Գերագույն համաժողով
Ամենօրյա վերականգնում
2021 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


13:43

Ամենօրյա վերականգնում

Մենք կարիք ունենք երկնային լույսի շարունակական, ամենօրյա ներարկման։ Մեզ պետք են «հանգստանալու ժամանակներ»: Անձնական վերականգնման ժամանակներ։

Այս գեղեցիկ կիրակի օրը մենք հավաքվել ենք, որպեսզի խոսենք Քրիստոսի մասին, ուրախանանք Նրա ավետարանով և աջակցենք ու հաստատենք միմյանց՝ քայլելով մեր Փրկիչի «ճանապարհով»։1

Որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ, մենք այս նպատակի համար հավաքվում ենք ամեն կիրակի՝ ամբողջ տարվա ընթացքում: Եթե դուք Եկեղեցու անդամ չեք, մենք ջերմ ողջունում ենք ձեզ և շնորհակալություն ենք հայտնում, որ միացել եք մեզ՝ երկրպագելու Փրկիչին և սովորելու Նրա մասին: Մենք՝ ինչպես և դուք, ձգտում ենք, թեև անկատար, դառնալ ավելի լավ ընկերներ, հարևաններ և մարդիկ,2 և մենք ձգտում ենք դա անել՝ հետևելով մեր Օրինակին՝ Հիսուս Քրիստոսին:

Փրկիչ Հիսուս Քրիստոսը

Հուսով ենք, որ դուք կզգաք մեր վկայության անկեղծությունը: Հիսուս Քրիստոսն ապրում է։ Նա կենդանի Աստծո Որդին է և մեր օրերում Նա առաջնորդում է մարգարեներին երկրի վրա: Բոլորին հրավիրում ենք գալ, լսել Աստծո խոսքը և ճաշակել Նրա բարությունից: Ես բերում եմ իմ անձնական վկայությունը, որ Աստված մեր մեջ է, և որ նա, անշուշտ, կմոտենա բոլոր նրանց, ովքեր մոտենում են Իրեն։3

Մենք պատիվ ենք համարում ձեզ հետ քայլել Վարդապետի աշակերտության նեղ ու անձուկ ճանապարհով:

Ուղիղ գծով քայլելու արվեստը

Կա հաճախ կրկնվող տեսություն, որ այն մարդիկ, ովքեր մոլորվում են, քայլում են շրջանաձև: Ոչ վաղ անցյալում Մաքս Պլանկի կենսաբանական կիբեռնետիկայի ինստիտուտի (Max Planck Institute for Biological Cybernetics) գիտնականները փորձարկեցին այդ տեսությունը: Նրանք մասնակիցներին տարան մի խիտ անտառ և նրանց հստակ հրահանգեցին «քայլել ուղիղ գծով»: Տեսանելի ուղենիշներ չկային: Փորձարկվողները պետք է ապավինեին միայն իրենց կողմոնորոշման վրա։

Ձեր կարծիքով, ի՞նչ հաջողության հասան նրանք:

Գիտնականները եզրակացրին. «Մարդիկ իսկապես պտույտներ են [գործում], երբ հուսալի հուշումներ չեն ստանում իրենց քայլելու ուղղության վերաբերյալ»:4 Հարցաքննվելուց հետո որոշ մասնակիցներ ինքնավստահ պնդեցին, որ իրենք չնչին չափով անգամ չէին շեղվել։ Թեպետ նրանք շատ վստահ էին, սակայն ԳՏՀ-ի տվյալները ցույց տվեցին, որ նրանք քայլել են 20 մետր նեղ տրամագիծ ունեցող շրջաններով:

Ինչո՞ւ ենք մենք այդքան դժվարանում ուղիղ գծով քայլելիս: Որոշ հետազոտողներ ենթադրում են, որ տեղանքի փոքր, աննշան թվացող շեղումները տարբերություն են առաջացնում։ Մյուսները մատնանշել են այն փաստը, որ մենք բոլորս ունենք մի ոտք, որը մի փոքր ավելի ուժեղ է, քան մյուս ոտքը: Սակայն «ավելի հավանական է», որ մենք դժվարանում ենք ուղիղ առաջ գնալ, [քանի որ] մեծանում է անորոշությունը, թե որտեղ է գտնվում այդ «ուղիղ առաջը»։5

Ինչ էլ որ լինի պատճառը, մարդկային բնույթն այն է, որ առանց հուսալի ուղենիշների մենք շեղվում ենք ընթացքից:

