Գերագույն համաժողով
Նայի՛ր ճանապարհին
2021 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


9:20

Նայի՛ր ճանապարհին

Այս կյանքի միջով անցնելու բանալին՝ ամենակարևոր բաների վրա կենտրոնանալու մեջ է, հատկապես` հավերժական բաների, որոնք գտնվում են «ճանապարհն ի վեր»։

Երբ ես դարձա 15 տարեկան, ստացա սովորողի թույլտվություն, և կարող էի մեքենա վարել, եթե ծնողներիցս մեկն ինձ հետ լիներ: Երբ հայրս հարցրեց, թե կցանկանա՞մ գնալ մեքենա վարելու, ես ցնծության մեջ էի:

Նա մի քանի մղոն վարեց դեպի քաղաքի ծայրամաս՝ երկար, ուղիղ, երկկողմանի ճանապարհով, որից քչերն էին օգտվում։ Պետք է նշեմ, որ դա գուցե միակ ճանապարհն էր, որտեղ նա ապահով կզգար իրեն։ Հայրս արգելակեց մեքենան ճանապարհի եզրին, և մենք փոխվեցինք տեղերով: Նա ինձ որոշ մարզչական ցուցումներ տվեց, ապա ասաց. «Դանդաղ դուրս արի ճանապարհի վրա և պարզապես քշիր, մինչև ես կասեմ՝ կանգնի՛ր»:

Ես անմիջապես հետևեցի նրա հրահանգներին։ Բայց մոտ 60 վայրկյան հետո նա ասաց. «Տղա՛ս, կանգնեցրու մեքենան։ Քո վարելուց սրտխառնոց է առաջանում։ Ամբողջ ընթացքում կտրուկ այս ու այն կողմ ես տանում»։ Նա հարցրեց․ «Ու՞ր ես նայում»։

Փոքր ինչ վրդովված ասացի. «Ես նայում եմ ճանապարհին»:

Հետո նա ասաց հետևյալը. «Ես տեսնում եմ քո աչքերը՝ դու նայում ես միայն այն հատվածին, որն ընկնում է մեքենայի առջևի կափարիչի դիմաց: Եթե նայես միայն այն հատվածին, որն անմիջապես քո առաջ է, երբեք ուղիղ չես վարի»: Հետո նա շեշտեց. «Նայի՛ր ճանապարհին: Դա կօգնի քեզ ուղիղ վարել»:

15 տարեկան պատանու համար դա մեքենա վարելու լավ դաս էր: Այդ ժամանակ ես հասկացա, որ դա նաև կյանքի մեծ դաս էր: Այս կյանքի միջով անցնելու բանալին՝ ամենակարևոր բաների վրա կենտրոնանալու մեջ է, հատկապես` հավերժական բաների, որոնք գտնվում են «ճանապարհն ի վեր»։

Մի անգամ Փրկիչը ցանկացավ մենակ մնալ, ուստի Նա «վեր ելավ սարը, առանձին աղօթք անելու»:1 Նա Իր աշակերտներին ուղարկեց ծով՝ այն անցնելու հրահանգներով: Մութ գիշերով աշակերտներին տեղափոխող նավը հայտնվեց կատաղի փոթորկի մեջ։ Հիսուսը գնաց նրանց փրկելու, բայց արտասովոր մի եղանակով: Սուրբգրային հատվածն ասում է․ «Եւ գիշերի չորրորդ պահին Յիսուսը ծովի վերայ գնալով նորանց մօտ եկաւ»:2 Երբ աշակերտները Նրան տեսան, վախեցան, քանի որ մտածեցին, որ իրենց մոտեցող անձնավորությունը ոգի է կամ ուրվական: Հիսուսը, զգալով նրանց սարսափը և ցանկանալով հանգստացնել նրանց մտքերն ու սրտերը, բացականչեց՝ «Քաջ եղէք, ես եմ՝ մի վախենաք»։3

Պետրոսը ոչ միայն հանգստացավ, այլև քաջացավ: Միշտ համարձակ, հաճախ տաքարյուն էություն ունեցող Պետրոսն աղաղակեց առ Հիսուսը. «Տէր, եթէ դու ես, հրամայիր ինձ, որ ջրերի վերայով քեզ մօտ գամ»:4 Հիսուսը պատասխանեց Իր ծանոթ և անժամկետ հրավերով. «Եկ»։5

