Ավելին դառնալ Քրիստոսում`թեք գծի առակը
Ըստ Տիրոջ ժամանակացույցի՝ կարևորն այն չէ, թե որտեղից ենք սկսում, այլ, թե ուր ենք մենք առաջնորդվում:
Երբ փոքր տղա էի, մեծ ձգտումներ ունեի: Մի օր դպրոցից հետո հարցրի մայրիկիս. «Մայրի՛կ, ես ի՞նչ եմ դառնալու, երբ մեծանամ` պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, թե ռոք աստղ»: Դժբախտաբար, Քլարկ «անատամ հրաշքը» ապագա սպորտային կամ երաժշտական փառքի ոչ մի նշաններ ցույց չէր տալիս: Եվ չնայած բազմաթիվ ջանքերին, ինձ բազմիցս մերժեցին ընդունել իմ դպրոցի առաջադեմ ուսումնական ծրագրում: Ուսուցիչներս, ի վերջո, առաջարկեցին, որ ուղղակի կենտրոնանամ սովորական դասընթացի վրա: Ժամանակի ընթացքում ես զարգացրի ուսման փոխհատուցող սովորույթներ: Բայց միայն Ճապոնիայում՝ իմ միսիայի ժամանակ զգացի, որ իմ մտավոր և հոգևոր հնարավորությունները սկսեցին ի հայտ գալ: Ես շարունակեցի տքնաջան աշխատել: Բայց իմ կյանքում առաջին անգամ ես Տիրոջը անընդհատ ներգրավում էի իմ զարգացման մեջ, և դա առաջացրեց այդ ողջ փոփոխությունը:
Եղբայրնե՛ր և քույրե՛ր, այս Եկեղեցում մենք հավատում ենք Աստծո բոլոր զավակների աստվածային ներուժին և Քրիստոսում ավելին դառնալու մեր ունակությանը: Ըստ Տիրոջ ժամանակացույցի՝ կարևորն այն չէ, թե որտեղից ենք սկսում, այլ, թե ուր ենք մենք առաջնորդվում:1
Որպեսզի ցույց տամ այդ սկզբունքը, ես որոշ չափով կկենտրոնանամ հիմնական մաթեմատիկայի վրա: Դեհ, խուճապի մի մատնվեք` լսելով մաթեմատիկա բառը գերագույն համաժողովում: Մեր ԲՅՀ-Այդահոյի մաթեմատիկայի բաժանմունքում ինձ հավաստիացնում են, որ նույնիսկ սկսնակը կըմբռնի այս առանցքային հասկացությունը: Այն սկսվում է ուղիղ գծի համար բանաձևով: Մեր նպատակների ելակետը մեր գծի սկիզբն է: Ելակետը կարող է ունենալ կամ բարձր կամ ցածր մեկնարկային կետ: Ուստի, գծի թեքությունը կարող է լինել դրական կամ բացասական թեքումով:
Կյանքում մենք բոլորս ունենք տարբեր ելակետեր, մենք սկսում ենք տարբեր տեղերում՝ կյանքի տարբեր օժտումներով: Ոմանք ծնվում են բարձր ելակետերով, որոնք լի են հնարավորությամբ: Մյուսները բախվում են դժվարին և անարդար թվացող սկզբնական հանգամանքների հետ:2 Հետո մենք առաջ ենք ընթանում անձնական առաջընթացի թեք գծի երկայնքով: Մեր ապագան ավելի քիչ կորոշվի մեր ելակետով և ավելի շատ՝ մեր թեք գծով: Հիսուս Քրիստոսը տեսնում է աստվածային ներուժ, անկախ նրանից, թե որտեղից ենք մենք սկսել: Նա տեսավ դա մուրացկանի, մեղսավորի և տկարի մեջ: Նա տեսավ դա ձկնորսի, մաքսավորի և նույնիսկ մի մոլեռանդի մեջ: Անկախ նրանից, թե որքան շատ է տրվում կամ որքան քչից ենք սկսում, Քրիստոսը հաշվի է առնում, թե ինչ ենք անում մեզ տրվածի հետ:3 Մինչ աշխարհը կենտրոնանում է մեր ելակետի վրա, Աստված կենտրոնանում է մեր թեք գծի վրա: Իր հաշվարկով Տերը կանի այն, ինչ կարող է`օգնելով մեզ դեպի երկինք շրջել մեր թեք գծերը:
Այս սկզբունքը պետք է հանգստություն տա նրանց, ովքեր մաքառում են, և դադար՝ նրանց, ովքեր, թվում է, ունեն ամեն տեսակի արտոնություն: Թույլ տվեք սկսել` դիմելով այն մարդկանց, ովքեր դժվարին մեկնարկային հանգամանքներ ունեն, ներառյալ` աղքատություն, կրթության սահմանափակ հասանելիություն և դժվարին ընտանեկան իրավիճակներ: Մյուսները բախվում են ֆիզիկական մարտահրավերների, հոգեկան խանգարումների կամ ուժեղ գենետիկական նախադրյալների հետ:4 Բոլոր նրանք, ովքեր մաքառում են մեկնարկային կետերի հետ, խնդրում ենք, հասկացեք, որ Փրկիչը գիտի մեր մաքառումները: Նա «իր վրա [վերցրեց] [մեր] թուլությունները, որպեսզի նրա սիրտը [կարողանար] լցվել ողորմությամբ, … որպեսզի նա [կարողանար] իմանալ, … ինչպես սատարել [մեզ]` ըստ [մեր] թուլությունների»:5
Թույլ տվեք քաջալերանքի երկու կետով կիսվել նրանց համար, ովքեր դիմակայում են դժվարին մեկնարկային հանգամանքներին: Առաջինը՝ կենտրոնացեք նրա վրա, թե ուր եք նպատակաուղղվում, և ոչ թե որտեղից եք սկսել: Սխալ կլինի անտեսել ձեր հանգամանքները, դրանք իրական են և լուծման կարիք ունեն: Բայց դժվարին մեկնարկային կետի վրա խիստ կենտրոնանալը, կարող է ստիպել ձեզ սահմանափակել և նույնիսկ կաշկանդել ընտրելու ձեր ունակությունը:6
Տարիներ առաջ ես ծառայում էի Բոստոնի (Մասաչուսեթս) մի խումբ տեղացի երիտասարդների հետ, ովքեր հիմնականում նոր էին ավետարանի և Եկեղեցու ակնկալիքների համար: Գայթակղություն կար, որ իմ կարեկցանքն ու մտահոգությունը նրանց իրավիճակի համար ես կշփոթեի Աստծո չափանիշներն իջեցնելու ցանկության հետ:7 Ի վերջո, ես գիտակցեցի, որ իմ սերը ցույց տալու ամենահզոր միջոցն էր՝ երբեք չիջեցնել իմ ակնկալիքները: Իմ իմացածով հանդերձ, մենք միասին կենտրոնացանք նրանց ներուժի վրա, և նրանցից յուրաքանչյուրը սկսեց բարձրացնել իր թեք գիծը: Նրանց աճը ավետարանում աստիճանական էր, բայց հաստատուն: Այսօր նրանք արդեն ծառայել են միսիաներ, ավարտել են քոլեջ, ամուսնացել են տաճարում և վարում են հիանալի անձնական ու մասնագիտական կյանք:
Երկրորդ՝ ներգրավեք Տիրոջը՝ ձեր թեք գիծը բարձրացնելու ընթացքում: Երբ ծառայում էի որպես ԲՅՀ-ի համաշխարհային նախապատրաստական կուրսի նախագահ, հիշում եմ, որ Լիմայում (Պերու) մասնակցում էի մեծ հոգևոր հավաքի, որտեղ ելույթ էր ունենում Երեց Կառլոս Ա. Գոդոյը: Երբ նա նայեց հավաքվածներին, ապշեց` տեսնելով այդքան շատ հավատարիմ, առաջին սերնդի համալսարանի ուսանողներ: Հավանաբար հիշելով այդպիսի հանգամանքների միջով անցած իր սեփական ուղին, Երեց Գոդոյը հուզմունքով նշեց. Տերն «ավելի լավ կօգնի ձեզ, քան դուք կարող եք օգնել ինքներդ ձեզ: [Ուստի] ներգրավեք Տիրոջը այս գործընթացում»:8 Մարգարե Նեփին ուսուցանել է. «Շնորհի միջոցով է, որ մենք փրկվում ենք, այն ամենից հետո, ինչ մենք կարող ենք անել»։9 Մենք պետք է անենք այն ամենը,10 ինչը ներառում է ապաշխարությունը, բայց միայն Տիրոջ շնորհի միջոցով է, որ մենք կարող ենք իրականացնել մեր աստվածային ներուժը:11