Ինչպես մնալ ուղու վրա

Հետաքրքիր է, թե փոքր, աննշան թվացող գործոններն ինչպես կարող են մեծ փոփոխություն առաջացնել մեր կյանքում:

Ես դա գիտեմ օդաչուի իմ անձնական փորձից: Ամեն անգամ, երբ սկսում էի մոտենալ օդանավակայանին, ես գիտեի, որ հիմնականում պետք է փոքր քայլերով անընդհատ ուղղեմ մնացած ընթացքը՝ ինքնաթիռն ապահով կերպով մեր ցանկալի վայրէջքի թռիչքուղի ուղղորդելու համար:

Դուք կարող եք նմանատիպ փորձ ունենալ մեքենա վարելիս: Քամին, ճանապարհի անհավասարությունները, անիվների ոչ կատարյալ դասավորությունը, անուշադրությունը, էլ չենք խոսում այլ վարորդների գործողությունների մասին, բոլորը կարող են ձեզ դուրս մղել ձեր նախատեսած ճանապարհից: Եթե չեք կարողանում ուշադրություն դարձնել այս գործոններին, դուք կարող եք վատ օր ունենալ:6

Մեքենան լողավազանում

Սա վերաբերում է մեզ ֆիզիկապես:

Այն նաև վերաբերում է մեզ հոգեպես:

Մեր հոգևոր կյանքի թե՛ դրական և թե՛ բացասական փոփոխությունների մեծ մասը տեղի է ունենում աստիճանաբար, քայլ առ քայլ: Ինչպես Մաքս Պլանկի ուսումնասիրության մասնակիցները, այնպես էլ մենք կարող ենք չհասկանալ, թե երբ ենք շեղվում ընթացքից: Մենք նույնիսկ կարող ենք մեծապես վստահ լինել, որ քայլում ենք ուղիղ գծով: Բայց փաստն այն է, որ առանց մեզ ուղղորդող ուղենիշների, մենք անխուսափելիորեն շեղվում ենք ընթացքից և հայտնվում ենք այնպիսի վայրերում, որտեղ երբեք չէինք ցանկանա հայտնվել:

Սա ճիշտ է անհատների համար: Դա ճիշտ է նաև հասարակությունների և ազգերի համար: Սուրբ գրությունները լի են օրինակներով:

Դատավորաց գրքում գրված է, որ երբ Հեսուն մահացավ «իսրայելացիների նոր սերունդ աճեց, որը չէր ճանաչում ոչ Տիրոջը եւ ոչ այն գործերը, որ նա արել էր Իսրայէլի համար»։7

Թեպետ տեղի ունեցան զարմանալի երկնային միջամտություններ, այցելություններ, փրկություններ և հրաշալի հաղթանակներ, որոնք Իսրայելի զավակները տեսան Մովսեսի և Հեսուի կյանքի ընթացքում, սակայն մեկ սերնդի ընթացքում մարդիկ հեռացան ուղուց և սկսեցին քայլել ըստ իրենց ցանկությունների: Եվ, իհարկե, շատ չանցած նրանք վճարեցին այդ վարքագծի համար։

Երբեմն այս անկումը տեղի է ունենում սերունդներ հետո: Երբեմն՝ դա տեղի է ունենում մի քանի տարվա կամ նույնիսկ ամիսների ընթացքում։8 Բայց մենք բոլորս խոցելի ենք: Անկախ նրանից, թե մեր հոգևոր փորձառություններն անցյալում որքան ուժեղ են եղել, մարդկային էակներս հակված ենք մոլորության: Այդպես է եղել Ադամի օրերից մինչև մեր օրերը։

Կա նաև բարի լուր

Սակայն ամեն ինչ կորած չէ: Ի տարբերություն ուսումնասիրության վերոնշյալ մասնակիցների, ովքեր մոլորվել էին, մենք ունենք հուսալի, տեսանելի ուղենիշներ, որոնցով կարող ենք գնահատել մեր ընթացքը։

Իսկ որո՞նք են այդ ուղենիշները:

Իհարկե, դրանց թվում են ամենօրյա աղոթքը, սուրբ գրությունների մասին խորհրդածությունը և ոգեշնչված գործիքների օգտագործումը, օրինակ՝ Եկ, հետևիր ինձ ձեռնարկը: Ամեն օր մենք կարող ենք խոնարհ և ազնիվ պահվածքով մոտենալ Աստծո գահին: Մենք կարող ենք խորհել մեր գործողությունների շուրջ և վերանայել մեր օրվա պահերը՝ ուշադրություն դարձնելով, որ մեր կամքն ու ցանկությունները համապատասխանեն Նրա կամքին ու ցանկություններին: Եթե մենք շեղվել ենք, աղաչենք Աստծուն, որ ուղղի մեզ և պարտավորվենք գործել ավելի լավ:

Փրկիչն առաջնորդում է Իր գառներին

Ինքնաքննության այս ժամանակը վերահավասարակշռության հնարավորություն է: Այն մտորումների մի այգի է, որտեղ մենք կարող ենք քայլել Տիրոջ հետ, որտեղ մեզ կուսուցանեն, կկրթեն և կմաքրեն մեր Երկնային Հոր գրավոր և ոգեշնչված խոսքով: Դա մի սրբազան ժամանակ է, երբ մենք հիշում ենք հեզ Քրիստոսին հետևելու մեր հանդիսավոր ուխտերը, երբ գնահատում ենք մեր առաջընթացը և արժանի ենք լինում այն հոգևոր ուղենիշներին, որոնք Աստված տվել է Իր զավակներին:

Ընդունեք դա որպես ձեր անձնական, ամենօրյա վերականգնում: Լինելով փառքի ճանապարհի ուխտավորներ՝ մեր ճամփորդության մեջ մենք գիտենք, թե որքան հեշտ է մոլորվելը: Բայց ինչպես փոքր շեղումները կարող են մեզ հեռացնել Փրկիչի ուղուց, այնպես էլ վերադասավորման փոքր և հասարակ գործողությունները կարող են մեզ անկասկած հետ բերել: Երբ խավարը սողոսկում է մեր կյանք, ինչպես հաճախ է պատահում, մեր ամենօրյա վերականգնման շնորհիվ մեր սրտերը բացվում են երկնային լույսի առջև, որը լուսավորում է մեր հոգիները՝ վանելով ստվերները, վախերն ու կասկածները:

Փոքրիկ ղեկեր, մեծ նավեր

Եթե մենք ձգտենք, ապա «Աստված [մեզ] գիտելիք կտա իր Սուրբ Հոգու միջոցով, այո, Սուրբ Հոգու անասելի պարգևով»։9 Որքան հաճախ մենք խնդրենք, Նա մեզ ցույց կտա ճանապարհը և կօգնի մեզ հետևել դրան:

Դա, իհարկե, մեր կողմից պահանջում է հաստատուն ջանքեր։ Մենք չենք կարող բավարարվել անցյալի հոգևոր փորձառություններով: Մենք հաստատուն հայտնության կարիք ունենք։

Մենք չենք կարող հավերժ ապավինել ուրիշների վկայություններին: Մենք պետք է ստեղծենք մեր սեփականը:

Մենք կարիք ունենք երկնային լույսի շարունակական, ամենօրյա ներարկման։

Մեզ պետք են «հանգստանալու ժամանակներ»:10 Անձնական վերականգնման ժամանակներ։

«Հոսող ջրերը» երկար չեն կարող «անմաքուր մնալ»:11 Մեր մտքերն ու արարքները մաքուր պահելու համար մենք պետք է շարունակենք հոսել:

Ի վերջո, ավետարանի և Եկեղեցու Վերականգնումը այն չէ, ինչ տեղի է ունեցել մեկ անգամ և ավարտվել է: Դա շարունակական գործընթաց է՝ օրեցօր մեկական սիրտ փոխելով։

Ինչպես մեր օրերն են անցնում, այնպես էլ մեր կյանքն է անցնում։ Մի հեղինակ դա այսպես է արտահայտել. «Օրը նման է մի ամբողջ կյանքի: Դուք սկսում եք մի բան անել, բայց ուրիշ բան է ստացվում, ծրագրում եք ինչ-որ բան անել, բայց երբեք չեք վերջացնում: … Եվ ձեր կյանքի վերջում, ձեր ողջ գոյությունը նույնպես նման է այդ նույն անկանոն որակին։ Ձեր ամբողջ կյանքն ունի մեկ օրվա ուրվագիծ»:12

Ցանկանու՞մ եք փոխել ձեր կյանքի ուրվագիծը:

Փոխե՛ք ձեր օրվա ուրվագիծը։

Ցանկանո՞ւմ եք փոխել ձեր օրը։

Փոխե՛ք այս ժամը։

Փոխեք այն, ինչ մտածում, զգում և անում եք հենց այս պահին:

Փոքրիկ ղեկը կարող է ղեկավարել մեծ նավը:13

Փոքր աղյուսները կարող են դառնալ հոյակերտ առանձնատներ:

Փոքր սերմերը կարող են դառնալ բարձրահասակ սեքվոյաներ:

Լավ անցկացրած րոպեներն ու ժամերը լավ ապրած կյանքի հիմքն են: Նրանք կարող են ներշնչել բարություն, բարձրացնել մեզ անկատարության գերությունից և տանել դեպի վեր՝ դեպի ներման և սրբագործման քավիչ ճանապարհը:

Նոր սկիզբների Աստված

Ձեզ հետ միասին ես իմ երախտագիտությունն եմ հայտնում նոր հնարավորության, նոր կյանքի, նոր հույսի վեհաշուք պարգևի համար:

Մենք բարձրացնում ենք մեր ձայնը՝ գովաբանելով մեր առատաձեռն և ներողամիտ Աստծուն: Անշուշտ, Նա նոր սկիզբների Աստված է: Նրա գործերի վսեմ նպատակն է օգնել մեզ՝ Իր զավակներին, հաջողության հասնել անմահության և հավերժական կյանքի մեր ձգտման մեջ:14

Մենք կարող ենք դառնալ նոր արարածներ Քրիստոսում, քանի որ Աստված խոստացել է. «Որքան հաճախ որ իմ ժողովուրդն ապաշխարի, ես կներեմ նրանց, իրենց զանցանքները՝ իմ դեմ»15 և «այլևս չեմ հիշի դրանք»։16

Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, սիրելի ընկերներ, մենք բոլորս ժամանակ առ ժամանակ շեղվում ենք:

Բայց մենք կարող ենք վերադառնալ: Մենք կարող ենք անցնել մեր ուղին այս կյանքի խավարի և փորձությունների միջով և գտնել մեր սիրելի Երկնային Հոր մոտ վերադառնալու ճանապարհը, եթե փնտրենք և ընդունենք Նրա տված հոգևոր ուղենիշները, ընդունենք անձնական հայտնությունը և ձգտենք ամենօրյա վերականգնման: Այսպես ենք դառնում մեր սիրելի Փրկիչ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտներ:

Երբ մենք այդպես վարվենք, Աստված կժպտա մեզ: «Եւ քեզ կօրհնէ քո Եհովայ Աստուծոյ քեզ տուած երկրումը: Եհովան քեզ իր համար սուրբ ժողովուրդ կհաստատէ»:17

Ես աղոթում եմ, որ մենք փնտրենք ամենօրյա վերականգնում և շարունակաբար ձգտենք քայլել Հիսուս Քրիստոսի ճանապարհով։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. Հիսուսն ուսուցանեց. «Ես եմ ճանապարհը և ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես 14.6): NIV First Century Study Bible-ը (Առաջին դարի NIV ուսումնական Աստվածաշունչը) պարունակում է այս բացատրությունը. «Եբրայերեն Աստվածաշնչում արահետի կամ ճանապարհի պատկերը հաճախ նշանակում էր Աստծո պատվիրանները կամ ուսմունքները պահելը [տես Սաղմոս 1․1, 16․11, 86․11]։ Սա ընդունված հնագույն փոխաբերություն էր՝ մի շարք համոզմունքների, ուսմունքների կամ սովորույթների մեջ ակտիվ մասնակցության համար: Մեռյալ ծովի ձեռագրերի համայնքն իրենց անվանում էր «ճանապարհի» հետևորդներ, ինչը նշանակում էր, որ նրանք հետևում էին Աստծուն հաճելի ճանապարհի սեփական մեկնաբանությանը: Պողոսը և առաջին քրիստոնյաները նաև իրենց անվանեցին «Ճանապարհի հետևորդ» [տես Գործք Առաքելոց 24․14] » (“What the Bible Says about the Way, the Truth, and the Life,” Bible Gateway, biblegateway.com/topics/the-way-the-truth-and-the-life):

    1873 թ-ին Կոստանդնուպոլսի Երուսաղեմի պատրիարքի գրադարանում հայտնաբերվեց հնագույն գիրք՝ Didache վերնագրով: Շատ գիտնականներ կարծում են, որ այն գրվել և օգտագործվել է առաջին դարի վերջին (մ.թ. 80-100): Didache սկսվում է այս խոսքերով. «Կա երկու ճանապարհ՝ մեկը կյանքի, իսկ մյուսը՝ մահվան, սակայն երկու ճանապարհների միջև մեծ տարբերություն կա: Այսպիսով, կյանքի ուղին հետևյալն է. Սիրիր քո Տեր Աստուծուն, ով ստեղծել է քեզ․ երկրորդ՝ քո ընկերին քո անձի պես» (Teaching of the Twelve Apostles, trans. Roswell D. Hitchcock and Francis Brown [1884], 3)։