Պետրոսը, առաջարկից ոգևորված, նավակից դուրս քայլեց՝ ոչ թե ջրի մեջ, այլ ջրի վրա։ Մինչ կենտրոնացած էր Փրկիչի վրա, նա կարող էր անել անհնարինը, նույնիսկ քայլել ջրի վրայով: Սկզբում փոթորիկը չխանգարեց Պետրոսին: Բայց «սաստիկ»6 քամին ի վերջո շեղեց նրան, և նա կորցրեց կենտրոնացումը: Վախը վերադարձավ։ Հետևաբար, նրա հավատը նվազեց, և նա սկսեց սուզվել: Պետրոսն «աղաղակեց եւ ասեց, Տէ՛ր, փրկիր ինձ»։7 Փրկիչը, որը միշտ պատրաստ է փրկել, ձեռքը մեկնեց և բարձրացրեց նրան։

Այս հրաշալի պատմությունից կարելի է քաղել անհաշիվ դասեր, բայց ես կնշեմ երեքը:

Կենտրոնացեք Քրիստոսի վրա

Առաջին դաս. Կենտրոնացեք Հիսուս Քրիստոսի վրա։ Մինչ Պետրոսի աչքերը կենտրոնացած էին Հիսուսի վրա, նա կարողանում էր քայլել ջրի վրայով: Փոթորիկը, ալիքները և քամին չէին կարող խանգարել նրան, քանի դեռ նա կենտրոնացած էր Փրկիչի վրա:

Երբ հասկանում ենք, թե որն է մեր վերջնական նպատակը, կարող ենք որոշել, թե ինչի վրա պետք է սևեռվի մեր ուշադրությունը: Մենք չենք կարող լավ խաղալ մի խաղ, որի նպատակը չգիտենք, ոչ էլ կարող ենք ապրել իմաստալից կյանքով՝ առանց իմանալու կյանքի նպատակը: Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի մեծագույն օրհնություններից մեկն այն է, որ այն, ի թիվս այլ հարցերի, պատասխանում է «Ո՞րն է կյանքի նպատակը» հարցին: «Այս կյանքում մեր նպատակն է ունենալ ուրախություն և պատրաստվել վերադառնալ Աստծո ներկայության մեջ»։8 Երբ հիշում ենք, որ մենք այստեղ ենք՝ երկրի վրա, որպեսզի պատրաստվենք վերադառնալ Աստծո հետ ապրելու, կարող ենք կենտրոնանալ այն բաների վրա, որոնք մեզ տանում են դեպի Քրիստոսը:

Քրիստոսի վրա կենտրոնանալը պահանջում է կարգապահություն, հատկապես այն փոքր և պարզ հոգևոր սովորությունների հարցում, որոնք օգնում են մեզ ավելի լավ աշակերտներ լինել: Չկա աշակերտություն առանց կարգապահության:

Քրիստոսի վրա մեր կենտրոնացումն ավելի հստակ է դառնում, երբ նայում ենք այն ճանապարհին, որտեղ ուզում ենք լինել և ինչպիսին ուզում ենք դառնալ, իսկ հետո, ամեն օր ժամանակ ենք գտնում այն բաներն անելու համար, որոնք կօգնեն մեզ հասնել այդտեղ: Քրիստոսի վրա կենտրոնանալը կարող է պարզեցնել մեր որոշումները և ուղեցույց լինել, թե ինչպես լավագույնս օգտագործենք մեր ժամանակը և միջոցները:

Թեև շատ բաներ կան, որոնք արժանի են մեր ուշադրությանը, սակայն մենք Պետրոսի օրինակից սովորում ենք Քրիստոսին միշտ մեր ուշադրության կենտրոնում պահելու կարևորությունը: Միայն Քրիստոսի միջոցով մենք կարող ենք վերադառնալ ապրելու Աստծո հետ: Մենք ապավինում ենք Քրիստոսի շնորհին, Նրան նմանվելու մեր ջանքերում և ձգտում ենք ունենալ Նրա ներումն ու զորությունը, երբ թերանում ենք:

Զգուշացեք շեղող երևույթներից

Երկրորդ դաս. Զգուշացեք շեղող երևույթներից։ Երբ Պետրոսն իր ուշադրությունը շեղեց Հիսուսից դեպի քամին ու ալիքները, որոնք հարվածում էին նրա ոտքերին, նա սկսեց սուզվել:

«Կափարիչի դիմաց» կան շատ բաներ, որոնք կարող են շեղել մեր ուշադրությունը Քրիստոսից և հավերժական բաներից, որոնք «ճանապարհին են»: Սատանան ամենամեծ շեղողն է: Լեքիի երազից մենք իմանում ենք, որ մեծ ու ընդարձակ շենքի ձայները ձգտում են հրապուրել մեզ այնպիսի բաներով, որոնք կհեռացնեն մեզ Աստծո մոտ վերադառնալու համար պատրաստվելու ընթացքից:9