Ի վերջո, թույլ տվեք կիսվել երկու խորհրդով նրանց համար, ովքեր բարձր մեկնարկային կետերով են: Առաջին՝ կարո՞ղ ենք ցույց տալ որոշ համեստություն այն հանգամանքների համար, որոնք մենք ինքներս չենք ստեղծել: Ինչպես ԲՅՀ Նախագահ Ռեքս Ի. Լին է մեջբերել իր ուսանողների համար. «Մենք բոլորս խմել ենք ջրհորներից, որոնք մենք չենք փորել և տաքացել ենք խարույկներով, որոնք մենք չենք վառել»:12 Նախագահ Լին այնուհետև կոչ արեց իր ուսանողներին վերադարձնել և համալրել կրթական ջրհորները, որոնք կառուցել էին նախկին ռահվիրաները: Ուրիշների կողմից տնկված դաշտերում նոր ցանքսի ձախողումը կարող է համազոր լինել տաղանդը առանց տոկոսի վերադարձնելուն:
Երկրորդ՝ բարձր մեկնարկային կետի վրա կենտրոնանալով՝ հաճախ կարող ենք ընկնել մի զգացման թակարդը, երբ մեզ թվում է, թե ծաղկում ենք, բայց փաստորեն մեր ներքին թեք գիծը կարող է բավական լճացած լինել: Հարվարդի պրոֆեսոր Քլեյթոն Մ. Քրիստենսենը ուսուցանել է, որ ամենահաջողակ մարդիկ ամենախոնարհներն են, քանի որ նրանք բավականաչափ վստահ են, որ իրենց կուղղեն և կսովորեն յուրաքանչյուրից:13 Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը խորհուրդ է տվել մեզ «պատրաստակամորեն [գտնել ուղիներ]՝ ընդունելու և նույնիսկ ձգտելու ուղղումների»:14 Նույնիսկ, երբ գործերը, կարծես, լավ են գնում, մենք պետք է կատարելագործվելու հնարավորություններ փնտրենք՝ աղոթքով խնդրելու միջոցով:
Անկախ նրանից՝ մենք սկսել ենք լիարժեք, թե դժվարին հանգամանքներից, մեր ամբողջական ներուժը կիրագործենք միայն այն դեպքում, երբ Աստծուն դարձնենք մեր գործընկերը: Վերջերս ես զրույց ունեցա ողջ երկրում հանրահայտ մի մանկավարժի հետ, ով հետաքրքրվում էր ԲՅՀ-ի նախապատրաստական կուրսի ուսանողների հաջողություններով: Նա պայծառ միտք ուներ և նրա հարցումն անկեղծ էր, բայց նա հստակ կամենում էր լսել աշխարհիկ պատասխան: Ես նրա հետ կիսվեցի մեր պահպանման ծրագրերով և դաստիարակչական ջանքերով: Բայց եզրափակեցի՝ ասելով. «Սրանք բոլորը լավ գործառույթներ են, բայց մեր ուսանողների առաջընթացի իսկական պատճառն այն է, որ մենք նրանց ուսուցանում ենք իրենց աստվածային ներուժը: Պատկերացրեք, եթե ձեր ողջ կյանքում ձեզ ասեին, որ դուք երբեք չեք կարող հաջողության հասնել: Ապա մտածեք այն ազդեցության մասին, երբ ձեզ ուսուցանվում է, որ դուք աստվածային հնարավորությամբ Աստծո իրական որդին կամ դուստրն եք»: Նա կանգ առավ, ապա պարզապես պատասխանեց. «Դա զորեղ է»:
Եղբայրնե՛ր և քույրե՛ր, Տիրոջ Եկեղեցու հրաշքներից մեկն այն է, որ մեզանից յուրաքանչյուրը կարող է ավելի լավը դառնալ Քրիստոսում: Ես չգիտեմ ոչ մի այլ կազմակերպություն, որը իր անդամներին տալիս է ավելի շատ ծառայելու, վերադարձնելու, ապաշխարելու և ավելի լավ մարդիկ դառնալու հնարավորություններ: Անկախ նրանից՝ մենք մեկնարկում ենք դժվարին, թե լիարժեք հոգևոր հանգամանքներում, եկեք դեպի երկինք ուղղված պահենք մեր հայացքները և մեր թեք գծերը: Երբ մենք այդպես վարվենք, Քրիստոսը կբարձրացնի մեզ մի ավելի բարձր տեղ: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։