    Այլ աղբյուրներ, ինչպիսիք են The Expositor’s Bible Commentary-ը, նշում են, որ «եկեղեցու վաղ գոյության ժամանակ նրանք, ովքեր ընդունում էին Հիսուսի Մեսիայի կոչումը, ասում էին, որ Նա իրենց Տերն է, իրենց կոչում էին «Ճանապարհի մարդիկ»[տես Գործք 19.9, 23, 22.4, 24.14, 22]» (ed. Frank E. Gaebelein and others [1981], 9:370)։

  2. Տես Մոսիա 2.17:

  3. Տես Վարդապետություն և Ուխտեր 88․63։

  4. “Walking in Circles,” Aug. 20, 2009, Max-Planck-Gesellschaft, mpg.de.

  5. “Walking in Circles,” mpg.de. Այս պատկերը ցույց է տալիս ուսումնասիրության չորս մասնակիցների ԳՏՀ-ի հետագիծը: Նրանցից երեքը քայլեցին ամպամած օրվա ընթացքում: Նրանցից մեկը (ԳՄ) սկսեց քայլել, երբ արևը ծածկված էր ամպերով, բայց 15 րոպե անց ամպերը ցրվեցին, և մասնակիցը կարողանում էր տեսնել արևի նշույլներ: Ուշադրություն դարձրեք, երբ արևը տեսանելի էր, այդ մարդն ավելի հաջողակ էր ուղիղ գծով քայլելիս:

  6. Մեկ ողբերգական օրինակի մասին, թե ինչպես է ընդամենը երկու աստիճանի սխալը պատճառ դարձել, որ ուղևորատար ինքնաթիռը բախվի Անտարկտիդայի Էրեբուս լեռանը, որտեղ զոհվեցին 257 մարդ, տես Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Միայն մի քանի աստիճան», Լիահոնա, 2008 թվականի մայիս, 57–60:

  7. Դատավորաց 2․10։

  8. Ամերիկա մայրցամաք կատարած Քրիստոսի այցելությունից հետո իրենց մեղքերից ապաշխարած մարդիկ մկրտվեցին և ստացան Սուրբ Հոգին։ Մի ժամանակ, երբ նրանք կռվարար ու հպարտ ժողովուրդ էին, այժմ «ողջ երկրի երեսին, նրանց մեջ չկային հակառակություններ և վիճաբանություններ, և ամեն մարդ արդար էր վարվում մեկը մյուսի հետ»։(4 Նեփի 1․2)։ Արդարության այս շրջանը տևեց մոտ երկու դար, նախքան հպարտությունը սկսեց ստիպել մարդկանց շեղվել ճանապարհից: Այնուամենայնիվ, հոգևոր շեղումը նաև կարող է տեղի ունենալ շատ արագ: Օրինակ՝ տասնամյակներ առաջ, Մորմոնի Գրքում դատավորների կառավարման 50-րդ տարում մարդկանց մեջ «խաղաղություն ու մեծ ուրախություն եղավ»: Բայց հպարտության պատճառով, որը մտավ Եկեղեցու անդամների սրտերը, չորս տարվա կարճ ժամանակահատվածից հետո «կային շատ պառակտիչներ եկեղեցում, և կար նաև հակառակություն ժողովրդի մեջ, այնպես որ շատ արյունահեղություն եղավ» (տես Հելաման 3․32–4․1

  9. Վարդապետություն և Ուխտեր 121․26:

  10. Գործք Առաքելոց 3.19։

  11. Վարդապետություն և Ուխտեր 121․33:

  12. Michael Crichton, Jurassic Park (2015), 190.

  13. «Որպես օրինակ վերցրեք նավերը: Չնայած դրանք այնքան մեծ են և քամու ուժգնությամբ են շարժվում, բայց նրանց ուղղորդում է շատ փոքր ղեկը, որտեղ նավապետը ցանկանում է գնալ» (Հակոբոս 3․4, Նոր միջազգային տարբերակ):

  14. Տես Մովսես 1․39:

  15. Մոսիա 26․30։

  16. Վարդապետություն և Ուխտեր 58.42:

  17. Եսայիա 28․8-9, տես նաև հատվածներ 1-7։