Բայց կան նաև ուրիշ, ոչ այնքան ակնհայտ շեղումներ, որոնք կարող են նույնքան վտանգավոր լինել: Հայտնի խոսքերն ասում են․ «Միակ բանը, որն անհրաժեշտ է չարի հաղթանակի համար այն է, որ բարի մարդիկ ոչինչ չանեն»։ Թշնամին, կարծես, վճռական է, որ ստիպի լավ մարդկանց ոչինչ չանել, կամ գոնե իրենց ժամանակը վատնել այնպիսի բաների վրա, որոնք կշեղեն նրանց իրենց վեհ նպատակներից ու իղձերից։ Օրինակ, որոշ բաներ, որոնք չափավոր քանակությամբ առողջ շեղումներ են, առանց կարգապահության կդառնան անառողջ։ Հակառակորդը հասկանում է՝ արդյունավետ լինելու համար պարտադիր չէ, որ շեղումները վատը կամ անբարո լինեն:

Մենք կարող ենք փրկվել

Երրորդ դաս. Մենք կարող ենք փրկվել։ Հետո, երբ Պետրոսը սկսեց խորտակվել, նա աղաղակեց․ «Տէր, փրկիր ինձ: Եւ շուտով Յիսուսը իր ձեռքը մեկնեց՝ նորան բռնեց»:10 Երբ մենք խորտակվում ենք, չարչարվում կամ թուլանում ենք, Նա մեզ նույնպես կփրկի:

Չարչարանքների կամ փորձության պահերին, ես, ինչպես և դուք, մտածում ենք, որ փրկությունն անհապաղ պիտի տեղի ունենա։ Բայց հիշեք, որ Փրկիչն առաքյալներին օգնության հասավ գիշերվա չորրորդ պահին, այն բանից հետո, երբ նրանք գիշերվա մեծ մասն անցկացրել էին փոթորկի մեջ ծանր աշխատելով:11 Մենք կարող ենք աղոթել, որ եթե օգնությունը անմիջապես չգա, ապա գոնե «չարաբաստիկ գիշերվա» երկրորդ կամ նույնիսկ երրորդ պահին գա: Սպասելու դեպքում, վստահ եղեք, որ Փրկիչը միշտ ուշադիր հետևում է, երաշխավորելով, որ մենք չտանենք ավելի շատ չարչարանք, քան կարող ենք տանել:12 Այն մարդկանց, ովքեր, գուցե, տառապանքի մեջ՝ գիշերվա չորրորդ պահին դեռ սպասում են, ես ասում եմ՝ հույսը մի՛ կորցրեք: Փրկությունը միշտ գալիս է հավատացյալներին՝ լինի դա մահկանացու կյանքի ընթացքում, թե հավիտենական կյանքում:

Երբեմն մենք խորտակվում ենք մեր սխալների և օրինազանցությունների պատճառով: Եթե զգում եք, որ խորտակվում եք այդ պատճառներով, կատարեք ապաշխարելու ուրախ ընտրությունը:13 Ես հավատում եմ, որ Փրկիչը մեծ ուրախությամբ է փրկում նրանց, ովքեր շրջվում են դեպի Նա կամ վերադառնում են Իր մոտ:14 Սուրբ գրքերը լի են մարդկանց պատմություններով, ովքեր մի ժամանակ ընկած և անկատար էին, բայց ապաշխարեցին և անսասան դարձան Քրիստոսի հանդեպ հավատքով: Կարծում եմ, որ այդ պատմությունները սուրբ գրքերում են՝ մեզ հիշեցնելու համար, որ Փրկիչի սերը մեր հանդեպ և մեզ փրկագնելու Նրա զորությունն անսահման են: Ոչ միայն Փրկիչն է ուրախանում, երբ մենք ապաշխարում ենք, այլև մենք ենք ունենում մեծ ուրախություն:

Եզրակացություն

Ես ձեզ հրավիրում եմ նպատակասլաց լինել «ճանապարհին նայելու» հարցում և մեծացնել ձեր ուշադրությունը այն բաների հանդեպ, որոնք իսկապես կարևոր են: Եկեք պահենք Քրիստոսին մեր ուշադրության կենտրոնում: Շեղումների առկայության պարագայում՝ «կափարիչի դիմաց» գտնվող և մեզ շրջապատող հորձանուտներով հանդերձ, ես վկայում եմ, որ Հիսուսը մեր Փրկիչն է և մեր Քավիչը։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: