Հիսուսը հստակ հասկանում էր, որը շատերը մեր ժամանակակից մշակույթում, կարծես, մոռանում են, որ էական տարբերություն կա մեղքը ներելու պատվիրանի (որը Նա անսահման կարողություն ուներ անելու) և այն հանդուրժելու դեմ նախազգուշացման միջև (որը Նա երբևէ, նույնիսկ մեկ անգամ չարեց)»։11
Անկախ մեր ներկայիս անկատարություններից, մենք այնուամենայնիվ կարող ենք հուսալ, որ ձեռք կբերենք «անուն և դիրք»,12 տեղ՝ Իր Եկեղեցում և սելեստիալ աշխարհում։ Հստակեցնելով, որ Ինքը չի կարող ներել կամ անտեսել մեղքը, Տերը հավաստիացնում է մեզ․
«Այնուամենայնիվ, նա, ով ապաշխարում և կատարում է Տիրոջ պատվիրանները, պիտի ներվի»։13
«Այո՛, և որքան հաճախ որ իմ ժողովուրդն ապաշխարի, ես կներեմ նրանց, իրենց զանցանքները՝ իմ դեմ»։14
Ապաշխարությունն ու աստվածային շնորհը լուծում են հակասությունը.
«Եվ հիշեք նաև խոսքերը, որոնք Ամուղեկն ասաց Զիզրոմին Ամմոնիա քաղաքում. քանզի նա ասաց նրան, որ Տերն, անկասկած, պիտի գա՝ փրկագնելու իր ժողովրդին, սակայն որ նա չպիտի գա՝ փրկագնելու նրանց իրենց մեղքերի մեջ, այլ փրկագնելու նրանց իրենց մեղքերից ։
Եվ նա Հոր կողմից զորություն ունի տրված, փրկագնելու նրանց իրենց մեղքերից՝ ապաշխարության շնորհիվ. այդ նպատակով նա ուղարկել է իր հրեշտակներին՝ հայտարարելու ապաշխարության պայմանների ավետիքը, որը բերում է դեպի Քավչի զորությունը, դեպի իրենց հոգիների փրկությունը»։15
Ապաշխարության պայմանով Տերը կարող է ողորմություն ցուցաբերել՝ առանց կողոպտելու արդարությունը, իսկ «Աստված չի դադարում Աստված լինել»։16
Աշխարհի ուղին, ինչպես գիտեք, հակաքրիստոսն է կամ «ամեն ինչ, բացի Քրիստոսից»։ Մեր օրերում, կարծես, կրկնվում են Մորմոնի Գրքի պատմությունները, երբ նշանավոր դեմքերը ձգտում են անիրավ իշխանություն գործադրել ուրիշների նկատմամբ, գովաբանում են սեռական ազատությունը և խրախուսում են հարստության կուտակումը` որպես մեր գոյության նպատակ։ Նրանց փիլիսոփայությունը «կարդարացնի մի փոքր մեղք գործելը»,17 կամ նույնիսկ շատ մեղքերը, սակայն ոչ ոք չի կարող փրկագնում առաջարկել։ Այն գալիս է միայն Գառի արյան միջոցով։ Ամբոխը, որն ասում է՝ «ամեն ինչ, բացի Քրիստոսից» կամ «ամեն ինչ, բացի ապաշխարությունից», լավագույն դեպքում կարող է առաջարկել անհիմն պնդում, որ մեղք գոյություն չունի, իսկ եթե գոյություն ունի, ի վերջո, հետևանքներ չունի։ Ես չեմ կարծում, որ այդ տեսակետը հաջողություն ունենա վերջին դատաստանի ժամանակ։18
Մեզ չի հաջողվի Աստծո մոտ արդարացումներ գտնել մեր մեղքերի համար։ Ինչպես նաև մենք չենք կարող միայն մեր արժանիքներով ջնջել մեղքերի հետևանքները։ Մեր կրոնը ռացիոնալիզմի կամ կատարելության կրոն չէ, այլ փրկագնման կրոն է՝ փրկագնում Հիսուս Քրիստոսի միջոցով։ Եթե մենք ապաշխարողների շարքում ենք, Նրա Քավությամբ մեր մեղքերը գամվում են Նրա խաչին և «նրա վերքերով մենք բժշկվ[ում ենք]»։19
Մարգարեների մեծ սերն արտացոլում է Աստծո սերը
Երկար տարիներ ինձ վրա մեծ տպավորություն է գործել և նաև զգացել եմ մարգարեների մեծ սերը, մինչ նրանք նախազգուշացրել են մեղքի մասին։ Նրանք չեն ցանկանում մեղադրել։ Նրանց իրական ցանկությունն արտացոլում է Աստծո սերը, ի դեպ, դա է Աստծո սերը։ Նրանք սիրում են նրանց, ում մոտ իրենց ուղարկում են՝ ով և ինչպիսին էլ նրանք լինեն։ Ինչպես Տերը, Նրա ծառաները ևս չեն ցանկանում, որ որևէ մեկը տառապի մեղքի և սխալ ընտրությունների պատճառով։20
Ալման ուղարկվեց՝ ապաշխարության և փրկագնման ուղերձը հայտարարելու ատելությամբ լի մարդկանց, ովքեր պատրաստ էին հալածել, խոշտանգել և նույնիսկ սպանել քրիստոնյա հավատացյալներին, ներառյալ իրեն՝ Ալմային։ Այնուամենայնիվ, նա սիրում էր նրանց և ցանկանում նրանց փրկությունը։ Քրիստոսի քավությունը հայտարարելով Ամմոնիայի ժողովրդին՝ Ալման աղերսել է․«Եվ արդ, իմ եղբայրնե՛ր, ես ցանկանում եմ իմ սրտի ամենախորքից, այո, մեծ տագնապով, մինչև անգամ՝ ցավով, որ դուք ականջ դնեք իմ խոսքերին, և դեն ձգեք ձեր մեղքերը, … որպեսզի դուք կարողանաք բարձրացվել վերջին օրը և մտնել [Աստծո] հանգիստը»։21
Ինչպես ասել է նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը՝ «Հենց այս պատճառով է, որ մենք իրոք խորապես հոգ ենք տանում Աստծո բոլոր զավակների համար, երբ մենք հռչակում ենք Նրա ճշմարտությունը»։22
Աստված սիրում է քեզ, իսկ դու սիրո՞ւմ ես Նրան
Հոր և Որդու սերը անհատույց տրվել է մեզ, սակայն այն ներառում է նաև հույսեր և ակնկալիքներ։ Կրկին մեջբերեմ նախագահ Նելսոնի խոսքերը․ «Աստծո օրենքներն ամբողջովին ստեղծված են մեր հանդեպ Նրա անսահման սիրուց և նրա ցանկությունից, որ մենք դառնանք այն, ինչ կարող ենք դառնալ»։23
Քանի որ Նրանք սիրում են քեզ, Նրանք չեն ուզում թողնել քեզ «այնպիսին, ինչպիսին կաս»։ Քանի որ Նրանք սիրում են քեզ, Նրանք ուզում են, որ դու ուրախություն և հաջողություն ունենաս։ Քանի որ Նրանք սիրում են քեզ, Նրանք ուզում են, որ դու ապաշխարես, քանի որ դա է երջանկության ուղին։ Սակայն դա քո ընտրությունն է․ Նրանք հարգում են ազատ ընտրության քո իրավունքը։ Դու պետք է որոշես սիրել Նրանց, ծառայել Նրանց, պահել Նրանց պատվիրանները։ Ապա Նրանք կարող են առատորեն օրհնել քեզ, ինչպես նաև սիրել քեզ։
Նրանց հիմնական ակնկալիքը մեզանից այն է, որ մենք նույնպես սիրենք։ «Ով չի սիրում, Աստծուն չի ճանաչում, որովհետև Աստված սեր է»։24 Ինչպես գրել է Հովհաննեսը․ «Սիրելինե՛ր, եթե Աստված մեզ այսպես սիրեց, ապա մենք էլ պետք է միմյանց սիրենք»։25
Երեխաների միության նախկին գերագույն նախագահ Ջոյ Դ․ Ջոնսը պատմել է, որ երիտասարդ տարիներին նա ու ամուսինը կանչվել էին այցելելու և սպասավորելու մի ընտանիքի, որը երկար տարիներ չէր եկել Եկեղեցի։ Նրանց առաջին իսկ այցելության ժամանակ անմիջապես պարզ դարձավ, որ իրենք ցանկալի հյուրեր չէին։ Մի քանի անհաջող փորձերի հիասթափությունից, բազում անկեղծ աղոթքներից ու մտորումներից հետո Եղբայր և Քույր Ջոնսը ստացան իրենց ծառայության հետ կապված ինչու հարցի պատասխանը Վարդապետություն և Ուխտերի հետևյալ հատվածում․ «Սիրի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն, քո ողջ սրտով, քո ողջ զորությամբ, մտքով և ուժով. և Հիսուս Քրիստոսի անունով ծառայիր նրան»։26 Քույր Ջոնսն ասել է․
«Մենք հասկացանք, որ սրտանց ձգտում էինք ծառայել այս ընտանիքին և ծառայել մեր եպիսկոպոսին, սակայն մենք պետք է հարցնեինք ինքներս մեզ, թե արդյո՞ք ծառայում էինք Տիրոջ հանդեպ սիրուց դրդված։ …
… Մենք սկսեցինք հաճույքով կատարել մեր այցերը այս սիրելի ընտանիքի տուն՝ Տիրոջ հանդեպ սիրուց դրդված [տես 1 Նեփի 11․22]։ Մենք դա անում էինք Նրա համար: Նա փոխեց պայքարը, և դա այլևս պայքար չէր: Ամիսներ շարունակ դռան շեմին կանգնելուց հետո ընտանիքի անդամները սկսեցին մեզ ներս հրավիրել: Վերջապես մենք կանոնավոր աղոթքներ և ավետարանի հաճելի քննարկումներ էինք ունենում միասին: Զարգացել էին երկարատև ընկերական հարաբերություններ: Մենք երկրպագում ու սիրում էինք Նրան՝ սիրելով Նրա զավակներին»։27
Ընդունելով, որ Աստված մեզ սիրում է կատարելապես, յուրաքանչյուրս կարող ենք հարցնել. «Որքա՞ն եմ ես սիրում Աստծուն։ Կարո՞ղ է Նա ապավինել իմ սիրուն, ինչպես ես եմ ապավինում Նրա սիրուն»։ Արդյո՞ք արժանի ձգտում չէր լինի ապրել այնպես, որ Աստված կարողանա սիրել մեզ ոչ միայն մեր թերություններով հանդերձ, այլև շնորհիվ այն բանի, ինչ մենք դառնում ենք։ Օ՜, որ Նա կարողանար ասել իմ և ձեր մասին, ինչպես Նա ասել է Հայրում Սմիթի մասին․ «Ես՝ Տերս, սիրում եմ նրան իր սրտի շիտակության համար»։28 Եկեք հիշենք Հովհաննեսի բարի հորդորը․ «Որովհետև սա է Աստծու սերը. որ պահենք նրա պատվիրանները։ Նրա պատվիրանները ծանր չեն»։29
Իսկապես, Նրա պատվիրանները ծանր չեն, այլ ճիշտ հակառակը։ Դրանք նշում են բժշկման, երջանկության, խաղաղության և ուրախության ուղին։ Մեր Հայրը և մեր Քավիչը օրհնել են մեզ պատվիրաններով, և Նրանց պատվիրաններին հնազանդվելով մենք լիարժեք և խորությամբ ենք զգում Նրանց կատարյալ սերը։30
Ահա շարունակական հակառակություններով լի մեր ժամանակների լուծումը՝ Աստծո սերը։ Մորմոնի Գրքի պատմության ոսկե դարաշրջանում, որը հետևեց Փրկիչի ծառայությանը, ասվում է, «որ չկար ոչ մի հակառակություն երկրում Աստծո սիրո շնորհիվ, որը բնակվում էր մարդկանց սրտերում»։31 Մինչ ձգտում ենք հասնել Սիոնին, մենք հիշում ենք Հայտնության խոստումը․ «Երանելի են նրա պատվիրանները պահողները, որովհետև նրանցն է իշխանությունը կենաց ծառի վրա և [սուրբ] քաղաքի դռնով ներս մտնելու»։32
Ես վկայում եմ մեր Երկնային Հոր և մեր Քավիչ Հիսուս Քրիստոսի իրական լինելու և Նրանց մշտական, հավերժ սիրո մասին։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։